Երևան
29 / Ապրիլ / 2017

Թեոդոր Ռուզվելտի գրառումն օրագրում մոր ու կնոջ մահվան օրը. 1884 թվական

1884 թվականի փետրվարի 14-ին Թեոդոր Ռուզվելտը սարսափելի լուր ստացավ. մայրն ու կինը մի քանի ժամվա տարբերությամբ մահացել էին Ռուզվելտների՝ Նյու Յորքում գտնվող տանը։ Նրա 50 տարեկան մայրը մահացավ տիֆից, իսկ կինը՝ 22 տարեկանում՝ ծննդաբերությունից հետո։ Ռուզվելտի օրագրում նրանց սիրո, հարսանիքի, երջանիկ ամուսնության նկարագրումներին ավելացավ կնոջ՝ Ալիսի մահվան պատճառած ծանր վիշտը։ Այդ օրը նա օրագրում գրեց մեծ X տառը, իսկ ներքևում՝ ընդամենը մեկ նախադասություն. «Իմ կյանքի լույսը խամրեց» («The light has gone out of my life»):

Դրանից առաջ Ռուզվելտին հեռագիր էին ուղարկել ու հետ կանչեցին Նյու Յորք. այդ ժամանակ նա աշխատում էր Ալբանիայում որպես Նյու Յորքի Ասամբլեայի ներկայացուցիչ։ Պատճառը մոր՝ օրեցօր վատթարացող առողջական վիճակն էր։ Ալիսն արդեն 2 օր առաջ ծննդաբերել էր։ Բայց մինչ Թեոդորը կհասներ տուն, Ալիսի վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան դիմավորեց եղբայրը՝ Էլիոթը, ում առաջին խոսքերն էին. «Այս տան վրա անեծք կա»։

Այդ ժամանակվանից սկսած՝ Ռուզվելտը շատ հաճախ էր գրում Ալիսի մասին, համարյա ամեն անգամ նրա մասին մտածելիս։ Օրագրում տեղ էին գտնում ամենապարզ խոսքերը, ամենախորհրդավոր ժպիտները, ամենաբարձր լռություններն ու ամեն ինչ, որ կազմում էր Ալիսի մասին հիշողությունների շղթան, որը շարունակ նրա հետ էր։

Կնոջ մահվանից հետո Ռուզվելտը երբեք այլևս չի տվել նրա անունը։ Նա արգելել էր բոլորին իր ներկայությամբ կնոջ անունը տալ։ Նույնը վերաբերում էր նաև դստերը՝ Ալիս Ռուզվելտին։ Ռուզվելտը ասում էր, որ պետք է կնոջ հետ թաղել նաև այն անտանելի ցավը, որ բերել էր նրա կորուստը, այլապես այն կկործաներ նրան։

Ռուզվելտը գրում է.

«Նա գեղեցիկ դեմք ու կազմվածք ուներ, հոգին էլ ամենագեղեցիկն էր։ Նա ծաղկում էր որպես մի ծաղիկ և որպես երիտասարդ ծաղիկ էլ մահացավ։ Նրա կյանքը միշտ արևով էր ողողված, նրան ծանոթ չէր ոչ մի տառապանք ու թախիծ, և չկար մեկը, որ չսիրեր նրան պայծառ, արևային ջերմության ու ուրիշերի հանդեպ ունեցած անհուն կարեկցանքի համար։ Ազնիվ, մաքուր, կեսուրախ, սիրալիր, նուրբ էակ... Եվ հենց այն ժամանակ, երբ որպես երիտասարդ կին նա մայրացավ, երբ նրա կյանքը նոր էր սկսվում, անարդարացի ու շատ հանկարծակի մահը թակեց նրա դուռը։ Եվ երբ իմ սրտի ամենահարազատ էակը մահացավ, նրա հետ լույսն իմ կյանքից հեռացավ ընդմիշտ»։


դիտվել է 2560 անգամ

Այս թեմայով

«Վանաձորի ավագանու բոյկոտող հատվածը իրականում աջակցում է քաղաքապետին»

ՍԱՊԾ պետին հայտնի է, թե ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ (Տեսանյութ)

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ