Երևան
27 / Հուլիս / 2017

Ապրիլին լուրջ գումարներ են Հայաստանից դուրս բերվել. Ինչ է կատարվում

Lragir.am-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը

Պարոն Խաչատրյան, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ներդրումների զուտ հոսքերի ծավալը բացասական է եղել՝ կազմելով -7 մլրդ 536.5 մլն դրամ: Ի՞նչ է սա նշանակում:

- Դա նշանակում է, որ ներդրումների առումով Հայաստանից դուրս եկող գումարներն ավելի շատ են, քան երկիր եկող գումարները: Տնտեսագիտական տեսանկյունից դա համարվում է կապիտալի արտահոսք:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ասում է, որ զուտ ներհոսքի բացասական լինելը չի կարելի համարել ՀՀ-ից կապիտալի արտահոսք, որովհետև դրանում ներառված են այն գումարները, որոնք Հայաստանի կազմակերպությունների կողմից որպես կանխավճար փոխանցվել են օտարերկրյա արտադրողներին՝ հիմնական միջոցներ ձեռք բերելու համար:

- Մի քիչ ավելի գրագետ բացատրության կարիք կա: Այդ դեպքում պետք է ներկայացնեն նախորդ տարիների պատկերը: Որպեսզի այդ խոսակցությունն ավելի լուրջ լինի, պետք է այդ միտումներն ուղղակի ժամանակի մեջ ցույց տան, թող նախորդ տարվա այս ժամանակահատվածը համեմատեն ու վերլուծեն՝ կանխավճարներ դարձյալ եղե՞լ են, միտումները դրական են եղել, թե՞ բացասական: Այս դեպքում կարևորը Ազգային վիճակագրական ծառայության կողմից արձանագրած փաստն է, եթե կարիք կա բացելու այդ ամենը ու մանրամասնելու, թող իրենք մեզ ներկայացնեն: Իրենց ասածն ընդամենը ենթադրություն է, փաստը մնում է փաստ, որ արձանագրված է, որ ներդրումների զուտ հոսքը բացասական է: Իսկ դա նշանակում է, որ մարդիկ ավելի շատ գերադասել են կապիտալը դուրս հանել այստեղից: Երեք ամիս հետո, երբ կպարզվի, որ դա այն է, ինչ նախարարն ասում է, մեր կողմից կարձանագրվի նաև դա, որ այդ կանխավճարների արդյունքում ձեռք են բերվել ինչ-որ կոնկրետ սարքավորումներ և այլն:

Մի քիչ պետք է զգույշ լինել այս իրավիճակի հետ, բայց տնտեսագիտորեն դա կոչվում է կապիտալի արտահոսք: Ես ուշադրություն կհրավիրեի մեկ այլ տվյալների վրա՝ նայեք Կենտրոնական բանկի հրապարակած ֆիզիկական անձանց տրանսֆերտների ցուցանիշը: Այնտեղ դարձյալ հետաքրքիր պատկեր ենք տեսնում. այս տարվա ապրիլ ամսին բավական լուրջ գումարներ են Հայաստանից գնացել: 2006 թվականից մինչև հիմա ոչ մի տարի չի եղել, որ ապրիլ ամսին նման արտահոսք լինի: Ոչ թե պետք է հայտարարություններ անել, այլ հիմնվել այս թվերի վրա, վերլուծություններ անել և պարզել, թե երկրում տնտեսության վիճակն ինչպիսին է: Եթե երկրում վիճակ է լավացել, ինչպես իրենք են ասում, առաջին հերթին դա պետք է զգա քաղաքացին իր մաշկի վրա ու տնտեսությունը: Բայց ոչ մեկն է զգում դա, ոչ էլ մյուսը:

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում կատարված ուղղակի ներդրումներն ավելացել են մոտ 5 մլրդ դրամի չափով: Դա բավարա՞ր է:

- Ոչ, բավարար չէ, որովհետև եթե այսպես գնա, կստացվի, որ այս տարվա վերջին կունենանք մոտ 400 մլն դոլար ներդրումներ: Իսկ դա ծիծաղելի թիվ է: Վրաստանի դեպքում նախորդ տարի եղել է 1.5 մլրդ դոլար: Այսինքն՝ դրական է այն առումով, որ օտարերկրյա ուղղակի ներդրումներն ավելացել են, բայց դա բավարար չէ: Այս դեպքում նույնպես պետք է ոչ թե այդ թվերին գերի դառնալ, այլ պետք է դրանք վերլուծել, ներկայացնել, թե դրանց տակ ինչ ծրագրեր են իրականություն դարձել, ինչ ակնկալիք կա հետագայի համար: Մեզ մատուցվել է, որ 850 մլն դոլարի ներդրում անելու ակնկալիք կա այս տարի, 3.5 մլրդ դոլարի՝ ապագա մի քանի տարիներին: Դա ծիծաղելի է, եթե 3.5 մլրդ դոլարի ներդրումը լինելու է 4-5 տարում, ապա լուրջ տնտեսական աճի մասին խոսք չկա:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանի գործընկեր Ռուսաստանից կատարվող ներդրումներն են նվազել: Եվ զուտ ներհոսքերի, և ուղղակի ներդրումների առումով ՌԴ հետ ցուցանիշները բացասական են, այնինչ ակնկալվում էր, որ հենց Ռուսաստանից պետք է Հայաստանում առաջին ներդրումներն արվեին այս տարի: Ինչո՞ւ է այս իրավիճակը:

- Հենց այդ արտահոսքն էլ հիմնականում դեպի Ռուսաստան է եղել: Դա նշանակում է, որ ռուսական այն ընկերությունները, որոնք ներկայացված են Հայաստանում, դրանք ուղղակի փող չունեն: Ավելին, եթե նայում ենք, տեսնում ենք, որ ռուսական հեռահաղորդակցության ընկերությունների ֆինանսական վիճակը բավական վատացել է:

Այսինքն՝ փոխանակ ՌԴ-ից Հայաստան ներդրումներ գային այս տարի, հակառակ գործընթա՞ցն է տեղի ունեցել:

Այո, և սա մտահոգիչ է: Գիտե՞ք ինչն է անընդունելի, որ ամեն կերպ ուզում են արդարացնել այն, ինչ կա: Բայց դրա փոխարեն պետք է պարզապես բացատրեն, թե ինչ է կատարվում: Նույնիսկ եթե վատ զարգացումներ են տեղի ունենում, պետք է բացատրեն, թե ինչու է այս իրավիճակը: Եթե մինուս են ներդրումները, պետք է նորմալ բացատրություն տան, ոչ թե ասեն՝ կանխավճարներ են կատարվել և այլն:

Կառավարության խոստումը, թե այս տարի 800-850 մլն դոլար ներդրումներ են կատարվելու երկրում, հնարավոր կլինի՞ իրագործել: Տարին արդեն կիսվում է, մենք տեսնում ենք, որ էական տեղաշարժ չկա:

- Իմ մոտեցումն այն է, որ եթե այդքան խոսում են այդ մասին, ես ավելի շատ անհանգստանում եմ: Եթե լինի այդքան ներդրում, կասեն, մենք էլ կզգանք: Դրա արդյունքում կբացվեն աշխատատեղեր, հարկերը կավելանան, պետությունը հնարավորություն կունենա հարցեր լուծել: Իրենց հրապարակած պաշտոնական տվյալներից հասկանում ենք, որ ամենաշատ աշխատատեղ պետք է ստեղծվի Ամուլսարում: Ըստ էության, այո, դա հնարավոր է, որովհետև հանքավայրը շահագործող ընկերության համար արդեն եկել է վճռական փուլ, որ պետք է սկսեն արդյունահանման ու մշակման աշխատանքները, աշխատատեղեր կստեղծվեն: Բայց մնացածի մասով ես չգիտեմ՝ այդ խոստացված աշխատատեղերը կստեղծվեն, թե չեն ստեղծի: Երբ կլինի, այն ժամանակ դրա մասին կարելի է խոսել:

Ավելի ճիշտ է խոսել ոչ թե դրա մասին, այլ ներդրումային միջավայրի: Իմ կարծիքով՝ այդ միջավայրում փոփոխություն չկա: Բացի խոսքերից ու ելույթներից ի՞նչ է փոխվել: Հակառակը, վատ իրադարձություններ են եղել, խայտառակ ընտրություններ են անցկացվել, ինչը չեմ կարծում, թե ներդրողներին ոգևորել է: Դատական համակարգն արդեն սկսե՞լ է օրենքի շրջանակներում հարց լուծել, ծանոթ-բարեկամների միջոցով հարց լուծելու մեթոդը փոխվե՞լ է, հարկային քաղաքականությունը փոխվե՞լ է, մաքսային ծառայության աշխատակիցների աշխատաոճը փոխվե՞լ է: Ի՞նչ է փոխվել, ոչինչ:

Ամենակարևորը հետևյալն է՝ ի վերջո ներդրողները գնում են այնտեղ, որտեղ կան ցածր հարկեր: Հիմա ինչո՞ւ պետք է գան Հայաստան, եթե կա Վրաստանը, որտեղ ներդրողների համար բարենպաստ միջավայր է:


դիտվել է 9065 անգամ

Ինչպես է Վլադիմիր Պուտինը ալկոհոլ խմում. КГБ-ի հատուկ տեխնիկա (Video)

Օրենքով գողերի ու հեղինակությունների դաջվածքներն ու դրանց նշանակությունը. Բացառիկ տեսանյութ

Տեսահոլովակի պրեմիերա. Իջին – Вдыхай мой воздух

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)