Երևան
30 / Ապրիլ / 2017

«Բայց ո՞վ ասաց, թե ՍԴ-ն կարող է ասել, որ ես հրաժարական տամ». Մամիկոն Ասլանյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Առաջիկա օրերին Վանաձորի ավագանու ընդդիմադիր անդամները կդիմեն Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ավագանու նիստերի և դրանց որոշումների հակաիրավական լինելը: Այժմ «Լուսավոր Հայաստանի» ավագանու անդամ Քրիստ Մարուքյանն աշխատում է ՍԴ դիմումի վրա: Նշենք, որ ընդդիմությունը նախկինում պնդում էր, որ ապրիլի 10–ից հետո Վանաձորի ավագանու լիազորությունները օրենքով դադարելու են, քանի որ լրանում է 6 ամիսը, ինչ նիստ չի գումարվել, իսկ օրենքով այդ դեպքում դադարում են լիազորությունները:

«Մարտի 31–ին Մամիկոն Ասլանյանը ոչ իրավազոր նիստ է հրավիրել և դրանով փորձել ազատվել ավագանու լիազորությունների դադարեցման վտանգից: Սակայն այդ նիստի իրավազորությունը վիճարկելու և բեկանելու պարագայում նաև այդ 6 ամսվա ժամկետն է գործողության մեջ մտնելու, որ պետք է ավագանու լուծարման և նոր ընտրությունների նշանակման ուղղությամբ քայլեր արվեն»,– «Փաստի» հետ զրույցում ասաց Քրիստ Մարուքյանը: Ըստ նրա՝ Վանաձորի ավագանու ոչ մարտի 31–ին, ոչ ապրիլի 18–ին հրավիրած նիստերը չեն կարող իրավազոր լինել:

«Օրենքը հստակ սահմանում է, որ ավագանու անդամների կեսից ավելին պետք է ներկա լինի նիստին, և չի կարող օրենքի մի կետը մյուս կետին հակասել և չի կարող ավագանու անդամների կեսից պակաս թիվը համարվել բավարար՝ նիստ գումարելու համար: Օրենքի տարընթերցումներն են բերվում որպես հիմք, դրա համար պետք է վիճարկել հենց ավագանու նիստերի օրինականությունն ու իրավաչափությունը և նման միջոցներով կայացված որոշումների իրավական հիմքերը»,– ասաց Մարուքյանը: Ըստ նրա՝ նիստերում որոշումներ է կայացվել, որոնք որևէ օրինական հիմք չեն կարող ունենալ: «Բյուջեի մասին օրենքն է խախտվել:

Մարտի 31–ին բյուջե են հաստատել, որը որևէ իրավական հիմնավորում չունի: Որոշումներ են կայացվել, որոնք որևէ օրինական հիմք չեն կարող ունենալ: Բյուջեն պետք է ընդունվեր մինչև բյուջետային տարին սկսելը, և օրենքը սահմանում է, որ եթե բյուջեն չի հաստատվում, ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով, ինչը ևս խախտվել է, և համայնքի ղեկավարը որևէ նոր ներդրում կատարելու իրավասություն չունի»,– նշեց Մարուքյանը:

Անկախ, թե Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի ՀՀԿ–ական քաղաքապետի գործողությունների առթիվ, ավագանու ընդդիմադիր անդամն ասաց, որ օրինական բոլոր լծակներն օգտագործելու են պայքարելու համար: «Օրենքով սահմանված բոլոր լծակները մենք պետք է կիրառենք: Թե ինչի կհասնենք, կտեսնենք իրար հետ միասին»,– ասաց նա՝ հավելելով, որ ՍԴ ներկայացվող հայցադիմումի տեքստն ավարտելուց հետո հարցը կքննարկեն մյուս ընդդիմադիր խմբակցությունների հետ: Վանաձորի ՀՀԿ–ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մինչդեռ, «Փաստի» հետ զրույցում հայտարարեց, որ եթե անգամ Սահմանադրական դատարանը իրենց նիստերն ու որոշումները ոչ իրավազոր ճանաչի, ինքը հրաժարական չի տա: «Բայց ո՞վ ասաց, որ ՍԴ–ն կարող է ասել, որ ես հրաժարական տամ: Չկա նման բան, դա ոմանց հաճելի մոլորության արդյունքն է: Երազ են տեսել, նման բան իրականության մեջ էսօր գոյություն չունի: Ինչի՞ համար հրաժարական տամ»,– հայտարարեց Ասլանյանը՝ հավելելով. «Որտեղ որ դիմել են, էնտեղ իրենք իրենց պատասխանները կստանան: Ես չեմ ուզում մեկնաբանել: Ես գործել եմ օրենքի տառին համապատասխան, գումարված նիստերն իրավազոր են»:

Հարցին, թե եթե նիստերում ավագանու անդամները կեսից քիչ են եղել, ինչպես կարող է նիստն իրավազոր լինել, Վանաձորի քաղաքապետը նման պատասխան տվեց. «Բայց որտե՞ղ ա գրած, որ կեսից շատ պիտի լինեն: Իրենք օրենքը սխալ են մեկնաբանում»: Դիտարկմանը, թե ասել է թե՝ վստահ է, որ իշխանությունն իր թիկունքին է կանգնած ու ՍԴ–ն հակասահմանադրական չի ճանաչի իր գործողությունները, Մամիկոն Ասլանյանը հայտարարեց. «Իշխանությունները ի՞նչ կապ ունեն, օրենքներն են իմ թիկունքին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


դիտվել է 1138 անգամ

«Վանաձորի ավագանու բոյկոտող հատվածը իրականում աջակցում է քաղաքապետին»

ՍԱՊԾ պետին հայտնի է, թե ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ (Տեսանյութ)

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ