Երևան
25 / Հունիս / 2017

Ինչ հրաման է ստացել հայկական բանակը

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել դեկտեմբերի 29-ին Տավուշում ադրբեջանական դիվերսիայի կապակցությամբ, որը Հայաստանում դժգոհություն է առաջացրել: Մասնավորապես, դժգոհությունը վերաբերվում է «հավասարության նշան դնելուն». Հայտարարության մեջ նշվում է, որ եղել է ներխուժման փորձ, մարտերի արդյունքում հայկական կողմը շարունակում է պահել ադրբեջանցի զինծառայողի դին, եւ կոչ է արվում դադարեցնել փոխադարձ մեղադրանքները:

Թե ով է ներխուժել, ինչ մարտեր են ընթացել, ինչու է ադրբեջանցի զինծառայողի դին հայկական կողմում՝ չի նշվում:
Հայաստանի ԱԳ նախարար Նալբանդյանը հանդես է եկել մեկնաբանությամբ, նշելով, որ «երբ ադրբեջանական դիվերսանտը վնասազերծվում է հայկական դիրքերում՝ բոլորի համար առանց մեխանիզմի էլ պարզ է, թե ով է հարձակվել»:

Նա նաեւ ասել է, որ հայկական կողմը մշտապես պնդել է շփման գծում հետաքննության մեխանիզմի ներդնումը, որի դեպքում արդեն պարզ կլինի, թե ով է խախտում հրադադարը: Եռանախագահները պետք է հետեւողական լինեն իրենց արձագանքներում. «Չպետք է թույլ տալ, որ ուշացած արձագանքը խախտումներ իրականացնողի կողմից ընկալվի, թե իր գործողությունները կարող են հանդուրժվել», ասել է Նալբանդյանը։
Փաստացի, Նալբանդյանը փաստի ու պատասխանատվության առաջ է դրել համանախագահներին, նրանց անուղղակի մեղադրելով հետեւողական չլինելու մեջ: Իսկ մինչ այդ, հայկական կողմը հայտարարել էր, որ ունի ադրբեջանական դիվերսիայի անհերքելի ապացույցներ, որոնք ներկայացվել են շահագրգիռ կառույցներին:
Ալիեւն արդեն հայտարարել է, որ չի հետեւելու միջազգային իրավունքին, եւ սա էլ իր հերթին որոշակի ապացույց է ավելի լայն առումով: Բացի այդ, Ադրբեջանը չի պատրաստվում կատարել Վիեննայի պայմանավորվածությունները:

Համանախագահները սովորաբար «հավասարության նշանով» հայտարարություններ են անում զինված միջադեպերի կապակցությամբ: Այս պայմաններում առաջանում է Ադրբեջանին զսպելու հարցը. Ի՞նչ անել, երբ այդ երկիրը հրաժարվում է պայմանավորվածություններից, միջազգային իրավունքից, պարբերաբար դիմում է ռազմական ներխուժման փորձերի, որի արդյունքում զոհեր են լինում:
Դեկտեմբերի 29-ի դիվերսիայից հետո հայկական կողմը դիմել է պատժիչ գործողության. Նախ հետ է մղվել դիվերսիայի փորձը, այնուհետեւ իրականացվել է հատուկ գործողություն, ըստ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի: Նա ասել է, թե մնացյալը ռազմական գաղտնիք է, որի մասին չի խոսելու: Իր հերթին, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ակնարկել է պատժիչ հատուկ գործողության մասին եւ ասել, որ Ադրբեջանը նման դեպքերում վճարելու է անհամաչափ գին:
Կա՞ այլ միջոց Ադրբեջանին զսպելու համար, կամ թողնվե՞լ է այդպիսի միջոց: Հաշվի առնելով ադրբեջանական հասարակության որոշակի առանձնահատկությունները, թերեւս անհամաչափ պատասխանը կարող է զսպող նշանակություն ունենալ: Ընդ որում՝ առանց բացառության բոլոր միջադեպերի պարագայում:

Փորձառու զինվորականները պնդում են, որ որոշ ժամանակից ի վեր, մոտ 10 տարի առաջ, բանակում հրաման է եղել «չպատասխանել» ադրբեջանական կողմի սադրանքներին, ընդհուպ՝ քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքով, այլ միայն՝ ծայրահեղ դեպքերում: Նրանք ասում են, որ դրա հետեւանքով ադրբեջանական կողմը հաղթահարել է ամենակարեւորը՝ վախը հայկական զինուժի հանդեպ: Ոչ մի զենք ու սպառազինություն այն արժեքը չունեն, որքան այդ վախը:
Ընդ որում, ադրբեջանական «ռազմական դիվանագիտության» մեկնարկը համընկել է հենց այդ շրջանին: Բացի այդ, հայկական կողմը նաեւ որոշակի «ճշգրտումներ» է մտցրել շփման գծում, նահանջելով նախկին բազմաթիվ դիրքերից՝ այսպես կոչված չեզոք գոտուց:
Ընդհանրապես, շատերն են նշում, որ հայկական բանակը դարձել է վանդակում փակված առյուծ, որին թույլ չեն տալիս լուծել Ադրբեջանին զսպելու խնդիրը: Սա ներսից քանդում է բանակը, անվստահություն մտցնում զինվորական ու հանրային շրջանակներում: Իհարկե, այստեղ միայն բանակի գործոնը չէ, եւ այդ խնդիրը պետք է լուծվի բոլոր ոլորտներում պետական քաղաքականության համալիրում:

Այս ամենի արդյունքն ակնհայտ է եւ դրսեւորվեց ապրիլյան պատերազմի ընթացքում:
Արդյոք դեկտեմբերի 29-ի միջադեպը եւ պատժիչ գործողությունը կփոխեն այս դրվածքը: Ի՞նչ նոր հրաման ունի հայկական բանակը:


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 303982 անգամ

Կնունք` Հենրիխ Մխիթարյանի քավորությամբ

«Դե ժպտա». հայ հայտնիները` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված տեսահոլովակում

Հայկոյի յուրօրինակ շնորհավորանքը՝ կնոջ ծննդյան տարեդարձի առթիվ (տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ