Երևան
27 / Հունիս / 2017

Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ին տալիս է իշխանության մասը՝ ամբողջը պահելու համար

ՀՀԿ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀԿ-ն բանակցություններ է վարում ՀՅԴ-ի հետ ապագա կառավարությունում համագործակցության հարցով: Նա նաեւ ասել է, որ վարչապետի հարց չի քննարկվում, իրենց թեկնածուն Կարեն Կարապետյանն է: Այսինքն, Կարեն Կարապետյանը վերանշանակվելու է վարչապետ:
Սա նորություն չէ, այս մասին ՀՀԿ պատասխանատուները եւ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել են, որ եթե ՀՀԿ-ն հաղթի ԱԺ ընտրությանը, վարչապետ է լինելու Կարեն Կարապետյանը:
Սակայն իրավիճակն այսպիսով չի «փակվում», քանի որ բաց է մնում 2018-ի հարցը, երբ Սերժ Սարգսյանը թողնելու է նախագահի պաշտոնը: Իր հերթին, ՀՅԴ-ի հետ բանակցությունը նույնպես միտված է 2018-ի խնդրին, երբ Հայաստանը լիովին անցնելու է կառավարման խորհրդարանական կարգին:
Բանն այն է, որ ՀՀԿ-ն ընտրության արդյունքով ստացել է մեծամասնություն եւ կոալիցիայի կարիք չունի: ՀՀԿ-ն կարող է միանձնյա իշխանություն ձեւավորել: Սակայն ՀՅԴ-ի հետ բանակցում է կոալիցիա կազմելու հարցով: Ինչո՞ւ:
Այստեղ մի շարք հանգամանքներ կարող են լինել: Նախ, ՀՅԴ-ն միակ քաղաքական ուժն է, որը հրապարակավ հայտարարել է, որ դեմ չէ Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարմանը վարչապետի պաշտոնում: Այդ մասին ժամանակին ասել է ՀՅԴ ղեկավարներից Արմեն Ռուստամյանը:
Երկրորդ, ՀՅԴ-ն «օտար մարմին» է ՀՀԿ իշխանական համակարգում, որով էլ մեծանում է նրա արժեքը Սերժ Սարգսյանի քաղաքական ոճի ու ծրագրերի առումով: Օրինակ, ժամանակին նա ՀՅԴ-ին մտցրեց Հովիկ Աբրահամյանի կառավարություն, չնայած վերջինիս ակնհայտ դժգոհությանն ու դիմադրությանը, եւ նրա միջոցով «կապեց» Աբրահամյանի ձեռքերը թե սեփական կառավարություն ձեւավորելու, թե քաղաքական քայլերի ազատության առումով: Այդ հանգամանքը հետագայում «հեշտացրեց» Աբրահամյանի հեռացումը վարչապետի պաշտոնից:
Ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը եւս ակնհայտ դեմ է ՀՅԴ-ի ներկայությանը կառավարությունում, դա նկատելի է դաշնակցական նախարարների հետ նրա հարաբերություններից: ՀՅԴ-ն Կարապետյանի կառավարությունում ունենալու է նույն գործառույթը, ինչ Աբրահամյանի օրոք:
Հաջորդ հանգամանքը հենց ՀՀԿ-ն է, որը դասական առումով կուսակցություն չէ, այլ տարբեր խմբավորումներից կազմված մի կառույց՝ իր շահերով ու մոտիվացիայով: Այս պարագայում էլ ՀՅԴ-ի հետ համագործակցությունը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս վերահսկելի պահել ՀՀԿ-ն իր քաղաքական ծրագրերի համատեքստում:
Ապրիլի 2-ի քվեարկությունը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը ոսկերչական աշխատանք է կատարել նոր իշխանության ու ստատուս քվոյի կազմավորման համար: Խորհրդարան են անցել 4 կուսակցություն. ՀՀԿ-ի մեծամասնության միջոցով իրականացվելու է իշխանության ձեւավորման գործընթացը, Ծառուկյան ու Ելք դաշինքների միջոցով «փակվելու» են հանրային որոշակի լայն շերտերի դժգոհությունն ու պահանջները, իսկ ՀՅԴ-ն կատարելու է «սանիտարի» դերը:
Իր հերթին, այդ աշխատանքի արդյունքում, խոշոր հաշվով, վարչապետ Կարեն Կարապետյանն էլ փաստացի հայտնվեց Սերժ Սարգսյանից գրեթե լիակատար կախվածության մեջ:
ՀՅԴ-ի հետ Սերժ Սարգսյանի համագործակցության նոր փուլը մեկնարկեց այսպես կոչված «բուրժուա-դեմոկրատական քառյակից» նրա դուրս գալուց հետո: Ընդ որում, տեղի էր ունենում հետաքրքիր մի երեւույթ՝ ՀՅԴ-ն տեսակետ էր հայտնում որեւէ իրադարձության կապակցությամբ, որից հետո Սերժ Սարգսյանն իրականացնում էր նրանց հայտարարածը: Այդպիսով, ՀՅԴ-ն մեծ կշիռ էր ձեռք բերում նաեւ տնտեսա-քաղաքական համակարգի իրողություններում, դառնալով «ասողներից» մեկը, միաժամանակ մնալով համակարգից դուրս, ինչը բարձրացնում էր նրա արժեքը ներքին գործընթացներում:
Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ին տալիս է իշխանության մասը՝ ամբողջը չկորցնելու ու այն տնօրինելու համար: Այսպիսով, Սերժ Սարգսյանն ու ՀՅԴ-ն, կամ Սարգսյանը ՀՅԴ-ի միջոցով ձեռնամուխ են եղել նոր իշխանության ու ստատուս-քվոյի կառուցման փուլին:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 14358 անգամ

Ինչ կա-չկա. ինչպես է Մենչը հայերեն սովորեցնում չինացի տաքսիստին

‹‹Հայաստան ջան››.Իվետա Մուկուչյանի` նոր տեսահոլովակը

Քաղաքը գնալով դատարկվում է և աղքատանում. Ռաֆայել Քոթանջյանը՝ Ռուբեն Գևորգյանցի վերջին հրաժեշտի արարո...

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ