Երևան
28 / Ապրիլ / 2017

Վայոց Ձորում անչափահասը սպանել է 2 տարեց կանանց՝ ականջօղերը գողանալու համար, և սուտ մատնություն կատարել

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է տարեց կանանց՝ Վ.Սիմոնյանի և Գ. Բարսեղյանի սպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են երկու կանանց սպանությունները, և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի անչափահաս մի բնակչի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2015 թվականի հոկտեմբեր ամսին ստացվել է երկու ահազանգ՝ Վայոց Ձորի երկու տարեց բնակչուհիների մահվան վերաբերյալ: Հոկտեմբերի 20-ին Եղեգնաձոր քաղաքի տներից մեկի բակում հայտնաբերվել է նույն տան բնակչուհի, 1924թ. ծնված Վ.Սիմոնյանի դին, իսկ հոկտեմբերի 24-ին՝ Վայոց Ձորի Վերնաշեն գյուղի առանձնատներից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում հայտնաբերվել է նույն գյուղի բնակչուհի, 1939 թվականին ծնված Գ.Բարսեղյանի դին:

Դիակների արտաքին զննմամբ կանանց վրա հայտնաբերվել են բռնության հետքեր, և քրեական գործեր են հարուցվել սպանության հատկանիշներով։ Վայոց Ձորի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերով ձեռնարկվել են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ սպանությունները բացահայտելու ուղղությամբ, որոնց արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, բավարար ապացույցներ ձեռք բերվել առ այն, որ տարեց կանայք ենթարկվել են ավազակային հարձակման նույն անձի կողմից։ Որոշում է կայացվել Գ.Բարսե ղյանի և Վ.Սիմոնյանի սպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացնել նույն վարույթում:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2015 թվականի հոկտեմբերի 20-ին` ժամը 12:00- 13:00-ի սահմաններում, Վայոց Ձորի անչափահաս բնակիչը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու պատրվակով, սակայն ուրիշի գույքը հափշտակելու նախնական դիտավորությամբ, գնացել է Վ.Սիմոնյանի՝ Եղեգնաձոր քաղաքում գտնվող առանձնատուն, առաջարկել իր ծառայությունը՝ որոշակի գումարի դիմաց: Վ.Սիմոնյանի առաջարկով անչափահասը մտել է առանձնատան խոհանոց, որտեղ, տարեց կնոջ ականջներին նկատելով ոսկյա ականջօղերը, դրանք հափշտակելու դիտավորությամբ, վերջինիս կյանքի հա մար վտանգավոր բռնություն գործադրելով, նրան գցել է գետնին, որի հետևանքով վերջինս գլուխը հարվածել է բետոնե հատակին և ստացած վնասվածքից մահացել: Անչափահասը տարեց կնոջ ականջներից հանել է բաց կարմրավուն գույնի քարերով ոսկյա ականջօղերը և դիմել փախուստի:

Քննությամբ պարզվել է, որ նշված դեպքից օրեր անց՝ 2015թ. հոկտեմբերի 24-ին՝ օրվա երկրորդ կեսին, անչափահասը նույն նպատակով գնացել է Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղ, մոտեցել իր հողամասում աշխատող Գ. Բարսեղյանին և առաջարկել իր ծառայությունը: Ստանալով վերջինիս համաձայնությունը՝ սկսել է խնձոր քաղել, որի ընթացքում տարեց կնոջ ականջներին կրկին նկատել է ոսկյա ականջօղեր: Նշված ականջօղերը հափշտակելու նպատակով ծառի մոտ դրված բահով հարվածել է կնոջ գլխին, որից հետո նրա ականջներից հանել է ականջօղերը և դիմել փախուստի: Քննությամբ պարզվել է, որ հետագայում անչափահասը վաճառել է 2 տարեց կանանցից հափշտակած ոսկյա ականջօղերը:

Պարզվել է նաև, որ Վայոց Ձորի անչափահաս բնակիչը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, երկու տարեց կանանց՝ ավազակային հարձակմամբ զուգորդված սպանության մեջ անհիմն մեղադրել է նույն մարզի մեկ այլ բնակչի:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վայոց Ձորի անչափահաս բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով (շահադիտական դրդումներով, երկու կամ ավելի անձանց սպանություն) և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:


դիտվել է 1690 անգամ

ՍԱՊԾ պետին հայտնի է, թե ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ (Տեսանյութ)

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

«Պապայի աղջիկները» 56-րդ սերիա (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ