Երևան
23 / Մայիս / 2017

Արցախում խաղաղապահներ արդեն կան

Արցախի հակամարտության խնդիրը չդարձավ Հայաստանի խորհրդարանի ընտրության քննարկումների առանցքային թեման, բայց եղավ հաճախակի քննարկվող հարցերից մեկը, շնորհիվ երկու հանգամանքի՝ նախ ապրիլի պատերազմն ու դրանից հետեւությունների ու եզրակացությունների ազդեցությունը ընդհանրապես ներքաղաքական կյանքի վրա, ու բացի այդ էլ մասնակից ուժերից մեկի՝ Հայ ազգային կոնգրեսի մարտավարությունը, որում շեշտադրված է Արցախի խնդիրը՝ խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն կարգախոսով:
Կոնգրեսը առաջ է քաշում մի մոտեցում, որը Տեր-Պետրոսյանը արտահայտել է դեռեւս 1997 թվականից: Դա հռչակվում է խաղաղության մոտեցում: Հակառակ մոտեցումները թե ուղղակի, թե անուղղակի կերպով հռչակվում են այսպես ասած պատերազմի մոտեցում:
Հայաստանի քաղաքական դաշտում գործնականում բացակայում է հստակ հայեցակարգված ու ձեւակերպված հակառակ մոտեցումը: Գործնականում բոլոր ուժերը, առավել եւս իշխանությունը հանդիսանում են Կոնգրեսի դեռեւս 1997-ից հռչակած մոտեցման կրողը, որը պարփակվում է տարածք կարգավիճակի դիմաց բանաձեւով:
Հայաստանի ներքաղաքական հիմնական ուժերի շրջանում չի եղել ու չկա այլ բանաձեւ, չկա այդ բանաձեւի վիճարկում, համենայն դեպս հրապարակային դիրքորոշումների եւ հանրային կարծիքի ձեւավորման իմաստով:
Վիճարկվում են ճանապարհներն ու այսպես ասած հերթականությունը կամ հաջորդականությունը, ինչn ունի իրավիճակային էֆեկտ, սակայն չի բերում հայկական պետականության համար կարեւորագույն հարցի վերաբերյալ երկարաժամկետ մոտեցումների ձեւավորման:
Վիճարկումն էլ ներկայացվում է «ոչ մի թիզ հող» պարզունակ, բառի հեգնական իմաստով «ռազմա-հայրենասիրական» փաթեթի մեջ եւ հռչակվում ոչ ռացիոնալ:
Այդ ամենի հետեւանքով, երկու տասնամյակ շարունակ տեղի է ունեցել Արցախի խնդրի, ինչպես նաեւ հայկական պետականության համար դրա նշանակության նենգափոխում, բերելով նաեւ խաղաղություն հասկացության նենգափոխման:
Խաղաղությունն այլ բան չէ, քան անվտանգության կայուն եւ հուսալի երաշխիքների արդյունք: Հայաստանի հանրությանը երկու տասնամյակ շարունակ այս կամ այն կերպով առաջարկվում է խաղաղության համեմատաբար կայուն եւ հուսալի երաշխիքը փոխարինել այսպես կոչված միջազգային երաշխիքով, միջազգային դերակատարների ստորագրությամբ եւ խաղաղապահների տեղակայմամբ:
Թե ինչ իրական կշիռ եւ հուսալիություն ունի միջազգային ստորագրություններ կրող փաստաթուղթը, բոլորս ականատես եղանք ընդամենը երկու տարի առաջ, երբ աշխարհքաղաքական ուժային չորս կենտրոնների ստորագրությամբ երաշխավորված Ուկրաինայի տարածքային ամբողջությունից ու անվտանգությունից մնաց կեսը կամ գուցե դրանից էլ պակաս: Իսկ այդ երաշխիքը Կիեւին տվել էին ավելի իրական անվտանգության, հետեւաբար առավել իրական խաղաղության երաշխիքը՝ ԽՍՀՄ միջուկային զինանոցի Ուկրաինայի տարածքում գտնվող հատվածը վերցնելու դիմաց:
Թե ինչ էֆեկտիվությամբ են անվտանգություն ապահովում խաղաղապահները, առանձին քննարկման նյութ է: Խաղաղապահները խաղաղություն ապահովելու համար չեն, խաղաղապահները աշխարհքաղաքական ազդեցության համար են, դրա մեխանիզմն են: Խաղաղապահ ուժերի որեւէ տեղակայում իրական քաղաքականության մեջ չի լուծել խաղաղության հարց: Լուծվել են աշխարհքաղաքական ազդեցության հարցեր: Որովհետեւ խաղաղություն, թե պատերազմ, հնարավոր է հանգուցալուծել կամ կառավարել միայն աշխարհքաղաքական հարց լուծելու դեպքում:
Արցախում խաղաղապահներ արդեն կան՝ դա հայկական զինուժն է, որը լուծել է աշխարհքաղաքական ազդեցության հարցը Արցախի առաջին պատերազմում, գծելով արդիական քաղաքակրթության սահմանը: Դրանից հետո, արդեն երկու տասնամյակ, Արցախում հայկական զինված ուժերն իրականացնում են Հայաստանի ու Արցախի անվտանգության եւ տարածաշրջանային ու միջազգային խաղաղության պաշտպանության գործառույթ: Հայկական զինուժն Արցախում իրականացնում է աշխարհքաղաքական գործառույթ եւ պահում է միջազգային անվտանգության եւ արդիական քաղաքակրթության սահմանը:
Ինչպես այդ գործառույթն իրականացնում են օրինակ ՆԱՏՕ ստորաբաժանումները Աֆղանստանում եւ այլ տարածաշրջաններում: Ընդ որում, արել ու անում են նաեւ հայկական զինուժի գործուն աջակցությամբ:
Որեւէ բացատրությամբ փոխել այդ սահմանը, նշանակում է խախտել խաղաղության սահմանը:
Չի կարող հայկական ժողովրդավարության ապագան պայմանավորված լինել այն բանից, թե որքան արագ կխախտվի այդ սահմանը՝ տարածք կարգավիճակի դիմաց բանաձեւով: Հայկական ժողովրդավարությունը պետք է ամրացնի այդ սահմանը, ոչ թե սահմանի խախտումը կարող է բերել հայկական ժողովրդավարության ամրապնդման:
Հայկական ժողովրդավարությունն այն առանցքային գործոնն է, որը հիմնավորում է Արցախում քաղաքակրթական սահմանի առկայությունն ու դրա պաշտպանությանն ուղղված հայկական զինված ուժերի առաքելությունը:
Հայկական ժողովրդավարության ներկայի ու ապագայի հետ կապված կասկածներն է, որ կարող են կասկածի տակ դնել սահմանի անվտանգությունը եւ միջազգային լեգիտիմությունը: Եվ հենց դրանով է պայմանավորված այն, որ 1995 թվականից սկսած հետեւողականորեն խորացող այդ կասկածները երկու տասնամյակի ընթացքում լրջագույն խնդիրներ առաջացրին նաեւ Արցախի հարցում:
Ապրիլի պատերազմին հայկական զինուժի զինվորն ու սպան իր մարտունակությամբ եւ սխրանքով ոչ միայն սրբագրեց հայկական պետականության կառավարման կոռուպցիոն ռիսկերը եւ պետությունը պահեց դրա ծանր հետեւանքից, այլ նաեւ սրբագրեց հայկական այսպես կոչված քաղաքական մտքի անհամարժեքությունն ու ժողովրդավարական գործընթացի 1995 թվականից սկսած հետեւողական, տարիների ընթացքում բյուրեղացված եւ «ինստիտուցիոնալացված» շեղումը:
Սահմանի խախտումը զինվորի եւ նրա թիկունքում գտնվող բնակչի կյանքը ոչ միայն չի դարձնում առավել անվտանգ, այլ դարձնում է ժամանակի ու տարածության մեջ ավելի խոցելի՝ որովհետեւ կորցնում է նրա ռազմա-քաղաքական դիրքային ռեալ առավելությունը եւ փոխում է այն թղթային «առավելության» հետ:
Իսկ ինչ է նշանակում փաստաթղթային անվտանգություն, երբ այն ոչ թե ամրագրում, այլ փոխանակվում է անվտանգության իրական երաշխիքների հետ, պարզ դարձավ Ուկրաինայի օրինակով, որը ցույց տվեց, որ թուղթը պատռելու «պատճառ միշտ էլ կգտնվի»:

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/149957


դիտվել է 202897 անգամ

Առաջին անգամ ուզում եմ ներողություն խնդրել կյանքումս եղած բոլոր տղամարդկանցից. Անի Քրիստի (video)

Կինը, ում հետ շփվում էի, ասաց` հանգուցյալ կնոջիցդ շատ ես խոսում. այլևս չզանգեցի նրան. Հարութ Փամբուկ...

Հարութ Փամբուկչյանի՝ կնոջը նվիրված հուզիչ ելույթը, Սիրուշոյի հետ դուետն ու երևանյան մենահամերգի այլ ...

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ