Երևան
27 / Փետրվար / 2017

«Մայրս և քույրս միշտ լալիս էին, և ես հարցնում էի. «Ո՞ւր է իմ հայրը»». Հենրիխ Մխիթարյան


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեղինակավոր The Players Tribune պարբերականում հրապարակել է ինքնակենսագրական մի հոդված` ներկայացնելով ֆուտբոլիստ դառնալու իր պատմությունը:
Մխիթարյանը պատմում է, որ իր ամենավաղ հիշողություններից մեկը կապված է հոր` Համլետ Մխիթարյանի հետ, ում մշտապես խնդրում էր տանել իրեն ֆուտբոլի մարզումներին: «1898 թվականին, երբ ես երեխա էի, մենք տեղափոխվեցինք Ֆրանսիա: Հայրս «Վալենս» ակումբում հինգ տարի խաղաց Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում: Ես միշտ լալիս էի, երբ նա գնում էր մարզումների: Ամեն առավոտ ես ասում էի. «Հայրիկ, տար ինձ քեզ հետ: Խնդրում եմ, տար ինձ քեզ հետ»: Այդ տարիքում ես իրականում հետաքրքրված չէի ֆուտբոլով, պարզապես ցանկանում էի լինել հորս հետ»,- պատմում է Մխիթարյանը:
Նա նշում է, որ հոր հետ ժամանակը եղել է շատ իմաստալից, սակայն միևնույն ժամանակ շատ կարճ: «Երբ ես վեց տարեկան էի, ծնողներս ասացին, որ տեղափոխվում ենք տուն` Հայաստան: իրականում չէի հասկանում` ինչ է պատահում: Հայրս դադարել էր ֆուտբոլ խաղալ և ամբողջ ժամանակ տանն էր: Ես չգիտեի, սակայն հայրս ուղեղի ուռուցք ուներ: Ամեն բան շատ արագ պատահեց: Մեկ տարվա մեջ նա մահացավ: Քանի որ ես շատ փոքր էի, չկարողացա ամբողջությամբ ըմբռնել մահվան իմաստը: Հիշում եմ` մայրս և քույրս միշտ լալիս էին, և ես հարցնում էի. «Ո՞ւր է իմ հայրը»:
2
Ոչ ոք չէր կարողանում բացատրել, թե ինչ է կատարվում: Օրեցօր նրանք ինձ սկսեցին բացատրել, թե ինչ է պատահել: Հիշում եմ, երբ մայրս ասաց. «Հենրիխ, նա երբեք չի լինելու մեզ հետ»: Եվ ես մտածեցի` երբե՞ք: «Երբեք»-ն այնքան երկար է թվում, երբ դու ընդամենը յոթ տարեկան ես»,- նշում է Հայաստանի հավաքականի ավագը` պատմելով, թե ինչպես է շատ հաճախ սկսել դիտել հոր մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպումները:
Հոր մահից հետո նա սկսել է ֆուտբոլի մարզումները: Հենրիխը նշում է, որ ողջ ընթացքում հայրն է եղել նրա շարժիչ ուժն ու իդեալը: «Ես ինքս ինձ ասացի` ես պետք է վազեմ նրա պես, ես պետք է հարվածեմ նրա պես»,- պատմում է նա` ընդգծելով, որ արդեն 10 տարեկանում ֆուտբոլն ամեն ինչ էր իր համար: «Ես միշտ ցանկացել եմ խաղալ Զիդանի, Կակայի և Համլետի նման»,- նշում է Հենրիխը` ընդգծելով` «շատ լավ ընկերակցություն հորս համար»:
Ֆուտբոլիստը պատմում է, որ հոր բացակայությամբ մայրը իր համար եղել է ևս որպես մայր, և որպես հայր, ով մշտապես հորդորել է չհուսալքվել և շարունակել աշխատանքը:

13 տարեկանում Հենրիխը չորս ամսով մեկնում է Բրազիլիա` Սան Պաուլո: «Դա իմ կյանքի ամենահետաքրքիր ժամանակահատվածներից էր, քանի որ ես Հայաստանից ամաչկոտ երեխա էի, ով չէր խոսում պորտուգալերեն: Սակայն հոգ չէր, քանի որ ես գնում էի ֆուտբոլային դրախտ: Ես երազում էի լինել Կակայի նման»,- շարունակում է Հենրիխը` պատմելով, թե ինչպես է նախքան Բրազիլիա մեկնելը երկու ամիս գնացել պորտուգալերենի դասերի, սակայն երբ ժամանել է Սան Պաուլո, հասկացել է, որ մեկ բան է սովորելը, մեկ այլ բան այդ լեզվով խոսելը:



դիտվել է 3318 անգամ
loading...

Դիանա Գրիգորյանը կոտրած ոտքով նկարահանվում է «Առաջնորդներում» (Video)

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 19-ամյա տղայի մայրը կարծում է, որ քննիչը 180 աստիճանով գործը ...

Շոկային հարսանիք Սաուդյան Արաբիայում․ փեսան 80 տարեկան է, հարսը՝ 12 (Video)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ