Երևան
23 / Հունվար / 2017

Երևանում անպարկեշտ առաջարկից վիրավորված հյուրը կոնյակի շշով հարվածել է մերկացած «երաժշտին» ու կծել քիթը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց Վարդան Մ.-ի գործի դատական քննությունը:

Վարդան Մ.-ն մեղադրվում է որպես զենք կիրառված առարկայի գործադրմամբ կատարված ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Ամբաստանյալը ավազակային հարձակման մեղադրանքը չի ընդունում:

Գործով տուժող Վարուժան Գ.-ն ազգությամբ հայ է, Էստոնիայի քաղաքացի: Ներկայումս նա Հայաստանում չէ:

Դատարանում հրապարակվեցին տուժողի նախաքննական ցուցմունքները:

2015 թվականի դեկտեմբերի լույս 23-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, տուժողը հաղորդում է տվել ոստիկանությունում, որ նախորդ երեկոյան, ժամը 21-22-ի սահմաններում Կողբացու փողոցում իր վարձակալած բնակարան այցելած, իրեն «Արտյոմ» անունով ներկայացած երիտասարդը իրենից գումար է պահանջել, ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել իրեն, իսկ հեռանալիս հափշտակել է իր պայուսակը՝ 40 եվրո գումարով:

Նախաքննական ցուցմունքում տուժող Վարուժանը հայտնել է, որ 1980 թվականին մշտական բնակության է մեկնել Էստոնիա, այնտեղ ստացել է քաղաքացիություն, ներկայումս հիմնականում ապրում է Ֆինլանդիայի Հելսինկի քաղաքում:

2015 թվականի դեկտեմբերի19-ին «Հայրենիքի կարոտն առնելու համար» ժամանել է Հայաստան, անշարժ գույքի գործակալի միջոցով բնակարան է վարձակալել Երևանի Կողբացու փողոցում:

Դեկտեմբերի 22-ին, ժամը 21-22-ի սահմաններում գնացել է Հանրապետության հրապարակ, որտեղ այդ երեկո տոնածառի լույսերը միացնելու արարողություն էր:

Ըստ Վարուժանի ցուցմունքի՝ ինքը գտնվել է «Մարիոտ» հյուրանոցի և «Հայփոստի» շենքերի միջնամասում: Մոտեցել է այնտեղ կանգնած երկու երիտասարդների ու խնդրել է, որ նրանք իրենց հեռախոսով լուսանկարեն իրեն տոնածառի ֆոնի վրա: Իր հեռախոսը լուսանկարելու գործառույթ չուներ, դրա համար է այդ տղաներին խնդրել: Եթե նրանք իրեն լուսանկարեին, լուսանկարն էլ ուղարկեին իրեն, ինքը պատրաստ էր վճարել նրանց: Բայց տղաները չեն լուսանկարել՝ ասելով, թե իրենց հեռախոսները լիցքաթափված են:

Ինքը որոշել է գնալ տուն:

Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկի մոտակայքում անցել է մի տղայի կողքով, նա իրեն ասել է. «Արդեն մոռացա՞ր», քանի որ ինքը անցնում էր առանց նրան ուշադրություն դարձնելու, բացի այդ՝ ինքը տեսողական խնդիրներ ունի:

Պարզվել է, որ դա հրապարակում կանգնած այն երկու տղաներից մեկն է: Նա իրեն ներկայացել է «Արտյոմ» անունով: Դեպքի կատարման հետ կապված՝ հիմա ինքը գիտի, որ այդ երիտասարդը իրականում Վարդան Մ.-ն է:

Ինքն ու «Արտյոմ» ներկայացած տղան զրուցել են: Ինքն ասել է՝ քանի որ Եվրամիության անդամ երկրի՝ Էստոնիայի քաղաքացի է, իրավունք ունի ազատորեն եվրոպական շատ երկրներ այցելելու: Ասել է նաև, որ Հայաստանում շատ ծանոթներ չունի, ուրախությամբ պատրաստ է ցանկացած ծանոթության: Հայտնել է, որ ապրում է մոտակայքում վարձակալած բնակարանում, որտեղ կոնյակ ունի և կարող է հյուրասիրել:

«Արտյոմը» համաձայնել է, ասել է, թե հեռախոսն էլ կլիցքավորի: Իրենք գնացել են իր վարձակալած բնակարան, նստել են հյուրասենյակում: Ինքը «Արտյոմին հյուրասիրել է՝ սեղանին դրել է ուտելիք, կոնյակ:

Իրենք խմել են մեկ-երկու բաժակ: Ինքը՝ որպես արվեստագետ, խոսել է երաժշտությունից: «Արտյոմն» ասել է, թե ջազ է սիրում: Ինքը երգել է իր հեղինակային երգերից մեկը: Երգն «Արտյոմին» դուր է եկել:

Երգելուց անմիջապես հետո ինքը գնացել է խոհանոց, որ տոմատի հյութ բերի: Սակայն միջանցքում իր ծոծրակին ուժեղ հարված է զգացել: Ընկել է գետնին: «Արտյոմը» սկսել է իրեն հարվածներ հասցնել ոտքերով, ձեռքերով ու ինչ-որ առարկայով: Հետո նա բռնել է իր պարանոցից և ուժեղ կծել է իր քիթը:

«Արտյոմը» պահանջում էր, որ ինքն ասի, թե որտեղ է պահում գումարները, նա իրենից փող էր պահանջում: Երբ նա կծել է իր քիթը, ինքն ուժգին ցավ է զգացել, մի կերպ հասել է մուտքի դռանը ու բացել է այն, քանի որ բանալին թողել էր դռան վրա: Դուռը բացել, դուրս է եկել աստիճանահարթակ ու սկսել է գոռալ. «Պոլի՜ս, պոլի՜ս»:

«Արտյոմն» այդ ընթացքում իր տանը գտնվել է մենակ, նա այնտեղ մնացել է ևս մի տասը վայրկյան, հետո դուրս է եկել, առանց իրեն որևէ բան ասելու՝ վազելով հեռացել է:

Տուժողը հակասական ցուցմունք է տվել՝ մի դեպքում ասել է, թե «Արտյոմի» ձեռքին ինքը ոչինչ չի տեսել, երբ նա հեռանում էր, այնուհետև ասել է, թե նրա ձեռքին տեսել է իր պայուսակը, որը նա հափշտակել էր:

Վարուժանը, ըստ իր նախաքննական ցուցմունքի, անմիջապես բնակարան է մտել, ներսից փակել է դուռը, լվացվել է, քանի որ ստացած վնասվածքներից արյուն էր հոսում:

Այնուհետև ցանկացել է դեղ խմել ու համոզվել է, որ երիտասարդը հափշտակել է բազմոցին դրված իր պայուսակը, քանի որ պայուսակի մեջ էին իր դեղերը, ինչպես նաև՝ Էստոնիայի իր բնակարանի և նկարչասենյակի բանալիները և 40 եվրո:
Այդ երիտասարդը փախչելիս միջանցքի պահարանին մոռացել էր իր գլխարկը:

Ինքը պառկել է մահճակալին, որ հանգստանա, քանի որ ուժեղ ցավեր էր զգում: Այդ ժամանակ լսել է, որ ինչ-որ մեկը դրսից փորձում է բանալիով բացել մուտքի դուռը:

Մոտեցել ու դիտանցքով նայել է: Տեսել է, որ նորից «Արտյոմն» է: Քանի որ նրա հափշտակած պայուսակի մեջ բանալիներ կային, նա, երևի, մտածել է, թե դրանք ա՛յդ դռան բանալիներն են: Բայց նախ՝ այդ դռան բանալիները չէին, հետո՝ ինքը դռան բանալին թողել էր ներսից՝ փականի մեջ:

Ինքը գոռացել է, որ նա հեռանա, ասել է, թե հենց հիմա ոստիկանություն է զանգում: «Արտյոմը» հեռացել է:

Ինքը զանգել է գործակալին, ում միջոցով վարձակալել էր բնակարանը, իմացել է, թե ինչպես զանգահարի ոստիկանություն: Ապա զանգել է ոստիկանություն ու հայտնել է կատարվածի մասին: Եկել են ոստիկանները: Շտապօգնություն են հրավիրել, իրեն տարել են հիվանդանոց:

Քանի որ ինքը վախենում է բժիշկներից ու սրսկումներից, հրաժարվել է բուժօգնությունից: Սակայն հաջորդ օրը ստիպված է եղել նորից հիվանդանոց գնալ, քանի որ քթի կծված հատվածը «մի քանի տեղից կախվել էր»: Հիվանդանոցում կարեր են դրել ինչպես քթի վնասված մասին, այնպես էլ ձեռքին, որի վրա կտրած վերք կար:

Վարուժան Գ.-ին, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, դեպքի ժամանակ պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Տուժողն իր նախաքննական ցուցմունքում նկարագրել է սենյակից հափշտակված իր պայուսակը՝ սև, կտորանման նյութից, ուսից կախովի՝ «պոչտալյոնի պայուսակի նման», երեք դարակով, արժեքը՝ 10 եվրո… Նա նույնիսկ նկարել է պայուսակը, այդ նկարը կցված է քրեական գործին:

Տուժող Վարուժանը նկարագրել է նաև «Արտյոմ» ներկայացած Վարդանին՝ 23-25 տարեկան, 170-173 սմ հասակով, նիհար, թուխ մաշկով, նուրբ, սուր դիմագծերով, մազերը՝ կարճ, հագնված էր «կոկիկ, բայց ո՛չ կլասիկ կամ մոդայիկ»…

Տուժողը կարծիք է հայտնել, որ «Արտյոմը» առաջին հարվածը՝ իր ծոծրակին հասցրել է կոնյակի շշով, քանի որ հետո տուժողը նկատել է, որ շիշն ընկած է հատակին…

Վարուժանն ասել է, թե ինքն ասթմա ունի, չի ծխում, իր բնակարանի հյուրասենյակում գտնվող մոխրամանում եղել են «Արտյոմի» ծխած ծխախոտի քնթուկները:

Տուժողը նշել է, որ դեպքի պահին իր հագին վերնաշապիկ ու տաբատ է եղել: Վերնաշապիկի վրա արյան հետքեր են եղել, վերնաշապիկը առգրավվել է իրավապահների կողմից, ճանաչվել է իրեղեն ապացույց և կցվել է քրեական գործին:

Նախաքննական լրացուցիչ ցուցմունքի մեջ, պատասխանելով սեռական կողմնորոշման մասին քննիչի հարցին, տուժող Վարուժանն ասել է. «Ես նորմալ տղամարդ եմ, նորմալ սեռական կողմնորոշում ունեմ, տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ չեմ ունեցել: Ես կին ունեմ, նման բաների կարիքը չեմ զգում… Բայց ես ունեմ բարի սիրտ, փողոցում սիրում եմ ծանոթանալ մարդկանց հետ: Դեպքից առաջ և դեպքից հետո էլ շարունակել եմ փողոցում ծանոթանալ ու նոր ծանոթներիս հրավիրել եմ իմ բնակարան… Փողոցում ծանոթանալով՝ տվել եմ իմ հեռախոսահամարը: Եթե զանգել են՝ պատասխանել եմ, իմ բնակարան եմ հրավիրել, չեն զանգել՝ ես էլ չեմ զանգել… Ճիշտ է, ինձ նախազգուշացրել եք, որ պատահական մարդկանց իմ տուն չհրավիրեմ, ես էլ վախենում էի Վարդանի ու նրա ընկերների նոր հարձակումից, բայց շարունակել եմ փողոցում ծանոթանալ մարդկանց հետ ու հրավիրել իմ տուն, քանի որ համոզված եմ՝ այդ Վարդանի նմանները քիչ են… Ես ճշմարտախոս եմ, միշտ ճիշտն եմ ասում… Ես ներել եմ Վարդանին: Նույնիսկ նրա հափշտակած պայուսակը չեմ պահանջում, նույնիսկ իմ բուժման ծախսերը՝ 120 եվրոն, չեմ պահանջում: Եթե իմ ձեռքին լիներ՝ ես կուզեի, որ Վարդանը պատասխանատվության չենթարկվեր, այլ ազատ արձակվեր, որ հասկանար, թե ինչ է նշանակում՝ ներել…»:

Ամբաստանյալ Վարդան Մ.-ի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Էմին Բեգլարյանը հայտարարեց, թե տուժողի նախաքննական ցուցմունքները պարունակում են էական հակասություններ՝ դեպքի կատարման ժամի, պայուսակի հափշտակության և այլ մասերով, այդ ցուցմունքները պետք է գնահատվեն որպես անարժանահավատ:
Ամբաստանյալի վարկածով՝ Վարուժանն իր բնակարանում առաջարկել է կատարել իր ջազային ստեղծագործությունները: Նա հանգցրել է բնակարանի լույսերը, անջատել է հեռուստացույցը: Բայց երբ սկսել է իր «կատարումը», Վարդանը տեսել է, որ նա… մերկ է… Եվ նա առաջարկել է, որ Վարդանն այդ գիշեր մնա իր բնակարանում:
Վրդովված Վարդանը նախ խնդրել է, որ Վարուժանը գոնե հեռուստացույցը միացնի, որպեսզի լույս լինի, ապա, երբ Վարուժանը միացրել է հեռուստացույցը, նա ձեռքի տակ ընկած կոնյակի շշով հարվածել է Վարուժանի գլխին ու բնակարանից հեռացել է առանց որևէ բան վերցնելու…

1991 թվականին ծնված Վարդան Մ.-ն նախկինում երկու անգամ դատապարտված է եղել: Առաջին անգամ՝ Ռուսաստանում, իսկ երկրորդ անգամ՝ 2014 թվականին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից գողության համար դատապարտվել է 2 տարի 8 ամիս ազատազրկման: Պատժի կրումից ազատվել է պայմանական-վաղաժամկետ՝ 2015 թվականի դեկտեմբերի 14-ին՝ պատժի 8 ամիս ու մի քանի օրը չկրած: Ազատվելուց 8 օր հետո՝ դեկտեմբերի 22-ին, նա փողոցում ներկայացել է «Արտյոմ» անունով ու «այցի է գնացել» Էստոնիայից ժամանած արվեստագետ Վարուժանին…

Հաջորդ դատական նիստին ցուցմունք տալու հերթը ամբաստանյալինը կլինի:

loading...

Հայրի՛կ, տղաներն ինձ փչացած կանվանեն. տեսանյութ, որ մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում

Նոր հեռուստասերիալ հայկական հեռուստաեթերում՝ «Պապայի աղջիկները». (Տեսանյութ)

Բացառիկ կադրեր Մերժվածը հեռուստասերիալի նկարահանման հրապարակից. միթե նրանք...

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԼՂՀ նախագահը բարձր է գնահատում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետիրոջ Վիտալի Գրիգորյանցի հայրենանվեր գործուն...