Երևան
22 / Հունիս / 2017

Էլ ձախողելու բան չկա, որ ձախողենք

Lragir.am-ի զրուցակիցն է «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Վարդան Բոստանջյանը:

Շուտով կառավարությունը կներկայացնի իր ծրագիրը: Ձեր կարծիքով, այն կարո՞ղ է լինել հավակնոտ՝ հաշվի առնելով, որ, ըստ էության, այդ նույն ծրագիրը նախորդ տարի դրվել էր քննարկման:

Հավակնոտը լիրիկական բառ է, որը հասկանալով կամ չհասկանալով կիրառում են, բայց բոլոր դեպքերում կառավարության ծրագիրը, հատկապես նախորդը, այնպիսին էր, որ մեր առջև ծառացած հրատապ, կարևորագույն խնդիրների լուծման բանալի էր: Թե որքանով մենք դա արդյունավետորեն կկիրառենք, դա հարցի մյուս կողմն է: Այդ կտրվածքով, հավակնոտ կոչեցյալ բառը գոնե ինձ համար չաշխատող է: Մեր տնտեսությունն ունի բազմաթիվ կնճռոտ խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ, առաջնահերթ լուծում: Ես ուզում եմ մտածել, որ պարզապես հնարավոր չէ, որ այդ խնդիրները կառավարության գործունեության ծրագրում ներկայացված չլինեն:

Դուք հակված եք կո՞ղմ քվեարկել կառավարության ծրագրին, թե դեմ:

Կողմ կամ դեմ քվեարկելն ինքնանպատակ չէ: Ասենք եկել են ձեզ համար լավ գործ անելու, դուք կո՞ղմ եք, թե դեմ: Եթե այդ ծրագրի մեջ ներառված են այնպիսի խնդիրներ, որոնք իսկապես իրենց հրատապությամբ և արդիականությամբ չափազանց կարևոր են, ինչո՞ւ պետք է դեմ լինես: Ասենք կարող է պատահել չափազանց լավին ցանկանաս դեմ լինել, բայց ինչո՞ւ դեմ լինես:

Իսկ իշխանությունը, Ձեր կարծիքով, կարո՞ղ է լավ ծրագիր ներկայացնել, հաշվի առնելով, որ ըստ էության տարիներ շարունակ ձախողել է տնտեսությունը:

Տնտեսությունն անցած տարիների ընթացքում իհարկե ձախողել է, բայց բոլոր դեպքերում, ցանկացած անկում իր հատակն ունի, որտեղից ներքև հնարավոր չէ նահանջել: Ես կարծում եմ, որ խոշոր առումով մենք գտնվում ենք նման իրավիճակում: Էլ ձախողելու բան չկա, որ ձախողենք: Ավելին, այս պահին կարևորվում է ներդրումային քաղաքականությունը, որը ցանկացած տնտեսության պարագայում չափազանց կարևոր է: Եթե ստացվի և մենք կարողանանք խթանել ներդրումային քաղաքականությունը, ապահովել հաջողություն, բնականաբար, այս ոչ ցանկալի վիճակից դուրս կգանք: Ուզում եմ ենթադրել, որ կառավարությունը տնտեսության զարգացման վերաբերյալ բոլոր բարձրաձայնումներն ավելի արագ կկենսագործի:

Սերժ Սարգսյանը ԱԺ անդրանիկ նիստում հայտարարեց, որ 2040 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 15 հազար դոլարի, արտահանումն էլ կհասնի ՀՆԱ 50-55 տոկոսի: Որքանո՞վ են իրատեսական նման կանխատեսումները:

Աշխատելու պարագայում ամեն ինչ էլ հնարավոր է: Եթե չաշխատես, պարզ չի՞, որ հնարավոր չէ: Բայց, բոլոր դեպքերում, ուղղորդված, արդյունավետ գործունեության արդյունքում լրիվ հնարավոր է: Ես երեկ կարդացի, որ որոշ հուզվածներ հայտարարում էին, որ դա անիրատեսական է: Էդ բառը լավ են սովորել մերոնք, ի՞նչ է նշանակում անիրատեսական: Եթե ոչինչ չանես, այո, ամեն ինչն է անիրատեսական: Բայց խոսվում է այն մասին, որ պետք է վճռականությունը, գործունեության արդյունավետությունը, ուղղորդվածությունը անհրաժեշտ մակարդակի լինի, և այդ դեպքում այդ ցուցանիշներին հասնելը երկրի համար բացարձակապես խնդիր չի առաջացնի: Առավել ևս, որ մեր մարդկային կապիտալով այդ խնդիրներն իրագործելու համար որևէ դժվարություն չունենք:

Սերժ Սարգսյանը հայտարարեց նաև, որ 2040 թվականին ՀՀ բնակչությունը կհասնի 4 միլիոնի: Դա ե՞ւս իրատեսական է:

Կարող են կասկածամիտներ լինել, որոնք անընդհատ կասկածի հոգեբանությամբ առաջնորդվեն: Ես չէի ուզենա այդպիսի մարդկանց խումբը համալրել: Եթե մեր երկիրը լավն է, ինձ այդպես է թվում, և աշխատանքի առումով, և եկամտի առումով, ամենակենցաղային ու սոցիալական հարցերում հասնում ենք հաջողության կամ ֆիքսում ենք այդպիսի ընթացք, ինչո՞ւ չպետք է հասնենք նախանշված արդյունքներին: 4 միլիոնը անիրատեսական թիվ չի, մենք եղել ենք այդքան և ավելի: Այս պարագայում, ի տարբերություն աշխարհի տարբեր տարածաշրջանների, որտեղ տեսնում ենք, թե ինչ խայտառակ իրավիճակ է, գալիս ենք այն եզրակացության, որ մեր երկիրը, գոնե իմ համոզմամբ, մնում է ամենալավը:

«Ծառուկյան» դաշինքում շարունակվո՞ւմ է ինտրիգը՝ հատկապես կապված Իշխան Զաքարյանի և նրա ապագայի հետ:

Չի շարունակվում, որովհետև ինտրիգ չի էլ եղել: Եղել է պարզապես ինչ-որ մի պահ, երբ տեղի է ունեցել չկորդինացված գործունեություն, որն անցավ արդեն:

Իշխան Զաքարյանը վայր կդնի՞ մանդատը, ինչպես գրում է մամուլը:

Բայց ինչո՞ւ պետք է վայր դնի: Դուք հակված եք, որ մենք արտառոց մտքեր ու նախադասություննե՞ր ասենք: Մեր երկիրը զարգացման հազար խնդիր ունի, իսկ դուք ամենաշատը հուզված եք Իշխան Զաքարյանի մանդատը դնել-չդնելո՞վ: Դուք բարի բիոտոկեր նետեք իրականություն: Դուք հակված եք ամեն ինչում ինտրիգ տեսնե՞լ: Այո, մամուլը կարող է սրել հարցերը, բայց մամուլն իրավունք չունի երկրի հաջողությունները մի կողմ թողնի, միմիայն հուզված լինի ամենազանազան խնդիրներով, որ մեկը փռշտաց, մյուսը հազաց:

Տարօրինակ չե՞ք համարում, որ Իշխան Զաքարյանը ԱԺ նիստերից ոչ մեկին չմասնակցեց: Նաև նշվում է, որ դաշինքի ներսում կա կոնֆլիկտ:

Բոլոր դեպքերում մարդ է, և հանկարծ այդ պահին վատ է զգացել... ընդամենը 2 օր են նիստ արել, և բնականաբար, եթե դու վատառողջ ես, կարող ես երկու օր չգալ: Դրանից պետք է ողբերգությո՞ւն շինել:


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 1283 անգամ

Երկար փնտրելուց հետո վերջն ինձ համար նորմալ գործ գտա. Արմեն Պետրոսյան (Video)

Հայտնիներից ովքե՞ր են ներկա եղել օրերս կայացած հերթական աստղային հարսանիքին

Հենրիխ Մխիթարյանի և նրա մայրիկի հայկական պարը (VIDEO)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ