Երևան
28 / Մարտ / 2017

Զինվորը շների հաչոց լսելով՝ հակառակորդի ներխուժում է պատկերացրել և կրակելով սպանել գետնատնակ մտնող ծառայակցին

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Նորիկ Գրիգորյանի և Հովհաննես Սիրունյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սարգսյանի նախագահությամբ: Այս գործով երեք դատավոր է փոխվել, գործով առաջին դատական նիստը 2015 թվականի մայիսին է եղել, և ի վերջո՝ երրորդ դատավորի նախագահությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով…

Ըստ մեղադրանքի՝ շարքային Նորիկ Գրիգորյանը 2014 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 2015 թվականի հունվարի 9-ը ընդգրկված է եղել դիտակետում մարտական հերթապահության, նա նշանակված է եղել դիտորդ:

Մարտական հերթապահության ժամանակ, ըստ մեղադրանքի, Նորիկ Գրիգորյանը անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք է դրսևորել համապատասխան կանոնադրության կանոնների նկատմամբ, խախտել է դրանք՝ առանց ավագի թույլտվության թողել է հենակետի տեղաբաշխման վայրը…

Հունվարի 5-ին, ժամը 18-ի սահմաններում շարքային Գրիգորյանը նույն դիրքում դիտորդ նշանակված ժամկետային զինծառայող, շարքային Հովհաննես Սիրունյանի հետ միասին շուրջ տասնհինգ րոպե թողել է հենակետը, ապա վերադարձել է:

Նա շարունակել է անփույթ ծառայությունը, չի կատարել դիտորդի պարտականությունները, իր հերթապահության ժամանակ գտնվել է գետնատնակում, հսկողությունից դուրս է թողել պահպանվող տարածքը:

Ժամը 21-ն անց 55-ի սահմաններում գետնատնակի մոտ շների հաչոց լսելով ու կարծելով, թե հակառակորդի զինծառայող կարող է լինել՝ Նորիկ Գրիգորյանը զինաբուրգում դրված ինքնաձիգը վերցրել, լիցքավորել է ու հենց որ նույն դիրքում հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայող Կարեն Միրզոյանը բացել է գետնատնակի դուռը, Գրիգորյանը կրակել է Միրզոյանի ուղղությամբ՝ որովայնի շրջանում վերջինիս պատճառելով հրազենային գնդակային վիրավորում:

Ստացած վիրավորումից Կարեն Միրզոյանը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Շարքային Հովհաննես Սիրունյանը, գտնվելով մարտական հերթապահության մեջ, նույնպես անփույթ ու անբարեխիճ է կատարել դիտորդի պարտականությունները:

Նա Նորիկ Գրիգորյանի հետ միասին դեպքի ժամանակ ընդհանրապես չի կատարել դիտորդի իր պարտականությունները, չի գտնվել հենակետում, այլ եղել է գետնատնակում ու, նույնպես առանց հսկողության թողնելով պահպանվող տարածքը, իր վատ ծառայությամբ պատճառ է դարձել ծանր հետևանքի առաջացման՝ Գրիգորյանի կողմից պայմանագրային զինծառայող Կարեն Միրզոյանի ուղղությամբ սխալմամբ կրակելու, մահացու հրազենային վնասվածք պատճառելու համար:

Դատարանում ամբաստանյալներն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները: Նրանք միջնորդել են գործը քննել արագացված ընթացակարգով:

Տուժողի իրավահաջորդն ու մեղադրողը չեն առարկել:

Նորիկ Գրիգորյանի խափանման միջոցը ամբողջ ժամանակ եղել է կալանավորումը, նա արգելանքի տակ է գտնվում 2015 թվականի փետրվարի 25-ից, Ապրիլյան ռազմական գործողություններին մասնակցել ու լավ ծառայությամբ աչքի ընկնել չէր կարող:

Իսկ Հովհաննես Սիրունյանի նկատմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ մերժել էր կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:

2015 թվականի ապրիլի 16-ին Հովհաննես Սիրունյանի խափանման միջոցն ընտրվել է զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը:

2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրերին Հովհաննես Սիրունյանը եղել է դիրքերում, լավ ծառայությամբ ուղղել է սխալը…

Դատարանը հաշվի է առել, որ Հովհաննես Սիրունյանը 2016 թվականի ապրիլին մասնակցել է մարտական գործողություններին: Հրամանատարության կողմից նրա՝ այդ օրերի ծառայությունը բարձր է գնահատվել: Սիրունյանի ծնողներին շնորհակալագիր է ուղարկվել, որում նշվել է, որ Հովհաննես Սիրունյանը պատվով է կրել Հայրենիքի պաշտպանի բարձր կոչումը, բարեխղճորեն է կատարել Հայրենիքի հանդեպ իր սահմանադրական պարտքը: Նա զորացրվել է 2016 թվականի հուլիսի 16-ին:

Ընդհանուր իրավասության դատարանը Նորիկ Գրիգորյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով ու դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ կալանքի տակ առնվելու պահից՝ 2015 թվականի փետրվարի 25-ից:

Հովհաննես Սիրունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 2-րդ մասով, դատապարտվել է 2 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, և սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Նորիկ Գրիգորյանը՝ խնդրելով իր նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, սահմանել փորձաշրջան ու հնարավորություն տալ ազատվելու արգելանքից:


դիտվել է 5096 անգամ

loading...

Խորենացի 47-ում խոչընդոտում են իմ վստահված անձանց

Իտալացի հաղորդավարուհին եթերի ժամանակ պատահաբար ցույց է տվել, թե ինչ կա այնտեղ

«Պապայի աղջիկները» 34-րդ և 35-րդ մասերը (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ