Երևան
29 / Ապրիլ / 2017

Ճակատագրի ծաղրուծանակը. Միջադեպ պանթեոնում

Կարեն Դեմիրճյանի ծննդյան 85-ամյակի միջոցառմանը Պանթեոն էին այցելել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀԱԿ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Նրանք ողջագուրվել են, Ջհանգիրյանը Աբրահամյանին խորհուրդ է տվել՝ դուխդ տեղը պահի:
Լավ խորհուրդ է, թերեւս նույնը կարող էր ասել նաեւ Աբրահամյանը Ջհանգիրյանին: Երկուսն էլ ներքաղաքական նոր գործընթացների արդյունքում դուրս մնացին համակարգից. Հովիկ Աբրահամյանը հեռացվեց վարչապետի պաշտոնից ու ՀՀԿ-ից, Ջհանգիրյանի ՀԱԿ-ը չանցավ խորհրդարան:
Ճակատագրի իսկական ծաղրուծանակ: Բանն այն է, որ երկուսն էլ ընտրակեղծիքի մեքենայի «հայրերն» են: Ընտրական մեխանիզմների ոչնչացման սկիզբը դրեց Գագիկ Ջհանգիրյանը 1995 թ. խորհրդարանի ընտրությանը, եւ հենց այդ հանգամանքն էլ դարձավ նրա կարիերայի առաջընթացի հիմքը:
Հետագայում էստաֆետը ստանձնեց Հովիկ Աբրահամյանը, ընդլայնելով ու կատարելագործելով ընտրակեղծիքի մեքենան եւ վերջնականապես ոչնչացնելով ընտրական մեխանիզմները:
Եվս մեկ ուշագրավ հանգամանք՝ երկուսն էլ «առնչվել» են հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը: Գագիկ Ջհանգիրյանը վարում էր այդ գործի քննությունն ու այդ ընթացքում «հավաքում» ահռելի տեղեկատվություն, որն օգտագործվում էր ըստ քաղաքական նպատակահարմարության՝ այն ժամանակվա «կիսված» իշխանական դաշտում:
Ինչ վերաբերվում է Հովիկ Աբրահամյանին, նա արագ կողմնորոշվեց ու «ճամբարափոխվեց», արժանանալով Վազգեն Սարգսյանի ընտանիքի կշտամբանքներին: Փոխարենը, նա սրընթաց վերելք ունեցավ ներիշխանական սանդուղքով:
2017-ի ապրիլի 2-ի ընտրությունից հետո փոխվելու է կառավարման կարգն ու հաստատվելու է համակարգային նոր ստատուս քվո: Խոսվում է, որ Գագիկ Ջհանգիրյանը կարող է նոր պաշտոն ստանալ, իսկ Հովիկ Աբրահամյանն էլ խոստացել է, որ այսուհետ հաճախ է երեւալու տարբեր հարթակներում, ասել է թե՝ փորձեր է անելու վերադառնալ:
Հովիկ Աբրահամյանի վիճակն այդ առումով առավել քան վատ է: Նա վերադառնալու համար կարող է դաշնակցել ներքին նոր գործընթացների արդյունքում մարգինալացված ու դուրս մղված շրջանակների հետ, իսկ դա արդեն իսկ խառնակչություն ու դավադրություն է՝ Հայաստանում պարզապես այլ կերպ չի լինում, իշխանության ձեւավորման օրինական մեխանիզմների ոչնչացման պատճառով:

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/151809


դիտվել է 35335 անգամ

Այս թեմայով

«Վանաձորի ավագանու բոյկոտող հատվածը իրականում աջակցում է քաղաքապետին»

ՍԱՊԾ պետին հայտնի է, թե ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ (Տեսանյութ)

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ