Երևան
30 / Ապրիլ / 2017

Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 շենքերի դիմաց կոյուղաջրերից ճահիճ է գոյացել

«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 հասցեներում կառուցված բազմաբնակարան բնակելի համալիրի դիմաց կոյուղաջրերից ճահիճ է գոյացել: Այս մասին ահազանգել են նշված հասցեում ապրող մի խումբ բնակիչներ: 2016 թվականի հունիսին շահագործման հանձնված «Ավան 4» բազմաբնակարանային համալիրի, որի մեջ մտնում են Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 շենքերը, դիմաց գտնվող սեփական տան կոյուղաջրերը, չունենալով հեռացման ցանց, լցվում են կես մետր խորությամբ փորվածքի մեջ:
55/17 շենքի չորրորդ մուտքի բնակիչ Արսեն Մանուկյանի խոսքով` բնակիչները խնդրի մասին բազմիցս տեղեկացրել են և´ քաղաքապետարան,և´ թաղապետարան, սակայն ոչ մի արդյունք չի եղել: «Բազմիցս դիմել ենք քաղաքապետարան թե´ թեժգծերով, թե´ գրավոր դիմումներով, սակայն ոչ քաղաքապետարանի, ոչ էլ թաղապետարանի կողմից ոչ մի գործնական քայլ չի արվել: Նույնիսկ չեն պատկերացրել, թե ինչ խնդիր է: Թեժ գծով զանգել տեղյակ ենք պահել, հարցրել են` ձեր մուտքի մոտ ջո՞ւր է լցվում, վնասվել է կոյուղագի՞ծը»,-ասում է ԱրսենՄանուկյանը:

Կոյուղաջրի հեռացման ցանց չունեցող սեփական տան բնակիչ Վահան Սարգսյանը ստեղծված իրավիճակի մեղավոր է համարում «Ավան 4»-ի կառուցապատողին` «ԷյԴիԷյԹեք» ՍՊԸ-ին: «Նախքան դիմացի շենքերը կառուցելը,այստեղ փոս կար փորած, որի մեջ էին լցվում կոյուղաջրերը: Երբ շինարարությունը սկսեցին, տեխնիկայով ամբողջ տարածքը հարթեցրին ու այ էս վիճակը ստեղծվեց: Մինչ այդ կոյուղաջրերը հողի մակերես դուրս չէին գալիս»,-վստահեցնում է Վահան Սարգսյանը և հավելում, որ սեփական միջոցներով կոյուղագիծ անցկացնելու հնարավորություն չունի. «Ես էս շենքերի «պրարաբին»` Վահրամին, ասելեմ` ո՞նց պետք է լինի, ինքն էլ ասելէր` «դու գործ չունես, դա մեր խնդիրն է, մենք էլ կլուծենք», դե թող գան ու լուծեն»:
Թե կողմերից ով է մեղավոր ստեղծված իրավիճակի համար` կառուցապատողը, քաղաքապետարանը, թե սեփական տան տերը, Ծարավ Աղբյուրի 55/17-ի շենքի բնակիչների համար կարևոր չէ, կարևորն այն է, որ խնդրին անհապաղ լուծում տրվի: «Իրականում սանիտարահիգիենիկ լուրջ խնդիր կա: Եղանակի տաքացմանը զուգահեռ գարշահոտությունը տարածվել է բակով մեկ: Չի բացառվում, որ եթե շարունակվի այսպես մնալ, արդեն զանգեր կլինեն 911-ին, քանի որ սա համաճարակի բույն է»,-մտագոհված է անմիջապես գարշալճի դիմաց գտնվող` չորրորդ մուտքի մեկ այլ բնակիչ՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Բնակիչների պատմելով` խնդիրն ի հայտ է եկել դեռևս 2016թ.ձմռանը: Ցածր ջերմաստիճանային պայմաններում,հողը չկարողանալով գոնե որոշ չափով ներծծել կոյուղաջուրը, դուրս էր հորդել և բավականին հաստ սառույցի շերտ գոյացրել: «Ընդհուպ մինչև չորրորդ մուտքի աստիճանների մոտ կոյուղաջրերից` առանց չափազանցության մոտավորապես 40 սմ հաստությամբ սառցաշերտ էր գոյացել, որն ահավոր դժվարացնում էր ավտոմեքենաների տեղաշարժը: Այդ ժամանակ տեղեկացրել էինք թաղապետարան, որ գան գոնե սառույցը մաքրեն: Այնտեղից ուղարկված տեխնիկան մոտ 4 ժամ աշխատել է, մինչև մի փոքր մակերես ազատել է սառցաշերտից»,-ասում է Արսեն Մանուկյանը և ցույց տալիս նոր փռած ասֆալտի վրա առաջացած փոսերը. «Սրանք այդ սառցադաշտը քանդելու ժամանակ են առաջացել»:

Վահան Սարգսյանը չի ժխտում հարևանի ասածները: Անհարմար է զգում ստեղծված իրավիճակի համար, բայց մեղավոր` ոչ:
Քանի դեռ սեփական տան տերը մեղադրում է կառուցապատողին, վերջիննէլ, Արսեն Մանուկյանի խոսքով, մի կողմ քաշվում`պատճառաբանելով, թե խնդիրը շենքի շահագործումից հետո է առաջացել, հետևաբար իրենց լուծելի խնդիրը չէ, գարշահոտությունը շարունակում է «բուրել» Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 շենքերի բակում:
Հիշեցնենք, որ «Ավան 4» բազմաբնակարան համալիրը «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի ջանքերով և ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող` «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրի մի մասն է:


դիտվել է 4981 անգամ

«Վանաձորի ավագանու բոյկոտող հատվածը իրականում աջակցում է քաղաքապետին»

ՍԱՊԾ պետին հայտնի է, թե ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ (Տեսանյութ)

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ