Երևան
24 / Փետրվար / 2017

Ուշադրություն դպրոցում սովորող աշակերտներին և նրանց ծնողներին. Աշակերտները 12-րդ դասարանում կսովորեն միայն ...

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, երբ նոր էր նշանակվել այդ պաշտոնում, խոստացել էր ոլորտում մի շարք բարեփոխումներ իրականացնել: Եվ այսպես` առաջին քայլն արված է` 2016-17թթ. ուսումնական տարում ավագ դպրոցների աշակերտներին մի շարք էական փոփոխություններ են սպասվում:
Լևոն Մկրտչյանն ասաց, որ պետք է կարողանանք վերաիմաստավորել «ավագ դպրոց» հասկացությունը, որպեսզի այն ճիշտ աշխատի և իր տեղում լինի: Ի վերջո, այն մի համակարգ է, որը լայնորեն կիրառվում է շատ երկրներում, հատկապես` ԱՄՆ-ում, և բավական ճկուն է աշխատում :
«Եթե մենք ունենք անկախ թեստավորման կենտրոն, որը, մոտավորապես, ԱՄՆ-ի համակարգի նմանությունն ունի` իրականացնում է կենտրոնացված քննություններ, ապա այս դեպքում ավագ դպրոցից դեպի բուհ անցումը շատ կարևոր է դառնում: Ավագ դպրոցը հանրակրթության մեջ պետք է լինի այն օղակը, որը կկարողանա միջոց ծառայել բուհ անցման համար»,- ասաց նախարարը:
Հարցին, թե ավագ դպրոցները չպե՞տք է այնքան կայանան, որ սկսեն կրկնուսույցներին փոխարինել, քանի որ իրականում աշակերտներին բուհ ընդունելությանը պետք է նախապատրաստեն, Մկրտչյանը պատասխանեց, որ, այո, քանի որ ավագ դպրոցն այդ դերը չի կատարում, աշակերտներն էլ դիմում են կրկնուսույցներին: Խնդիրը լուծելու համար, ըստ նախարարի, հիմա քայլեր են տարվում:
«Ավագ դպրոցների կոնցեպցիան, ըստ էության, այն է, որ արդեն 12-րդ դասարանում մասնագիտորեն լիարժեք կողմնորոշված երեխան կարողանա պատրաստվել բուհ ընդունելությանը: Այս առումով` շատ հետաքրքիր ձևաչափ ունենք միջին մասնագիտական կրթության ոլորտում. այս համակարգում աշակերտին հնարավորություն է տրվում 4 տարվա ընթացքում վերջնական մասնագիտությամբ վկայական ստանալ: Այստեղ մասնագիտական կրթական ծրագրերը նպատակաուղղված են կրթության հանրակրթական և մասնագիտական մակարդակների հաջորդականության միջոցով համապատասխան որակավորման մասնագետների պատրաստմանը: Նույն ձևաչափով մենք պետք է կարողանանք կապել ավագ դպրոցը բակալավրիատին, որպեսզի բակալավրիատի որոշակի ծանրաբեռնվածությունն իջնի ավագ դպրոց»,- ասաց նախարարը :
Ըստ նրա` շատ կարևոր է, որպեսզի 12-րդ դասարանում բեռնաթափում լինի, որպեսզի կարողանանք ապագայում /բնականաբար, պատրաստվելուց հետո/ որոշ կրեդիտային միավորներ իջեցնել ավագ դպրոց, որը կկարևորի նաև ավագ դպրոցի դերը: Ավագ դպրոցն այնքան էլ արդյունավետ չէ գործում, քանի որ, Մկրտչյանի կարծիքով, ամբողջությամբ պահում է դպրոցական ծրագրերի ծանրաբեռնվածությունը:
«Խնդիրն այն է, որ ծնողները չեն տեսնում ավագ դպրոցի մեջ այն ֆունկցիան, որին կոչված է դեպի բակալավրիատ տանող ճանապարհը: Այդ իսկ պատճառով էլ մենք այս տարի որոշեցինք, որ պետք է ինչ-ինչ փոփոխություններ լինեն ավագ դպրոցի ուսումնական ծրագրում: Դեռևս առաջին տարվա համար` դեկտեմբեր ամսին 12-րդ դասարանում սովորող աշակերտը կվերջացնի բոլոր առարկայական քննությունները և կընտրի այն երեք ուղղությունները, որոնց մեջ էլ ուզում է խորանալ և հետագայում այդ մասնագիտությամբ բուհ ընդունվել: Հունվար ամսից 12-րդ դասարանցիները կսովորեն միայն այդ երեք ուղղություններով»,- ասաց նախարարը:
Նա նշեց նաև, որ ուսուցիչների աշխատավարձերի կրճատումներ չեն լինի, որովհետև այնպես են անելու, որ կարողանան «անհրաժեշտ» 34 ժամն ապահովել, պարզապես աշակերտը 3 առարկայի վրա կկենտրոնանա: Փոփոխությունն իրականացնելու ճանապարհին, սակայն, Մկրտչյանի հավաստմամբ, մեկ այլ խնդիր է առաջանում` փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների դեպքում հարցը պետք է կարգավորվի այլ եղանակով:
«Խնդիրը բավական դժվար է լուծել, քանի որ ՀՀ դպրոցների կեսից ավելին 300 աշակերտից ցածր թվաքանակ ունեն, և հոսքային ուսուցում ապահովելը բարդ է: Երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարաններում ինչ-որ լուծում տվել են հիմա, բայց դա, իմ խորին համոզմամբ, երեխաների կրթության որակի վրա ազդում է: Կարծում եմ, որ երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ ձևաչափերը, որ այսօր գործում են, ի վերջո, ինչ-որ չափով խախտում են հավասարությունը, և փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցում սովորող երեխան, ըստ էության, ավելի քիչ հնարավորություններ է ունենում: Փոքրաթիվ աշակերտներ ունեցող ավագ դպրոցներում եթե ունենանք թվաքանակ, որը հնարավորություն կտա հոսքային պարապմունքներ անել, հիանալի կլինի, իսկ եթե չունենանք թվաքանակ, այդտեղ ձևաչափը մի փոքր այլ կլինի` աշակերտը հնարավորություն կունենա իր դպրոցում սովորել իր ընտրած 3 առարկաներն արդեն դասղեկի կամ կոնկրետ ուսուցչի միջոցով` առանձնացված ձևով` գրադարանում կամ համակարգչային սենյակում: Այսինքն` երեք առարկայի սկզբունքը կպահպանվի»,- ասաց Լևոն Մկրտչյանը:
Նախարարը նշեց նաև, որ եթե համակարգն արդարեցրեց իրեն, կկարողանան հաջորդ տարվանից 12-րդ դասարանում ամբողջությամբ այս մեթոդը կիրառել, ոչ թե միայն մեկ կիսամյակ: Այս դեպքում, ըստ նրա, աշակերտը կկարողանա 12-րդ դասարանում նաև կրեդիտներ հավաքել, ինչպես նաև մասնագիտական պրակտիկա անցնել:
«Հիանալի կլինի, եթե կարողանանք հասնել նրան, որ 12-րդ դասարանի աշակերտը, հոսքային մասնագիտորեն կողմնորոշում ունենալուն զուգահեռ, հնարավորություն ունենա 12-րդ դասարանում տեսնել, թե իր մասնագիտությունն ինչ կիրառելիություն ունի, բացի այդ` կոնկրետ աշխատել կրեդիտների վրա և դրանք վերցնել, տեղափոխել բակալավրիատ: Ի դեպ, սեպտեմբերից քննարկման ենք դնելու «Բարձրագույն կրթության մասին օրենքը», որն արդեն պատրաստ է, և այստեղ էլ լուրջ փոփոխություններ կան, որոնք օգնելու են ավագ դպրոցի կայացմանը»,- խոսքն ամփոփեց նախարարը :


դիտվել է 4484 անգամ

Այս թեմայով

loading...

Դիանա Գրիգորյանը կոտրած ոտքով նկարահանվում է «Առաջնորդներում» (Video)

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 19-ամյա տղայի մայրը կարծում է, որ քննիչը 180 աստիճանով գործը ...

Շոկային հարսանիք Սաուդյան Արաբիայում․ փեսան 80 տարեկան է, հարսը՝ 12 (Video)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ