Երևան
28 / Մարտ / 2017

Էջմիածնի քաղաքապետի թեկնածուն նոր մանրամասներ է պատմում միջադեպից

Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը, ով երեկ Էջմիածնում տեղի ունեցած միջադեպից հետո հոսպիտալացվել էր «Էրեբունի» ԲԿ, Վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ: Առավոտյան նրան տեսակցել է Մոսկվայից ժամանած եղբայրը՝ Նորայր Թումանյանը, ով Tert.am-ին ասաց, որ եղբոր ինքնազգացողությունը բավարար է և չի բացառվում, որ այսօր դուրս գրեն:

Արթուր Թումանյանը Tert.am-ին պատմեց, որ իրեն հարվածողները թեկնածու Կարեն Գրիգորյանի թիմակիցներն են եղել: «Մեր ավագանու անդամին, շտաբի ներկայացուցչին գողացել, տարել էին, զանգեցին՝ գնացինք ման գալու, հարձակվեցին մեզ վրա»,-ասաց նա:

Tert.am հարցին, թե արդյո՞ք նա կրակել է Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ, Արթուր Թումանյանը բացասական պատասխան տվեց. «Ի՞նչ ես մտածում, կրակել եմ մեքենային չի կպել հա՞…»:

Ճշտող հարցին, թե Կարեն Գրիգորյանի մոտ զենք եղե՞լ է, Արթուր Թումանյանը պատասխանեց, որ այո. «Հետո ինքը հետ վերցրեց»:

Ըստ Արթուր Թումանյանի՝ զենքը Կարեն Գրիգորյանի մոտ է եղել, նա է եկել մեքենայով խփել իրենց մեքենային, ապա իջել են, զենքն ընկել է նրա «փորի տակից», հետո իր ձեռքն ընկել, ապա նորից հետ են վերցրել:

Նշենք, որ Էջմիածնում տեղի ունեցած այս միջադեպի մասին ավելի վաղ Tert.am–ի հետ զրույցում քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի շտաբի ներկայացուցիչ, ավագանու անդամ Ստեփան Աբգարյանը նույնպես մանրամասներ էր ներկայացրել։ Մասնավորապես նա պատմել էր, որ տեղի ունեցածը եղել է սադրանք իրենց նկատմամբ: Ըստ նրա՝ ընդհարումը կողմերի միջև եղել է իրենց շտաբի անդամ Կիրակոս Վարժակյանին քաղաքապետի մյուս թեկնածու, գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ներկայացուցիչների կողմից առևանգելուց հետո:

«Մեր ավագանիներից մեկին առևանգել էին, մի հատ զանգ եկավ, ասացին, որ ինչ-որ մի զապռավկում իրեն ծեծում են: Դրանից հետո գնացինք բոլոր զապռավկեքը, ինչքան որ կար պտտվեցինք, որ գտնենք: Կիրակոս Վարժակյանին առևանգել էին իր մեքենայով ու ման գալուց մտածում էինք, որ եթե մեքենան այստեղ չի, ուրեմն ինքն էլ այդտեղ չի լինի: Դուրս չեկած Էջմիածնի կենտրոնական փողոց, մի հատ մեքենա մեր մեքենայի հետևից հարվածեց, իջանք ու տեսանք մեծ բազմություն գալիս են մեզ վրա»,- պատմել էր նա:

Tert.am–ը զրուցել էր նաև Կարեն Գրիգորյանի թիմակիցներից մեկի հետ, ով պատմել էր, որ միջադեպը չի ուղեկցվել փոխհրաձգություններով՝ նշելով, որ կրակոցներ հնչել են միայն Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ, որտեղից պատասխան կրակոց չի հնչել:

Ըստ աղբյուրի՝ Կարեն Գրիգորյանի և նրա թիմակիցների մոտ զենք չի եղել: Փոխարենը Կարեն Գրիգորյանի և Արթուր Թումանյանի թիմակիցների միջև քաշքշոց ու ծեծկռտուք է սկսվել, Գրիգորյանի թիմակիցները խլել են հրազենը և ծեծել նրանց:

Ըստ Tert.am–ի աղբյուրի, 23:00-ի սահմաններում քաղաքապետ Կարեն Գրիգորյանը վերադառնալիս է եղել Երևանից, եղել է եղբոր Արման Գրիգորյանի մեքենայում: Երթևեկությանը հակառակ կողմից Արթուր Թումանյանը մեքենայով Կարեն Գրիգորյանի մեքենայի դիմաց է դուրս եկել և կրակել նրանց ուղղությամբ:

Արթուր Թումանյանը, ըստ աղբյուրի, եղել է նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբոր որդու՝ Ստեփան Աբգարյանի մեքենայում, որում ևս մեկ անձ է եղել: Ըստ աղբյուրի՝ Արթուր Թումանյանը հիվանդանոց է տեղափոխվել ոչ թե հրազենային վնասվածքի հետևանքով, այլ՝ տեղի ունեցած ծեծկռտուքի: Կարեն Գրիգորյանը և նրա թիմակիցների վնասվածքներ չեն ստացել:

Tert.am-ին ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ միջադեպի մասին ահազանգ ստացվել է: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը և կատարել անհրաժեշտ գործողություններ: Միջադեպի բոլոր մասնակիցները հայտնի են:


դիտվել է 1824 անգամ

loading...

«Պապայի աղջիկները» 34-րդ և 35-րդ մասերը (Տեսանյութ)

Տեղում աշխատող մասնագետներին հաջողվել է վտանգավոր գոտուց դուրս բերել Դավիթաշենի կամրջից ցած նետվել ս...

Հայկոն, Սոֆի Մխեյանը, Ալլա Լևոնյանը և այլ հայտնիներ՝ ՀՀԿ քարոզարշավին (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ