Երևան
19 / Հունվար / 2017

Վարդան Պետրոսյանի դրվագի բացահայտումը

Պաշտպանության նախարարությունում Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, ամփոփվել են Ամանորի, Սուրբ ծննդյան և հետտոնական օրերին առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության ու կարգապահության, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության առավել բարձրացմանն ուղղված աշխատանքները:
Այդ հանգամանքը ուշագրավ է օրերս հանրային մեծ աղմուկ բարձրացրած տոնական մի հաղորդաշարի ֆոնին, որ հեռարձակվել է Հանրային հեռուստաընկերությամբ եւ իրականացվում է ՊՆ հովանու ներքո: Խոսքը Մարտիկ հաղորդաշարի մասին է՝ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ:

Դրվագը պատկերում էր իբրեւ թե առաջնագծում հայկական դիրք, որտեղից Վարդան Պետրոսյանը իբրեւ թե թուրքերեն հայհոյում եւ ինչ որ բաներ է խոսում ադրբեջանական դիրքերից կրակողների հետ, որից հետո կրակը դադարում է:
Ցուցադրված հատվածը ոչ միայն միարժեք չէր ընդունվել հանրության տարբեր շրջանակներում, այլ դարձել էր Վարդան Պետրոսյանի հասցեին սուր, ընդհուպ կոշտ եւ կոպիտ արձագանքների պատճառ:

Հաղորդաշարի հեղինակները հետո տվեցին պարզաբանում, թե դա բեմադրություն էր, մտացածին դրվագ, որեւէ խոսք չկա իրական առաջնագծի մասին, նկարահանումը եղել է բոլորովին այլ տեղում, թե կրակոցներն են «հնարովի», թե «պատասխանող ադրբեջանցիները»:
Տեսանյութն ուշադիր դիտելու դեպքում հավանաբար հնարավոր կլիներ իսկապես նկատել տարրեր, որոնք կասկած կառաջացնեին, թե արդյոք այն իսկապես առաջնագծի դիտակետից է: Օրինակ, ինչպես հաղորդաշարի հեղինակներն են նշել` դիտակետի բավական մեծ, պատուհանի չափ բացվածքը, ինչն իհարկե առաջնագծում չի կարող լինել այդպիսի չափի:

Բայց, մյուս կողմից, հանրությունն իհարկե պարտավոր չէ լինել այդ աստիճան մասնագիտորեն նրբանկատ եւ ուշադիր, ըստ այդմ առաջ եկած սուր արձագանքները ամենեւին էլ «դատարկ տեղից» չէին: Թեւպետ, հաղորդման հեղինակների քայլն այդպիսով փաստորեն աշխատում է, այսինքն բեմադրությունը մարդիկ իսկապես ընկալել են իբրեւ իրականություն: Մյուս կողմից, այդ դեպքում ստացվում է, որ «չի աշխատել» հումորը, կամ չի եղել այդպիսին ընդհանրապես, քանի որ դրվագը ծիծաղելի չէ, նույնիսկ դրան մասնակից դարձած զինվորների համար:

Այստեղ առկա է Հայաստանի համար լուրջ խնդիր` հեռուստատեսությունում իրապես ինտելեկտուալ հումորի բացակայությունը: Իսկ երբ այդքան էլ չհաջողված, վատ մշակված, թող տափակաբանություն չթվա` հում հումոր է մատուցվում պատերազմի առաջնագծի վերաբերյալ, ապա այստեղ արդեն սուր եւ կոշտ արձագանքների առատությունից թե զարմանալ պետք չէ, թե նաեւ նեղանալ:
Ավելին, թերեւս պետք է ներողություն խնդրել հանրությունից, այդպիսի թյուրիմացություն առաջացնելու համար:
Սակայն, խնդիրն անկասկած շատ ավելի լայն է եւ բանը միայն հաղորդման ակնհայտորեն չստացված դրվագը չէ:
Հայաստանի պարագայում անհրաժեշտ է ձեւավորել պատերազմի կամ առաջնագծի «էթիկա» հասկացությունը: Հայաստանը պատերազմող պետություն է, ոչ թե երկիր կամ հայրենիք, այլ պետություն: Բոլոր առարկություններն ուղղակի վերացնում է ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանը, որը հերոսաբար զոհվեց ապրիլի պատերազմում` պաշտպանելով Հայաստանի սահմանը, որովհետեւ Արցախը Հայաստան է:

Հայաստանը պատերազմող պետություն է, եւ առաջնագիծը պետական սահման է` պատերազմող պետության սահման, որը պահանջում է մոտեցումների, անգամ լուսաբանման առանձնահատուկ լրջություն: Ազգը, հասարակությունն առանց ավելորդ «ցավդ տանեմների», «դուխովների» եւ համանման «բառակապակցությունների» էլ ապրում է սահմանը պահող իր զինվորով ու սպայով, ապրում է այնպես ու այնքան, որ չունի այդ ապրումն ուժգնացնելու ավելորդ գեղարվեստական-հուզականության կամ «ախպերականության» անհրաժեշտություն:

Ըստ այդմ, հումորով կամ «լրջորեն» որեւէ մեկը թող չփորձի «մասնագիտանալ» այդ առաքելության վրա:
Կա հակառակի անհրաժեշտությունը` ցույց տալ, թե որքան լուրջ է Հայաստանի սահմանին կանգնած հայկական զինուժի առաքելությունը պետական իմաստով, եւ ըստ այդմ ինչպիսի պետական առաքելություն եւ մտածողություն է պահանջում այդ առաքելությունը թիկունքից, թիկունքում:
Զինուժը պետք է պետականությունը տարածի սահմանից թիկունք, ոչ թե թիկունքի «հուզական ռազմա-հայրենասիրությունը» տարբեր ժամանցային կամ կենացային ֆորմատներով հանվի սահման:

Սա խնդիր է, որ պետք է դառնա Հայաստանի պաշտպանական գերատեսչության առաջնահերթություն, հատկապես ազգ-բանակ հայեցակարգի հռչակման պարագայում: Ազգ-բանակ հայեցակարգը պետք է ենթադրի ոչ թե բանակի «ֆիդայականացում»` մտածողության եւ նաեւ հանրային ընկալումների իմաստով, այլ պետական ինստիտուցիոնալության խորացում` առաջնագծից մինչեւ թիկունք:
Հայաստանի սահմանին լուծվում են խնդիրներ, որոնք ունեն աշխարհքաղաքական նշանակություն, եւ դրանք հնարավոր չէ համարժեք ու արդյունավետ սպասարկել «կենացային հայրենասիրությամբ»: Դրանք պահանջում են պետականություն, պետական մտածողություն թե զինվորի, թե քաղաքացու մակարդակում:

Մնացյալը, այդ թվում նաեւ ինտելեկտուալ, որակյալ, հանրային թյուրիմացությունների տեղիք չտվող հումորն ու ժամանցը, այդ մտածողության մեջ իրենց տեղն ու դերը կգտնեն ինքնաբերաբար:

loading...

Հայրի՛կ, տղաներն ինձ փչացած կանվանեն. տեսանյութ, որ մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում

Նոր հեռուստասերիալ հայկական հեռուստաեթերում՝ «Պապայի աղջիկները». (Տեսանյութ)

Բացառիկ կադրեր Մերժվածը հեռուստասերիալի նկարահանման հրապարակից. միթե նրանք...

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԼՂՀ նախագահը բարձր է գնահատում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետիրոջ Վիտալի Գրիգորյանցի հայրենանվեր գործուն...