Երևան
29 / Ապրիլ / 2017

Փաթթած ունեմ ինձ քննադատողներին. Առաքել Մովսիսյանը (Շմայս) սկսել է ֆուտբոլ խաղալ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս)։ Նա խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արմավիրի մարզից և զբաղեցրել չորրորդ տեղը՝ ստանալով 6 724 ձայն: Նա հետ է մնացել Նահապետ Գևորգյանից՝ 22070 ձայն, Սեյրան Սարոյանից՝ 21982 , Ալեքսան Պետրոսյանից՝ 9 581։

– Պարոն Մովսիսյան, Ծաղկալանջ համայնքի բնակիչներին տված խոստումը կատարեցի՞ք, նկատի ունեմ ասֆալտապատեցի՞ք ճանապարհը:

– Ես ասֆալտապատման աշխատանքները ժամանակին եմ ավարտել, եղա՞վ: Խոսք էի տվել, տեղում արել եմ: Երբ ասացի, երկու օր հետո լցրել եմ ասֆալտը, հանգիստ եղեք: Ժողովուրդը ասֆալտը վայելում է:

– ԿԸՀ-ն անգամ Ձեզ նախազգուշացրեց, հորդորեց, որ թույլ եք տվել Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների խախտում:
– Ինչ է նշանակում՝ հորդորեց, արդեն արել վերջացրել էինք, նկատողությունն էլ տվեցին, էլ ի՞նչ եք ուզում դրանից ավելի:

– Այս ԱԺ-ն արդյոք տարբերվելո՞ւ է նախորդից: Ի՞նչ տեսակ ԱԺ ենք ունենալու:

– Կգնաք ԱԺ, կտեսնեք: Ես հո պատգամավոր դառնալու համար չեմ տառապել կամ ապրել: Նույն ձևի՝ որպես Շմայս, ապրում եմ, գոյություն ունեմ, նույն ձևի ապրում եմ և շարունակելու եմ ապրել: Ինձ համար կյանքը չի փոխվել, ես իմ երկրի հրամանատարներից մեկն եմ եղել իմ ազգի համար և շարունակում եմ նույն ձևով ծառայել իմ ազգին: Աստված չանի՝ պատերազմ լինի, նորից նույն ոգով պատերազմ եմ գնալու:

– Շատ գործարար-պատգամավորների ԱԺ-ում լինելը կարծես թե ձեռնտու է, նրանք չենք էլ թաքցնում, որ արտոնություններ են ունենում:

– Եթե մարդը կյանքում իրենից բան չի ներկայացնում, էդ մանդա՞տը պտի իրեն վեր բարձրացնի, իր ապրելակերպը լավացնի: Հերս ասում էր՝ էն շանը, որ զոռով որսի պիտի տանես, ի՞նչ որս պետք է լինի: Եթե մարդու միջից չեղավ էդ նամուսը, թասիբը, ապրելու կյանքը, մանդատով ինքը պետք է դուխավորվի՞: Եթե մանդատով պտի դուխավորվի, ես նման մարդ չեմ ճանաչում: Ես ձեզ ասում եմ պարզ իմ տեսլականով:

– Առաջիկայում ինչո՞վ կզբաղվեք:

– Ես չէի պատկերացնում… 27 տարվա մեջ առաջին անգամ հազիվ սկսել եմ հանգստանալ: Ես չէի պատկերացնում, որ այդքան տարիներ շատ ծանր կյանք եմ ապրել: Ամեն օր սրա հարցերով, նրա հարցերով, իսկ հիմա հանգիստ իմ շրջապատով, իմ առօրյա կյանքով, իմ ժողովրդին, իմ տարածաշրջանին ինչով կարողանում եմ՝ օգտակար եմ լինում: Միշտ իրենց կողքին եմ, ես քաղաքում տուն չունեմ, գյուղում եմ ապրում: Արդեն սկսել եմ ֆուտբոլ խաղալ:

– Սկսել եք առողջ ապրելակերպո՞վ ապրել:

– Նոր եմ սկսում, նոր եմ զգում, որ կարելի է առողջ ապրելակերպով ապրել: Լուրջ եմ ասում, մի վայրկյան չմտածես, թե ընկճվել եմ, որ դեպուտատ չեմ անցել: Շնից ծնված լինեմ՝ մի վայրկյան չկասկածես: Չէի պատկերացնում, որ կյանքը լավ կյանք է, նոր եմ զգում, որ ազատության մեջ եմ:

– Իսկ եթե Ձեզ նորից շարունակեն դիմել տարաբնույթ հարցերով, պատրաստվո՞ւմ եք օգնել:

– Այն հարցերով արդեն կդիմեն, որը որ ի զորու եմ արագ լուծել: Էս կողմ, էն կողմ չեմ զանգի: Եթե մենք գնում ենք օրենքի երկիր, ուրեմն չեմ կարող զանգել ասել՝ էս աղջիկը քննությունը չի տվել, նշանակեք: Ո՛չ, թող սովորի, ստանա: Եթե ուզում եք, որ երեխեքն ապագա ունենան, ուրեմն թող սովորեն, եթե չեն կարում սովորեն, ուրեմն պտի չսովորեն: Չեմ կարող ես զանգել ասել՝ անգրագետ ա, քննություն տվել ա, չի անցել, խնդրում եմ անցկացրեք: Ո՛չ, էդ բաներն էլ չեմ անի, էն ժամանակ շատ եմ օգնել, հիմա օրենքի երկիր ենք գնում, շնորհակալ եմ մեր երկրից, թող օրենքով երկիր դառնա, թող ամեն մարդ իր գործն անի:

– Պարոն Մովսիսյան, արդյոք լսե՞լ եք «ՍԱՍ գրուպի» աշխատակիցների հետ հանդիպման ձայնագրությունը, որտեղ ակնհայտ սպառնալիքներ են հնչում: Փաստորեն վախեցնելով, սպառնալով է ՀՀԿ-ն քաղաքացիներից ձայներ ստացել:

– Նման բան չկա, չեմ հավատում: Ոչ մենակ Արտակի, այլև դուք տեսաք Հանրապետականի ուժը և որակը, նորմալ ընտրություն է անցել: ՀՀԿ-ն լուրջ ձայն է հավաքել, և արդար ընտրություն է եղել, մնում է շարունակել աշխատել, վսյո: Ես ՀՀԿ-ի մեջ եմ, նույն ձևով կանգնած եմ ՀՀԿ-ի կողքը:

– Իսկ այդ ձայնագրությունը ինչի՞ մասին է խոսում: Արդյոք Դուք նորմա՞լ եք համարում սպառնալը, նվաստացնելը:

– Գիտեք ինչ, հիմա չեմ կարող ասել, բայց էդ զապիս-մապիսները… դուք էլ հիմա ինձանից լիքը զապիսներ ունեք, որ կարող է մի բան էլ սխալ բան խոսացած լինեմ, բայց գյուղ կա՞, որ շուն չլնի, դավաճաններ էլ կլինեն, հազար ու մի բան կա: Արտակը ի՞նչ կապ ունի էդ ձայնագրության հետ:

Մարդը՝ անկախ նրանից, պաշտոնյա է, թե պաշտոնյա չի, միշտ պետք է պատրաստ լինի իր ժողովրդի հետ խաղաղ պայմանում ապրել, առանց պաշտոնի: Իսկ եթե դու չես ապացուցել, որ տղա ես, մարդ ես կամ հայ անձնավորություն ես, եթե դու պտի մանդատով կամ պաշտոնով ապրես… Իմ կյանքը նվիրել եմ իմ Արցախ աշխարհին, իմ հող ու ջրին, նույն ձևի շարունակելու եմ, միայն Աստված տա պատերազմ չլինի, իսկ եթե եղավ, իմ ազգի կողքին կանգնած եմ: Մնացածը երկրորդական են: Էն, ով ուզում է մանդատով իրեն լավ զգա, ես նրան դեպուտատ չեմ համարում:

– Ապրիլյան պատերազմին մեկնեցիք առաջին գիծ, և տեսանյութ հայտնվեց համացանցում, որտեղ Դուք ծխախոտի տուփեր էիք շպրտում զինվորներին: Ձեզ շատ քննադատեցին…

– Փաթթած ունենամ էդ քննադատողներին հենց նրա համար, որ հայ զինվորին սիգարետ տալուց նկարել են… էդ տանկը Երևանի հրապարակում չի, պոստում ա, դիրքերում է: Ես իմ պարտքն եմ կատարել իմ ազգի առաջ:

– Ձեզ հնարավո՞ր է պաշտոն տան:

– Ես չեմ տառապում պաշտոնով, ես չեմ ուզում ոչ մի պաշտոն, ի՞նչ պարտադիր ա պաշտոն ունենամ: Չհասկացա, դրանո՞վ եմ ապրելու: Ես սենց շատ ավելի հանգիստ եմ ապրում:


դիտվել է 26260 անգամ

«Վանաձորի ավագանու բոյկոտող հատվածը իրականում աջակցում է քաղաքապետին»

ՍԱՊԾ պետին հայտնի է, թե ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ (Տեսանյութ)

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ