Երևան
28 / Ապրիլ / 2017

Սամբիստը ծեծելով սպանել է «Մա պլազա» ժամանցային համալիրի տնօրենին՝ սաունա գնալու առաջարկը մերժելու շուրջ ծագած վիճաբանության ընթացքում

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Ալբերտ Քարհանյանի և Վարդան Գրիգորյանի գործի դատական քննությունը:

Դեպքը տեղի է ունեցել 2012 թվականի սեպտեմբերի 13-ին: Գործը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան մուտք է գործել 2015 թվականի մարտին, իսկ դատավճիռը կայացվել է օրերս:

1990 թվականին ծնված Ալբերտ Քարհանյանը 2011 թվականի ամռանը զորակոչվել է պարտադիր զինծառայության: 2012 թվականի սեպտեմբերի 13-ից զինծառայող Ալբերտ Քարհանյանը, լինելով սպորտսմեն, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հրամանով գտնվել է ՀՀ սամբոյի ֆեդերացիայի տրամադրության տակ՝ միջազգային մրցաշարի մեկնելու համար:

Նույն օրը Ալբերտը զանգահարել է իր ընկերոջը՝ Վահրամ Գրիգորյանին: Ընկերները պայմանավորվել են հանդիպել Աբովյանի «Մա պլազա» ժամանցային համալիրի մոտ:

Ժամը 23-ի սահմաններում Ալբերտը գնացել է «Մա պլազա» և բակում պատահաբար հանդիպել է գործով երկրորդ ամբաստանյալին՝ Վահրամ Գրիգորյանի եղբայր Վարդան Գրիգորյանին: Նրանք զրուցել են, այդ ընթացքում նրանց է մոտեցել Վահրամը:

Ըստ մեղադրանքի՝ այս երեքին է մոտեցել «Մա պլազա» համալիրի տնօրեն Մկրտիչ Խ.-ն, ում նաև «Մերուժ» են ասել, և առաջարկել է գնալ… շոգեբաղնիք: Երբ երիտասարդները մերժել են առաջարկը, համաձայն առաջադրված մեղադրանքի, Մկրտիչը հայհոյել է նրանց հասցեին:

Երիտասարդները սաստել են նրան: Մկրտիչը շարունակել է հայհոյել, ինչի պատճառով վիճաբանություն է առաջացել:

Ալբերտ Քարհանյանն ու Վարդան Գրիգորյանը ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել Մկրտիչ Խ.-ի մարմնի տարբեր մասերին, նրա առողջությանը պատճառել են միջին ծանրության վնաս:

Վիճաբանությունը դադարեցվելուց հետո, երբ երիտասարդները ցանկացել են հեռանալ, անցնել են փողոցը, Մկրտիչ Խ.-ն շարունակել է նրանց հասցեին հայհոյել:

Ալբերտն ու Վարդանը հետ են դարձել, մոտեցել են նրան, ու վեճը վերսկսվել է:

Ալբերտ Քարհանյանը, ըստ մեղադրանքի, «չնախատեսելով ու չցանկանալով Մկրտիչի առողջությանը ծանր վնաս հասցնել կամ մահ պատճառել նրան՝ չնայած պարտավոր էր ու կարող էր նախատեսել ծանր հետևանքների վրա հասնելը», մեկ անգամ ոտքով հարվածել է Մկրտիչ Խ.-ի կրծքավանդակին, ինչից վերջինս մեջքի վրա ընկել է գետնին, ստացել է գանգի թաղի կոտրվածք՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք:

Մկրտիչ Խ.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ օրեր անց՝ սեպտեմբերի 27-ին մահացել է գանգուղեղային տրամվայից:

Ալբերտ Քարհանյանին մեղադրանք էր առաջադրվել խմբի կազմում տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու և անզգուշաբար նրան մահ պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 109 հոդվածի 1-ին մասով:

Վարդան Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել խմբի կազմում տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Ալբերտ Քարհանյանը առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր է ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում նա հայտնել է, որ դեպքի օրը «Մա պլազա» համալիրի բակում հանդիպել է Վահրամ Գրիգորյանի հետ: Իրենք խոսել են առաջիկա մրցումների մասին, քանի որ մի քանի օր անց պետք է մեկնեին ՌԴ՝ միջազգային մրցաշարի մասնակցելու:

Համալիրի բակում են եղել Ալբերտի ծանոթներից՝ Վարդան Գրիգորյանն ու էլի երկու երիտասարդ:

Ըստ Ալբերտի՝ ինքը համալիրի մոտով անցնելիս պատահական է որոշել մտնել «դիսկո»՝ տեսնելու, թե ով կա ծանոթներից:

Բակում զրուցելու ժամանակ նրանց է մոտեցել «Մերուժը»՝ տուժողը՝ ոչ սթափ վիճակում, առաջարկել է միասին «սաունա» գնալ: Տղաները մերժել են, համալիրի տնօրենը սկսել է հայհոյել:

«Ես ու Վահրամը նրան ասինք՝ չե՞ս ամաչում, տղուդ տարիքին ենք, ինչո՞ւ ես մեզ հայհոյում»:

Ըստ Ալբերտի՝ երբ կռվի առաջին փուլից հետո իրենք ցանկացել են հեռանալ, Մերուժը բղավելով հետ է կանչել: «Մենք ասինք՝ չմոտենանք, որ շառի մեջ չընկնենք… Բայց նա լկտի հայհոյանքներ տվեց մեր ընտանիքների հասցեին…»:

Երբ Ալբերտն ու Վարդանը մոտեցել են, տուժողը շարունակել է հայհոյել: «Ես նյարդայնացա, մի անգամ բոքսով խփեցի նրա դոշին»:

Այս հարվածից է տուժողը վայր ընկել ու ստացել գանգուղեղային տրավմա: Քարհանյանը պնդել է, թե տուժողի գլխին չի հարվածել: Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ՝ չի բացառվում, որ գանգուղեղային տրավմա տուժողը ստանար իր մարմնի բարձրությունից վայր ընկնելու հետևանքով…

Հենց հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը ծանոթանալուց հետո Ալբերտ Քարհանյանը լրացուցիչ ցուցմունք է տվել ու հայտնել. «Երբ տուժողը հայհոյեց իմ ընտանիքի անդամներին, մեկ անգամ հարվածեցի նրա կրծքավանդակին, ինչից նա վայր ընկավ ու, իմ հիշելով, չկարողացավ ոտքի կանգնել… Ես չէի պատկերացնում, որ նա հնարավոր է՝ վայր ընկներ, բայց քանի որ հարբած էր, չկարողացավ պահել հավասարակշռությունը… Ես ընդունում եմ իմ մեղավորությունը, խնդրում եմ իմ նկատմամբ ներողամիտ գտնվել: Կատարածիս համար զղջում եմ…»:

Ամբաստանյալ Վարդան Գրիգորյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակի: Նա հայտնել է, թե մեկ-երկու հարված է հասցրել տուժողին, միջին ծանրության վնաս նրան չի հասցրել:

Վարդան Գրիգորյանը նույնպես հրաժարվել է դատարանում ցուցմունք տալուց:

Ըստ Վարդանի նախաքննական ցուցմունքի՝ երբ իրենք ցանկանում էին հեռանալ, արդեն անցնել էին փողոցը, լսել են, որ Մերուժանը շարունակում է հայհոյել՝ ձեռքն իրենց կողմն ուղղած: Ինքը նույնիսկ ասել է. «Մերուժի պրիպատկեն բռնեց», Ալբերտի հետ ծիծաղել են նույնիսկ, բայց, այնուամենայնիվ, հետ են գնացել Մերուժանի մոտ՝ մտածելով, որ նրան կհանդարտեցնեն: Բայց նա հայհոյել է իրենց ծնողներին ու ընտանիքներին: «Մի պահ նույնիսկ զարմացա, ասի՝ Մերուժ ձյաձյա, Վարդանն եմ, ինձ խի՞ ես քրֆում, ես ի՞նչ եմ արել: Բայց նա ավելի վատ հայհոյանքներ տվեց՝ ասելով՝ սաղդ էլ նույն … եք… Ես ասի՝ գժվել ե՞ս, արա, ու հրեցի նրան… Նյարդերս հանգստացնելու համար ես թքեցի նրա վրա…»:

Վարդանը հայտնել է, որ նույնիսկ աշխատել է տուժողի հետ, նրա հետ գտնվել է շատ լավ հարաբերությունների մեջ: Երբ ինքը տեսել է, որ նա չի դադարեցնում հայհոյանքները, անգամ բռնել է նրա բերանից, որ հայհոյանքները չլսվեն…

Դատարանը հաշվի է առել, որ Վարդան Գրիգորյանի խնամքին է մեկ մանկահասակ երեխա՝ ծնված դեպքից մի քանի ամիս առաջ:

Տուժող կողմը համաձայն չի եղել ո՛չ առաջադրված մեղադրանքներին, ո՛չ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությանը:

Դատական ակտում հատվածներ են մեջբերված տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի ճառից, մասնավորապես. «…Մեղադրյալներին ի նպաստ, սակայն որևէ կերպ չհիմնավորված եզրակացություն է տրամադրվել… Նախաքննական մարմինը նպատակասլաց գործողություններով ու մեծ ջանքերի գնով հասել է իր համար «ցանկալի» արդյունքի… Նախաքննական մարմինը …իր առջև դրված խնդիրը լուծելուց, մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները մեղմացնելուց և նրանց կալանքից ազատելուց հետո արդեն ձևականորեն նշանակել է … փորձաքննություն…»:

Դատարանը հանգել է հետևության, որ ամբաստանյալների արարքներին տրվել է ճիշտ քրեաիրավական գնահատական:
Ալբերտ Քարհանյանը մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքների համար և վերջին հաշվով դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու 8 ամիս 14 օրը, վերջնական պատիժ է սահմանվել 1 տարի 9 ամիս 16 օր ազատազրկումը:

Վարդան Գրիգորյանը դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման, հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու 8 ամիսը, վերջնական պատիժ է սահմանվել 10 ամիս ազատազրկումը:

Պատժի սկիզբը կհաշվվի՝ ամբաստանյալներին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատական ակտը օրինական ուժի մեջ մտնի:

Տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջը թողնվել է առանց քննության՝ իրավունք վերապահելով հայցը ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով:


դիտվել է 2386 անգամ

ՍԱՊԾ պետին հայտնի է, թե ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ (Տեսանյութ)

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

«Պապայի աղջիկները» 56-րդ սերիա (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ