Երևան
29 / Ապրիլ / 2017

Այսօրվա հանդիսատեսը գալիս է թատրոն՝ ճշմարտության հետևից. Կարո Բալյան

Թատրոնը կենդանի օրգանիզմ է, միջոց՝ պատմելու մարդկային հոգու, ապրումների մասին, ինչպես նաև խոսելու արդիական սոցիալական հարցերի մասին, որոնք հուզում են բոլորիս: Վերջերս Հակոբ Պարոնյանի անվան պետական թատրոնի փոքր բեմում կայացավ «Մանանա» դոկումենտալ ներկայացման առաջնախաղը, որը յուրահատուկ անդրադարձ էր Սիրիական պատերազմի կործանարար հետևանքներին, քանի որ բացի ռեստորանային բիզնեսում ու ձեռագործության բնագավառում հաջողություններից, սիրիահայերը ունեն բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև ուրույն մշակույթ, որը պետք էր ներկայացնել հենց սիրիահայերի և արվեստի միջոցով: Թեմայի շուրջ և ոչ միայն, Yelaket.am-ը զրուցեց ներկայացման բեմադրիչ, ճանաչված թատերական ռեժիսոր ու դերասան Կարո Բալյանի հետ:

Ինչպե՞ս հղացավ Մանանա դոկումենտալ ներկայացման գաղափարը. Բալյանի խոսքով, թատերական ստեղծագործության գաղափարը առաջացել է «Թատրոն 8»-ի մոտ՝ ստեղծել Սիրիահայերի ինտեգրման թեմայով ներկայացում, որը կյանքի կոչվեց «Հայաստանյան Կլոր սեղանի» գրասենյակի և Կանադայի կառավարության ջանքերով: «Ես էլ առաջարկ ստացա բեմադրել: Թեմայի հետ ծանոթանալուց հետո համաձայնեցի»,- ընդգծեց բեմադրիչը, ավելացնելով, որ սա արդեն թվով երկրորդ ներկայացումն էր՝ «Թատրոն 8»-ի հետ համատեղ:

Մեր այն հարցադրմանը, թե որքանով է «Մանանան» համապատասխանում դասական դոկուդրամայի չափանիշներին, Բալյանը նշեց, որ դոկուդրաման բնորոշ է կինոարտադրությանը, իսկ իր բեմադրած ներկայացումը դասական Վերբատիմ է՝ դոկումենտալ թատրոն, որը պատկանում 21-րդ դարում առաջացած մի շարք թատերական ուղղությունների շարքին, ծագել է Անգլիայում, մեծ պահանջարկ ունի Մոսկվայում. «Այն իրենից ազատում է նախնական դրամատուրգիա լինելու գաղափարը, և սցենարը մշակվում է նախապես արված հարցազրույցների հիման վրա, և հարց ու պատասխանի բառացի պահպանմամբ։ Երկար ժամանակ տարբեր միջոցներ, պիեսներ, գաղափարներ փորձելուց հետո, միտք առաջացավ հենց վերբատիմ ձևով անել այս ներկայացումը, որին դերասանները դրական արձագանքեցին: Արդյունքում ստեղծվեց, Հայաստանում թերևս, առաջին դոկումենտալ ներկայացումը» - մանրամասնեց Կարո Բալյանը։

Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե արդյո՞ք ներկայացմանը հաջողվեց առիթ տալ մտորելու ու վերաիմաստավորելու շուրջբոլորը կատարվող իրադարձությունները, Բալյանը պատասխանեց. «Ես արդեն անցել էի մտորելու և մնացյալ փուլերը, այ թե հանդիսատեսին ինչքանով դա օգնեց, կարծում եմ պետք է նրանց հարցնենք»:

Խոսեցինք, առահասարակ, ստեղծագործական պրոցեսից, հետաքրքրվեցինք, թե որքա՞ն ժամանակ է անցնում մտահղացումից մինչև բեմականացում. «Այս անգամ մի փոքր երկար էր, քանի որ մտահղացումն ու թեման հենց սկզբից պարզ էին, իսկ պիես չկար. երկար ժամանակ ծախսվեց, մինչև կողմնորոշվեցինք, որ մեզ հենց դոկումենտալ թատրոնի գիծն է պետք, ոչ թե ուղղակի հերթական դրամատիկական ներկայացման: Սցենարը գրելու վրա էլ անցավ ժամանակ՝ հարցազրույցների, մի խոսքով՝մոտ 5-6 ամիս», - պարզաբանեց բեմադրիչը:
Իսկ եղե՞լ է իրավիճակ, երբ բանականությունը ներկայացում է ուզում, բայց գաղափար չկա՝ Բալյանը հանդիպակած հարցադրում է անում. «Իմ բանականությունը միշտ էլ ներկայացում է ուզում, իրեն որ լսենք ու՞ր կհասնի»:

Իսկ ինչպե՞ս են Հայաստանում տարբերակում առաջադիմական և ակադեմիական թատրոնները. Բալյանը չցանկացավ ինչ-որ բան առանձնացնել, չի էլ հասկանում ակադեմիական կամ առաջադիմական տերմինները՝ դրանք թատրոնի մասին չեն.

«Թատերական ներկայացումները կամ հետաքրքիր են, կամ` ոչ»:

Իսկ հեշտ է աշխատել դասական դրամատուրգների, թե՞ ժամանակակից հեղինակների գործերի հետ. «Ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը հեշտ չեն տրվում: Երկու դեպքում էլ պատասխանատվությունը մեծ է, իսկ աշխատանքը դժվար», - անկեղծացավ մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերվում այն թյուր կարծիքին, թե ժամանակակից հասարակությունը հեռացել է թատրոնից, և թե ինչպե՞ս գուշակել մարդկանց պահանջմունքները, ինչի՞ կարիք ունի այսօր հանդիսատեսը, Բալյանը չհամաձայնեց պնդմանը, թե այսօր թատերական ժամանակներ չեն. «Հիմա, երևի թե նորից սկսում է աշխուժանալ այն հետաքրքրությունը դեպի թատրոն, ինչի մասին լսել ենք ավագ սերնդի շուրթերից՝ 60 -70 ականների մասին։ Այսօրվա հանդիսատեսը չի ուզում, որ իրեն տանես թատրոն ու սկսես սիրուն գաղափարներով խաբել, առանց այն էլ՝ հեռուստատեսությունն ու քաղաքականությունը զբաղված են այդ գործով, գոնե թատրոնում պետք է հանդիսատեսը լսի ճշմարտությունը»:

— Ի՞նչ է այսօրվա հայ թատրոնում Ձեզ հետաքրքրում, այն քայլում է ժամանակի հետ համընթաց. «Այն ինչ հիմա է կատարվում, պոտենցիալ թատրոնի նյութ է»:

Ինչպիսի՞ն է Կարո Բալյանի հանդիսատեսը, ո՞վ պետք է շտապի դիտել նրա ներկայացումները. «Հանդիսատեսը կդժվարանամ ասել ով է, քանի որ ներկայացումներս իրարից կտրուկ տարբերվում են, սկսած կոմերցիոններից վերջացրած՝ «Դեպի Տուն», «Չմարդիկ», «Մանանա» և այլն.. դե այսքանից հետո արի ու գլխի ընկի ովքեր պետք է շտապեն ներկայացումներիս», - եզրափակեց նա:

 


դիտվել է 30381 անգամ

«Վանաձորի ավագանու բոյկոտող հատվածը իրականում աջակցում է քաղաքապետին»

ՍԱՊԾ պետին հայտնի է, թե ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ (Տեսանյութ)

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ