Երևան
27 / Ապրիլ / 2017

Միայն գրագետ սերունդը կարող է փոփոխություններ բերել մեր երկրում. Yelaket.am-ի զրուցակիցը հանրային կապերի մասնագետ Աստղիկ Ավետիսյանն է

 Նրա մանկությունը անցել է ստեղծագործական մթնոլորտում: Այսօր նա Հայաստանի տեղեկատվական դաշտի բանիմաց ու պրոֆեսիոնալ կադրերից մեկն է: Yelaket.am-ի զրուցակիցը «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանն է:

 Մասնագետի հետ մեր զրույցը սկսվեց դասական հարցադրումով. խնդրեցինք պատմել իր մասին:

 Մասնագիտական ընտրությունը պատահական չի եղել, քանի որ հայրը լրագրող էր, մայրը՝ բանասեր: «Ստեղծագործական մթնոլորտը ամենուր էր, ու ընտանիքում պարբերաբար քննարկում էինք օրվա լրահոսը, հայրս ամենօր խմբագրական էր գրում կամ ֆելիետոն, սուր և թիրախավորված: Հորս ազնիվ լրագրողական կերպարն էլ խթան հանդիսացավ, որ ես արագ կողմնորոշվեմ մասնագիտական ընտրության հարցում», - ասում է Ավետիսյանը՝ ավելացնելով, որ արդեն ուսանողական տարիներին հասկացավ, որ գրելու, ստեղծագործելու ունակությունն ամենուր կարելի է օգտագործել»:

 Շարունակելով էքսկուրսը դեպի մասնագիտության ակունքներ՝ Ավետիսյանը նշեց, որ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում սովորելը զուգորդել է պրակտիկ գործունեությամբ. «Այս խմբագրությունից այն խմբագրություն էի վազում, ռադիոյից՝ հեռուստատեսություն: Շատ հետաքրքիր ու բազմաբովանդակ ուսանողական տարիներ եմ ունեցել, որոնք ուղեկցվում էին նոր գիտելիքների ձեռքբերմամբ»:

 Վերհիշելով անցած ճանապարհը՝ մեր զրուցակիցը շեշտեց նաև, որ ի շնորհիվ ցուցաբերած հասարակական ակտիվության, օրերից մի օր ընտրվեց բանասիրական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ և սկսեց տարաբնույթ հետաքրքիր միջոցառումներ կազմակերպել, բայց հասկացավ, որ դրանց մասին քչերն են տեղեկանում: Հենց այդ պահից էլ ստվերագծվեց Ավետիսյանի ապագա ու կարևոր աշխատանքային ուղղությունը՝ հանրային կապերն ու տեղեկատվության տարածումը: «Սկսեցի համալսարանում տեղի ունեցող միջոցառումների մասին պատրաստել տարբեր ժանրերով լրագրողական նյութեր և տարածել հանրապետական թերթերով: 2000 թվականից սկսած ամենօր ուսումնասիրում եմ այս ոլորտը և գործնականում օգտագործում բոլոր հնարավոր միջոցներն ու հնարավորությունները՝ Հայաստանում հանրային կապերի զարգացման համար», - մանրամասնեց նա:

 Քանի որ առջևում համապետական ընտրություններ են, խոսեցինք նաև այսպես կոչված քաղաքական փիառի մասին, իր «սև» և «սպիտակ» դրևսորումներով: Այս համատեքստում մասնագետը նշեց, որ իր համար PR-ը գույն չունի: PR-ը՝ հանրային հարաբերություններ ձևավորելու, նպատակային լսարանին ուղերձներ հղելու, հաղորդակցման ուղիները ճշգրտելու և գրագետ հաղորդակցվելու արվեստ է:

 «PR-ը երկարաժամկետ աշխատանք է. հասարակության հետ բարիդրացիական փոխհարաբերություններ ձևավորելու, նպատակաուղղված աշխատանք իրականացնելու, համակիրների բանակ ձևավորելու, լրագրողների հետ արդյունավետ աշխատելու արդյունքում, մենք հնարավորություն ենք ունենում ձևավորել դրական կերպար՝ լինի անհատ, թե կազմակերպություն: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ քաղաքականությունն իր բարոյական սկզբունքներով և չափանիշներով այլևս ունակ չէ խնդիրներ լուծել, առաջնային է դառնում կեղտոտ տեխնոլոգիանների կիրառումը, որը շատերն անվանում են «սև» PR», - պարզաբանեց Ա. Ավետիսյանը:

 «Նախընտրական գործընթացում, - շարունակեց նա, - կեղտոտ տեխնոլոգիանների կիրառումը զանգվածային բնույթ է կրում՝ խնդիր է դրվում ամեն գնով չեզոքացնել քաղաքական հակառակորդներին և մրցապայքարից դուրս մղել վերջիններիս:
Մասնագետի կարծիքով, քարոզարշավ իրականացնելիս պետք հավաքվեն տարբեր ոլորտներից իրազեկված, գրագետ մասնագետների թիմ, ովքեր կմտածեն, ինչ հնարքներ կիրառել, որպեսզի հասարակության ուշադրությունը հրավիրեն այս կամ այն ուղերձին, միջոցառմանը կամ հանդիպմանը: Այս դեպքում հարկ չի լինի մրցակցի մասին հավաքել այնպիսի տեղեկատվություն, որը կարող է ոչնչացնել նրան»:

 Խոսելով հայաստանյան հանրային կապերի ոլորտի խոցելի կողմերի ու առավելությունների մասին՝ Ավետիսյանը նշեց հետևյալը.
«Հայաստանում, ցավոք սրտի, ով ասես PR –ով է զբաղվում. ամենախոցելին այն է, որ գրագետ մասնագետներն են քիչ, երկրորդ, որ շատերը չեն հասկանում PR-ի ո՛չ նպատակները, ո՛չ էլ խնդիրները»:

 Առավելություններից էլ նշեց այն հանգամանքը, որ բուհերում սկսել են պատրաստել PR մասնագետների, օրինակ՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում մագիստրոսական ծրագիրը, իր ղեկավարած կազմակերպության շրջանակներում գործող արդեն երկամյա PR դպրոցը, որտեղ ոչ ֆորմալ կրթության մեթոդով վերապատրաստվում են արդեն դաշտում աշխատող շատ մասնագետներ:

 Իսկ ինչ վերաբերվում է հանրային կապերի ապագա մասնագետներին, Ավետիսյանը նշեց, որ բնույթով լավատես է ու յուրաքանչյուրի փոքրիկ հաջողությունից ուրախանում է. «Միայն գրագետ սերունդը կարող է փոփոխություններ բերել մեր երկրում», - եզրափակեց նա:


դիտվել է 22715 անգամ

«Պապայի աղջիկները» 56-րդ սերիա (Տեսանյութ)

«Պապայի աղջիկները» 55-րդ սերիա (Տեսանյութ)

15 մլրդ դոլարի ներդրումը կմնա արդեն մյուս ընտրությանը (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ