Երևան
30 / Մարտ / 2017

Ֆեյսբուքում պետք է քարոզարշավի տարր լինի, բայց չպետք է ամեն ինչ կառուցել ֆեյսբուքյան գովազդների ու քարոզարշավի միջոցով. հարցազրույց՝ քաղաքագետ Էդգար Խաչատրյանի հետ

      Հայաստանում նախընտրական շրջանը քաղաքականացրել է անգամ օդը : Ամենուր նախընտրական թեժ քննարկումներ են՝ սկսած բակերից, մինչև վիրտուալ տիրույթ: Yelaket.am-ը այս առիթով զրուցեց քաղաքագետ, ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Էդգար Խաչատրյանի հետ, ով մանրակրկիտ մեկնաբանեց այս թոհուբոհի հետ կապված վիրտուալ աշխարհի տրամադրությունները, ինչպես նաև անդրադարձավ այս ընթացքում տեղի ունեցած, բոլորիս հուզող զանազան այլ հարցերի:
   

    Ի՞նչն է ֆեյսբուքցիներին նյարդայնացնում հայկական ֆեյսբուքյան տիրույթում:

   

    Ֆեյսբուքցիներին ֆեյսբուքյան տիրույթում, ըստ երևույթին, նյարդայնացնում է հենց ֆեյսբուքցին, որովհետև մարդիկ տարբեր հարցերում միակարծիք չեն լինում և սկսում են նյարդայնանալ, չնայած պետք է ընդունել, որ Ֆեյսբուքն ունի և դրական և բացասական կողմեր: Օգտատիրոջ հետ կարող ենք համաձայն չլինել, բայց չի կարելի նրան վիրավորել, պարտադիր չէ, որ մեկի կարծիքը լինի բոլորի կողմից ընդունելի. այս անհամաձայնությունն էլ, որ յուրաքանչյուրն իր կարծիքն ունի, նյարդայնացնում է ֆեյսբուքցիներին:
   

    Ի՞նչ նպատակ է հետապնդում Ֆեյսբուքի հայկական տիրույթում շրջանառվող այս կամ այն նյութի արհեստական ուռճացման երևույթը:
   

    Ես չէի ասի, որ Ֆեյսբուքում արհեստական ուռճացվում է որևէ նյութ, որովհետև բազմաթիվ օգտատերեր կան, որ իրենց պարտականությունն են համարում այս կամ այն թեմայի շուրջ կարծիք արտահայտելը: Դա վերածվում է ավտոմատ շրջանառվող մի թեմայի, որը թվում է, թե արհեստական ուռճացվել է, բայց իրականում մեկ և բազմաթիվ ցորենների էֆեկտն է այստեղ գործում:
   

    Եթե մեկը գրի՝ նկատելի չի լինի, բայց երբ բոլորը անդրադառնում են այդ թեմային, ստացվում է մի ամբողջ բազմություն: Հիշենք, օրինակ, վերջերս սևամորթ տղամարդու և հայ կնոջ ամուսնությունը:
   

    Ո՞ւմ է ձեռնտու Ֆեյսբուքը որպես զրպարտանքի և պոպուլիզմի տարածված միջոց օգտագործելը:
   

    Բոլորին և ոչ մեկին: Եթե քո դեմ է ուղղված այդ ամեը՝ քեզ ձեռնտու չէ, բայց եթե դու ես աշխատեցնում, ապա ձեռնտու է: Չկա այդպիսի հստակ խումբ , որը միայն կշահի կամ կտուժի, որովհետև  հարթակը յուրաքանչյուրի համար նույնն է. այլ հարց է, թե ինչպես կօգտագործեն:
    

    Որքանո՞վ է արդյունավետ գործում քաղաքականությունը Ֆեյսբուքում:

   

   Ֆեյսբուքում պետք է քարոզարշավի տարր լինի, բայց չպետք է ամեն ինչ կառուցել ֆեյսբուքյան գովազդների ու քարոզարշավի միջոցով: Չեմ կարծում, թե Ֆեյսբուքում բոլորը հետաքրքրված են քաղաքականությամբ: Քարոզարշավը պետք է դուրս գա Ֆեյսբուքյան տիրույթից և տարվի հասարակ քաղաքացու հետ, ով Ֆեյսբուքից դուրս ՝ իր տանն է, բակում. ուզենք, թե չուզենք գոնե այս մեկ ամիսը քաղաքականությունը պետք է լինի ամեն հնարավոր տեղ: Գովազդներ Ֆեյսբուքում կարող են լինել, ինչ խոսք, բայց դրանից ամենաշատը շահում է Ցուկերբերգը: Եթե թեկնածուն քաղաքականություն է մտնում միմիայն ֆեյսբուքյան գովազդների միջոցով, ապա պարտությունը նրան չպետք է զարմացնի: Կեղծ պրոֆիլներով հավանումները դեռևս հաղթանակ չեն:

   

    Ինչպիսի՞ գնահատական կտաք մրցակցային տրամադրություններին ու ներքաղաքական բարոյահոգեբանական վիճակին՝ հատկապես վիրտուալ տիրույթում:
   

     Վիրտուալ տիրույթում բոլորը բոլորի դեմ են ու մեկը մյուսից նյարդային: Այստեղ բոլորն ուժեղ են, բոլորը կարողանում են արտահայտվել: Այլ հարց է՝ կկարողանա՞ն արտահայտվել նույնկերպ Ֆեյսբուքից դուրս: Տիրույթում կան կեղծ օգտատերեր: Մեկ մարդը կարող է նստել տասը ֆեյսբուքյան էջերի ետևում և որոշակի տրամադրություն ստեղծելու համար որևէ մեկի գրառման տակ հայհոյախառն արտահայտություններ անել՝ փչացնելով իրավիճակը:
   

     Նույն թեկնածուներն իրական կյանքում միմյանց հետ ավելի բարիդրացիական հարաբերություններ ունեն, քան նրանց կողմնակիցները՝ միմյանց հանդեպ վիրտուալ տիրույթում: Պետք է տարբերակել անձնականը քաղաքականից:
   

   Ինչի՞ց է, որ Հայաստանում քաղաքացիական ընդվզումը իշխանությունների կողմից ընկալվում է որպես դեմագոգիա, պետական հեղաշրջման փորձ:
   

    Ես այս հարցի հետ չէի համաձայնի, որովհետև, իմ կարծիքով, իշխանությունները, ընդհակառակը, քաղաքացիական ընդվզումներին տալիս են քաղաքացիական պատասխաններ:
    Քաղաքացիական գրեթե բոլոր ընդվզումները  հաջողության են հասել. այս դեպքում պետք է տարբերել քաղաքացիականն ու քաղաքականը: Հիշենք «Դեմ եմ»-ը, «100 դրամ» –ը, «Էլեկտրիկ Երևան»-ը: Այս պայքարները հաջողությամբ են ավարտվել. այլ հարց է, որ քաղաքացիական պայքարը, վերջնական նպատակին հասնելով, փորձում են տրանսֆորմացնել այլ հարթակներում այլ հարցերի: Իհարկե, այդ ժամանակ գնում է մարման , դրա օրինակները բազմաթիվ անգամ տեսել ենք ու հույս ունեմ՝ հաջորդ անգամ սխալվելու հավանականությունը կհավասարեցնենք զրոյի:
   

    Որո՞նք են քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավներում ամենաակնհայտ թերացումները:
   

    Որքանով ես փորձել եմ ծանոթանալ քաղաքական ուժերի առաջարկած նախընտրական ծրագրերին՝ ամենաակնհայտ թերացումները այն են, երբ որ իրավիճակային լուծումներ են տալիս, ասելով՝ մենք կբարձրացնենք թոշակները, կիջեցնենք հարկերը և այլն:
Երբ որ պետության մակարդակով բարձրացնում են թոշակները, իջեցնում հարկերը՝ չունենալով ռեսուրս, ապա այդ պեությանը տանում են կործանման: Սկզբում պետք է նշել, թե որտեղից և ինչպես են գտնելու ռեսուրսները, հետո նոր իջեցնեն հարկերը և բարձրացնեն թոշակները:
    Մյուս ամենամեծ թերացումն այն է, որ օրինակ Ելքի նախընտրական ծրագրում նշվում է, որ պատրաստվում են սահմանադրական բարեփոխումներ անել, բայց թե ինչ բարեփոխման մասին է խոսքը՝ հայտնի չէ… Կամ բոլորը խոսում են կոռուպցիայի վերացման մասին, բայց թե ինչպես, ինչ մեխանիզմով այն վերացնելու, ևս անհայտ է: Այսինքն՝ բոլոր տեղերում կան հստակ կետեր, բայց թե ինչպես են հասնելու տվյալ կետի լուծմանը, տրված չէ:
   

    ՀՀԿ կուսակցության տեսահոլովակը մեծ աղմուկ բարձրացրեց հնչեցին զանազան կարծիքներ: Դուք ինչպե՞ս եք վերաբերում նման նախընտրական գովազդներին:

    Մեր հասարակությունը պետք է ընդունի և սովորի ավելի հանգիստ վերաբերել նման բաներին: Արևմտյան հասարակությունում նման երևույթները շատ են և ընդունված, մեզ մոտ նորություն է՝ սվիններով են ընդունում: Մենք կարող ենք ՀՀԿ-ի գաղափարները չընդունել, չհամակրել, բայց «Ռեինկարնացիա» -ին պետք չէ քաղաքականացնել, նրանք արտիստներ են, տարիներ առաջ էլ այլ քաղաքական ուժերի համար էին երգում, դա իրենց աշխատանքն է:

    Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, ապա նա կուսակցության քարոզարշավի առաջնորդն է և այդկերպ ևս փորձում է ձայներ բերել: Դա քաղաքականության մի մասն է և տարբեր միջոցներով ձայներ բերելը ավելի նորմալ է, քան հապաղելը, քայլեր չանելը:

    Վարչապետն իր արտաքինի, շարժուձևի, ոճի առումով հասարակության, մասնավորապես իգական սեռի ներկայացուցիչների կողմից համակրանք է վայելում:        

    Որքանո՞վ է այս ամենը կարևոր քաղաքական գործչի համար:

Վարչապետի արտաքին տեսքը, խոսքը, շարժուձևը՝ քաղաքական իմիջի մի մասն են: Քաղաքական պայքարում ամեն ինչն էլ կարելի է ճիշտ համադրել, օգտագործել:

    Ջրառատի դեպքերի հետ կապված, ի՞նչ եք կարծում, դա ուղղված էր ՕՐՕ-ի դեմ:

    Երեկ արդեն հայտարարություն էր տարածվել, որ տուժողներից մեկի հայրը ասել էր, որ հանդիպել է Լևոն Երանոսյանի հետ, խոսել են համաձայնության են եկել, երիտասարդներն իրար պարզապես  չեն հասկացել: Դրանով արդեն բացառում ենք վենդետայի գաղափարը: Ստացվում է, որ ՕՐՕ-ն չունեցավ այն բաղձալի եզրափակիչը, որ նախատեսել էր նույն Ջրառատի դեպքերի հետ կապված:

    Այս օրերին յուրաքանչյուր կուսակցություն փորձում է ձայներ հավաքել այսօրինակ միջոցներով` նույն պաստառներն են վնասվում, երկու հոգի կռվում են փողոցում, անմիջապես ճշտում են՝ ով որ կուսակցությունից է և այլն: Այս ամենը շատ նորմալ է նախընտրական շրջանում:

    Արթուր Սարգսյանի մահը տարբեր ձևերով ընկալվեց և մեկնաբանվեց հասարակության, մասնավորապես ֆեյսբուքյան տիրույթում: Հատկապես հնչեցին հորդորներ՝ ընդունելու որպես ազդակ նրա մահը և ճիշտ ընտրություն կատարել ապրիլի 2-ին : Որքանո՞վ է ճիշտ քաղաքականացնել նրա կերպարը:

    Ցավում եմ շատ, որ մահացավ Արթուր Սարգսյանը՝ Հաց բերողը: Նա եզակի էր. չէր խոսում, այլ գործում էր, ուներ իր ուրույն տեղն ու դերն այս կյանքում, չքաղաքականացված, ոչ նյութապաշտ անհատականություն. այլ հարց է՝ մենք ինչ-որ բան սովորեցի՞նք Արթուր Սարգսյանից. իրավիճակը ցույց է տալիս, որ ոչինչ չսովորեցինք: Եթե Աստված տար ու Արթուր Սարգսյանը չմահանար՝ պետք է մարդիկ գնային և ընտրությունը կատարեին ոչ ճի՞շտ: Արթուրի մահով պետք չէ պայմանավորել ճիշտ կամ սխալ ընտրությունը:

    Թողնենք Արթուր Սարգսյանին հանգիստ, նա միշտ կմնա մեր Հաց բերողը: Երևի մեզանից ոչ մեկ նրա նման սկզբունքային չէ տարբեր իրավիճակներում: Հայաստանում վերջին շրջանում հացադուլ արեց և հաղթեց Արթուր Սարգսյանը: Որոշ քաղաքական ուժեր ուզում էին վերմակն իրենց վրա ձգեին, երբ որ ազատվեց նա, բայց ուզում եմ, որ իմանան՝ Հաց բերողը սեփական ազատությունը վաստակեց սեփական հացադուլի և սեփական պայքարի շնորհիվ:

 


դիտվել է 6124 անգամ

loading...

«Պապայի աղջիկները» 36-րդ սերիան (Տեսանյութ)

Խորենացի 47-ում խոչընդոտում են իմ վստահված անձանց

Իտալացի հաղորդավարուհին եթերի ժամանակ պատահաբար ցույց է տվել, թե ինչ կա այնտեղ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ