Երևան
19 / Հունվար / 2017

Նադեժդա Սարգսյանը թոռնիկի, Էմմիի հղիության և քաղցկեղը հաղթահարելու մասին

Tert.am Life-ը գրում է.

Tert.am Life-ը երգչուհի Նադեժդա Սարգսյանի հետ 2016-ն ամփոփող հարցազրուց է արել:

-Ամփոփենք 2016 թվականը: Ինչպիսի՞ տարի էր Ձեզ համար:

-2016 թվականն ինձ համար ամենաերջանիկ տարին էր: Ամենասպասված թոռնիկս և Էմման երկու անգամ եկան Հայաստան: Եթե առաջ Skype-ով կամ Viber-ով էի ուրախանում, այս տարի գրկեցի ու շոշափեցի թոռնիկիս՝ մարմինս վրա զգալով այդ երջանկությունը: Նոյեմբերին նա դարձավ 1 տարեկան: Ցավոք, չկարողացա մեկնել, բայց շուտով կգնամ Միացյալ Նահանգներ: Գալիք տարին կդիմավորեմ նրանց հետ: 2016-ն ինձ ուրախացրեց նաև աշխատանքում: «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնելու համար ընտրվեցին իմ երկու սաները: Երկուսն էլ ինձ համար անհատ կատարողներ են ու շատ ուրախ եմ, որ դուետով ներկայացան: Ես նրանց հաղթողներ եմ համարում:

-Այս տարի նաև իմացաք, որ շուտով երկրորդ անգամ եք տատիկ դառնալու մասին:)

-Այո, դա կրկնակի ուրախություն էր: Կարծում եմ՝ խոսքերով դժվար է բացատրել, թե ինչ զգացողություններ ունեի: Այդ լուրն ինձ լավ զգալու, ինձ հետևելու, առողջ լինելու ստիմուլ է տալիս, որպեսզի գնամ, տեսնեմ իրենց: Հուսամ՝ մինչև ծնվելը կմնամ Էմմկայի մոտ: Առաջին երեխայի ծնունդին չեմ եղել, երկրորդին կլինեմ:


-Ո՞վ հայտնեց, որ երկրորդ անգամ եք թոռնիկ ունենալու:

-Հղիության մասին իմանալուն պես Էմմին առաջինն ինձ է զանգել: Ուրախությունից խելագարվել էի, բայց դեռ սեռը չգիտեինք: Հետագայում սեռն էլ իմացանք: Էմմկան ասում է, որ 4 երեխա է ունենալու՝ իր երեխային քույր և եղբայր է պետք, քանի որ ինքը միայնակ է եղել և շատ է զգացել դրա պահանջը:

-Այդ պահին ափսոսանք չզգացի՞ք, որ սահմանափակվել եք միայն մեկ երեխայով:

-Շատ: Գիտեք, ինչքան եմ ափսոսում, որ երեխայիս մենակ եմ թողել: Այն ժամանակ մտածում էի՝ դե 30 տարեկան եմ, հիմա պետք է աշխատել, հետո կունենամ: Նույնիսկ մի անգամ ասել էի, որ 50 տարեկանում երկրորդ երեխա կունենամ: Փաստորեն խաբեցի: Դրա համար Էմմայի մտածելակերպը ինձ դուր է գալիս: Ժամանակին ինքն իր ընկերուհիներին էր բերում ծոցը քնեցնում, բայց ընկերուհիները, ի վերջո, մի օր դավաճանում են, հարազատները՝ ոչ:

-Ե՞րբ կծնվի փոքրիկը, կբացահայտե՞ք սեռը:

-Այդ լուրը թող Էմմին ասի:



-Դանիելն ո՞ւմ է ավելի նման:

-Շատ դրական, աշխույժ երեխա է: Արդեն քայլում է, վազում: Ուշադիր է, ընդունակ ու խելացի: Երբ սաներիս հետ վոկալ էի պարապում, ուշի-ուշով լսում էր և նույնությամբ արտաբերում: 7-8 ամսական էր, երբ Հայաստանում էր: Ինչպես Էմմիի հետ էի էքսպերիմենտներ անում, այնպես էլ թոռնիկիս հետ: Ի տարբերություն թոռնիկիս, Էմմային 3 ամսական եմ նստեցրել դաշնամուրի առաջ: Եթե այստեղ լիներ, Դենիիս էլ ավելի շուտ կնստեցնեի :)

Էմմիի փոքր ժամանակվա նկարները, որ տեսնեք, շատ կնմանեցնեք, բայց տեղ-տեղ իր պապային էլ է նմանվում: Բնավորությամբ էլ, կարծես, Էմմիի մանկությունը լինի՝ ժպտերես, աշխույժ: Էմման ասում է, երբ հյուր են գնում, գիտի ինչպես պահի իրեն: Ով գրկում ու սիրում է իրեն, չի նեղացնում և միշտ ժպտում է: Ինչպես Էմմկան է եղել հանգիստ, ինձ չի տանջել, այնպես էլ Դենին է: Պարզապես, շատ սնդիկ է: Երբ արթնանում է, սկսում է վազվզել:

-Վստահ եմ, հաճախ եք զրուցում Էմմիի հետ, թե ինչպես պետք է պահել փոքրիկին:

-Էմմին շատ ուշադիր մայր է: Մտածում էի, որ իր առաջնեկն է, շատ բաներում կդժվարանա, բայց ոչ: Ինչպես ես եմ մեծացրել իրեն, այնպես էլ ինքն է իր փոքրիկին պահում: Ես շատ եմ տանջել Էմմկայիս, բայց ինչպես ասում են՝ «արցունքներից արդյունքի հասանք»: Ճապոնական գրքերից մեկում կարդացել եմ, մինչև 7 տարեկանը երեխան չէ, չգիտեմ, չի կարելի բառերը չպետք է լսի: Էմմկային հենց այդպես էլ դաստիարակել եմ: Մայրը պետք է շրջանցի այդ բառը՝ այլ կերպ բացատրելով: Այդ ամենը Էմմկան հիշում է, հիմա նույն էլ ինքն է անում:


-Հեշտ չէ հեռու լինել Ձեր միակ զավակից ու թոռնիկից: Ինչպե՞ս են անցնում օրերն այստեղ և ինչպե՞ս եք հաղթահարում կարոտը:

-Ավելի շատ եմ աշխատում: Որքան շատ լինի զբաղվածությունս, այնքան քիչ կզգամ կարոտը: Բայց երեկոյան միշտ նստում և սպասում եմ, որ իրենց մոտ լուսանա, խոսեմ հետները: Ծանր է, որ հեռու են, բայց պետք է դիմանալ կարոտին, քանի որ իմ երեխան երջանիկ է իր ամուսնու, ընտանիքի հետ: Իմ գլխավոր նպատակն աղջկաս երջանկությունն է:


-Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ցանկանում եք տեսնել Ձեր թոռնիկներին և Էմմիի մեծ մենահամերգը: Առաջին ցանկությունն իրականացել և իրականանում է, իսկ մենահամերգի մասին ի՞նչ կասեք:

-Մենահամերգի ծրագրի գաղափարներ կան: Ինքս եմ աշխատում այդ ուղղությամբ: Երեք տարի է՝ եփվում է այդ համերգի մտահաղացումը: Երբ գնամ Միացյալ Նահանգներ, կսկսենք աշխատանքները: Կարծում եմ՝ համերգը կլինի 2017-ին, երբ Էմման երեխայի ծնունդից հետո կկազդուրվի: Մեզ 1 տարի անհրաժեշտ է նախապատրաստվելու համար: Շատ ծավալուն և լուրջ ծրագիր է մտածված: Տա Աստված այդ երազանքս էլ կատարվի:

-Մենահամերգը կկայանա Միացյալ Նահանգներո՞ւմ, թե՞ Հայաստանում:

-Հայաստանում է լինելու: Լավը լինի, կարող ենք կրկնել Միացյալ Նահանգներում:


-Ինչ-որ բան կա՞, որի համար զղջում եք և հնարավորության դեպքում կփոխեիք դա:

-Փառք Աստծո, մինչև այս իմ բոլոր երազանքները կատարվել և կատարվում են. իմ սիրած աշխատանքը հեշտությամբ է ինձ տրվել՝ չհաշվելով մի քանի դժվարություն. ծնվել է Էմմաս, ունեցել եմ լավագույն ամուսին, որը ինձ շատ բան է սովորեցրել: Ինչպես քանդակում էր իր քանդակները, այնպես էլ ինձ քանդակեց: Բոլոր երազանքներս էտապ-էտապ կատարվել են:

-Տիկին Նադեժդա, Դուք խոսել եք Ձեր հիվանդության մասին, բայց պարբերաբար լուրեր են պտտվում, որ Ձեզ այնքան էլ լավ չեք զգում:

-Շատ անգամներ եմ լսել: Անգամ գրել էին, որ մահացել եմ: Իհարկե, ջղայնանում էի, բայց սկսել էի հումորով պատասխանել դրան և այլևս չգրեցին: Աստծո շնորհիվ ապրում եմ: Երբ շնորհակալություն ես հայտնում նույն գերմանացի բժիշկներին, ասում են՝ «առաջինը Աստվածն է, հետո դու ես, նոր մենք»: Ես երբեք չեմ հանձնվել: Բժիշկներին միշտ ասում եմ՝ հանգիստ, ես դեռ ապրելու եմ, իրենք շատ էին ուրախանում և ասում, որ օգնում եմ իրենց ճիշտ աշխատել:

Մեր հայ ժողովուրդը շատ է վախեցած հատկապես այս հիվնանդությունից: Երբ ընկերներիցս մեկն իմացավ վիճակիս մասին, ասաց՝ «Նադյա, այս հիվանդությունը ուղեղից է, ինչպես տրամադրես քեզ, այնպես էլ կլինի»: Այդ օրվանից հիվանդությանս անվանել եմ խեցգետիններ, որոնց պետք է եփել ու ուտել, ինչու թողնենք, որ նա մեզ ուտի :) Ուզում եմ, որ մեր հայ ժողովուրդը դրական մտածի, ավելի վստահ լինի և պայքարի հիվանդության դեմ: Այդ հիվանդությանը կհաղթես միայն ուղեղով:

loading...

Հայրի՛կ, տղաներն ինձ փչացած կանվանեն. տեսանյութ, որ մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում

Նոր հեռուստասերիալ հայկական հեռուստաեթերում՝ «Պապայի աղջիկները». (Տեսանյութ)

Բացառիկ կադրեր Մերժվածը հեռուստասերիալի նկարահանման հրապարակից. միթե նրանք...

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԼՂՀ նախագահը բարձր է գնահատում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետիրոջ Վիտալի Գրիգորյանցի հայրենանվեր գործուն...