Yerevan
28 / March / 2017

Բելառուսը հայտնել է, որ Հայաստանից Բուլղարիա ուղևորվող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել

Մարտի 19-ին բելառուսական Գոմելի օդանավակայանում վայրէջք կատարած Հայաստան-Բուլղարիա չվերթն իրականացնող օդանավում հայտնաբերվել են ռադիոակտիվ նյութեր:

Այս մասին ТАСС-ին հայտնել է Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին։

«Այդ փաստը գրանցվել է մարտի 19-ին Գոմելի օդանավակայանում՝ Հայաստանից Բուլղարիա ուղևորվող ինքնաթիռում»,- նշել է սահմանապահ ծառայության ղեկավարը:

Ավելի վաղ Հայաստանից տարանցմամբ եվրոպական երկրներից մեկն ուղևորվող ինքնաթիռում հայտնաբերված ռադիոակտիվ նյութերի մասին հայտարարել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Այդ մասին Բելառուսի նախագահը հայտարարել էր «Արևմուտք-2017» ռուս-բելառուսական զորավարժությունների կազմակերպման հարցերով խորհրդակցության ժամանակ, հայտնել էր ТАСС-ը՝ վկայակոչելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը:

«Մի միջադեպ էլ կապված է Հայաստանից եվրոպական երկրներից մեկն ուղևորվող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման հետ»,- ասել էր Լուկաշենկոն:

Լուկաշենկոն նաև նշել էր երկրի սահմանով «զենք և այլ վտանգավոր իրեր ու նյութեր» անցկացնելու շարունակվող փորձերի մասին, որոնք պարբերաբար կանխվում են երկրի սահմանապահների կողմից:

«Կխնդրեմ այսօր պետական սահմանին տեղի ունեցած բոլոր այդ միջադեպերի հետաքննության արդյունքներով ինձ զեկուցել»,- ասել էր Բելառուսի նախագահը:

«Այդ ամենը վկայում է այն մասին, որ մենք չպետք է կորցնենք զգոնությունը: Մենք պետք է զգոն լինենք և ոչ մի դեպքում առիթ չտանք ապակայունացնելու մեր երկրում իրավիճակը»,- ասել էր երկրի նախագահը:

Tert.am-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից նշեցին. «Ինչպես բոլոր սահմանային անցումային կետերում, այնպես էլ օդանավակայանի մաքսային հսկողության տարածքում պատշաճ հսկողություն է իրականացվում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ:

Ձեր նշած տեղեկատվության հետ կապված ևս հավաստիացնում ենք, որ օդանավակայանում ինչպես ուղեբեռները, այնպես էլ ուղևորները ենթարկվում են պատշաճ հսկողության, և որևէ խախտում չի հայտնաբերվել՝ մաքսային ծառայության լիազորությունների շրջանակում իրականացվող միջոցառումների արդյունքում: Հետևաբար` իրավախախտման դեպքը չնկատելու մասին խոսք լինել չի կարող»։


Seen 9908 times

Այս թեմայով

loading...
Moes wiewed
Today
For week
For Month

Coca-Cola Hellenic Bottling Company Armenia celebrates the 20th Anniversary