Երևան
30 / Ապրիլ / 2017

Ինչու են առավելագույն ձայներ ստացած ռեյտինգային թեկնածուները հրաժարվում մանդատից

Ընտրական նոր օրենսգրքով նախատեսված ռեյտինգային համակարգը մի շարք անորոշություններ մտցրեց այս ընտրակարգի գործընթացում: Նախ՝ ընտրողի համար էր անհասկանալի, իսկ ընտրություններից հետո՝ ռեյտինգային ցուցակի թեկնածուների: Ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուները, ովքեր ամենաշատ ձայներն էին ստացել, վստահ էին, որ իրենք պատգամավոր են դառնալու, սակայն այս օրերին բոլորի մոտ խորը անորոշություն է: Բոլորը սպասում են Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի որոշմանը: Պարզվեց, որ ամենաշատ ձայներ հավաքելը դեռ բավարար հիմք չէ պատգամավոր դառնալու համար: Անհրաժեշտ է կուսակցության ղեկավարի որոշումը:

Սահմանադրագետ Վարդան Այվազյանի խոսքերով՝ իրավական առումով այստեղ խնդիր չի առաջանում, երբ ամենաշատ ձայեր հավաքած թեկնածուները պատգամավոր չեն դառնում: Նրանք մանդատից հրաժարվելու դիմում են գրում և այդպիսով հարցը լուծվում է՝ պատգամավոր են դառնում իրենցից ավելի քիչ ձայներ հավաքած թեկնածուները, որոնց դեպքում կա կայացված քաղաքական որոշում:

«Ռեյտինգային թեկնածուների նվազագույն ցուցակը 5 հոգի է, առավելագույնը՝ 10 հոգի: Հիմա ոչ մի խնդիր չի առաջանում, երբ ամենաշատ ձայներ ստացած թեկնածուները ինքնաբացարկ են հայտնում, դուրս են գալիս ցուցակից, իսկ նրանց փոխարեն նվազագույն ձայներ ստացածները դառնում են նրանց փոխարեն պատգամավոր: Օրենքը տալիս է այդ հնարավորությունը: Ինքնաբացարկը լուծում է այդ խնդիրը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Այվազյանը: Նրա խոսքերով՝ իրավական առումով ամեն ինչ նորմալ է, բայց երբ առավելագույն ձայներ ստացած թեկնածուները դժգոհում են, թե ինչու իրենք չպետք է դառնան պատգամավոր, իսկ նրանց փոխարեն ավելի քիչ ձայներ ստացածները գնան Ազգային ժողով, ապա իրենց դժգոհությունը պետք է հայտնեն կուսակցության ղեկավարին ու իրենց հարցերը լուծեն նրա հետ: Ես չեմ կարծում, որ այդ առավելագույն ձայներ ստացածներին ծեծել-ջարդել են, ստիպել են դիմում գրել: Իսկ եթե նա ինքնաբացարկի դիմում է գրել, արդեն ոչ մի խնդիր չի կարող առաջանալ:

Սահմանադրական փոփոխությունների նախագծի վրա աշխատած, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը նույնպես այս կարծիքին է, որ իրավական առումով այստեղ խնդիր չկա, բայց նրա խոսքերով՝ իր համար այստեղ այլ հարց է հետաքրքիր, եթե առավելագույն ձայներ ստացած թեկնածուները ինքնաբացարկ են հայտնում, ապա ինչու էին նախընտրական շրջանում այդքան միջոցներ ծախսում: «Եթե այստեղ խնդիր կա, ապա դա այն է, որ եթե ես հրաժարվելու էի մանդատից, ապա ինչու էի հսկայական միջոցներ ծախսում ընտրվելու համար: Այստեղ խոսքը բնավ ընտրակաշառքի մասին չի, այլ շտաբերի, նախընտրական քարոզարշավի ընթացքում այլ աշխատանքների համար ծախսվածի մասին է: Օրինական ծախսի մասին է խոսքը: Մի տեսակ անտրամաբանական իրավիճակ է ստեղծվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Դանիելյանը:

Մեր հարցին, թե այն երկրներում, որտեղ ներդրված է այս ինստիտուտը, դարձյա՞լ այս կերպ է աշխատում, մեկ անձի՝ կուսակցության ղեկավարի կողմի՞ց է որոշվում, թե ով գնա Ազգային ժողով, թե ամեն դեպքում տրամաբանորեն են առանջնորդվում՝ ով ավելի շատ ձայն հավաքի, նա է ընտրվում: «Ցանկացած համակարգ չի կարող ամեն երկրում աշխատել նույնությամբ: Դա անհնարին է: Ցանկացած ինստիտուտ, այդ թվում ամենալավը, որը ներդրվում է երկրում, եթե դրա համար նախադրյալներ չկան զարգացման համար, ապա պետք է ակնկալել անկանխատեսելի հետևանքներ»,- ասաց Դանիելյանը:

Նրա խոսքերով՝ եթե համակարգը ներդրվում է, ապա կարելի էր այն տարբերակն ընտրել, որ թեկնածուները մի տարածքում չառաջադրվեին, այլ մի քանի տարածքներում, և հնարավոր լիներ տեսնել, թե տվյալ թեկնածուի ռեյտինգը որքան է և արդյունքում գումարվեր տարբեր տարածքներից նրա ստացած ձայները: Իսկ գործող համակարգի դեպքում այնքան էլ ռեյտինգայինի սկզբունքը չի գործում, ինչը, Դանիելյանի դիտարկմամբ, ավելի շատ քաղաքական խնդիր է:

Ինչ վերաբերում է ԸՕ-ի այլ խնդրահարույց դրույթներին, ապա իրավաբանի խոսքերով՝ դեռ վաղ է գնահատել, բայց խնդիրներ կան և դրանք պետք է պահել ուշադրության կենտրոնում: Դանիելյանի խոսքերով՝ հատկապես խնդրահարույց է մի ընտրատարածքի ներսում մի քանի այլ տարածքներ ունենալը: «Մենք ունեցանք 13 ընտրատարածք, բայց միաժամանակ մենք ունեցանք այլ տարածքներ, ինչն անընդունելի էր: Թերությունները պետք է վերանայել, շտկել, բաց ոչ թե հիմնովին փոխել, քանի որ մենք ունենք կետեր, սկզբունքներ, որոնք մեծ ձեռքբերում են, և պետք է ամեն գնով պահպանել դա: Բայց վերանայումների կարիք կա»,- եզրափակեց Դանիելյանը:


դիտվել է 72991 անգամ

Այս թեմայով

«Վանաձորի ավագանու բոյկոտող հատվածը իրականում աջակցում է քաղաքապետին»

ՍԱՊԾ պետին հայտնի է, թե ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ (Տեսանյութ)

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ