Երևան
29 / Մայիս / 2017

Հայաստանի սահմանին բախումներ են ադրբեջանցիների և քրդերի միջև

Նաիրի Հոխիկյան

Մոսկվայում տեղի ունեցած ռուս-թուրքական բանակցության ֆոնին քաղաքագետները մի լուր դրեցին շրջանառության մեջ, թե Ռեջեփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը իբրև քննարկել են Կարսի դիմաց Արցախի խնդիրը Ադրբեջանի օգտին լուծելու հնարավորության հարցը: Թիթեռի կյանք ունեցած տեղեկությունը մարեց նույն օրերին, մինչդեռ արձագանք ստացավ Կարսում:

Կարսի ադրբեջանցիների միության նախաձեռնությամբ մարտի 13-ին կազմակերպվել է քննարկում՝ ի՞նչ դիրքորոշում որդեգրել, եթե Կարսը փորձեն հանձնել հայերին: Այսպիսի քննարկումներով, սակայն, չի սահմանափակվել Կարսի ադրբեջանցիների խնդիրը:

Մարտի սկզբից այնտեղ լարվածության բարձր մակարդակ է քուրդ և ադրբեջանցի բնակիչների միջև: Գործը հասել է մինչև զանգվածային ցույցերի, դանակահարության ու կրակոցների:

Ամիսներ առաջ Կարսի ադրբեջանցի մի գործարար, որը 1990-ականների սկզբին Նախիջևանից է տեղափոխվել, գնել է քաղաքի կենտրոնական մեծ հողակտոր՝ հայկական պատմական շինություններով հանդերձ՝ ճակատային մասում հայերեն արձանագրություններով: Ադրբեջանցի գործարարը փորձել է քանդել շինությունները՝ տեղում հյուրանոցային համալիր կառուցելու մտադրությամբ:

Կարսում և հարակից բնակավայրերում Ադրբեջանից ներգաղթածները հիմնականում զբաղված են առևտրով և հյուրանոցային բիզնեսով: Ադրբեջանցիներին են պատկանում տեղի Karabag, Kent, Güngören և բազմաթիվ այլ հայտնի հյուրանոցներ:

Ադրբեջանցիների կողմից հայկական հետքերը մաքրելու քայլերին Կարսի քրդերն են հիմնականում դիմակայում: Այս անգամ գործը հասել է զանգվածային բախման: Քրդերը, սակայն, ընդդիմանում են ոչ թե հայասիրության կամ մշակութային արժեքները պահպանելու համար, այլ սոցիալական պատճառներով: Կարսում հայ զբոսաշրջիկների մեծ հոսք կա, որոնք էլ առաջին հերթին գնում են հայկական շինությունները դիտելու: Ահա թե ինչու Կարսի քրդերը փորձում են ամեն կերպ պահպանել դրանք:

Կարսի բախումներին մարտի 10-ին միջամտել է ոստիկանությունը: Վիրավորների և հնարավոր զոհերի թվի մասին թեև լուր չկա, բայց տեղացիները պատմում են, որ քրդերի ու ադրբեջանցիների բախումները եղել են մասշտաբային: Քաղաք են գնացել հարակից գյուղերի քուրդ բնակիչները՝ օգնելու ազգակիցներին: Ի վերջո, չկարողանալով դիմակայել քրդական քանակական ճնշմանը, թուրք ոստիկանները ստիպել են դադարեցնել շինարարական աշխատանքները, իսկ ադրբեջանցի բազմաթիվ բնակիչներ ժամանակավորապես հեռացել են Կարսից:

Կարսի հայտնի հյուրանոցներից մեկի քուրդ սեփականատեր Ահմեթ Էրյըլմազը նշել է, թե ադրբեջանցի գործարարները ոչ թե խթանում են Կարսի բիզնես ոլորտը, այլ զբաղված են հակահայկական քարոզչությամբ, ինչը վնաս է զբոսաշրջությանը:

Ընդհանուր առմամբ, Թուրքիայի արևելյան շրջանները՝ ՀՀ սահմանակից բնակավայրերը վերջին 20 տարվա ընթացքում հետևողականորեն բնակեցվել են Ադրբեջանից ներգաղթածներով: Սա պետական քաղաքականության մաս է՝ նախ ՀՀ սահմանին ստեղծել թշնամաբար տրամադրված կենդանի վահան, ապա ադրբեջանցիների ձեռքով տարածքը դատարկել քրդերից:

Թուրք-քրդական հակամարտության հարցերի փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով` այդ տարածաշրջանում ադրբեջանցիների ձեռքում են հիմնական տուրիստական օբյեկտները, առևտրի կետերը, ադրբեջանցիներին արտոնյալ պայմաններով վաճառվում է անշարժ գույք: Թուրքական իշխանությունը վարում է հատուկ քաղաքականություն, որպեսզի այնտեղ տեղափոխի մեծ քանակությամբ ադրբեջանցիների:

«Պետք է հատուկ շեշտեմ, որ ադրբեջանցիները բնակվում են հատկապես քաղաքներում: Նրանք գյուղերից հեռու են, որքան էլ իշխանությունը փորձում է արտոնյալ պայմաններով տրամադրել հող այն ադրբեջանցիներին, որոնք հատուկ արագացված ընթացակարգով ստանում են Թուրքիայի քաղաքացիություն»,-նշում է Կարեն Հովհաննիսյանը:

Ըստ պաշտոնական ժողովրդագրական պատկերի՝ 2015թ. Թուրքիայում հաշվվել է մոտ 600.000 ադրբեջանցի, որը երկրի ընդհանուր բնակչության 0.8%-ն է: Նրանց հսկայական հատված տեղավորված է արևելյան շրջաններում՝ Կարս, Իգդիր, Աղրը, Բայազետ: Հատկապես Իգդիրի բնակչության բացարձակ մեծամասնությունը ադրբեջանցիներ են: Դա է պատճառը, որ այնտեղ հայ զբոսաշրջիկների համար երբեմն վտանգավոր է գիշերել:

Հաշվի առնելով թուրքական իշխանության խորքային նպատակները՝ քրդական ուժերը վերջին 1 տարվա ընթացքում պարբերաբար գործողություններ են անում՝ ադրբեջանցիներին ահաբեկելու և բախումների միջոցով վտարելու համար:

Մարտի 9-ին և 10-ին բախումներ են տեղի ունեցել Աղրըում: Ադրբեջանցիներին պատկանող մի ռեստորանում միացված է եղել ադրբեջանական երաժշտություն, որը դուր չի եկել ռեստորանում գտնվող քրդերին: Նրանք պահանջել են անջատել այն և փոխարինել քրդական երաժշտությամբ: Ստանալով մերժում՝ քրդերը տակնուվրա են արել ռեստորանը, հրկիզել այն, ինչից հետո Աղրըի բազմաթիվ ադրբեջանական ընտանիքներ փախել են Իգդիր:

«Վերջին շրջանում բախումների հետևանքով իրենց բնակության վայրերը լքել են մի քանի հազար ադրբեջանցիներ և բազմաթիվ գործարարներ: Այդ ալիքը սկսվեց, երբ 2016-ի ձմռանը PKK-ի (քրդական աշխատավորական կուսակցության) զինյալները պայթեցրեցին Կարսի ձմեռային բազան, որը նույնպես պատկանում էր ադրբեջանցի գործարարի: Կարող ենք փաստել, որ ռազմական բախումների առումով պասիվ արևելյան շրջաններում մեծ մասշտաբների են հասել բախումները քուրդ և ադրբեջանցի բնակիչների միջև»,- նշում է Կարեն Հովհաննիսյանը:

Ժողովրդագրական համեմատությամբ պատկերը Թուրքիայի արևելյան՝ ՀՀ սահմանակից երեք շրջաններում հետևյալն է.

Իգդիրում՝

քրդեր՝ 56.000, ադրբեջանցիներ՝ 110.000

Կարսում՝

քրդեր՝ 210.000, ադրբեջանցիներ՝ 15.000

Աղրըում՝

քրդեր՝ 510.000, ադրբեջանցիներ՝ 7.000

Նյութի աղբյուրը՝ http://hetq.am/arm/news/76730/hayastani-sahmanin-bakhumner-en-qrderi-ev-adrbejancineri-mijev.html


դիտվել է 156307 անգամ

Լիլիթ Կարապետյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել. «Հայ զինվոր» (video)

Խենթ ու թեժ մերկապար՝ Վարդայից (video)

Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Հեռու կամ մոտ» (video)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ