Yerevan
28 / March / 2017

Սա զենք է, որի միջոցով մենք կարող ենք մեր երկիրը պաշտպանել. Լույս է տեսել հայ գիտնականի բացառիկ ձեռնարկը


Մարտի 3-ին «Տոնուս-Լես» ՍՊԸ-ում տեղի ունեցավ բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրաֆիային (ԲԱՀՔ) վերաբերող 1-ին հայալեզու գրքի՝ «Կիրառական բարձր արդյունավետ հեղուկային քրոմատագրաֆիա» շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին պետական այրեր, ակադեմիկոսներ, երիտասարդներ մասնագետներ:
Գիրքը ոլորտում առաջին հայալեզու տպագիր աշխատանքն է և մեծ կարևորություն ունի ոլորտի զարգացման, երիտասարդ մանագետների վերապատրաստման, մեթոդի կիրառման հմտություններին տիրապետելու գործում: Շնորհանդեսից հետո Yelaket.am-ը զրուցեց հեղինակ, քիմիական գիտությունների դոկտոր Սերգեյ Հայրապետյանի հետ՝ խնդրելով մեր ընթերցողներին մատչելի ներկայացնել գրքի օգտակարությունը.


-Քրոմատագրաֆիան անալիզի շատ արդյունավետ եղանակ է: Դրա ընդգրկվածությունը բոլոր տեսակի անալիզների թվում կազմում է մոտ 80 տոկոս: Այսինքն, եթե մենք ինչ-որ նյութ ենք անալիզ անում, ապա անհնար է առանց քրոմատագրաֆիայի իրականացնել այս կամ այն անալիզը: Կան քրոմատագրաֆիայի տարբեր ճյուղեր, բայց առաջատարն ու ամենաարդյունավետը բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրաֆիայի մեթոդն է, ինչի մասին էլ հենց այս գիրքն է: Ես գրքին տվել եմ խիստ կիրառական բնույթ, որպեսզի կարդացողը չտանջվի տեսական ֆորմուլաներ ուսումնասիրելով: Խիստ կիրառական և մատչելի լեզվով է գրված:


Որո՞նք են ԲԱՀՔ կիրառման հիմնական ուղղությունները և առանձնահատկությունները:

-ԲԱՀՔ-ը ռազմավարական նշանակության լաբորատորիաների համար հիմնական զենքն է: Այսինքն, մեր երկիր մուտք գործող տարբեր նյութերը՝ սնունդը, դեղամիջոցները, կարող են իրենց մեջ պարունակել վտանգավոր նյութեր և որպեսզի այդ նյութերը ժամանակին, որքան հնարավոր է արագ ի հայտ բերվի, արդյունավետ է կիրառել ԲԱՀՔ-ը: Պարզ է՝ որքան արագ, այնքան մեր երկիրը պաշտպանված կլինի: Վտանգավոր տեղեկությունները ի հայտ բերելու մեջ անգնահատելի է ԲԱՀՔ-ի դերը: Բացի այս, ԲԱՀՔ-ը նաև տարբերվում է անալիզի մյուս տեսակներից նրանով, որ չի վնասում քիմիական տարրը, որը ենթարկվում է անալիզի: Այսինքն, տարրն ինչպես վերցվում է, այդպես էլ վերադարձվում: Սա մի զենք է, որի միջոցով մենք կարող ենք մեր երկիրը պաշտպանել: Սա աներևույթ մի ռազմաճակատ է, որը թվում է թե չկա, բայց իրականում այդպիսի վտանգ կա երկրի համար, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը պատերազմող երկիր է: Օրինակ՝ հակառակորդը կարող է սննդի, մանկական խաղալիքների, դեղերի միջոցով փորձի վնասել մեր քաղաքացիներին:


Այս տեսանկյունից համագործակցու՞մ եք արդյոք ՊՆ կամ այլ պետական կառույցի հետ:

Այս տեխնոլոգիայի կիրառումն այնքան էլ Պաշտպանության նախարարության լիազորությունների մեջ չէ: ԲԱՀՔ-ը կիրառում են տարբեր պետական կառույցներում, ինչպիսիք են Բնապահպանության նախարարությունը, Առողջապահության, Էկոնոմիկայի նախարարությունները և այլն: ՊՆ ուղղվածությունը խիստ որոշակի է, իսկ այս աներևույթ վտանգը մյուս կառույցների խնդիրն է:


Ո՞ր ոլորտներում է ԲԱՀՔ-ն առավել կիրառելի և ունի արդյո՞ք զարգացման ուղիներ:

-Բարեբախտաբար այս ուղղությունը զարգանում է: Դեռ 20 տարի առաջ ես չէի կարող պատկերացնել, որ այս ուղղությունն այսպիսի զարգացում կունենա: Կիրառման ոլորտները բազմազան են. դրանք են դեղերը, սնունդը, թմրանյութերի վերահսկումը, դոպինգային վերահսկումը, գյուղատնտեսության ոլորտը և այլն:
Աշխարհի մասշտաբով արդյունաբերության ոլորտում այն ունի լայն կիրառում: Կարող է օգտագործվել հումքի ստացումից մինչև վերջնական նյութերի որակի ստուգում և վերահսկում: Իրեն հարգող ցանկացած արտադրական գործընթացի, ցանկացած գործարանի հոսքագծի վրա դրված է քրոմատագրաֆ, որը կկարողանա կառավարել տվյալ արտադրական գործընթացը: Թանկ հաճույք է, բայց իրեն արդարացնում է:
Շնորհանդեսի ընթացքում ցավով նշեցիք, որ գիտության այս ճյուղը չի դասավանդվում ՀՀ

ԲՈՒՀ-երում և մասնագետների մեծ մասն ինքնուս է: Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը:

- Ցավոտ հարց է: Ես փորձել եմ տարբեր ԲՈՒՀ-երում այս գիրքը տպագրել որպես դասագիրք: Սա այնքան էլ դասագիրք չէ, բայց պարոն Հակոբյանի հետ որոշեցինք այն դարձնել դասագիրք: Այս գիրքն ավելի լայն շրջանակների համար է նախատեսված: Յուրաքանչյուր քրոմատագրաֆիստ պետք է ձեռքի տակ ինչ-որ ձեռնարկ ունենա, բացի տեսական գիտելիքներից: Այս գրքում մեծ գլուխ է հատկացված հնարավոր անսարքություններին և դրանց վերացման ուղիներին: Քրոմատագրաֆիստը պարտադիր չէ, որ ամեն ինչ առանց հուշման գիտենա, բայց նա պետք է իմանա որտեղից կարդա և լուծում գտնի, ոչ թե ցանկացած տարրական խնդրի համար արտասահմանից մասնագետ հրավիրվի: Այս գիրքը տալիս է այդ հնարավորությունը:


Հեղինակի հետ զրույցը եզրափակելուց հետո խոսեցինք նաև ներկա հյուրերից մեկի՝ ՀՀ Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի հետ, ով ասաց.

-Ողջունում եմ գրքի հեղինակին այս աշխատանքի ստեղծման կապակցությամբ: Գիտեք, որ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում նույնպես իրականացվում են մոնիթորինգային աշխատանքներ և բոլոր մոնիթորինգային ցուցանիշները ճշգրտվում են և պարզաբանվում են լաբորատոր պայմաններում: Բնականաբար այս տեխնոլոգիան կիրառվում է նաև բնապահպանության նախարարության ներքո գործող մոնիթորինգի կենտրոնի լաբորատորիայում, տեսչության լաբորատորիայում և այս գիրքը, որը անմիջականորեն օգնելու է լաբորատորայի աշխատակիցներին, լաբորանտներին, մասնագետներին՝ առաջնորդվելու նույն տեխնոլոգիաներով, սարքերն ավելի արդյունավետ օգտագործելուն, չի կարող անմասն մնալ արդյունքի տեսանկյունից և միանշանակ կապահովի համապատասխան արդյունավետություն:

Նախարարությունն ինչ-որ կերպ համագործակցում կամ աջակցու՞մ է հեղինակին:

- Հեղինակի հետ մենք ոչ այս ձևաչափով, այլ իր մասնագիտական ներուժը օգտագործելու առումով հանդիպում ունեցել ենք և աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են: Անցկացվում են ուսումնասիրություններ հանքարդյունաբերության ոլորտում և հանքարդյունաբերային թափոնների երկրորդային օգտագործման ոլորտում: Չեմ ուզում շտապել, արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am


Seen 37351 times

Այս թեմայով

loading...
Moes wiewed
Today
For week
For Month

Coca-Cola Hellenic Bottling Company Armenia celebrates the 20th Anniversary