Երևան
25 / Հունիս / 2017

Վերջին հրեա գրողի պատմվածքի վերնագիրը հորինել է առաջին հրեան, իսկ վերջին հայ գրողի պատմվածքը մնում է անավարտ, որովհետև առաջին հայը վերջին հային ոչինչ չի ասել․ ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ


Այս փոքրիկ երկրի մեծ քաղաքում, ուր շունը տիրոջը չի էլ ուզում ճանաչել, որովհետև տերերը շատ են և անճանաչելի, օրը սկսվում է կասկածներով։
Հիվանդը բժշկին է կասկածում, ուսանողը՝ դասախոսին, մայրը՝ որդուն։ Նախկին ազատամարտիկը փնտրում է և չի գտնում նախկին հրամանատարին։ Նախկին հրամանատարը չի նայում ստորգետնյա գետնուղիների պատերի տակ նստած մարդկանց, որովհետև այնտեղ, գլխարկները պարզած մուրացկանների աչքերի մեջ, ծանոթ փայլեր է որսալու։ Նախկին երաժիշտը իր ջութակի արձակած հնչյունի մեջ չի ընկալում իր հոգու թրթիռները։ Նախկին պատերազմի վետերանները անվստահությամբ են նայում վերջին պատերազմի վետերաններին, որովհետև նրանք ուրանում են նախկին պատերազմը։ Նախկին պետության ղեկավարները վերջին պետության ղեկավարների բարեհաճությանը արժանանալու համար փնովում են իրենց անցյալը։ Նախկին ղեկավարի նախկին հավատարիմները, ներկա ղեկավարի ներկա հավատարիմներն են և նախկին ղեկավարների թերություններն են ձաղկում։ Եվ ինչ բարեգործներ են ծնվում այս քաղաքում։ Եթե մայրը որդուն հանկարծ սիրում է, նրա նկարը տպագրվում է քաղաքային թերթի առաջին էջում՝ ի ցույց մյուս մայրերի։
Իսկ եթե ապերախտ որդին չի ընկալում մայրական բարեգործությունը, նրա նկարը տպագրվում է նույն թերթի մեկ այլ էջում՝ «Բարոյականության խաչմերուկ» խորագրի ներքո։
Այս ամենով հանդերձ, օտարները սիրում են այս քաղաքը, որովհետև իրենց, հաստատ, ոչ ոք չի կասկածում։
Եվ որպեսզի քաղաքը իր ողնաշարը կրծող կասկածը ցրի, ինքն իրեն սկսում է Եռաբլուրից։ Այդ գերեզմանատունը կասկածից դուրս է։ Այնտեղ իմ հրամանատարն է ննջում։ Շատ ծաղկեպսակներ կան նրա շիրիմին։ Դրանց մեջ կա մեկը, որի ժապավենի գրությունը միայն ես կարող եմ վերծանել. «Իմ դատավորին և իմ որդուն։ Կալանավոր N 1֊ից»։ Վերծանեմ, թե չվերծանեմ, միևնույն է, պատմությունը մի օր մեզ դատելու է։ Ինձ՝ Հեբո Հերոյանիս, շատ բան իմանալու և լռելու, ձեզ` ոչինչ չիմանալու և խոսելու համար։
♦♦♦
Վերջին հրեա գրողի պատմվածքի վերնագիրը հորինել է առաջին հրեան, իսկ վերջին հայ գրողի պատմվածքը մնում է անավարտ, որովհետև առաջին հայը վերջին հային ոչինչ չի ասել։ Մեղավո՞ր է արդյոք առաջին հայը, որ իր բառապաշարում «թուրք» բառը չի ունեցել։ Մեղավո՞ր է արդյոք վերջին հայը, որ իր պատմվածքը առանց թուրքի յոլա չի գնում։ Սիրահարական պատմվա՞ծք է մտմտում, մեկ էլ թուրքը քիթը խոթում է մեջը։ Պատմավե՞պ է գրում, թուրքը կա ու կա։ Քնում-զարթնում է թուրքի հետ։ Եվ չի զարմանում, երբ իր գրչից, լուսամփոփից, մոխրամանից, ճերմակ թղթից ու ժամացույցի տկտկոցից թուրքի ծամածռված ներկայությունն է ազդարարվում։ Որտեղ հայ, այնտեղ թուրք, այս ինչ տարօրինակ հարազատություն է։ Ինչպես իմ հրամանատարն էր ասում. «Մեր միջի թուրքից ազատվելու միակ միջոցը նրան հաղթելն է՝ թե դրսում, թե ներսում»։ Հետո մտահոգ ավելացնում է. «Դրսի գործը հեշտ է, մենք կանենք։ Ներսինը՝ Աստծու աջակցությունն է պետք»։
-Քիչ փիլիսոփայիր, Հեբո՛։ Թատրոն է, բա ի՞նչ զիբիլ է։ Թուրքն էլ է թատրոն, հայն էլ: Թուրքը թուրքի դեր է տանում, հայը՝ հայի։ Ով լավ դերասանություն արեց, նրան էլ կծափահարեն։
Հրամանատարի ասածները քննարկման համար չեն։ Հետո ինչ, որ չեմ հասկանում: Ոչ ոք էլ նրան չի հասկանում։ Ձև ենք անում, իբր հասկանում ենք, բայց ինքը, հրամանատարն էլ է զգում, որ չենք հասկանում: Նայում եմ նրա աչքերին, որոնք, թվում է՝ ուր որ է, ակնակապիճներից դուրս կթռչեն և ասում.
– Ճիշտ այդպես, պարոն հրամանատար, թատրոն է։
– Այ, դո՛ւ, Հեբո, գրող ես։ Երկու շապիկ էլ ինձնից ավել ես մաշել, դու ասա` ո՞վ պիտի էս ժողովրդին տիրություն անի։ Ո՞ր մի խելոք մարդը գլուխ կհանի։ Եթե իմ ու քո նման գժերն էլ ձեռքերը լվանան, մեր հալը ի՞նչ է լինելու…
Այսօր արտառոց օր է ինձ համար։ Ասացին, որ հրամանատարը մարտական կարևոր առաջադրանք ունի հանձնարարելու։ Ասել է, որ միայն Հեբոն գլուխ կհանի էդ գործից: Իհարկե, հուզվում եմ: Երևի հետախուզության խնդիր կա. մի քիչ թուրքերեն գիտեմ, մի քիչ էլ, ասում են, թուրքի նման եմ: Տղերքն են ասում, երևի իսկական հայ չեն տեսել: Ինչ է թե՝ սև եմ և ծայրերը վեր ոլորած բեղեր ունեմ: Երևի իսկական թուրք էլ չեն տեսել: Իհարկե հուզվում եմ: Առաջին անգամ ինձ լիարժեք տղամարդ եմ զգում: Իհարկե վախենում եմ, մեկ էլ տեսար՝ գերի ընկա, մեկ էլ տեսար…
Բայց այն, որ հրամանատարը վստահում է, ամեն ինչ արժե:
-Հեբո՛,- ասում է հրամանատարը,- շատ կարևոր առաջադրանք է: Գրող ես, կհասկանաս: Ասացի, չէ՞, թատրոն է: Էսօր դու վերակացուի դեր ես տանելու: Հսկելու ես, գիտե՞ս ում, ութսունամյա մի պառավի, որի թոռը դասալքել է: Ձերբակալության հրամանը ես եմ տվել: Եթե դրանց ցեղում տղամարդ կա, կներկայանա: Եթե ոչ՝ պատմությունը թող ինձ դատի:
-Պարոն հրամանատար,- կմկմում եմ,- ախր…
-Ի՞նչ ես այծի պես մկկում: Ախր-մախր չկա… թատրոն է, և եթե ուզում ես, որ այս պատերազմում ես ու դու հաղթենք, պիտի նամուսով մեր դերը կատարենք:
-Պարոն հրամանատար, ախր… թերթերը…
-Թերթերն էլ են թատրոն: Թող գրեն, որ մենք սադիստ ենք, թող գրեն Ստալին ենք, ինչ զիբիլ ենք: Մեր գործը էս պատերազմը շահելն է… Եվ թող դերասաններից մեկն էլ մի պառավ լինի:
Հրամանատարը ինձ ուղեկցեց սենյակ, որը ութսունամյա պառավի բանտախուցն էր: Ինձ ստորացված էի զգում: Նաև ուժ չէի գտնում հակաճառելու: Նրա տեսքը հոգնած էր, խոսելիս շոյում էր չածիլված երեսը. երևի հուզմունքը թաքցնելու համար: Նաև ինչ-որ հիասթափության շղարշ կար նրա կայծկլտուն աչքերում:
-Ահա քո կալանավորը, Հեբո, Կալանավոր N 1,- ցույց տվեց հրամանատարը,- բարևիր մայրիկին:
Բարևում եմ:
-Բարու մեջ մնաք, որդինե՛ր ջան,- հանգիստ ասաց պառավը:
-Հարցրո՛ւ, գիտի՞, թե ինչու եմ իրեն ձերբակալել:
Հարցնում եմ:
– Հրամանատարին ասա, որ գիտեմ։ Հանցագործության համար,- ասաց պառավը և հայացքը ուղղեց ինձ, իմ ավտոմատին։
Ասում եմ։
– Հարցրո՛ւ, ի՞նչ հանցանք է, գիտի:
Հարցնում եմ:
– Ասա՛, որ գիտեմ։ Իմ հանցանքն էն է, որ ես հայ եմ, բայց իմ թոռը չգիտի, որ ինքն էլ է հայ։
Հրամանատարը աչքերը խոնարհեց։ Նրան թվում էր՝ պառավը անեծքներով կդիմավորի իրեն։ Ներկայացումը այլ հունով էր գնում։ Քիչ մնաց հրամանատարը խոստովանի իր ձախողումը և ծնկի իջնի պառավի առաջ։ Քիչ մնաց արցունքներով թրջի պառավի փեշը և խոստովանի, որ ինքը անորոշության և վախի մեջ է և այլևս չգիտի իր անելիքը։ Պառավը գորովանքով նայեց հրամանատարին ու ինձ դիմեց,
– Ասա՛, որ ինքը հոգնած է։
Ես անելանելի վիճակի մեջ էի։ Ավտոմատի ծանրությունը ճնշում էր ինձ։ Այս ներկայացման մեջ ինձ ավելորդ էի զգում։ Ուզեցի դուրս գալ, հրամանատարը սաստեց,
– Շարքային Հեբոյան…,- հետո բարիացավ, խեղճացավ,- Հեբո՛, հարցրու, թե էդ ո՞նց եղավ, որ իր նման մայրիկի թոռը դասալիք դարձավ։
Պառավը իր դերի մեջ էր մտել, բառ առ բառ լսում էր հրամանատարի ասածի կրկնությունը, հետո պատասխանում։ Նույնը հրամանատարը։
– Տղա՛ ջան, հրամանատարին ասա, որ իմ կամքին հակառակ եմ ապրում, դրա համար էլ էդպես եղավ։
– Հեբո՛ ջան, մայրիկին ասա, որ ես էլ իմ կամքին հակառակ ամեն օր ապրողների հետ ապրում եմ, զոհվողների հետ զոհվում։ Հետո ասա, որ ապրեմ, թե զոհվեմ, մեկ է, էս պատերազմը շահելու եմ։ Իր և քո հետ եմ շահելու։
Ասում եմ։
– Տղա՛ ջան, հրամանատարին ասա, որ զոհվելը հեշտ է, ապրելն է դժվար։ Ասա, թող դրա մասին մտածի։ Անպայման թող մտածի:
Կրկնում եմ.
-Պարո՛ն հրամանատար, մայրիկն ասում է, թող մտածի, անպայման թող մտածի:
-Հեբո՛ ջան, մայրիկին ասա, որ իր թոռանը պատժելու եմ, չգտա` որդուն եմ պատժելու, չգտա` իրեն եմ պատժելու: Խիստ եմ պատժելու, և թող պատմությունն ինձ դատի:
Մայրիկին ասում եմ, որ պատժելու է, խիստ է պատժելու:
-Տղա՛ ջան, հրամանատարին ասա՛, որ ինքը իմ դատավորն է և իմ որդին:
Ասում եմ:
-Հեբո՛ ջան, մայրիկին ասա, որ էս թատրոնում թե ով ում դատավորն է և ով ում որդին` միայն Աստված գիտի:
Ասում եմ.
-Մայրի՛կ ջան, հրամանատարը ասում է, որ միայն Աստված գիտի:
-Տղա՛ ջան, հրամանատարին ասա, որ էն, ինչ որ Աստված գիտի, գիտի: Էն, ինչ որ չգիտի, մենք պետք է իմանանք: Հետո ասա, որ մայրիկը չի սիրում, երբ ներկայացումը ձգձգվում է:
Պահը որսացի և ինքս էլ փորձեցի դերասանություն անել.
-Ճիշտ այդպես, ձգձգվում է…
Հրամանատարը մոտեցավ ինձ, պինդ բռնեց գլուխս, ցավեցնելու աստիճան ճակատը իմ ճակատին սեղմեց ու շշնջալով ասաց.
-Հեբո՛, հայրենիքը քեզ չի մոռանա:
Հրամանատարը գնաց, երևի իմանալու էն, ինչը Աստված էլ չգիտի: Մնացի ես` իմ ամոթալի դերի մեջ: Ավտոմատը գրկած գնում-գալիս եմ: Կալանավոր N 1-ը ննջում է: Փակ աչքերով գլուխը տանում-բերում է: Երևի դասալիք թոռան ամոթի կսկիծն է ներծծում իր մեջ: Կամ գուցե հրամանատարի հետ իր հանճարեղ զրույցն է շարունակում:
Մտածում եմ` ուր որ է՝ կհայտնեն, որ Հեբո Հեբոյանը իր մարտական առաջադրանքը պատվով կատարել-պրծել է: Մտածում եմ, որ այս պատմությունը հազար ու մի նրբերանգներով շրջելու է զորամասում և զորամասից դուրս։ Մտածում եմ, որ իմ գրող ընկերները պատերազմից հետո հոգիս հանելու են: «Հեբոյի մարտական առաջադրանքը», «Հեբոն վնասազերծում է հանցագործին», «Հեբոն և ութսունամյա պառավը» և այլ վերտառությամբ հումորեսկներ զարդարելու են ետպատերազմյան թերթերի կենսախինդ էջերը։
«Իսկ գուցե հրամանատարը Հեբոյին ձեռ առնելու համա՞ր է հորինել այս ներկայացումը,- մտածեցի։ -Փոքրիկ զվարճություն պատերազմական հոգսերից լիցքաթափվելու համար»։
Նաև մտածեցի, որ աշխարհի բոլոր պատերազմներն էլ գրողներին ծաղրելու համար են մոգոնվում։ Չէ, Հեբոն թույլ չի տա, որ իրեն ծաղրեն:
Ավտոմատը գրեցի սեղանին և ասացի.
– Մայրի՛կ, արի՛ քեզ տուն տանեմ։ Հրամանատարը, պարզապես, կատակում էր։
Պառավ կինը խղճահարությամբ ինձ նայեց ու ասաց.
– Որդի՛ ջան, դու զինվոր ես, զինվորությունդ արա։
– Չէ՛,- ասացի,- սա խայտառակություն է։
– Որդի՛ ջան,- ասաց,- խայտառակությունը պատերազմն է, որ ո՛չ ես եմ հնարել, ո՛չ էլ քո հրամանատարը։ Եթե դու վերակացու չլինես, ու ես՝ հանցագործ, այս պատերազմը մենք տանուլ կտանք:
– Բայց, մայրի՛կ ջան, ախր…
– Ախր-մախր չկա,- ճիշտ հրամանատարի պես ասաց նա։
– Թոռանդ սիրո՞ւմ ես։
– Սիրում եմ, շատ եմ սիրում։
– Իսկ եթե բանտարկեն ու որպես դասալիք…
– Էնքան ցավ եմ տեսել, որդի ջան։ Ցավերից ամենասոսկալին էդ կլինի։ Ամոթալի ցավ կլինի։ Էդ ցավը ոչ ոք չի ամոքի։
– Բա վերքը ո՞նց է լինելու։
– Որդի ջան, ես մնալու եմ հանցագործ, դու էլ՝ վերակացու։
– Չէ,- ասացի,- էս ամենը իմ սրտով չի, հայերեն չի։
– Պատերազմում, որդի՛ ջան, ամեն բան չէ, որ հայերեն է լինում:
-Թող ուղարկեն ճակատ, չեմ ուզում, գժվել են բոլորը:
-Էս գործը,- հանգիստ ասաց պառավը,- լուրջ գործ է, ու քեզ են վստահել:
Մի պահ թվաց, թե պառավն էլ է ինձ ձեռ առնում, և ես ավելի վրդովվեցի:
-Երևում է պարապ ես, եկել ես էստեղ ժամանցի:
-Չեմ եկել, որդի ջան, ձերբակալել են: Հետո էլ մի մոռացիր` եթե փախչեմ, քեզ ռազմական տրիբունալը կդատի:
-Չէ մի չէ… ռազմական տրիբունալ: Դու էլ ես դերասան, հրամանատարն էլ… բոլորն էլ… զզվում եմ իմ բաժին պատերազմից:
Պառավին իմ ջղայնությունը, հավանաբար, դուր եկավ: Նրա կնճռոտ դեմքը խորամանկ թրթռում էր: Երեկոյան մութուլուսի շողերը ընկել էին նրա դեմքին, և առաջին անգամ տեսա, որ մարդը ավելի գույնզգույն է, քան որևէ էակ աշխարհի երեսին:
Կարմիր, մանուշակագույն, կապույտ, դեղին… Ամեն գույն իր կենսագրությունն ուներ:
Ահա մի պառավ, որին հնարավոր չէ ընկճել: Թե թոռան դասալքությունը և դրանից բխող բարդությունները, թե կալանավոր լինելու զավեշատական փաստը, թե իր կամքին հակառակ ապրելու ճիգը… Այս ամենը գույն առ գույն ներծծվել էին նրա մաշկի մեջ և պեծպեծում էին: Իսկ հեգնախառն ժպիտը, պարզապես, ցնցող էր: Այդ օրը ես տեսա ծերության գեղեցկությունը և տեսա այն, ինչը մեկ տարի հետո շրջելու էր մեր պատմության անիվը` մեր հաղթանակը: Եվ այդ հաղթանակը նույնքան գույնզգույն էր լինելու, որքան այս պառավի կիսադեմը` մայրամուտի շողերի տակ: Եվ այդ հաղթանակը իսկական թատրոն էր լինելու, իմ հրամանատարի երազած թատրոնը` իր վարագույրներով, կուլիսային անցուդարձերով, հանդիսատեսներով և օվացիաներով: Եվ այդ թատրոնի գլխավոր ռեժիսորն իմ հրամանատարն էր լինելու, որը իր իսկ կամքով ներկայացման մեջ իր համար ընտրել էր ամենաողբերգական դերը: Այդ թատրոնում իր դերը փայլուն կատարեց այս պառավ-հանցագործը, և իհարկե, Հեբո Հեբոյանը` առաջին և վերջին գրող-վերակացուն: Հիանալի խաղաց նաև թուրքը` իր անտեսանելի և ջղագրգիռ ներկայությամբ համեմելով յուրաքանչյուր դերասանի բառն ու հնչյունը, նաև որպես գույն ներծծվելով պառավ-հանցագործի գույնզգույն երակների մեջ:
♦♦♦
Այս փոքրիկ երկրի մեծ քաղաքում, ուր շունը տիրոջը չի էլ ուզում ճանաչել, որովհետև տերերը շատ են և անճանաչելի, օրը ավարտվում է կասկածներով. «Ո՞վ, որդի՞ն… չի կարող պատահել», «Ո՞ւմ, իր րնկերո՞ջը… աներևակայելի է», «Ե՞րբ… կառավարության նիստի ժամանակ… ի՞նչ ես ասում», «Անձամբ ի՞նքը, նրա՞ն… սուտ է, չեմ հավատում», «Մեկ միլիո՞ն… կազինոյո՞ւմ… չէ հա»։
Արեգակն իր շողերը հավաքում է կասկածով. «Արդյո՞ք իմ շողերն են դրանք»։ Լուսինը ավելի զգուշավոր է, ամպերի տակից ներսուդուրս է անում, ծիկրակում և ինքն իր աչքերին չի հավատում. «Մի՞թե նույն քաղաքն է սա»։
Եվ առաջին հրեան վերջին հրեայի ականջին շշնջում է վերջին հայ գրողի պատմվածքի վերջաբանը։
Եվ վերջին թուրքը ամենավերջին թուրքի ականջին, առանց կասկածի շշնջում է. «Մաշ ալլահ, ինչ գեղեցիկ է այս քաղաքը»։
Եվ առաջին հայը թիկունքը վերջին հային արած՝ հեռանում է։
Եվ որպեսզի քաղաքը իր ողնաշարը կրծող կասկածը ցրի, ինքն իրեն ավարտում է Եռաբլուրի մեջ։
Եվ ոչ ոք չի տեսնում կամ չի ուզում տեսնել, որ ամեն գիշեր, գույների մեջ ողողված մի պայծառափայլ պառավ շրջում է քնի մեջ ընկղմված քաղաքի փողոցներով և մրմնջում. «Մի՛ վհատվիր, ժողովո՛ւրդ, թատրոն է, թատրոն…»։
Քնի մեջ իր կասկածները մարսող քաղաքում միայն Հեբո Հեբոյանն է լսում և ընկալում այդ հնչյունները։


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 4876 անգամ

Ես և Սոսը սիրավեպը շփոթել էինք լուրջ հարաբերությունների հետ. Ինգրիդ Կյոկչյան

Կնունք` Հենրիխ Մխիթարյանի քավորությամբ

«Դե ժպտա». հայ հայտնիները` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված տեսահոլովակում

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ