Երևան
24 / Հուլիս / 2017

Հայտնի է Արցախի խնդրի լուծումը. Հայաստանին ասում են Ադրբեջանին զսպելու տարբերակը

Արցախի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի հերթական լարումն ու դրա հետեւանքով հայկական կողմի նոր կորուստը հանրության մոտ ցավալի զգացումներից բացի, սրում է նաեւ քննարկումները իրավիճակի կապակցությամբ: Դրանց ընթացքում հնչում են բազմաթիվ կարծիքներ, որ Ադրբեջանը չի հանդարտվի եւ չի դադարեցնի սադրանքները կամ պարզապես մարդասպանությունը, քանի դեռ չստանա ուժգին ռազմական պատասխան:
Դա իհարկե տրամաբանական է: Ինչ որ մեկը պետք է պատժի Ալիեւին, եւ եթե դա տեղի չի ունենում միջազգային մեխանիզմներով, ապա այլ ելք, քան անել դա հայկական զինուժի միջոցով, թվում է թե չկա: Բայց որքան էլ ադրբեջանական ագրեսիայի, ցինիզմի ու սանձարձակության առաջացրած վրդովմունքը եւ հայկական բանակի մարդկային կորուստներից առաջացող մեծ ցավը ուժգին ելք է տալիս մի կողմից տրամաբանական, մյուս կողմից իհարկե մեծ մասով զգայական հռետորաբանությանը, իրավիճակն անկասկած միարժեք չէ:
Ապրիլի պատերազմը գործնականում ցույց տվեց մի բան, որ կողմերից որեւէ մեկը չունի մյուսի հանդեպ արագ եւ համոզիչ առավելության հասնելու հնարավորություն: Ադրբեջանը բախվեց հայկական զինված ուժերի դիմադրությանն ու հակագրոհին, համոզվելով, որ ձեռք բերած ռազմա-տեխնիկական առավելությունը միեւնույն է չի տալիս Հայաստանին հաղթելու հնարավորություն, բայց նաեւ պետք է լինել իրատես ու հասկանալ, որ Հայաստանն էլ չունի Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրելու հնարավորություն:
Հակառակորդից վախենալ պետք չէ, բայց պետք չէ նաեւ թերագնահատել հակառակորդին: Պետք չէ նաեւ հակառակորդի եւ սեփական ուժերի հարաբերակցության իրատեսական գնահատումը նենգափոխել՝ ներկայացնելով իբրեւ վախ: Իրատեսությունը վախ չէ, իսկ իրականությունից կտրված, թեկուզ վախի իսպառ զուրկ պաթոսը կարող է լինել ավելի վտանգավոր, քան վախը:
Ադրբեջանական բանակն անցած տարիների ընթացքում բավականաչափ սպառազինվել է, արդիականացվել՝ անձնակազմի ոչ բավարար մարտունակությունը «փոխհատուցելու», այդ բացը լրացնելու համար: Եվ եթե այս հանգամանքին էլ գումարենք այն, որ Ալիեւի համար մարդկային կյանքն ակնհայտորեն չունի որեւէ արժեք, ապա մեղմ ասած առնվազն 50/50 է հարաբերակցությունը, որ Ալիեւը կարող է եւ չվախենալ պատասխան թեկուզ անհամաչափ հարվածներից եւ պարզապես կգնա նոր շանտաժի եւ սրացման:
Այդ իմաստով, որքան էլ վրդովմունքը եւ ցավը միախառնված պահանջում են հուժկու պատասխան Ադրբեջանին, այդուհանդերձ իրատեսությունը թերեւս հուշում է նաեւ այլ բան: Ինչ խոսք, դրանով հանդերձ հասկանալի չէ, երբ այդ մասին հրապարակային հայտարարություններ է անում Գերագույն գլխավոր հրամանատարը: Եվ ընդհանրապես, հայաստանյան իշխանական եւ ներքաղաքական կյանքում քննարկման առարկան Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի ուժային կամ ռեսուրսային հարաբերակցությունը չէ, որ պետք է լինի: Հրապարակային քննարկման առարկան պետք է լինի այդ հարաբերակցության մասին իրատեսական պատկերացումների հիման վրա առավելագույն ռացիոնալ եւ հեռանկարային ելքերի եւ լուծումների հարցը:
Դա այն էլ չէ, թե օր առաջ պետք է սուրալ Ադրբեջանի հետ հաշտության: Այդ մոտեցումն ընդհանրապես անկենսունակ է, անհեռանկար եւ նույնիսկ վտանգավոր, այն պարզ պատճառով, որ չկա պատասխանը հարցի՝ իսկ ի՞նչ ենք անում, եթե Ադրբեջանը մերժում է այդ հաշտությունն ու պնդում իրենը: Եվ բացի այդ, ադրբեջանական ագրեսիային եւ ռազմական մարդասպան դիվանագիտության պարագայում Հայաստանից այդօրինակ արձագանքն այլ բան չէ, քան Ադրբեջանի այդ մարտավարության անուղղակի արդարացում:
Լուծումը Հայաստանի պաշտպանունակության մակարդակի անդադար բարձրացումն է բոլոր ուղղություններով, տնտեսությունից մինչեւ քաղաքացիական պաշտպանություն, քաղաքական համակարգից մինչեւ անվտանգության համակարգ եւ սահման: Եվ այդ ամենի հիմքում, իբրեւ գերակա արժեք, առաջնահերթություն եւ անբեկանելի նպատակ պետք է լինի մարդը, մարդկային կյանքն ու դրա անվտանգությունը՝ լինի սահմանին կանգնած զինվորը, թիկունքում ծառայողը, թե պարզապես շարքային քաղաքացին: Ընդ որում, անվտանգություն հասկացությունը պետք է ներառի ամբողջ համալիրը՝ սոցիալական, իրավական, հոգեբանական, ֆիզիկական:
Եթե Հայաստանը չի կարողանում այդ խնդիրները լուծել այժմ՝ ունենալով Արցախի խնդիր, այդ խնդիրները ոչ միայն լուծել, այլ ձեւակերպել անգամ չի կարողանալու Արցախի խնդիրը «լուծելուց» հետո:
Այդ իմաստով, ուշադրության է արժանի մոտեցումը, թե հնարավոր չէ զարգանալ Արցախի խնդիրը չլուծելով: Այն դեպքում, երբ Արցախի խնդրի՝ Հայաստանի ու նույնիսկ տարածաշրջանի համար անվտանգ եւ կայուն հեռանկարով լուծումը կարող է լինել միայն Հայաստանի զարգացումը: Հայաստանը պետք է զարգանա, որպեսզի կարողանա իր եւ տարածաշրջանի անվտանգության եւ զագացման հեռանկարից բխող լուծում ապահովի Արցախի համար:
Այդ մասին Հայաստանին չափազանց թափանցիկ ակնարկում են անգամ միջազգային դիվանագետները, ինչի ամենթարմ օրինակը Հայաստանում ԱՄՆ դեսպանի փետրվարի 1-ին ունեցած ելույթն էր:

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/147546


դիտվել է 192581 անգամ

Ինչպես է Վլադիմիր Պուտինը ալկոհոլ խմում. КГБ-ի հատուկ տեխնիկա (Video)

Օրենքով գողերի ու հեղինակությունների դաջվածքներն ու դրանց նշանակությունը. Բացառիկ տեսանյութ

Տեսահոլովակի պրեմիերա. Իջին – Вдыхай мой воздух

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)