Երևան
23 / Մայիս / 2017

Հայաստանի և Վրաստանի կորցրած տարածքները

Հարեւան Վրաստանն օրերս եւս մեկ քայլով մոտեցավ եվրաատլանտյան հանրությանն ու եվրոպական համակարգին: Եվրախորհրդարանն ու ԵՄ պետությունները համաձայնության եկան Վրաստանի եւ Ուկրաինայի հարցում առանց վիզային հաղորդակցության ռեժիմի մասով, ինչը նշանակում է, որ Վրաստանը շատ մոտ ապագայում կարող է առանց վիզայի հաղորդակցություն ունենալ Եվրամիության հետ: Դա եվրաասոցացման գործընթացի տրամաբանական հանգրվաններից մեկն է, այդ գործընթացն անցնող պետության եւ հասարակության ձեռքբերումներից մեկը:
Այդ համատեքստում հիշարժան է Վրաստանի եվրաասոցացման գործընթացի կապակցությամբ Հայաստանում շատ տարածված մեկնաբանություններից մեկը, որի աղբյուրը ռուսական պաշտոնական քարոզչության ոչ պաշտոնական «վտակներն» են:
Երբ Հայաստանում որեւէ դիտարկում է արվում եվրաասոցացման ճանապարհին Վրաստանի տնտեսա-քաղաքական ձեռքբերումների կապակցությամբ, որոնք իրենց հետ բերում են նաեւ անվտանգության միավորներ, Հայաստանում հնչում էր եւ թերեւս կշարունակի հնչել «հակափաստարկը», թե Վրաստանը այդ ճանապարհին ունեցավ տարածքային կորուստ` Աբխազիան եւ Հարավային Օսիան:

Հիշեցումը կամ հակափաստարկը, որ Վրաստանը դրանք կորցրել էր ավելի վաղ եւ դրանք դե ֆակտո դեռեւս 1990-ականներից էին այսպես ասած ռուսական, արժանանում էր պատասխանի, թե այդուհանդերձ 2008-ի պատերազմում Վրաստանը կորցրեց եւս մի քանի տարածք, որը չէր կորցրել մինչ այդ:
Հնարավոր է, իհարկե: Եվ իհարկե մեղմ ասած քննարկելի հարց է, թե ինչքանով էր այդ պատերազմը «պարտադիր» եվրաատլանտյան ինտեգրացիայի ճանապարհին: Թե՞ ամենեւին էլ «պարտադիր» չէր, այլ ընդամենը նախագահ Սահակաշվիլիի սխալ հաշվարկ, գործողություն, որոշում, գուցե որեւէ տեղից նետված եւ սխալ կուլ տրված խայծ, սադրանք եւ այլն: Այդ կապակցությամբ կան իրարամերժ տեղեկություններ, որոնք առաջացնում են տարբեր հարցեր, այդպես էլ լիարժեք պատասխան կարծես թե չստացած:

Օրինակ, որ ռուսական զորքը օգոստոսի պատերազմի մեկնարկից դեռեւս զգալիորեն առաջ կազմ ու պատրաստ կանգնած էր Ռուսաստանից` Հյուսիսային Օսիայից Հարավային Օսիա տանող Ռոկի թունելի մերձակայքում: Հարցերն իհարկե շատ են եւ գուցե շատ տարիներ անց ի հայտ գան որոշակի պատասխաններ, նոր մանրամասներ:
Խնդիրը տվյալ պարագայում այն է, որ երբ որպես Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրացիայի «գին» ներկայացվում է այդ «փաստարկն» ու այդպիսով փորձ արվում «հիմնավորել», թե ինչու Հայաստանը չպետք է գնար եվրաինտեգրացիայի խորացման ճանապարհով` իրականում իհարկե ընդամենը շանտաժելով Հայաստանին, ներկայումս ի հայտ է գալիս մեկ այլ, Հայաստանի համար արդեն բավական տխուր մի օրինակ: Խոսքը ապրիլի պատերազմի եւ դրա ընթացքում 800 հեկտար տարածքային կորստի մասին է:
Տվյալ պարագայում ստացվում է, որ եթե Վրաստանը կորուստ է ունեցել եվրաատլանտյան ինտեգրացիայի պայմաններում, որպես «գին», ապա Հայաստանը փաստորեն տարածքային կորուստ է ունեցել Եվրասիական միությանը անդամակցելու հետեւանքով, թեեւ ասվում էր, թե ԵՏՄ անդամ դառալով Հայաստանը դառնում է անվտանգ:

Այսինքն, թեեւ ռուսական քարոզչությունը սպառնում էր եւ շանտաժում, որ Հայաստանը եվրաատլանտյան ինտեգրացիայի ճանապարհով շարունակելու դեպքում կունենա կորուստ, այդուհանդերձ Հայաստանը տարածքային կորուստ ունեցավ հենց եվրասիական ճանապարհով գնալուց հետո: Ավելին, այդ ճանապարհին Հայաստանի այսպես կոչված դաշնակիցներն այդ սպառնալիքի ժամանակ ոչ միայն մատը-մատին չխփեցին, այլ աջակցեցին Ադրբեջանին:

Իհարկե, այս դեպքում էլ հնարավոր է ասել` քանի որ լեզուն ոսկոր չունի, թե չանդամակցելու դեպքում Հայաստանը կունենար ավելի մեծ կորուստ: Կամ ինչպես նոր վարչապետ Կարեն Կարապետյանը կասեր, «փաստ չէ», որ ԵՏՄ չմտնելով Հայաստանի վիճակը կլիներ ավելի լավ:

Բայց, նույն կերպ էլ «փաստ չէ», որ վիճակը կլիներ ավելի վատ եւ Հայաստանը չէր ունենա տարածքային կորուստ, օրինակ, թեկուզ 800 հեկտար:
Ի՞նչն է բուն խնդիրը: Այն, որ Հայաստանի համար կարեւորագույն աշխարհաքաղաքական գործընթացներում հայաստանյան դիրքորոշումների եւ հանրային կարծիքի ձեւավորման հարցում գերիշխել են մանիպուլյացիաները, թե հարեւան Վրաստանի օրինակով, թե անմիջականորեն Հայաստանի:
Փաստ է, որ Վրաստանը ներկայումս զգալիորեն առաջ է անցել Հայաստանից, իր տնտեսական միտումներով եւ ներդրումային միջավայրի գրավչությամբ, տարածաշրջանային քաղաքական-քաղաքակրթական կշռով, անկախ նրանից` դուր կգա դա Հայաստանին, թե ոչ:

Մինչդեռ, այդ առումով Հայաստանը մի քանի տարի առաջ ուներ անհամեմատ ավելի նպաստավոր մեկնարկային պայման, ներուժ, ու նաեւ եվրաատլանտյան հանրության անհամեմատ ավելի տրամադրվածություն եւ հետաքրքրվածություն: Վրաստանը մեծ հաշվով դարձել էր պահեստային տարբերակ, մասնավորապես այնտեղ Իվանիշվիլիի իշխանության գալուց հետո, որը ընտրեցին միայն երբ Հայաստանը ընտրեց ոչ թե ավելի, այլ ընդամենը «Իվանիշվիլիից ինչ պակաս լինելու» տարբերակը:
Վրաստանը օգտագործեց պահը եւ բաց չթողեց այն: Թեեւ, Հայաստանի համար դա իհարկե չարյաց փոքրագույնն է, քանի որ Թբիլիսին եվրաատլանտյան ինտեգրացիայի շնորհիվ է կարողանալու դիմակայել ոչ միայն ռուսական, այլ նաեւ թուրք-ադրբեջանական հավակնություններին: Իսկ Հայաստանի համար դա կարեւոր է` բազմաթիվ կարեւոր տեսանկյուններից, որ Վրաստանը լինի եվրոպական համակարգի մաս եւ Վրաստանում ներկայացված լինի անվտանգության եվրաատլանտյան համակարգը, որը տարածաշրջանում կապահովի այն հավասարակշռությունը, որ խախտվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործակցության հետեւանքով:


դիտվել է 834 անգամ

Առաջին անգամ ուզում եմ ներողություն խնդրել կյանքումս եղած բոլոր տղամարդկանցից. Անի Քրիստի (video)

Կինը, ում հետ շփվում էի, ասաց` հանգուցյալ կնոջիցդ շատ ես խոսում. այլևս չզանգեցի նրան. Հարութ Փամբուկ...

Հարութ Փամբուկչյանի՝ կնոջը նվիրված հուզիչ ելույթը, Սիրուշոյի հետ դուետն ու երևանյան մենահամերգի այլ ...

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ