Yerevan
25 / March / 2017

Ուզենայի՝ կհամոզեի, որ մածունը սև է. Կարեն Վարդանյանը սպանվել է իր միամտության պատճառով

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց փորձագետ Կարեն Վարդանյանի դաժան սպանության գործի դատական քննությունը:

Ամբաստանյալները 23-ամյա Գևորգ Զոհրաբյանը ու 43-ամյա Արթուր Միհրանյանն են:

Ըստ մեղադրանքի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի փորձագետ Կարեն Վարդանյանը դարձել է խաբեության եղանակով առևանգման ու շահադիտական դրդումներով սպանության զոհ:

Ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանը եղել է Կարենի հարևանը: «Գործով չպարզված հանգամանքներում»՝ ինչպես նշված է մեղադրական եզրակացության մեջ, Կարեն Վարդանյանը իր՝ Երևանի Լենինգրադյան 31/8 շենքի 32 բնակարանը՝ 3 սենյականոց, նվիրատվությամբ հանձնել է երիտասարդ հարևան Գևորգ Զոհրաբյանին:

Բնակարանը «բիզնես-ծրագիր» իրականացնելու անվան տակ գրավադրվել է «Արդշինբանկում»:

Գևորգ Զոհրաբյանը վաճառել է գրավադրված բնակարանը: Ըստ մեղադրանքի՝ վաճառքի գումարից 19 հազար 500 դոլարը նա պետք է հանձներ Կարեն Վարդանյանին՝ ներքին պայմանավորվածության համաձայն:

Բայց այդ գումարը չցանկանալով հանձնել իրական բնակարանատեր Կարեն Վարդանյանին՝ Գևորգ Զոհրաբյանը, ըստ մեղադրանքի, ծրագրել է Կարեն Վարդանյանի սպանությունը:

2016 թվականի հունվարից Գևորգն իր «Օպել» մեքենան օրավարձով հանձնել էր գործով երկրորդ ամբաստանյալ Արթուր Միհրանյանին: Ըստ մեղադրանքի՝ Գևորգ Զոհրաբյանը խոստացել է Կարեն Վարդանյանի սպանությունը կատարելու դեպքում Միհրանյանին տալ նրա հոր վիրահատության համար անհրաժեշտ, ինչպես նաև լրացուցիչ գումարներ:

Գևորգը Կարեն Վարդանյանին համոզել է ուղևորության մեկնել Դուբայ, նույնիսկ Թբիլիսիից ԱՄԷ թռչող ինքնաթիռի երկու երկկողմանի տոմս է պատվիրել, բայց գնել է մեկ տոմսը:

2016 թվականի մարտի 17-ին Գևորգ Զոհրաբյանն ու Արթուր Միհրանյանը «Օպելով» Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ հանդիպել ու վերցրել են Կարեն Վարդանյանին՝ նրան մոլորեցնելով, թե մեկնում են Թբիլիսի՝ Թբիլիսի-Շարժա ինքնաթիռով ԱՄԷ մեկնելու համար, բայց իրականում, ըստ մեղադրանքի, խաբեության միջոցով առևանգել են Կարեն Վարդանյանին:

Գևորգ Զոհրաբյանը, ըստ մեղադրանքի, նախապես գնած ջրի շշի մեջ «Դիմեդրոլի» 10 դեղահաբ էր լուծել՝ այն մտադրությամբ, որ ջուրը խմելով՝ Կարեն Վարդանյանը գիտակցությունը կկորցնի, իրենք հեշտությամբ կսպանեն նրան:

Ճանապարհին Կարեն Վարդանյանը խմել է ջուրը, սակայն դեղը նրա վրա չի ազդել:

Երբ հասել են Սևան-Ծովագյուղ ճանապարհին, մեքենան կանգնեցրել են, Գևորգն ու Արթուրը իջել են, վերցրել են քարեր, ապա երկու կողմից նստել են Կարենի կողքին ու քարերի հարվածներով սկսել են դաժանաբար սպանել նրան:

Բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա գլխին, դեմքին, պարանոցին, կրծքավանդակին՝ պատճառելով 15 սալջարդ վերքեր, 16 ջնջխված վերքեր, փակ կոտրվածքներ, նաև՝ կողոսկրերի կոտրվածքներ, գանգուղեղային բաց բութ վնասվածքներ… Այս ամենից բացի՝ դեռ ձեռքերով էլ սեղմել են Կարեն Վարդանյանի պարանոցը: Կարեն Վարդանյանը մահացել է կենսական կարևոր օրգանների համակցված սուր խանգարումից ու մեխանիկական շնչահեղձությունից:

Մարտի լույս 18-ի գիշերը Զոհրաբյանն ու Միհրանյանը նույն մեքենայով վերադարձել են Երևան՝ դիակը՝ մեքենայի հետևի նստատեղին: Մեքենան կանգնեցրել են Լենինգրադյան փողոցում ու ծածկել են պոլիէթիլենային թաղանթով: Իրենք գնացել են Միհրանյանի՝ Սիսակյան փողոցում ապրող քեռու տուն, փոխել են իրենց արյունոտ հագուստը:

Հաջորդ օրը մեքենան տարել են Գևորգ Զոհրաբյանի՝ Սիսակյան 22 շենքին հարակից ավտոտնակ, ու Կարեն Վարդանյանի մարմինը թաղել են այնտեղ՝ նախապես ստուգելով նրա հագուստը, գտնելով ու հափշտակելով նաև զոհի գրպանում եղած 40 հազար դրամը:

Գևորգ Զոհրաբյանը «Ֆեյսբուքով» Կարեն Վարդանյանի անունից հաղորդագրություններ է գրել, իբր՝ Դուբայում է, այդպիսով փորձել է կատարված հանցագործության հետքերը թաքցնել:

Գևորգ Զոհրաբյանին ու Արթուր Միհրանյանին մեղադրանք է առաջադրված նախնական համաձայնությամբ խմբի կազմում խաբեությամբ մարդու առևանգման, շահադիտական դրդումներով սպանության ու գողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 104 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ, 8-րդ և 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով:

Գևորգ Զոհրաբյանն իրեն մեղավոր չի ճանաչել, ամբողջ հանցանքը փորձում է իր վրա վերցնել Արթուր Միհրանյանը:

Նիստի սկզբում նախագահող դատավորը տեղեկացրեց, որ դատարանին էր դիմել ամբաստանյալ Արթուր Միհրանյանը՝ հարազատ հոր մահվան կապակցությամբ կարճաժամկետ մեկնում թույլատրելու խնդրանքով: Դատարանը մերժել է կալանքի տակ գտնվող ամբաստանյալի խնդրանքը՝ հաշվի առնելով, որ նա մեղադրվում է առանձնապես ծանր հանցանքի կատարման համար:

Դատարանը ստացել էր Մարինե Մկրտչյանի հայցադիմումը: Առաջին դատական նիստի ժամանակ դատարանը դադարեցրել էր Մարինե Մկրտչյանի՝տուժողի իրավահաջորդի կարգավիճակը՝ այն հիմքով, որ նա սպանված Կարեն Վարդանյանի մերձավոր ազգականը չէ:

Մարինե Մկրտչյանը Կարեն Վարդանյանի մոր քեռու դուստրն է: Հայցադիմումի մեջ նա նշել էր, որ ինքը հանդիսացել է Կարեն Վարդանյանի միակ հարազատը, ինքն է կազմակերպել Կարեն Վարդանյանի հուղարկավորությունը, հիմա էլ բարեկարգում է նրա գերեզմանը: Այդ ամենի համար Մարինե Մկրտչյանը նշել է, որ ծախսել է 1 միլիոն 600 հազար դրամ: Որպես ասվածի ապացույց՝ Մարինե Մկրտչյանը հայցադիմումին էր կցել Կարեն Վարդանյանի հարևանների ու ընկերների գրավոր հայտարարությունները: Մկրտչյանը խնդրել է ամբաստանյալներից համապարտության կարգով բռնագանձել հանցագործությամբ իրեն անմիջականորեն պատճառված նյութական վնասը՝ 1 միլիոն 600 հազար դրամի չափով:

Դատարանը Մարինե Մկրտչյանին ճանաչեց քաղաքացիական հայցվոր, ամբաստանյալներին՝ քաղաքացիական պատասխանող: Մարինե Մկրտչյանը տեղ զբաղեցրեց դատավարության կողմերի կազմում:

Պետք է ասել, որ դատական այս նիստին եկել էին նաև Կարեն Վարդանյանի բազմաթիվ, այդ թվում՝ հանրությանը ճանաչելի ընկերներ: Ու իր միամտությամբ մարդկային ագահությանը զոհ գնացած փորձագետը «անտեր տուժողի» վիճակում չէր կարծես…

Նախագահող դատավորը թույլատրեց լրատվամիջոցներին առանց ժամանակային սահմանափակումների կատարել իրենց աշխատանքը՝ միայն չլուսանկարել ամբաստանյալներին, քանի որ Գևորգ Զոհրաբյանն առարկեց լրագրողների միջնորդությանը՝ հայտարարելով, թե դեռ դատավճիռ չի կայացել, բայց լրատվամիջոցները նյութեր են հրապարակում ու վարկաբեկում են իրեն:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Հարցաքննվեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ն ներկայացնող Դանիել Իոաննիսյանը: Շնորհիվ նրա ու Կարեն Վարդանյանի մյուս ընկերների, կարելի է ասել, կատարված սպանությունը հնարավորինս օպերատիվ կերպով բացահայտվեց, հնարավոր եղավ տաք հետքերով հայտնաբերել ավտոտնակում թաղված Կ. Վարդանյանի դին, ինչպես նաև՝ ծանր հանցագործությունը ենթադրաբար կատարողներին:

Վկա Իոաննիսյանն ասաց, թե հիմնավոր ենթադրություն ունի, որ հենց Գևորգ Զոհրաբյանն է սպանել իր ընկեր Կարեն Վարդանյանին, ում վկան ճանաչել է 2009 թվականից: 2015 թվականից Կարենը վերը հիշատակված ՀԿ-ում աշխատել է որպես գլխավոր փորձագետ՝ վկայի ենթակայության տակ:

Ըստ Իոաննիսյանի՝ Կարեն Վարդանյանը «ինչ-որ տեղ միամիտ էր… Եթե ուզենայի՝ նրան կհամոզեի, որ մածունը սև է՝ այդքան նա հավատում էր մարդկանց, հավատում էր, որ մարդիկ ազնիվ են, հակված չեն սուտ ասելու…»:

Կարեն Վարդանյանը Դանիելին ասել է, թե պատրաստվում է մեկ շաբաթով մեկնել Դուբայ, քանի որ ցանկանում է բիզնեսով զբաղվել:

«Իմ հորդորներին՝ թե դժվար է բիզնեսով զբաղվելը, բիզնեսը քեզ համար չէ, նա չանսաց… ուզում էր ապացուցել, որ սխալվում ենք, ինքը կարող է բիզնեսով զբաղվել…Բիզնեսի մանրամասները մեզ հետ չի քննարկել, որ իրեն հետ չպահենք… Մենք կարծում էինք, թե նա Դուբայ է մեկնել 2016 թվականի մարտի 17-ին…»:

Սկզբում Կարենի անհասանելի լինելն ընկերները տեխնիկական պատճառներով պայմանավորված են կարծել: Նկատել են, որ Կարեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջում նշում կա, թե նա արդեն Դուբայում է: Բայց Կարենը շարունակել է հետագա օրերին էլ անհասանելի մնալ: Եվ ընկերներն անհանգստացել են:

Դանիելը զանգահարել է Տաթևիկին, ով ապրում էր Կարենի բնակարանում, Կարենի ընկերն էր:

Տաթևիկն ասել է, թե ինչ-որ առեղծվածային գործընթացներ են կատարվում Կարենի բնակարանի շուրջ: Իրեն զգուշացրել են՝ բնակարանն ազատել, քանի որ բնակարանը վաճառված է…

Մարտի 27-28-ին Կարենի իրերը հանել են բնակարանից…

Վկա Դանիելը այդ ժամանակ գնացել է Կարենի բնակարան ու տեսել է, որ ինչ-որ անձինք ազատում են բնակարանը:

Վկան առաջին անգամ տեսել է Գևորգ Զոհրաբյանին, ով հայտարարել է, թե Կարենը բնակարանն իր ծննդյան օրվա առթիվ նվիրել է իրեն, ինքն էլ վաճառել է այն:

Դանիելը մի քանի անգամ հարցրել է, թե ինչո՞ւ է Կարենն իր բնակարանը նվիրել նրան, չէ՞ որ անտրամաբանական է, որ մարդն իր բնակարանը ինչ-որ մեկին նվիրի նրա ծննդյան օրը: Գևորգը պատասխանել է, թե Կարենն իրեն շատ է սիրել, ու իր ծնունդին բնակարան է նվիրել…

«Մեր մտքով չէր անցնում, որ Կարենն արդեն մահացած է»,- ասաց Դանիելը:

Քանի որ Կարենի իրերը բնակարանից դուրս էին հանում, Դանիելը՝ Կարենի անմիջական ղեկավարը, վերցրել է Կարենի համակարգիչն ու հին մոդելների բջջային հեռախոսները, որոնց մեջ «սիմ» քարտ չի եղել:

Դանիել Իոաննիսյանը հատկապես համակարգիչն ու հեռախոսներն է վերցրել՝ անհետացած մարդուն գտնելու հնարավորության թելերը ձեռքից բաց չթողնելու հեռատեսությամբ:

Եվ, իրոք, երբ բացել են Կարենի համակարգիչը, տեսել են, որ «Վայբերով» ինչ-որ մեկը Կարենին հաղորդագրություն է ուղարկել, թե գտել է նրա «սիմ» քարտը, նա կարող է վերցնել այն:

Պարզվել է, որ Կարենի «սիմ» քարտը շատ առեղծվածային, միստիկ կերպով գիշերը հայտնվել է Կարենի հարևան շենքի մի բնակչի մեքենայի հողմապակու վրա: Մարդը գտել է «սիմ» քարտը, ու անմիջապես«Վայբերով» Կարենին տեղեկացրել է այդ մասին:

Երբ Դանիլեն ու ընկերները գնացել են այդ մարդու մոտ, նա սկզբում չի ցանկացել քարտը հանձնել Դանիելին: Ասել է, թե այն չի տա ուրիշի, ինչպես որ չի տվել… Գևորգին…

Պարզվել է՝ քարտը վերցնելու պահանջով այդ մարդուն ավելի վաղ դիմել էր… Գևորգ Զոհրաբյանը, բայց քարտը գտնողը նրան քարտ չի տվել, ասել է, թե քարտը կվերադարձնի միայն Կարենին: Այդ ժամանակ Գևորգը պահանջել է, որ մարդը ոչնչացնի քարտը, ինչը այդ մարդը նույնպես չի արել:

Դանիելն ու ընկերները այդ մարդուն մոտ քառասուն րոպե համոզել են՝ ներկայացնելով նաև իրենց անհանգստությունը՝ Կարենի անհետանալու վերաբերյալ: Մարդը, ինչ-որ տեղ նաև ճանաչելով Դանիել Իոաննիսյանին, քարտը տվել է նրան:

Այդ քարտը մեծ դեր է խաղացել Կարենի դեմ կատարված ոճիրի բացահայտման գործում:

Կարենի մյուս «սիմ» քարտը եղել է ՀԿ-ի անունով, այնպես որ ՀԿ-ի ներկայացուցիչը կարողացել է հեռախոսային օպերատորից ստանալ վերջին հեռախոսազանգերի քաղվածքը:

Կարենի հարևանի գտած «սիմ» քարտը հնարավորություն է տվել, որ Դանիելն ու ընկերները մտնեն Կարենի ֆեյսբուքյան անհատական էջ, պարզեն նրա վերջին գործողությունները:

Պարզվել է, որ իբր թե՝ Դուբայից կատարված գրառումները իրականում կատարվել էին Արմենթելի «այփի» հասցեից՝ Աջափնյակի տարածքից…

Այս ամենը պարզելուց հետո Դանիելն ու ընկերները հաղորդում են ներկայացրել ոստիկանության Մալաթիայի բաժին՝ Կարեն Վարդանյանի անհետանալու վերաբերյալ: Դանիելը ոստիկանություն է ներկայացրել Կարենի վերջին հեռախոսազանգերի քաղվածքները:

Գտել են այն անձին, ով վերջին անգամ տեսել էր Կարեն Վարդանյանին: Մարդը վկայել է, թե Կարենին տեսել է երկաթուղային կայարանի մոտ, Կարենն անհամբեր ինչ-որ մեկին էր սպասում…

Դանիելը նշեց, որ Տաթևիկին ասել էին, որ ազատի Կարենի բնակարանը, բնակարանը նոր տեր ունի: Տաթևիկը Կարենին գրել է Ֆեյսբուքով, որ բնակարանը վաճառվել է, իրեն հանում են բնակարանից, ինչին ի պատասխան Կարենի անունից նամակ է ստացվել ռուսերեն, որտեղ գրված էր՝ կներես, որ այսպես ստացվեց, քեզ մեկ ամսվա բնակարանի վարձը կուղարկեմ, շուտով կվերադառնամ, բնակարան կգտնենք:

Երբ աղմուկ է բարձրացել, որ Կարեն Վարդանյանն անհետացել է, արձագանքել են շատ մարդիկ: Այդ թվում՝ բանկում աշխատող ընկերներից մեկը հայտնել է, որ Կարեն Վարդանյանն իրենց բանկում գրավադրել էր բնակարանը՝ 16 հազար 200 դոլար վարկի դիմաց:

Դանիելը նշեց, որ փաստերի վերլուծություն է կատարել ու եկել է հետևյալ եզրակացության: Ինչո՞ւ է Կարեն Վարդանյանը բնակարանը նվիրատվություն ձևակերպել հարևանի անունով: Բանն այն է, որ Կարենի անունով արդեն իսկ վարկ կար ձևակերպված: Կարենը, իր միամտությամբ, մեկ անգամ արդեն ենթարկվել էր իր ծանոթներից մեկի՝ Սուրեն Սուրենյանցի խնդրանքներին, նրա համար վարկ էր վերցրել, որ նա… տեխնիկա գնի: Այդ վարկը Սուրեն Սուրենյանցը, բնականաբար, չէր փակել, թողել էր Կարենի վրա: Կարենն էլ չէր կարողացել ժամանակին վճարումներ կատարել: Դատարանի որոշմամբ Կարենից պետք է բռնագանձվեր 300-400 հազար դրամ: Քանի որ Կարենն այդ գումարը չուներ, դատարանը որոշելու էր կալանք դնել Կարենի գույքի կամ ֆինանսական միջոցների վրա: Այդ որոշումը կայացվելուց մի քանի շաբաթ առաջ՝ 2015 թվականի սեպտեմբերին է Կարենը բնակարանը որպես նվիրատվություն հանձնել հարևանին, որպեսզի բնակարանի վրա կալանք չդրվի: Կալանք դրվել է Կարենի աշխատավարձի 20 տոկոսի վրա…

Որպեսզի բանկը Կարենի բնակարանի դիմաց վարկ տար, այդ բնակարանը պետք է լիներ ուրիշի անունով: Կարենը ցանկացել է իր բնակարանը գրավ դնել, վերցրած վարկը ծախսել նոր սկսելիք բիզնեսի վրա…

Դանիելն ասաց, թե Կարենը կոնկրետ չի ասել, թե ինչ բիզնես է ուզում սկսել, բայց իրենից հարցրել է բջջային հեռախոսների գների, հնարավորությունների մասին, հետաքրքրվել է, թե հեռախոսի ո՞ր տեսակի վաճառքը ավելի շահութաբեր կարող է լինել…

Դանիելի զգացողությամբ՝ Կարենը վստահ էր, որ Դուբայ գնալիս գումար է ունենալու՝ առնվազն մի քանի հազար դոլար, որպեսզի կարողանա ապրանք գնել ու բերել Հայաստան:

Ընդհանրապես՝ Կարենը ֆինանսական մեծ հնարավորություններ չուներ: Անգամ նրա փետրվար ամսվա կոմունալ վճարների մի մասը Դանիելն է կատարել այն պայմանով, որ Կարենը աշխատավարձից վերադարձնի պարտքը: Ինքը՝ Կարենը, ըստ Դանիելի, «զզվում էր պարտք վերցնելուց»:

Կարենի մասին Դանիելն ասաց. «Կարենի հետ հարաբերությունները ոչ սովորական էին… Նրա տուն այցելելու ավանդույթ չկար, մենք նրան չէինք այցելում: Այնպես որ՝ ցանկացած հարևանի համար անսպասելի կլիներ, որ Կարենի անհետացմանը այդքան ընկերներ արագ կարձագանքեն, այդքան մարդիկ կանհանգստանան…»:

Դանիելն ասաց, թե Կարենի իրերը բնակարանից հանելու ժամանակ, երբ զրուցել է Գևորգի հետ, նա ասել է, թե Կարենը շուտով կգա, ամեն բան կբացատրի… Բայց այդ խոսակցության ժամանակ Գևորգը Դանիելին վախեցած է թվացել. «Ակնհայտ էր ինքնավստահության դեֆիցիտը…Ե ս նրան մի քանի անգամ կրկնել եմ՝ էս դարում ո՞վ է ում բնակարան նվիրում… Նա միայն պատասխանում էր՝ Կարենը ինձ շատ էր սիրում, ծնունդիս նվեր է տվել… Գևորգը բիզնեսի մասին որևէ բան չի ասել…»:

Գևորգ Զոհրաբյանի շահերի պաշտպան, փաստաբան Մուխսիկարոյանը վկային հարցրեց՝ արդյո՞ք Կարենը նրան լիազորել էր՝ գրավոր կամ բանավոր, որ նա զբաղվի իր անձնական տվյալների հավաքագրումով, իր հեռախոսային քաղվածքները ստանա, բացի համակարգիչը…

Վկան ասաց, թե ինքը հստակ գիտեր՝ ինչի իրավունք ունի, ինչի իրավունք՝ ոչ: Ինքը Կարենի անձնական գրագրությունը չի բացել. «Ես հիմնավոր կասկածներ ունեի, որ հանցագործություն է կատարվել, չնայած մինչև վերջին պահը չէի ուզում հավատալ, որ Կարենը սպանվել է…»:

Պաշտպանի հարցին ի պատասխան՝ վկան ասաց. «Սպանությունը կատարվել է այն նպատակով, որ Կարենը չպահանջի բնակարանի արժեքը: Չկա Կարենը, չկա տուժողի իրավահաջորդ, չկան հարազատներ… Գևորգի կարծիքով՝Կարենը չի ունեցել ընկերներ… Ուրեմն՝ բնակարանի արժեքը պահանջող էլ չէր լինելու…»:

Փաստաբան Մուխսիկարոյանն ասաց, թե Գևորգ Զոհրաբյանը սկզբում իրեն վարձել է՝ ասելով, թե Դանիելը «խլել է» Կարենի համակարգիչն ու հեռախոսները, փաստաբանը դրանք պետք է հետ վերադարձներ…

Վկան ասաց, թե Գևորգից ոչինչ չի խլել, իսկ Կարենի քարտը հանձնել է նախաքննական մարմնին:

Փաստաբանն ակնարկեց, որ Կարենի համակարգիչը, «սիմ» քարտերը Դանիելի մոտ էին, նա կարող էր Կարենի հասցեից գրառումներ կատարել…

Վկան նշեց, որ Կարենի անհատական էջում գրառումներ են կատարվել, վկա Տաթևիկին նամակ է գրվել մինչև՝ իր կողմից քարտերն ու համակարգիչը վերցնելը՝ դրանից ութ-ինը օր առաջ. «Մենք հետին թվով չէինք կարող գրառում կատարել, տեխնիկապես դա անհնարին էր»:

Փաստաբանը հարցրեց. «Իսկ խակերական մեթոդներով հնարավոր չէ՞ր դա անել»: Միջամտեց նախագահողն ու ասաց. «Մենք փորձագետի չենք հարցաքննում»:

Վկան ասաց, որ ինքը համոզված էր՝ Կարենը մենակ չի մեկնելու Դուբայ, Կարենի խոսքից հասկացվում էր, որ ինչ-որ մեկի հետ է լինելու: Վկան չի իմացել, որ Կարենը Թբիլիսիից մեկնելու տոմս ունի, վկան ենթադրել է, որ Կարենը մեկնել է «Զվարթնոցից»:

Մյուս վկան Տաթևիկ Բեգլարյանն էր: Տաթևիկի ծնողները Մոսկվայում են: Աղջիկը Երևանում ապրելու տեղ չի ունեցել: Կարենին ճանաչել է 2013 թվականից: Մայրիկի մահից հետո Կարենը 2015 թվականի ամռանը Տաթևիկին առաջարկել է իր բնակարանում ապրել: Տաթևիկն ասաց, թե համաձայնել է՝ ճանաչելով Կարենին: Ինքն ու Կարենը միայն ընկերներ էին, այլ հարաբերություններ իրենց մեջ չկային:

Այս հանգամանքին ակնհայտ անհավատությամբ էր վերաբերվում Գևորգ Զոհրաբյանի շահերի պաշտպանը: Նրա հարցերի մի մասը կրում էր թափանցիկ ակնարկ, թե ինչպե՞ս կարող է աղջիկն ապրել տղամարդու բնակարանում ու միայն նրա ընկերը լինել: Պաշտպանական կողմը բնական էր համարում, որ նյութապես չապահովված մարդը՝ Կարեն Վարդանյանը իր բնակարանը որպես ծնունդի նվեր հրամցնի հարևանին՝ առանց որևէ ակնկալիքի, փողոցում մնալու հեռանկարով, բայց անբնական էր համարում, որ տարբեր սեռերի մարդկանց միջև մաքուր ընկերություն լինի, թեկուզ՝ խոսքը իր միամտությամբ ու ազնվությամբ առանձնացող Կարեն Վարդանյանի մասին լինի… Չնայած՝ իր բնակարանում ապրողի հետ Կարենը թե ինչ հարաբերությունների մեջ կլիներ, տվյալ մեղադրանքի ծավալի հետ առնչություն էլ չուներ…

Վկա Տաթևիկը հայտնեց, որ ինքը բնակվարձ չի վճարել, օգտվել է Կարենի իրերից ու բնակարանի կոմունալ հարմարություններից:

Վերջին շրջանում Կարենի հարևան Գևորգը սկսել էր հաճախ այցելել Կարենին: Նրանք, ըստ վկայի, առանձնանում էին Կարենի աշխատասենյակում: Գևորգը գալիս էր ինչ-որ փաստաթղթերով: Տաթևիկի հարցին Կարենը պատասխանել է, թե Գևորգին օգնում է ընդունելության հարցերով:

Տաթևիկին Կարենը երբեք չի ասել, թե ուզում է իր բնակարանը անհապաղ վաճառել: Ճիշտ է, բնակարանի գնորդներ վերջին շրջանում՝ փետրվարի վերջին, մարտի սկզբին, գալիս էին, Կարենը բնակարանը ցույց էր տալիս, բայց գնորդների հեռանալուց հետո Տաթևիկի հարցերին պատասխանելիս այնպիսի տպավորություն էր թողնում, թե լավ չի հասկանում՝ ինչ է կատարվում… Կարենը Տաթևին ասել է, թե ուզում է այդ բնակարանը վաճառել ու մի այլ տեղ բնակարան գնել, բայց դա անելու է ամռանը…

Դուբայ գնալու օրն էլ սովորական հրաժեշտ են տվել իրար՝ մեկ շաբաթ անց հանդիպելու ակնկալիքով: Կարենը չի ասել, թե բնակարանն ազատելու խնդիր կարող է առաջանալ:

Երբ Կարենը մեկնել, ապա Ֆեյսբուքով գրել է, թե Դուբայում է, Տաթևիկը նրան հարցրել է՝ նորմա՞լ գնացիր: «Կարենը» պատասխանել է, բայց այդ պատասխանը սխալներով էր, առանց կետադրական նշանների, Տաթևիկի սիրտը այդ ժամանակ է կասկած ընկել, Կարենը երբեք սխալներով չէր գրում…

Երբ Գևորգը զանգել է Տաթևիկին ու ասել է, որ բնակարանը պետք է ազատվի, Տաթևիկը բանալին չի տվել, ասել է, թե Կարենի հետ խոսելուց հետո կտա բանալին: Այնուամենայնիվ, նա իր իրերը հանել է, իսկ բանալին տվել է Կարենի մորաքույր Մարինեին:

Վկա Տաթևիկն ասաց, թե հեռախոսային խոսակցության ժամանակ Գևորգն ասել է, որ Կարենը վարկային պարտքերի պատճառով է բնակարանը նվիրատվություն արել իրեն, նա չի ասել, թե բնակարանը որպես ծնունդի նվեր է ստացել…

Վկա Մարգարիտան Կարեն Վարդանյանի հարևանուհիներից էր, սերտ հարևանություն էր արել Կարենի մայրիկի հետ, իսկ վերջինիս հիվանդ ժամանակ խոստացել էր, թե Կարենին իր հնարավորությունների սահմանում կօգնի: Ճաշ է եփել, տարել է Կարենին, Կարենը դուռը բացել, շեմքից վերցրել է ամանը, ներս չի հրավիրել:

«Կարենը ինքնամփոփ էր ապրում»,- ասաց հարևանուհին,- «նրա տուն չէինք այցելում, բայց նա պատրաստ էր բոլորին օգնել, մտավոր օգնություն էր ցույց տալիս, բոլոր օրենքները գիտեր…»:

Դուբայ մեկնելու օրը Կարենը Մարգարիտային խնդրել է իր տուն գնալ ու մի քանի շոր արդուկել: Մարգարիտան գնացել, արդուկել է Կարենի շորերը. «Կարճաթև շապիկներ էր հետը վերցնում: Ասի՝ ցուրտ է, սրանք ինչի՞ ես տանում: Պատասխանեց՝ տաք երկիր եմ գնում, չեմ մրսի…»: Կարենն ասել է, թե մեկ շաբաթով մեկնում է գործուղման… Նա արդուկված շորերը դասավորել է ճամպրուկի մեջ: Հարևանուհուն հարցրել է՝ քեզ համար ի՞նչ բերեմ: Հարևանուհին ասել է՝ ոչինչ…

Հարևանուհին ասաց, թե Կարենի հագուստները նոր չէին… Ինքը նրան ցտեսություն է ասել: Իսկ Կարենը նրան ասել է. «Տաթևիկի հետ չվիճեք»: Հարևանուհին երբեմն Տաթևիկին դիտողություն է արել, երբ բնակարանը թափթփված է տեսել:

30-40 րոպե անց, երբ հարևանուհին տանից դուրս է եկել, նախկին «Շիրակ» հանրախանութի մոտ տեսել է Կարենին, ով հակառակ ուղղությամբ էր գնում: Հարևանուհին ժպտացել է, Կարենն էլ է ժպտացել: Ու այլևս նա Կարենին չի տեսել…

Հարևանուհին ասաց, թե Կարենի բնակարանը իրերից ազատողները Կարենի բազմաթիվ գրքերը լցրել էին վերելակի առաջ… Հարևանուհին զանգել ու տեղեկացրել է Կարենի մորաքույր Մարինեին… Վերջինս արագ եկել է, բայց բնակարանը արդեն դատարկել էին համարյա…

Հարևանուհին ասաց, թե Կարենը ջրի պարտք ուներ՝ 80 հազար դրամ, երևի չէր կարողանում վճարել:

Գևորգի մասին էլ հարևանուհին ասաց, թե Գևորգն իր աչքի առաջ մեծացած երեխա է, ու ինքը չի հավատում, որ նա կարող էր մարդ սպանել…

Մյուս վկան Գևորգ Զոհրաբյանի եղբայրն էր: Նա իր ընտանիքով ապրում է այն բնակարանում, որտեղ և Գևորգն է ապրում: Կարեն Վարդանյանին ճանաչել է որպես հարևանի:

Գևորգի եղբայր Արթուրը դատարանում չցանկացավ եղբոր վերաբերյալ ցուցմունք տալ: Նախաքննության ընթացքում նա ցուցմունք տվել էր: Դատարանում հրապարակվեց նախաքննական ցուցմունքը:

Արթուրն ասել էր, թե Գևորգը զբաղվել է մանկական հագուստի վաճառքով, վաճառակետ ուներ Բագրատունյաց փողոցի «Երևան սիթիում»: Նա երկու անգամ մեկնել էր Դուբայ, այնտեղից էր ապրանք բերել:

Ըստ Արթուրի՝ իրենց մայրը շփվել էր Կարենի մայրիկի հետ: Իսկ Կարենի հետ «ջերմ հարաբերություններ» է ունեցել Գևորգը. «Միասին բիզնես-ծրագիր էին նախապատրաստում»:

Ըստ Արթուրի՝ Կարենը բնակարանը նվիրատվություն է արել Գևորգին, որ բնակարանը գրավ դնեն, վարկ վերցնեն, գումարը բիզնեսի մեջ դնեն: Ստացված եկամուտներից Գևորգը Կարենին պետք է գումարներ տար: Կարենի բնակարանը պետք է վաճառեին, վարկը մարեին, մի բնակարան գնեին Կարենի համար Երրորդ մասում:

Ըստ Արթուրի տեղեկությունների՝ բնակարանը վաճառվել է 37 հազար դոլարով, որից 12 հազարը Գևորգն ասել է, թե տվել է Կարենին: Գևորգը երկու «Օպել» մեքենա ուներ, իսկ վերջին օրերին «ԲՄՎ» էր գնել, բայց գումարը մինչև վերջ չի հասցրել վճարել՝ նրան կալանքի տակ են առել, մեքենատերն էլ իր մեքենան հետ է վերցրել…

Ըստ վկայի՝ ինքն ու եղբայրը մի օր շոգեբաղնիքից տաքսիով վերադառնում էին տուն, երբ իրենց կանգնեցրել են ոստիկաններն ու բերման են ենթարկել: Հետո իրեն բաց են թողել, իսկ Գևորգին պահել են: Ինքն իմացել է, որ Գևորգին են կասկածում Կարենի սպանության համար:

Արթուրն ասել է. «Մինչև այսօր չեմ հասկանում՝ Կարենն ինչո՞ւ է իր բնակարանը նվիրել Գևորգին… Գևորգն ինձ ստույգ պատասխան չի տվել… Չեմ հավատում, որ եղբայրս ընդունակ է մարդ սպանելու…»:

Արթուրն ասել է, թե Կարեն Վարդանյանի տնից դուրս բերված լվացքի մեքենան, փոշեկուլը իրենց տանն են, իսկ դաշնամուրը մինչև հիմա Կարենի բնակարանում է…

Հաջորդ դատական նիստին կշարունակվի վկաների հարցաքննությունը:


Seen 8051 times

Այս թեմայով

loading...
Moes wiewed
Today
For week
For Month

Coca-Cola Hellenic Bottling Company Armenia celebrates the 20th Anniversary