Երևան
28 / Ապրիլ / 2017

Փարիզը փոփոխություն է մտցնում Արցախի գործընթացում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 22-ին այցելելու են տարածաշրջան: Մինչ այդ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կատարել է ֆրանսիացի համանախագահի փոփոխություն: Պիեռ Անդրիոյի փոխարեն, Օլանդը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ է նշանակել Ստեֆան Վիկոնտինին:
Ինչ կփոխի համանախագահի փոփոխությունը Ֆրանսիայի գործողությունների եւ քաղաքականության մասով: Սովորաբար, համանախագահների փոփոխությունները էական ազդեցություն կամ արտացոլում չեն ունենում Արցախի խնբդրի կարգավորման գործընթացում: Բայց լինում են բացառություններ: Օրինակ, այդպիսին կարելի է համարել ամերիկացի համանախագահ Ուորլիքին: Նրա նշանակման կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարեց, որ նոր համանախագահը փորձելու է կիրառել նոր մոտեցումներ եւ ցուցաբերել աշխուժություն:

Ուորլիքը նոր մոտեցումներ կիրառեց: Նա սկսեց բավական աշխույժ գրառումներ անել Թվիթերում, դրանցում հաճախ բազմիմաստ ակնարկներ անելով կարգավորման գործընթացի մասին: Ուորլիքն իր այդ գրառումներով բավական «ապամոնտաժեց» գործընթացը եւ հանրային աչքի տեսանկյունից այն դարձրեց համեմատաբար ավելի մատչելի, կամ այլ կերպ ասած` հանրային վերահսկողության համեմատաբար ավելի ենթակա:

Ընդ որում, հարկ է արձանագրել, որ ամերիկացի համանախագահն իր նոր մոտեցումներով կարգավորման գործընթաց մտավ այն ժամանակ, երբ Ռուսաստանը փաստացի իր ձեռքն էր վերցրել կարգավորման եռակողմ ֆորմատն ու դրանով փորձում էր առաջ մղել «կազանյան պլանը»: Ուորլիքը իր նոր մոտեցումներով նպաստեց «կազանյան պլանը» տապալելուն, ինչը ողջունելի է Հայաստանի շահի տեսանկյունից, քանի որ ինչպես գրում էին միայն եզակի լրատվամիջոցներ, փորձագետներ եւ մեկնաբաններ, այդ պլանում կային Հայաստանի ու Արցախի համար խիստ վտանգավոր իրողություններ, ինչը միայն ապրիլյան պատերազմից հետո խոստովանեց նաեւ Սերժ Սարգսյանը:
Ինչպիսին կլինի ֆրանսիացի համանախագահի մուտքը: Այդ առումով, պետք է նկատել, որ ընդհանուր առմամբ ֆրանսիացի համանախագահները եղել են թերեւս հարաբերականորեն «ամենաաննկատները», ինչը երեւի թե պայմանավորված է ընդհանրապես ֆրանսիական քաղաքականությամբ:

Արդյոք Ֆրանսիան կփոխի իր ոճը` համանախագահի փոփոխությանը զուգահեռ: Համենայն դեպս, ներկայում Ֆրանսիան կարծես թե հայտնվել է առաջնային պլաններում: Նախ, ապրիլի պատերազմից հետո ԱՄՆ նախաձեռնեց Սարգսյան-Ալիեւ Վիեննայի հանդիպումը, դրա օրակարգում շեշտադրելով հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի հարցը: Ադրբեջանին եւ Ռուսաստանին դա դուր չեկավ եւ Մոսկվան հունիսին Սանկտ-Պետերբուրգի հանդիպումը նախաձեռնեց, որտեղ փորձեցին շրջանցել այդ հարցը:

Դրա հաջորդ օրն իսկ Երեւանում մամուլի ասուլիս տվեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն ու հայտարարեց, որ Փարիզը կկազմակերպի Սարգսյան-Ալիեւ նոր հանդիպում: Դեսպանն ասաց նաեւ, որ թեեւ Սանկտ-Պետերբուրգի ամփոփոիչ հայտարարության մեջ հրադադարի մեխանիզմի մասին խոսք չկա, սակայն իրենց համար դա է հանդիսանում առաջնահերթ:

Բայց, Ֆրանսիայի նախաձեռնությամբ երրորդ հանդիպում տեղի չունեցավ: Այդ ընթացքում Երեւանում տեղի ունեցան հուլիսյան իրադարձությունները, իսկ Ֆրանսիայում` Նիսի ահաբեկությունը: Ընդ որում, ուշագրավ է, որ Նիսի ահաբեկությունը տեղի ունեցավ հուլիսի 14-ին, իսկ Երեւանում ՊՊԾ գնդի գրավումը` հուլիսի 17-ի լուսադեմին: Այդ համատեքստում հետաքրքրական է թերեւս մեկ այլ հանգամանք էլ` հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից ժամեր առաջ Երեւանում տեղեկություն տարածվեց Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալման մասին, պետական շենքերի գրավման եւ զինված այլ գործողությունների կասկածանքով:

Արցախի գործընթացը մղվեց որոշակիորեն հետին պլան:
Ներկայում Ֆրանսիան կրկին որոշակի առաջնային պլանում է: Մի քանի օր առաջ Ֆրանսիայի Սենատը վերստին ընդունեց հայերի ցեղասպանության քրեականացումը ժխտող օրինագիծը, որ ներկայացվելու է Ֆրանսիայի նախագահի ստորագրմանը: Այդ օրինագիծը 2012 թվականին էլ ընդունվել էր, սակայն կասեցվել Սահմանադիր ժողովում:
Սենատի նոր որոշմանը եւ Օլանդի ստորագրմանն ընդառաջ, Ֆրանսիան հայտնվեց նաեւ Ռուսաստանի մեկուսացման միջազգային քաղաքականության առաջնագծում: Այդ քաղաքականության համեմատաբար զուսպ կողմ հանդիսացող Ֆրանսիայի նախագահ Օլանդը օրերս չեղյալ հայտարարեց Պուտինի հետ հանդիպումը Փարիզում, ինչի հետեւանքով Պուտինը Փարիզ չմեկնեց: Իսկ դրանից հետո տեղի ունեցան Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Պուտինի մասնակցությամբ կարծես թե բավական կոշտ բանակցություններ Սիրիայի հարցում:

ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիացի համանախագահի փոփոխությունը տեղի է ունենում ահա այդ իրողությունների համատեքստում, իսկ համանախագահները ժամանում են Կովկաս, որտեղ նրանց համար օրակարգային հարց է դիտվում, համենայն դեպս դատելով մինչ այդ արված հայտարարություններից, Սարգսյան-Ալիեւ հետապրիլյան երրորդ հանդիպման կազմակերպումը:

Արդյոք Փարիզը փորձում է հետ բերել հուլիսին կորցրածը նաեւ արցախյան ուղղությամբ:


դիտվել է 1103 անգամ

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

«Պապայի աղջիկները» 56-րդ սերիա (Տեսանյութ)

«Պապայի աղջիկները» 55-րդ սերիա (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ