Երևան
28 / Մայիս / 2017

Հրաչյա Հարությունյանի հարցը լուծվա՞ծ է

Lragir.am-ը գրում է․

Ռուսաստանում արդեն չորս տարի պատիժը կրող Հրաչյա Հարությունյանը կփոխանցվի Հայաստան՝ պատժի մնացած մասն այստեղ կրելու համար:
Հրաչյա Հարությունյանի գործում փոխանցման առումով ֆինանսական խոչընդոտի հաղթահարման մասին հայտնի էր դարձել նախօրեին: Արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանի կառավարության ջանքով վերացվել է Հրաչյա Հարությունյանի ֆինանսական պարտավորության խոչընդոտը: Հարությունյանը դատապարտվեց 2013 թվականին Մերձմոսկվայում տեղի ունեցած վթարի պատճառով, երբ նրա վարած բեռնատարը արգելակների խափանման պատճառով հարվածել էր ավտոբուսին՝ դառնալով 18 մարդու մահվան պատճառ: Հրաչյա Հարությունյանը դատապարտվեց 6,5 տարվա ազատազրկման:
Նրա գործը սկանդալային դարձավ այն բանից հետո, երբ ՌԴ նախաքննության մարմինը նախնական կալանքի հարցը որոշելու համար Հարությունյանին դատարան էր ներկայացրել կանացի խալաթով, նվաստացուցիչ վիճակում: Հայաստանի հանրության խիստ դժգոհության կապակցությամբ եղավ ՌԴ իրավապահների բացատրությունը, թե այդ պահին նա չի ունեցել որեւէ պատշաճ հագուստ:
Հասկանալի է, որ դա անհեթեթ եւ վիրավորանքն էլ ավելի խորացնող բացատրություն էր: Միաժամանակ ակնհայտ էր, որ տեղի ունեցածում պատասխանատվության իր մեծ բաժինն ուներ նաեւ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը:
Հրաչյա Հարությունյանի գործը «նոր երանգ» ստացավ 2015 թվականին, արդեն Հայաստանում տեղի ունեցած ոճրագործության, ողբերգության ֆոնին, երբ Գյումրու ռուսական ռազմակայանի զինծառայող Պերմյակովը գնդակահարեց Ավետիսյանների ընտանիքը եւ սպանեց բոլոր 7 անդամներին: Մինչ այժմ բազմաթիվ հարցեր պարունակող եւ պատասխան չստացած մի գործ: Պերմյակովի կատարած սարսափելի ոճրագործությունը մեծ աղմուկի պատճառ դարձավ նաեւ Ռուսաստանի գործողությունների պատճառով:
Պերմյակովին իբրեւ թե հայտնաբերեցին հայ-թուրքական սահմանը հսկող ՌԴ սահմանապահ ստորաբաժանումները եւ համաձայն օրենքի Հայաստանի ԱԱԾ-ին փոխանցելու փոխարեն, նրան հանձնեցին ՌԴ ռազմակայանին: Պերմյակովը մինչ օրս «ի պահ» է տրված այնտեղ:
Ռուսաստանը մի քանի ամիս անց Հայաստանին փոխանցեց Պերմյակովի գործը, սակայն ոչ Պերմյակովին: Անգամ դատավարությունը տեղի ունեցավ ՌԴ ռազմակայանի տարածքում: Պերմյակովը մինչ այժմ գտնվում է այնտեղ եւ պատիժը կրելու վերջնական վայրի հարցը դեռեւս բաց է, քանի որ նրա գործով կա վճռաբեկ բողոք: Պերմյակովի գործով տուժողները ֆինանսական փոխհատուցման համար դիմել են դատարան: Իսկ հանցագործության համար Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման:
Որոշակի ժամանակահատվածից ի վեր տեղեկատվական տիրույթում հայտնվեց վարկած, որ ռուսական կողմը կարող է Հայաստանին առաջարկել փոխանակում՝ Հրաչյա Հարությունյանը հանձնվում է Հայաստանին՝ այստեղ պատիժը կրելու, իսկ Պերմյակովը հանձնվում է Ռուսաստանին, այսինքն պատիժը կրելու համար:
Այդպիսի փոխանակման մասին խոսակցությունները մնացել են ոչ պաշտոնական տեղեկատվական հարթության վրա, պաշտոնապես որեւէ խոսք չի եղել եւ թերեւս չէր էլ կարող լինել այդ մասին:
Բայց Հրաչյա Հարությունյանի Հայաստան տեղափոխման մասին տեղեկատվությունը թերեւս կրկին կտա հնարավոր ոչ պաշտոնական «փոխանակման» մասին խոսակցության առիթ:
Թե ինչու Ռուսաստանն այդպես մինչեւ վերջ «ատամներով պահեց» Պերմյակովին, թույլ չտալով, որ նա հայաստանյան իրավապահ համակարգի համար լինի լիարժեք հասանելիության տիրույթում, պարզ չէ: Բայց այդ հարցում հետեւողականությունն ու սկզբունքայնությունն իսկապես խոսուն է եւ ըստ այդմ կասկած չկա, որ Ռուսաստանը նաեւ կանի հնարավորը՝ Պերմյակովին պատիժը կրելու համար Ռուսաստան տեղափոխելու հարցում:
Ի դեպ, այդ առումով առկա տեղեկությունների ֆոնին ուշագրավ էր նաեւ օրերս Գյումրիում տեղի ունեցած մեկ այլ ոճրագործություն, թերեւս ոչ պակաս խորհրդավոր երանգներով: Սպանվել է Գյումրիի ՌԴ ռազմակայանի 21-ամյա ծառայողը, սպանվել է ռազմակայանից դուրս: Նրա սպանության համար կասկածվում է Ստեփանավանի բնակիչ Ա.Ջ.-ն, որի վերաբերյալ տեղեկություն է հայտնվել, որ նա մինչեւ 19 տարեկան ապրել է Հունաստանում եւ «մահմեդականացած հայ է», կրոնամոլ, որը շրջում է Ղուրանից անբաժան: Դա էլ դեռեւս ոչ պաշտոնական մակարդակով առկա տեղեկություն է, որը սակայն պարունակում է բավական բազմիմաստ զարգացումների «ներուժ», հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ «կրոնական» մոտիվներ առկա էին նաեւ Պերմյակովի գործողության հիմքում:
Դա իմիջիայլոց, իսկ Հրաչյա Հարությունյանի Հայաստան տեղափոխումը իհարկե դրական զարգացում է, քանի որ Հարությունյանը մեղավոր լինելով 18 մարդկանց մահվան հարցում, այդուհանդերձ ինքն էլ գործնականում մի շարք հակասական հանգամանքների զոհ էր, նաեւ անձնական պատմության հուզիչ երանգներով:


դիտվել է 6763 անգամ

Դավաճան Վահան Մարտիրոսյանի «ապտակը» Ալիևյան ռեժիմին. հերթական սադրա՞նք թե ծածուկ խաղ

Միշա Գալուստյանի եւ Թիմաթիի զվարճալի հոլովակը (video)

Մերի Մակարյանի և նշանածի գեղեցիկ տանգոն Սարգիս Ավետիսյանի հուզիչ երգի ներքո (տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ