Երևան
21 / Փետրվար / 2017

Հայաստանը 2017-ին կարող է շատ մեծ խնդիրներ ունենալ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

– Պարոն Համբարյան, 2016-ը բավականին հագեցած տարի էր: Ինչպե՞ս կամփոփեք այն ներքաղաքական զարգացումների իմաստով:

– Ներքաղաքական զարգացումների վրա բավականին մեծ ազդեցություն ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմը: Այն հարված էր իշխանություններին այն իմաստով, որ դարձավ բացասական բացահայտումների պատճառ: Մենք պարզեցինք, որ մեր բանակը զինված է 80-ականների զենքով: Չգիտես ինչու, աշխարհում ամենաշատ գեներալները մենք ունենք՝ համեմատած մեր բնակչության թվի հետ, ու պարզվեց՝ մենք ունենք պաշտպանության նախարարության շատ շքեղ շենք, ծառայողական մեքենաներ, բայց չունենք 21-րդ դարի արտադրության զենք, ինչն ունի մեր հակառակորդ Ադրբեջանը:

Երկրի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը հուլիսին ՊՊԾ գնդի գրավման պատճառ դարձավ, որը ես համարում եմ իշխանությունների համար նոկդաուն: Իշխանությունները փաստորեն պատկերացում չունեն հասարակության հիմնական տրամադրությունների մասին, զարմացան, որ Հայաստանում այդպիսի իրադարձություններ կարող են տեղի ունենալ: Նրանք հասկացան, որ կարող են կորցնել իշխանությունը, և փորձեցին բարեփոխումներ կատարել:

Կարող եմ առանձնացնել նաև ՏԻՄ ընտրությունները՝ կոնկրետ Գյումրիում և Վանաձորում անցկացված: Հանրապետական կուսակցությունը պյուռոսյան հաղթանակ տարավ: Նա հասկացավ, որ իր վարկանիշը հասարակության շրջանակներում 30-35 տոկոս է:

Մյուս կարևոր իրադարձությունը վարչապետի փոփոխությունն էր: Ժողովուրդը շատ մեծ հույսով ընդունեց Կարեն Կարապետյանին, որովհետև վերջին երկու վարչապետների կառավարումը պարզապես չարիք էր Հայաստանի համար. առավել աղետալի էին Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիները: Նրա կողմից նկարված թվերը ոչ ոք չզգաց՝ բացի իշխանություններից: Կարեն Կարապետյանը ժառանգել է ավգյան ախոռներ, տնտեսությունը փլուզված է, վերջին տարիներին իշխանությունները ժողովրդի սոցիալական վիճակի մասին չեն մտածել: Եվ այդ ամբողջ բեռը ուսերին՝ մեր հանրապետությունը թևակոխում է պառլամենտարիզմ, և հաջորդ տարվա ապրիլի երկուսին անցկացվելու են եզակի համապետական ընտրություններ՝ մենք ապագայում նախագահ, կարելի է ասել, չենք ունենալու:

– Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա անկասկած իր ազդեցությունն են ունենում նաև արտաքին քաղաքական զարգացումները: Ի՞նչ եք կարծում՝ արդյոք մենք նախորդ տարվա ընթացքում կարողացա՞նք վերանայել մեր առաջնահերթությունները:

– Ցավոք սրտի, ՀՀ իշխանությունները շարունակելով ոչ հավասար դաշնակցությունը Մոսկվայի հետ՝ այդպես էլ չհասկացան, որ ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն ոչ միայն փուչիկներ են, այլև այդ կազմակերպության անդամ պետությունները բացահայտ հակահայկական կեցվածք ունեն: Վառ օրինակը ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Բելառուսի և Ղազախստանի պաշտոնյաների հակահայ ելույթներն էին: Դրանից հետո Հայաստանի ներկայացուցչի նշանակվելու բոյկոտը, որը շարունակվում է մինչև հիմա: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը ուղղակիորեն բոյկոտվում է, այստեղ մեծ լումա ունի մեր «գործընկեր» Բելառուսը: ՀՀ իշխանությունները պաշտոնական Մոսկվային չեն կարող հասկացնել, որ այն թեզը, թե առանց ձեզ Հայաստանը կկործանվի, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Հակառակը՝ մեզ կորցնելու դեպքում Ռուսաստանը կարող է մեծ խնդիրներ ունենալ:

Մեզ համար բավական մեծ բացասական հետևանքներ կարող է ունենալ ռուս-թուրքական սիրախաղը: Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, դրա վառ օրինակը 21 թվականի հայտնի իրադարձություններն էին, երբ ռուսական կողմը Հայաստանի տարածքների հաշվին հասավ այդ բարեկամությանը:

Մենք լիովին կորցրել ենք մեր կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը, և դրա մեղավորը մեր իշխանություններն են: Մենք չպետք է մտնեինք թղթի վրա գոյություն ունեցող կազմակերպությունների մեջ: Մենք փորձեցինք հակասությունների վրա խաղալ և երկու ոտքով ընկանք թակարդը:

– Այս ֆոնին Ձեր ակնկալիքները 2017 թվականից:

– Հույսեր չունեմ: Շարունակվում է Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը, որտեղ Հայաստանը կարող է շատ մեծ խնդիրներ ունենալ: Շարունակվում են անիմաստ և անտրամաբանական բանակցությունները Արցախյան հարցի շուրջ: Բաքուն խախտել է Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները և թքած ունի համանախագահող երկրների կարծիքի վրա: Իսկ դրա փոխարեն Մոսկվան, Վաշինգտոնն ու Փարիզը ոչ մի պատասխան չեն ուզում տալ՝ անատամ, անհասցե հայտարարություններ, որը ամբողջությամբ համապատասխանում է Բաքվի շահերին: Բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանն է խախտում զինադադարը, չի կատարում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները, բայց ոչ ոք Բաքվին իր տեղը ցույց չի տալիս: Ստացվում է, որ միակ տուժող կողմը Երևանն ու Ստեփանակերտն են: Այս դիվանագիտական ձախողման համար ես մեզ եմ մեղադրում: Մեր արտաքին քաղաքականությունը ոչ թե պաշտպանվող պետք է լիներ, այլ ագրեսիվ ու հարձակողական: Ես չէի պատկերացնում, որ մարտի դաշտում հաղթած պետությունը կարող է այսպես տանուլ տալ դիվանագիտության մեջ:


դիտվել է 4030 անգամ
loading...

Սիրուշոն ներկայացնում է իր «Դեր Զոր» տեսահոլովակի ստեղծման պատմությունը

Գևորգ Սիրեկանյան. Կյանքն անցողիկ է

Ինչպիսինն է Սեյրան Օհանյանի տունը

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ