Երևան
24 / Հունիս / 2017

Հարցազրույց «ԵԼՔ» դաշինքով թիվ 1 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Մանե Թանդիլյանի հետ

-«Ելք» դաշինքի համապետական ցուցակով առաջին կին թեկնածուն եք, ինչպես նաև Ձեր կենսագրականում նշված է, որ ունեք զավակներ: Ըստ Ձեզ, որքանո՞վ է համատեղելի քաղաքական գործիչ և մայր հասկացությունները:

-Իրականում, դա ավելի համատեղելի է, քան թե կան այդ մասին միֆեր, որ անհնարին է : Համատեղելի են այնքանով, որքանով որ չեն հակասում մեկը մյուսին: Իհարկե, դա պահանջում է էլ ավելի կազմակերպվածություն և ժամանակի արդյունավետ օգտագործում: Մյուս կողմից , կատարելությունը սահման չունի, հետևաբար միշտ կա ավելիին ձգտելու տեղ: Ես կարծում եմ, որ համատեղելը հնարավոր է դառնում այն պահից սկսած, երբ այդ գործառույթների կարևորությունն ու նշանակությունը չես թերագնահատում, ավելին՝ արժևորում ես, որպես քո վերաբերմունք կյանքի առաջնահերթություններին: Եվ ո՞վ է ասել, թե հոգ տանել քո պետության մասին, հետևաբար՝զբաղվել քաղաքականությամբ և նպատակ ունենալ կայացնել քո պետությունը, նույնը չէ, ինչ որ հոգ տանել քո ընտանիքի, զավակի մասին, և դարձնել արժանապատիվ պետության արժանապատիվ քաղաքացի:

-Որպես ռեյտինգային թեկնածու առաջադրվել եք Ավան-Նոր Նորք-Քանաքեռ-Զեյթուն համայնքներում, ի՞նչ եք առաջարկելու Ձեր ընտրազանգվածին, որ տարբերվեք մյուս թեկնածուներից:

-Բացի իմ քաղաքական տեսլականից և երազանքից, թե ինչպիսի Հայաստան կառուցելու աշխատանքին եմ լծված լինելու իմ ամբողջ գործունեության ընթացքում, և դրան հասնելու համար ինչ ծրագրեր և քայլեր եմ իրականացնելու որպես քաղաքական գործիչ, ես իմ մասնակցությամբ նաև առաջ եմ մղելու քաղաքական առողջ և որակյալ սերնդափոխության օրակարգը, ինչպես նաև քաղաքական գործիչների վերահսկողության, հաշվետվողականության, հետադարձ կապի, ֆինանսավորման նոր մոդելի կիրառողն եմ լինելու: Ես առաջարկելու եմ մեր քաղաքացիներին գործուն մեխանիզմներ՝ վերահսկելու իրենց կողմից ընտրված պատգամավորի գործունեությունը, ունենալ իրենց մասնակցությունը այդ գործընթացին, և կրավորական դիրքավորումը փոխարինել մասնակցային դիրքավորմամբ: Ըստ էության, ես քաղաքական նոր մշակույթ և քաղաքացիական պահանջատիրություն եմ ձևավորելու, որի միջոցով քաղաքացիները կարողանալու են զսպել քաղաքական մենաշնորհները, որի արդյունքը անվերահսկելի քաղաքական սանձարձակությունն է, և որպես հետևանք՝ մենաշնորհված Հայաստանն է:
Եվ իհարկե տարբերվելու եմ ընտրակաշառք չտալով:

-Ու՞մ կամ ո՞ր ուժին եք համարում լուրջ մրցակից:

- Այս ընտրություններին Ձեզ հայտնի բոլոր քաղաքական ուժերը մտնելու են ռեսուրսների մրցավազքի՝ ադմինիստրատիվ, ֆինանսական, անձնական:Ես այդտեղ անելիք չունեմ և դրանք իմ մրցակիցները չեն: Իմ պայքարը արժեքային և գաղափարական է: Իշխող Հանրապետական կուսակցությունը ամբողջությամբ ձախողել է այդտեղ, հետևաբար իմ պայքարը այդ ուժին քաղաքական պատասխանատվության ենթարկելն է և իշխանական լծակներից զրկելը, փոխարենը առաջարկելով մեր ծրագրերն ու տեսլականը: Իսկ այստեղ նրանք մեզ մրցակից չեն:

-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:

-Բավականին դրական և ակնածալի աուրա կա Ելք դաշինքի շուրջ ձևավորված: Քանի որ դա ունի իմաստ և գաղափարական հիմք, թույլ եմ տալու կարծելու, որ լուրջ շանսեր ունի Ելքը: Ես անհատապես, կանխատեսումներ անելու փոխարեն, ջանք չէմ խնայելու ամեն օր այդ շանսերը մեծացնելու համար: Համոզված եմ՝ հաջողելու ենք:

-Թեև չի մեկնարկել քարոզարշավը, բայց արդեն միջադեպեր ունենք գրանցված: Ինչպե՞ս եք գնահատում դա :

-Իհարկե, տեղյակ ենք, և ԿԸՀ-ի ուշադրությունն ենք դարձրել այդ հանգամանքի վրա: Ըստ էության չկա լուրջ պատժիչ մեխանիզմ դրա համար: Բայց ասեք ինձ, թե այդ ի՞նչ չգիտի ԴԱՀԿ-ի Միհրան Պողոսյանի մասին մեր ժողովուրդը, որ այս օրերին պետք է իմանա: Սա ընդամենը ևս մեկ ապացույց է, որ այս մարդիկ չեն հարգում ոչ Հայաստանի Հանրապետությունը, ոչ ՀՀ քաղաքացուն: Այնպես որ ես առհասարակ չեմ անհանգստանում իրենց գործելաոճից, դա նորություն չէ: Հետևաբար կոչ եմ անում մեր քաղաքացիներին նաև այդկերպ հասկանալ, թե ում չի կարելի ձայն տալ. Եթե այսօր չեն հարգում իրենց, վաղն ինչպե՞ս են իրենց խնդիրները դարձնելու սեփական օրակարգի մաս և լուծումներ փնտրելու մեր երկիրը իրավական պետություն դարձնելու գործում:

-«Ելք» դաշինքի ներկայացուցիչներից Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նախատեսվող դրամահավաքի մասին: Եթե հաշվի առնենք ժողովրդի շրջանում տիրող անվստահությունը տարատեսակ դրամահավաքների առնչությամբ, ինչ եք կարծում ժողովուրդն ինչպե՞ս կարձագանքի դրան:

-Քաղաքական ուժի ֆինանսավորմանն ուղղված դրամահավաքը քաղաքացիների շրջանում իրականում խորը փիլիսոփայություն ունի իր մեջ: Ինչպես է հասարակությունը ուզում ունենալ անկաշառ և ոչ օլիգարխիկ քաղաքական գործիչների նոր և որակյալ տեսակ, եթե չմասնակցի այդ որակի կերտմանը: Քաղաքացիները պետք է իրենք իրենց վերաբերվեն որպես ներդրողներ այն քաղաքական ուժի կամ գործչի գործունեությունը, ում որ ցանկանում է վստահել մեր պետության ապագան: Այդ գործիչները, իրենց հերթին, հաշվետու են հենց այդ քաղաքացիներին, ովքեր պատգամել են, իրենց քվեով և ֆինանսներով, դառնալ իրենց ներկայացուցիչը պետական ատյաններում: Ես երկար կարող եմ խոսել այդ կապի մասին, որը մենք այսկերպ հաստատում ենք քաղաքացու և քաղաքական գործչի միջև: Այո, սա նոր և անսովոր մշակույթ է, բայց ինչպես եք պատկերացնում փոփոխությունը, եթե ամեն բան անենք նույն կերպ, ինչ որ25 տարի մեր պետությունը ձախողած քաղաքական ուժերն ու գործիչները: Ցավոք մեր ժողովրդի համար ավելի հասկանալի և բնական է դարձել, որ ընտրությունների օրերին իրենց են գումարներ առաջարկում, և դա նորմալ է ընկալվում: Իսկ մենք ուզում ենք խարխլել այդ ձախողված կարծրատիպերը, որոնք կործանում են մեր պետությունը, ու դրա համար էլ հենց «Ելք» ենք առաջարկում՝ տարբերվող և լուսավոր:

Հարցազրույցը վարեց Աննա Ավետյանը


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 13994 անգամ

Այս թեմայով

Կնունք` Հենրիխ Մխիթարյանի քավորությամբ

«Դե ժպտա». հայ հայտնիները` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված տեսահոլովակում

Հայկոյի յուրօրինակ շնորհավորանքը՝ կնոջ ծննդյան տարեդարձի առթիվ (տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ