Yerevan
24 / February / 2017

Հաջող բիզնես վարելու համար պակաս կարևոր չէ գրագետ PR-ը. AIC-ի (Էյ Այ Սի) հիմնադիր Հայկ Մարկոսյան

Հասարակայնության հետ կապերի (PR) մասնագետն այսօր աշխարհում համարվում է ամենապահանջվածներից մեկը: Ի՞նչ է նշանակում հասարակայնության հետ կապեր, որքանո՞վ է այն կարևոր և որքանո՞վ է զարգացած Հայաստանում: Այս բոլոր հացերի պատասխանները փորձեցինք ստանալ հանրային կապերի մասնագետ, AIC (Էյ Այ Սի) կազմակերպության հիմնադիր Հայկ Մարկոսյանի հետ հարցազրույցի ընթացքում, ում անվան հետ են կապված բազմաթիվ հաջողված նախագծեր, ինչպես նաև՝ հասարակական նշանակության տարաբնույթ ասպարեզներում ծավալված PR արշավներ։

-Պարո՛ն Մարկոսյան, այսօր ամեն քայլափոխի լսում ենք, թե որքանով է կարևորվում բավարար ուշադրություն դարձնելը հասարակայնության հետ կապերի ոլորտին և դրա զարգացմանը, ամենուր պահանջվում են այս ոլորտի մասնագետներ: Ի՞նչ կասեք այս ամենի մասին։

 -Դա բոլորովին էլ պատահական չէ, քանի որ ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեղեկատվական հոսքը անհամեմատելի մեծ չափերի է հասել և այն կառավարելը մի քանի անգամ ավելի է բարդացել: Այսօր հասարակությունը հնարավորություն է ստացել ստանալ տեղեկատվություն անթիվ-անհամար աբյուրներից, ավելի բաց և անկաշկանդ պայմաններում արտահայտել սեփական կարծիքը և անգամ թելադրել այն: Այսօր անգամ գործարար ոլորտն է կախվածության մեջ գտնվում հասարակական կարծիքից, հասարակական նախընտրություններից և տրամադրություններից: Ուստի հաջող բիզնես վարելու, հաջող իմիջ ստեղծելու և այն ամրապնդելու համար պակաս կարևոր չէ այն գործիքակազմը, որը տրամադրում է PR-ը: Ոչ բավարար ուշադրությունն այս ոլորտին կամ դրա իսպառ բացակայությունը կարող են նույնիսկ ճակատագրական լինել անհատի կամ կազմակերպության համար:


-Ի՞նչ կասեք Հայաստանում PR մշակույթի ձևավորման մասին: Ի՞նչ զարգացման մակարդակի վրա է այն գտնվում տեղական շուկայում:

  -Մենք չենք կարող չինտեգրվել կամ չզգալ այն բոլոր գլոբալ փոփոխությունների ազդեցությունը և հետևանքները, որոնք տեղի են ունենում աշխարհում: Նույնը վերաբերում է նաև հանրային կապերին: Ես տեսնում եմ բավականին մեծ առաջընթաց այս ոլորտի զարգացման միտումներում: Իհարկե, մենք դեռ շատ բան ունենք սովորելու, հղկելու և կատարելագործելու՝ թե՛ համապատասխան մասնագետների ապահովման, թե՛ փորձի փոխանակման և թե՛ այս ոլորտի մշակույթի զարգացման առումով: Եթե նախկինում շատ հաճախ PR ասվածն այնքան էլ լուրջ չէր ընդունվում, այսօր այն պարզապես հրամայական է դառնում:

-Ի վերջո, PR-ն օգտագործվում է հանրային կարծիքն ուսումնասիրելու, դրան պարզապես ծանոթանալու՞, թե՞ հասարակական կարծիքը փոխելու և դրա վրա ներգործություն ունենալու համար:

 -Մենք արդեն խոսեցինք PR գործիքակազմի կարևորության մասին: Այն բավականին հարուստ է, և գրագետ կիրառելու դեպքում կարելի է ոչ միայն ամբողջական պատկերացում կազմել հասարակական կարծիքի մասին, այլ նաև վերափոխել այն և ցանկալի ազդեցություն ունենալ դրա վրա: Եթե սահմանափակվել պարզապես տվյալների հավաքագրմամբ և վերլուծությամբ, կարելի է ասել սա գործի կեսն է միայն: Պետք է կարողանլա ճիշտ հետևություններ անել առկա տեղեկատվությունից և մշակել քայլերի ու գործողությունների հետագա ռազմավարությունը:

-Որպես PR մասնագետ ի՞նչ գնահատական կտաք պետական իշխանություն-հանրություն տեղեկատվական հարաբերություններին։

 -Տարեցտարի այն ձեռք է բերում ավելի ինտերակտիվ բնույթ, ազգաբնակչությանը հնարավորություն ընձեռելով կարճ ժամկետում ստանալ իրեն հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ, սակայն մտահոգիչ է դեռ մնում պետական կառույցների կայքէջերի աշխատանքը, որոնցում տեղեկատվական քաոս է տիրում ու հաճախ չի թարմացվում: Այդուհանդերձ տվյալ խնդիրը գտնվում է ոլորտի մասնագետների ուշադրության կենտրոնում։

-Ինչու՞մ է կայանում Ձեր հաջողության գրավականը։

  -Պետք է շատ աշխատել, անկախ մասնագիտությունից ու չդադարել մեծացնել գիտելիքների պաշարը, որպեսզի հնարավորություն ունենաս պրոֆեսիոնալ միջավայրում գտնես քո տեղը՝ քեզ նման մասնագետների հետ: Կարևորը, որ կատարած աշխատանքդ լինի արդյունավետ, որպեսզի հետագայում էլ կարողանաս մեծ նախագծեր իրականացնել՝ լավ արդյունքի ու լավ գործընկերներ ձեռք բերելու համար։

Մեր զրույցի արդյունքում պարզ դարձավ, որ բացի ձեռք բերված բարձր գիտելիքներն ու աշխատասիրությունը, հաջողության ամենամեծ գրավականներից մեկը համառորեն և նպատակային այդ ամենը կիրառելն է։

 


Seen 624 times

Այս թեմայով

loading...
Moes wiewed
Today
For week
For Month

Coca-Cola Hellenic Bottling Company Armenia celebrates the 20th Anniversary