Երևան
28 / Հունիս / 2017

Ադրբեջանցիները կերազեին ինչ-որ ձևով ցույց տալ, թե Արցախի տարածքում եղել են, ոչ թե հայեր, այլ աղվաններ. պատմաբան (տեսանյութ)

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի «Քրիստոնյա Արևելք» բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանն ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից պատմության խեղաթյուրմանը լուրջ չի վերաբերվում՝ հորդորելով մեծ ուշադրություն չդարձնել նրանց այս կամ այն հայտարարությանը: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, թե ադրբեջանցիները շատ անհեթեթություններ են տարածում աշխարհում, ավելին՝ նույն անհեթեթություններով իրենց ժողովրդին են խաբում:

Պատմաբանն անհիմն է համարում նաև ադրբեջանական այն թեզը, թե Արցախում ոչ թե հայերն են տեղաբնիկ, այլ աղվաները, որոնց ադրբեջանցիներն իրենց նախահայրերն են հայտարարում: Փոխարենը՝ նա մեծ հաճույքով խոսեց, ինչպես ինքը որակեց, հարևան և բարեկամ երկրի՝ Աղվանքի մասին:

«Աղվանքը տարածված է եղել Կուր գետից հյուսիս մինչև Կովկասյան լեռները, Կասպից ծով, մինչև Դերբենդի անցք, այսինքն՝ այսօրվա Ադրբեջանի մոտավորապես կեսն է ընդգրկել և մի փոքր էլ Դաղստանից: Կուր գետից հարավ եղել են պատմական Հայաստանի կամ Մեծ Հայքի 3 նահանգները՝ Արցախն, Ուտիքը և Փայտակարանը: Մի լավ հարևան էլ ունեցել ենք հյուսիսում՝Վիրքը (Եգերքի հետ միասին), բայց Աղվանքը եղել է ավելի լավ բարեկամ՝ մարտակից և մշակութակից: Աղվանքն ի սկզբանե եղել է Կուրից հյուսիս, սակայն 5-րդ դարի սկզբում (428 թվականին), երբ Սասանյան պարսիկները Հայաստանում վերացրեցին Արշակունյաց թագավորությունը, նրանք նաև որոշեցին Հայաստանն է՛լ ավելի թուլացնել: Այդ պատճառով սահմաններին մոտ տարածքները հանեցին Հայաստանի կազմից և միացրեցին նոր ստեղծված հարևան մարզպանություններին, իսկ Հայաստանը դարձավ մարզպանություն առանց իր սահմանային նահանգների: Աղվանքը, որտեղ թագավորական իշխանությունը դեռ չվերացվեց, ստացավ Հայաստանի սահմանային նահանգներից Ուտիքն ու Արցախը, Փայտակարանը միացվեց մեր հարավ-արևելյան հարևան Ատրպատականի մարզպանությանը, հյուսիսում Գուգարք նահանգը միացվեց Վիրքին: Այսպես Ուտիքն ու Արցախը դարձան Աղվանք հին անունը պահպանած նոր մարզպանության մաս»,- ասաց Հակոբյանը:

Պատմաբանը նշեց, որ վերոնշյալ իրադարձություններից հետո, կենտրոնական Հայաստանի և Աղվանքի մարզպանության մեջ մտած հայկական նահանգների մեջ որոշակի բնական, բայց շատ թույլ հեռացում եղավ: Հակոբյանը շեշտեց, որ դեռևս այդ ժամանակ (428-430 թթ. միջև) Մեսրոպ Մաշտոցը մի կողմից՝ Աղվանքի ղեկավարների, մյուս կողմից՝ Ուտիք-Արցախի հայ նախարարների (հանձին Գարդմանի հզոր իշխան Խուրսի) հետ պայմանավորվել էր, որ հայերը պահպանում են իրենց լեզվա-մշակութային ինքնուրույն կարգավիճակը, իսկ 2-րդ պաշտոնական լեզուն Բուն Աղվանքի տարածքում ևս պետք է լինի հայերենը: Իսկ երբ Վաչագան Բարեպաշտ Աղվանից թագավորի օրոք (6-րդ դարի սկզբներում) Աղվանք մարզպանության և Աղվանից եկեղեցու (մեր Գրիգոր Լուսավորչի հիմնադրած) կենտրոնները Կուրի ձախափնյակից տեղափոխվեցին աջափնյակ՝ նորակառույց Պարտավ քաղաք, հայերենը 1-ին պաշտոնական լեզու դարձավ նաև բուն-աղվանական ձախափնյակում։ Ի դեպ, դրա հետևանքով էր, որ 420 թ. Մաշտոցի և իրենց վարդապետ Բենիամինի ստեղծած աղվաներեն գիրը համեմատաբար քիչ զարգացում ապրեց եւ ինչ-որ պահից՝ մոտ 9-րդ դարից, ընդհանրապես դադարեց օգտագործվել։ Այդ նույն ժամանակ ավարտվեց քրիստոնյա աղվանների էթնոհամախմբման գործընթացը ուդիներ ինքնանվամբ, և նրանց գրավոր լեզուն արդեն լոկ հայերենն էր։

«Ուտիքն ու Արցախն իրենց էական կապը զգացել են կենտրոնական Հայաստանի հետ անընդմեջ: Այդ կապն առավել թույլն է եղել 9-10-րդ դարերում՝ ավատական կենտրոնախույս շարժումների ժամանակաշրջանում։ Սակայն հետագայում, երբ սելջուկները եկել են, կենտրոնական Հայաստանի հետ կապը կրկին ակտիվացել է: 4-5-րդ դարերի բուն-աղվանական եկեղեցու և սեփական Արշակունի թագավորության ավանդույթները աջափնյա Աղվանքի հայկական տարածքների վրա 428 թվականից հետո, անշուշտ, ինչ-որ չափով ազդել են, բայց դրանք միշտ նաև կապված են եղել կենտրոնական Հայաստանի հետ: Մեր գիտության խնդիրն այդ առանձնահատկությունները և կապվածությունն ուսումնասիրելն է իրենց կոնկրետության մեջ:

Ինչ վերաբերում է ադրբեջանցի կամ մնացած «վայ» գիտնականներին, ասեմ, որ նրանք միայն այն պահի վրա են շեշտադրում, որ 428 թվականից հետո Արցախի և Ուտիքի տարածքները մտել են Աղվանքի մեջ, և սա ֆետիշացնում են՝ անտեսելով, թաքցնելով մնացյալը: Իրականում, հայկական շրջանները մնացել են հայկական, բուն-աղվանական շրջանները մնացել են բուն-աղվանական, որոնց ուղիղ ժառանգորդներն են այսօր քրիստոնյա ուդիները եւ մահմեդական (սուննի) լեզգիախոս ժողովուրդները՝ լեզգիներ, ծախուրներ, ռուտուլներ, աղուլներ, տաբասարանցիներ, խինալուղցիներ և այլն)»,- շարունակեց նա:

Ալեքսան Հակոբյանը հավելեց, որ ադրբեջանցիների հավակնությունները սուտ և հակագիտական են, քանի որ նրանք թյուրքալեզու ցեղային էթնոսների ժառանգորդ են, որոնք այս կամ այն կերպ նվաճել են Աղվանքի տարածքը (ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի մի մասը), սակայն առ այսօր կա պատմական տիրոջ գաղափարը և՝ ոչ միայն մեր մեջ:

«Բոլորը, կամ գոնե, գիտնականները լավ գիտեն, որ Ադրբեջանի հյուսիսային տարածքի տերերը լեզգիալեզու ժողովուրդներն են: Այս խնդիրը նաև պատմաբանների վեճերի մեջ է լավ արտահայտվում, քանի որ դաղստանցի պատմաբաների ու ադրբեջանցի պատմաբանների վեճը ոչ պակաս սուր է, քան հայ և ադրբեջանցի պատմաբաններինը: Ադրբեջանցիները կերազեին ինչ-որ փաստերով ցույց տալ, թե Արցախի տարածքում ինչ-որ հին ժամանակներում եղել են, ոչ թե հայեր, այլ հետագայում հայացած աղվաններ: Նրանք, երբեմն, հենվում են 19-20-րդ դարերում հնչած այդպիսի մոտեցումների վրա, որոնք, սակայն, այսօրվա գիտությունը հերքում է թե՛ աղբյուրագիտական, թե՛ հնագիտական, թե՝ մշակութաբանական և անգամ մարդաբանական նյութերով», - շարունակեց պատմաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում:


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 4167 անգամ

Համացանցում հայտնվել է «Դեպի վայրէջք»՝ բաց տեսարաններով սկանդալային սերիալի նոր անոնսը (18+)

Ինչ կա-չկա. ինչպես է Մենչը հայերեն սովորեցնում չինացի տաքսիստին

‹‹Հայաստան ջան››.Իվետա Մուկուչյանի` նոր տեսահոլովակը

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ