Երևան
29 / Մայիս / 2017

Եվ քանի որ այն բակում, ուր ապրում էինք, բոլորը թուրքեր էին, մորս վկայությամբ ես շատ շուտով կատարելապես տիրապետել եմ թուրքերենին

Եվ քանի որ այն բակում, ուր ապրում էինք, բոլորը թուրքեր էին, մորս վկայությամբ ես շատ շուտով կատարելապես տիրապետել եմ թուրքերենին: Ու երբ տանտիրուհին ինձ ձայն է տվել, թե <<Վահագ, գյալ-գյալ>>, ես շատ անուշ պատասխանել եմ, <<գյալիօրըմ խանում, գյալիօրըմ>> ...
Հետո, տարիների հեռվից մտածել եմ. <<Տեսնես այդ խանումը որեւէ առնչություն ունեցե՞լ է Թեքեյանի <<Հանըմը>> բանաստեղծության կամ Դուրյանի <<Թրքուհու>> հետ>> ...
Հավանաբար ունեցել է, քանի որ շատ անուշ եմ արտասանել այդ <<խանումը>>:
Ծովը ...
Հուշերիս մշուշին ինչ-որ քամի է ասես դիպչում, ցրում ու տանում է մշուշը, եւ ամեն ինչ երեւում է պարզ ու հստակ:
Իմ առաջին ամենաիրական հուշն է: Ասես այսօրվա պես տեսնում եմ ծովի վրա օրորվող հսկայական <<տները>> ...
Երեւի արդեն շատ եմ կարոտած եղել Ոսկեգետակի ափին մնացած մեր տունը, ու կարոտից ծնվել է գյուտը ...
Մորս փեշը բռնած, նավի տախտակամածին կանգնած, նայել եմ նավահանգստում օրորվող հսկայական նավերին եւ ի լուր մերոնց հրապարակել իմ գյուտը. եթե այս մեծ-մեծ տները լողում են ջրի վրա, հապա ինչո՞ւ մեր տունն էլ չբերինք, որ դնեինք ջրին ու տանեինք մեզ հետ:
Մերոնք հավանաբար տխուր ծիծաղել են իմ գյուտի վրա, ու չեմ հիշում, չգիտեմ, թե ինչպե՞ս են բացատրել դրա անհնարինությունը: Բայց ես հեշտությամբ չեմ հրաժարվել իմ այդ գյուտից ու ավելացրել եմ.
- Գոնե քիլերը բերեինք, (քիլերը` այսինքն մառանը):
Իմ աղոտ հուշերի մեջ մինչեւ հիմա էլ, որպես երազում տեսած սքանչելիք՝ վառվում է մեր մառանը, եւ ռունգերիս մեջ չեն հանգել, ո՛չ, չեն հանգել նրա զարմանալի բուրմունքները:
Մառանի պատերի տակ ամռան կեսօրվա պես հսկա ու դեղին դդումներ էին շարված, պատերից կախված էին կրակի գույնի տաքտեղի շարեր, առաստաղից ողկույզ-ողկույզ նուռն էր հուրհրում, խնկագույն սուջուխ էր կախված ու սեւ խաղող: Պատերի տակ շարված էին կանաչ բողողներ (կճուճներ), որոնց մեջ խաղողի պաստեղ էր, թթի ռուբ (սա դոշաբն է), ռաչալ (սա մուրաբան է), չոր թութ, չամիչ, ընկույզ ... Եվ քանի որ, երբեք կողպ չի եղել, այդ <<քիլերը>>, ուզածս ժամանակ մտել , առել եմ այն, ինչ հաճո է եղել քիմքիս ... Եվ մորս հուշերում մնացել է մի փոքրիկ պատմություն, կապված այդ <<քիլերի>> հետ: Ձմռան համար մի մեծ բողող ընկույզ են պահած եղել ու զարմանքով տեսել են, որ կճուճի հատակին մեկ հատիկ ընկույզ է մնացել միայն: Մայրս դուրս է եկել ու պատկից հարեւանուհուն ասել.
-Ախչի, հայիս նե մեր քիլերը մուկ է իճատ եղեր, բողողին տակը թաք մեկ ընկոզ է մնացեր ...
-Ի՞նչ մուկ, քույրս, ի՞նչ մուկ: Վահագն ու Պերճիկը աս մեր պատին տակ աստծուն օրը ընկոզ կու ջարդեին ու կուտեինը:
Հավանաբար մանկական երկաթյա տրամաբանությունն է գործել. եթե կճուճի մեջ անգամ մեկ ընկույզ կա, ուրեմն ընդհանրապես ընկույզ կա, մենք ոչ ընկույզ ենք տեսել, ոչ կերել:
Ահա մեր այդ <<քիլերն>> էր, որ ցանկանում էի դնել ծովի ջրերին ու տանել մեզ հետ:
Բայց երբ բացատրել են (չգիտեմ ինչպես) նաեւ դրա անհնարինությունը, ես դարձյալ չեմ հրաժարվել իմ հրաշալի գյուտից ու ասել եմ.
- Դե գոնե ուլիկս բերեինք:
- Ուլիկդ ո՞ւր տի արծեր, - հարցրել է մայրս:
Հավանաբար նայել եմ նավի փայտե տախտակամածին, ծովին եմ նայել ու տեսնելով, որ իրոք ,ուլիկս արածելու ոչ մի տեղ չէր գտնի, վերջնականապես համոզվել եմ, որ իմ հրաշալի գյուտը անզոր է, որ ոչինչ-ոչինչ հնարավոր չէ տանել մեզ հետ, ոչ տուն, ոչ քիլեր, ոչ այգի եւ ոչ անգամ մի ուլիկ ... Ոչինչ, ոչինչ:
հատված՝ ,, ԱՆԽՈՐԱԳԻՐ,, ՎԻՊԱԿ -ԷՍՍԵԻՑ
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
լուսանկարը՝ ՀԻՆ ԱՐԱԲԿԻՐ


դիտվել է 12065 անգամ

Մայրանալ պատրաստվող Աննա Թովմասյանի եւ Արամեի գեղեցիկ տանգոն՝ Քրիստինե Պեպելյանի կատարման ներքո (vid...

«Արի իմ սոխակ» օրորոցայինը՝ «Ավրորայի» բեմից. մրցանակաբաշխության ամենահուզիչ պահերից մեկը (video)

Երիտասարդի մտքով անգամ չէր անցնի, որ նման բան կարող է տեսագրել (video)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ