Երևան
29 / Մայիս / 2017

ԱՄՆ-ն արձագանքում է Լևոն Տեր-Պետրոսյանի՞ն

Armtimes.com գործակալությանը տված հարցազրույցում բավականին ուշագրավ հայտարարություն է արել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը՝ խոսելով Հայաստանի տնտեսական ներուժի մասին: Միլզը հայտարարել է, որ Հայաստանի ներուժը լիարժեք բացել հնարավոր չի լինի, եթե գոնե առևտրային հարաբերության համար չբացվի հայ-թուրքական սահմանը:

ԱՄՆ-ը, իհարկե, մշտապես հանդես է եկել այդ սահմանի բացման դիրքորոշմամբ, թեև, անկասկած, դժվար է գտնել որևէ աշխարհաքաղաքական կենտրոն, որը չարտահայտեր նման դիրքորոշում՝ առնվազն առերևույթ: Հարցը, իհարկե, այն է, թե որ կենտրոնն ինչ պարագայում և պայմաններում, այսպես ասած՝ ինչ գնով է տեսնում այդ սահմանի բացումը: Հոկտեմբերին, օրինակ, երբ Հայաստանում անցկացվում էր ՀԱՊԿ վեհաժողովը, ՌԴ արտգործնախարար Լավրովն էլ խոսեց սահմանի բացման հեռանկարի մասին, սակայն՝ Արցախում Հայաստանի փոխզիջման գնով:

Խնդիրը ներկայումս բավական ուշագրավ երանգավորում կամ ուրվագիծ է ստացել Հայաստանի ներքաղաքական կյանքում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթից հետո, որ հնչեց ՀԱԿ համագումարում: Լևոն Տեր-Պետրոսյանը կրկնեց իր հայտնի մոտեցումը՝ Արցախյան հարցի կարգավորման փոխզիջումային փուլային տարբերակի մասին, շղթայաբար նաև հայ-թուրքական հարաբերությունների վրա այդ տարբերակի ազդեցության մասին: Դա, ըստ էության, այն մոտեցումն էր, որ հոկտեմբերին Երևանում արտահայտել էր ՌԴ արտգործնախարար Լավրովը:

Տեր-Պետրոսյանի հայտարարության առանցքը, իհարկե, այն էր, որ նա թե՛ Հայաստանի իշխանությանը, թե՛ Հայաստանի խորհրդարանական ընտրության հեռանկարով շահագրգռված կամ հետաքրքրված աշխարհաքաղաքական կենտրոններին ներկայացրեց օրակարգի իր հայտը կամ պատկերացումը, դրանում ՀԱԿ-ի դերը՝ հանդես գալ սպառազինության մրցավազքի դեմ, այսպես ասած՝ խաղաղասիրության օրակարգով, որի առանցքում, բնականաբար, փոխզիջումային փուլային տարբերակն է:

Երևի թե այս առաջարկին Ռուսաստանի կողմից արձագանքի սպասել պետք չէր, քանի որ իրականում Տեր-Պետրոսյանը դեկտեմբերին կրկնում էր հոկտեմբերին Երևանում հենց ՌԴ արտգործնախարարի արտահայտածի տրամաբանությունը: Իսկ ահա ԱՄՆ դեսպան Միլզի հարցազրույցն Armtimes.com գործակալությանը, հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ հնչեցրած դիրքորոշմամբ, հնարավոր է դիտարկել Տեր-Պետրոսյանի ելույթ-հայտին ԱՄՆ արձագանք:

Դեսպան Միլզի խոսքը վկայում է, որ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ը դրական է վերաբերվում այդ հայտին՝ դիտարկելով այն իր պատկերացումների ծիրում, և թերևս դեմ չէր լինի, եթե այդ խնդիրը հանդիսանար հայաստանյան նախընտրական օրակարգի առարկա: Սակայն ուշագրավ է, որ դեսպանը շեշտադրում է սահմանի բացման «առևտրային» ռեժիմի հանգամանքը՝ այդպիսով թերևս ազդարարելով, որ բացման քաղաքական «ռեժիմի» մասով դիտարկվող տարբերակները ԱՄՆ-ի համար այդքան էլ ընդունելի չեն: Իսկ «քաղաքական ռեժիմի» առումով դիտարկվող տարբերակը հենց հայ-թուրքական հարաբերությունը Արցախի խնդրի կարգավորմամբ պայմանավորելն է՝ այն, ինչ արտահայտել էին հոկտեմբերին՝ Սերգեյ Լավրովը, իսկ դեկտեմբերին՝ Տեր-Պետրոսյանը:

Այդուամենայնիվ, նկատելի է, որ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է հայտ, որն ընդհանուր առմամբ չի մերժվում կամ մերժելի չէ աշխարհաքաղաքական կենտրոնների համար՝ որպես հայաստանյան ներքաղաքական նախընտրական օրակարգի տարր:

Տվյալ պարագայում խնդիրն, իհարկե, դառնում է այն, որ հայաստանյան օրակարգն ինչպես երկու տասնամյակ, այնպես էլ այժմ կարիք ունի քաղաքական այլընտրանքների: Առայժմ այլընտրանքները ձևակերպվում են միայն ռազմահայրենասիրական էմոցիոնալ, պաթետիկ ձևաչափերով՝ մինչդեռ Հայաստանը պետություն է, և այլընտրանքները պետք է ստանան էմոցիաներից զերծ քաղաքական ձևակերպումներ Հայաստանի շահի և անվտանգության ներքաղաքական սպասարկումը առավել բարձր մակարդակի և արդյունավետության բերելու համար, որպեսզի շոշափվող մոտեցումները ոչ թե կրկնեն աշխարհաքաղաքական այս կամ այն կենտրոնում ձևակերպվածները, այլ հենց այդ կենտրոններին ներկայացնեն Հայաստանի ձևակերպումը:

Դա է Հայաստանում երկու տասնամյակի վաղեմության և ռիսկային, անհեռանկար և անգամ պրակտիկ քաղաքականության իմաստով երկու անգամ տապալված (Մոսկվայից ծնված հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունն ու ապրիլյան պատերազմը) մոտեցումներից ձերբազատվելու և դրանք նոր, համարժեք և հենց Հայաստանի շահն ու անվտանգությունը իրապաշտորեն, միջազգային քաղաքականությանը ադեկվատ տրամաբանությամբ արտահայտող հայեցակարգերով փոխարինելու ճանապարհը:


դիտվել է 1027 անգամ

Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Կարապետյան - «Հայ զինվոր» (video)

Մայրանալ պատրաստվող Աննա Թովմասյանի եւ Արամեի գեղեցիկ տանգոն՝ Քրիստինե Պեպելյանի կատարման ներքո (vid...

«Արի իմ սոխակ» օրորոցայինը՝ «Ավրորայի» բեմից. մրցանակաբաշխության ամենահուզիչ պահերից մեկը (video)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ