Ереван
30 / Март / 2017

Մեր երկրում երիտասարդներն ամենաշատը բախվում են աշխատանքի բացակայության խնդրի հետ. Yelaket.am-ի զրույցը պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հետ

Տարվա լավագույն պատգամավոր, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ԱԺ բարեկամական խմբերի, միջխորհդարանական և պառլամենտական հանձնաժողովների ու կազմակերպությունների ակտիվ անդամ, պետության առջև ծառացած խնդիրներին մշտապես հաղորդակից, սրտացավ ու իր գործին հավատարիմ: Yelaket.am-ի զրուցակիցը ԲՀԿ խմբակցության քարտուղար, պատգամավոր Վահե Էնֆիաջյանն է: Թե ի՞նչը մղեց նրան քաղաքական կյանք, ինչպիսի՞ն է ՀՀ տնտեսական զարգացման իր տեսլականը և այլ հետաքրքրող հարցերի պատասխանները զրույցում:

- Բավական երիտասարդ եք և ունեք գիտական աստիճան, կրթության ոլորտում աշխատելու փորձ: Ի՞նչը Ձեզ դրդեց մուտք գործել քաղաքական կյանք:

- Կրթական ոլորտն ինձ միշտ հոգեհարազատ է եղել. դասավանդել եմ Հայաստանի խոշորագույն կրթօջախում՝ Կրթության Միջազգային Ակադեմիայում և 5 տարի եղել նույն ԲՈՒՀ-ի պրոռեկտորը, սակայն, բուհական տարիներին և արտալսարանային կյանքին զուգահեռ ակտիվ զբաղվել եմ նաև հասարակական գործունեությամբ: Երկրի առջև ծառացած էին դժվարություններ, որոնց հանդեպ անտարբեր չէի կարող լինել: Հիմնականում հենց այդ հանգամանքներն են էական նախադրյալներ ստեղծել ակտիվ քաղաքականություն մտնելու համար: Քաղաքականությամբ զբաղվողը բացառիկ հնարավորություն է ունենում սեփական տեսլականները կյանքի կոչելու և խնդիրներն իր իսկ մոտեցումներով և գիտելիքներով հարթելու համար:

- Կարո՞ղ եք նշել երեք պատճառ, որոնցով առաջնորդվեցիք, դառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, այնուհետև՝ ԱԺ-ում խմբակցության քարտուղար:

- Որոշում կայացնելիս առաջնորդվել եմ այն սկզբունքներով, որ ստացածս գիտելիքներն ու փորձը հնարավորություն ունեմ արդյունավետ կիրառել հանուն երկրի բարեկեցության:
Անբեկանելի է Գագիկ Ծառուկյանի գործոնը, ով իր տեսակով երաշխավոր է ցանկացած նախաձեռնության հաջողության համար:
Միաժամանակ, գաղափարախոսությունն ու ծրագրային դրույթները, որոնք ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ինձ հարազատ է և հավատում եմ, որ նման մոտեցումներով հնարավոր է մեր երկրի առաջ ծառացած խնդիրները քայլ առ քայլ հաղթահարել: ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության քարտուղար ընտրվել եմ ՝ խորհրդարանական գործընկեր-պատգամավորների կողմից ստանալով նրաց վստահության քվեն:

- Ի՞նչպիսին չպետք է լինի պատգամավորը:

-Ոչ միայն պատգամավորը, այլ ՝ առհասարակ, կան մարդկային որակներ, որոնցով պետք է առաջնորդվի յուրաքանչյուր մարդ, ով անտարբեր չի մեր երկրի, ժողովրդի և այն հարցերի հանդեպ, որոնք առկա են մեր երկրում: Պատգամավորի դեպքում, ով զգալի պատասխանատվություն է կրում իր գործունեության համար և ունի էլեկտորատի զգալի քվե, պարտավոր է իր խոստումներում լինել իրատեսական և երբեք չասի ավելին, քան կարող է իրականացնել իր պատգամավորական լիազորությունների շրջանակներում:
Ավելի ամփոփ՝ իրավունք չունի ժողովրդին հուսախաբ անելու:

- Քանի՞ օրինագիծ եք մշակել պատգամավորության տարիներին և քանի՞սն են ընդունվել:

- Անկեղծ ասած ՝ նման մոնիթորինգ երբեք չեմ իրականացրել, առկա են տարատեսակ գործակալություններ, որոնք իրականացնում են հստակ հաշվարկներ և մեջբերում թվեր: Այդ առումով, կայքերից մեկը, որը պրոֆեսիոնալ մակարդակով է մոնիթորինգ իրականացնում, իր հաշվարկներն ամփոփելիս իմ պատգամավորական գործունեությունը ֆիքսել էր որպես ամենաարդյունավետներից մեկը ՝ Խորհրդարանի 5–րդ գումարման աշխատանքների ընթացքում: Դա ինչպես հաճելի, այնպես էլ ՝ պարտավորեցնող է: Ի վերջո, Խորհրդարանի 5-րդ գումարման աշխատանքները դեռ շարունակվում են և կան օրինագծեր, որոնք Ազգային Ժողովում գտնվում են շրջանառության մեջ:

- Խոսվում է ընդդիմության միասնականության մասին, բայց, իրականում, հատման կետերը, կարծես, հեռու են դեռ իրարից: Ըստ Ձեզ, ո՞ր հիմնական գաղափարի շուրջ հնարավոր կլինի միավորել ընդդիմությանը:

-Հիմնական գաղափարը, անկախ ընդդիմադիր ուժի գաղափարախոսության կամ քաղաքական ուղղվածության, պետք է միտված լինի դեպի ժողովուրդը, դեպի այն խնդիրների հաղթահարումը, որոնք առկա են և որոնք, ցավոք, պետք է փաստենք, որ քիչ չեն: Միասնականության դրսևորումն ինքնին ողջունելի է, եթե առկա են վերը նշված սկզբունքներն ու պրոֆեսիոնալիզմի այն ցուցանիշը, որը հնարավորություն կտա թեորեան կյանքի կոչել: Արհեստածին և ուղղորդվող գործընթացները պետք է բացառվեն:

- Մասնագիտությամբ տնտեսագետ եք, ո՞րն է ՀՀ տնտեսության զարգացման Ձեր տեսլականը:

- Տնտեսագիտության կանոններն առհասարակ աքսիոմատիկ են և կախված առաջադրանքից ՝ մատնացույց են անում դրանց հաղթահարման հստակ ուղիներն ու հաշվարկները: Կարևորը քաղաքական կամքն է, անգամ ամենագրագետ կազմված տնտեսական զարգացման ծրագրերը, եթե ցանկություն չլինի իրագործել, այդպես էլ կմնան թղթի վրա: Վստահ եմ, որ մեր երկրի դեպքում պետք է գիտելիքային տնտեսության զարգացման համար արդյունավետ հիմք ստեղծենք և կանխենք ուղեղների այն արտահոսքը, որը, ցավոք, առկա է մեր երկրում: Անհրաժեշտ է կանխել կոռուպցիան, ստեղծել նոր աշխատատեղեր, բարենպաստ դաշտ ձևավորել արտաքին ներդրումների համար, կրճատել պետական չարդարացված գերծախսերը:

-Աշխատանքի բերումով մշտապես եղել եք երիտասարդության կողքին: Ի՞նչն է պակասում այսօր երիտասարդներին: Ո՞րն է նրանց թիրախային խնդիրը:

-Ակնհայտ առկա է լավատեսության դեֆիցիտ: Մեր երկրում երիտասարդներն ամենաշատը բախվում են աշխատանքի բացակայության խնդրի հետ, երբ բուհն ավարտած ուսանողը, որքան էլ որ բարձր առաջադիմությամբ սովորած լինի, այդուհանդերձ, մեծ արգելքի է հանդիպում, երբ հարցը հասնում է արժանապատիվ և նորմալ վարձատրվող աշխատանք գտնելուն: Վստահ եմ ՝ երիտասարդի համար առաջնային պետք է լուծել զբաղվածության խնդիրը: Պետք է երիտասարդների համար նոր պայմաններ ու հնարավորություններ ստեղծել՝ աշխատելու և բարեկեցիկ ներկա ու ապագա կառուցելու համար:

-Կարդարացվի՞ «Ազգ-Բանակ» կոնցեպտն այն տեսքով, որով ներկայացվել է հանրությանը:

-Մեր ժողովուրդը մշտապես առաջնորդվել է ազգ-բանակ կոնցեպտով և օրենսդրական նախագծերը չեն, որ պետք է սահմանեն այդ եզրույթը: Մենք դրանում համոզվել ենք ինչպես 90-ականների ազատագրական պայքարի տարիներին, այնպես էլ ՝ ընդամենն ամիսներ առաջ՝ ապրիլյան պատերազմի օրերին, երբ համագային միասնականությունը դրսևորվում էր ամենուր` իր մեջ ներառելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Պետք է ջանքեր գործադրել, որպեսզի այս սուրբ գաղափարը միշտ հաջողի:
- Կտա՞ արդյոք արդարության ծիլեր «Ապօրինի հարստացման մասին» օրենքը:
-Ցանկացած օրենք թղթի վրա լինելուց բացի, նաև պետք է կիրառվի և լինի ընդունելի և ընկալելի հասարակության համար: Կարծում եմ ՝ ժամանակը կտա հարցի իրական պատասխանը:

- Ինչպիսի՞ն է Վահե Էնֆիաջյանը քաղաքականությունից դուրս. մշակութային նախասիրություններ, հոբբի, ընտանիք:

-Մեծ հաշվով աշխատանքիս մեջ այնպիսինն եմ, ինչպիսին և կյանքում եմ. սկզբունքներս ու մոտեցումներս չեն փոխվում: Ընտանիքն ինձ համար բացարձակ արժեք է: Նախընտրում եմ ակտիվ և առողջ ապրելակերպը, ընդհանրապես չեմ ծխում, իսկ մշակութային նախասիրությունները շատ ընդհանրական հասկացություն է և մի քանի նախադասությամբ հնարավոր չէ ամփոփել:

Կյանքի կրեդոն...

- Ապրել ազնիվ և արդար:

Վահե Էնֆիաջյանը վախենում է...

- Վախենում եմ միայն Աստծուց:

Վահե Էնֆիաջյանը հպարտանում է...

- Ընտանիքովս և ընկերներովս:

Վահե Էնֆիաջյանն ափսոսում է...

- Չարվածի համար, արվածի համար երբեք չեմ ափսոսում:

- Վահե Էնֆիաջյանը հավատում է...

-Որ շարունակական աշխատանքով, ազնվությամբ, նվիրվածությամբ ու նպատակասլացությամբ հնարավոր է հասնել դրական արդյունքի:

Վահե Էնֆիաջյանի պատկերացրած Հայաստանը...

- Այն մեկ հարց-մեկ պատասխան ձևաչափում հնարավոր չէ ամփոփել: Հայաստանի Հանրապետության և՛ ներկան, և՛ ապագան պատկերացնում եմ այնպիսին, որ մեր ժողովուրդն ապրի բարեկեցիկ Հայաստանում, որ երբեք մեր երկրի քաղաքացին չփորձի իր կյանքի ուղին շարունակել արտերկրում, որ սահմանները շարունակեն լինեն անառիկ, բայց նաև լինի անամպ և խաղաղ երկինք: Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրն իր տեղում, իրեն վտահված ոլորտում բարեխղճորեն պետք է իրականացնի իրեն տրված գործն ու պատասխանատվությունը:

Դա հաջողության հասնելու ամենաիրական բանաձևն է:


Просмотрено 785 раз

Այս թեմայով

loading...
Самые популярные
Сегодня
За неделю
За месяц

Откровения 18-летней проститутки (Видео)

10 ФОТО, КОТОРЫЕ ПОРВАЛИ ИНТЕРНЕТ В КЛОЧЬЯ

Четыре дня Карабаха

Курсы валют в банках Армении

Создатель Uber доволен своим бизнесом

Продается журнал Playboy