Երևան
26 / Հուլիս / 2017

Ռուսական վատ զենքի, վատ պետական մենեջմենթի դեպքում ի՞նչ ամուր սահման

Ընթացիկ արտաքին քաղաքական գործընթացների, հայ-ռուսական հարաբերությունների շուրջ, Lragir.am-ը զրուցել է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:

Արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում վերջին օրերին իրավիճակը դարձյալ լարված է։ Մեկ տարի շարունակ խոսում են առաջնագծի ամրացման մասին, բայց մենք տեսնում ենք, որ 2 օրում ունեցանք 4 զոհ, 3 վիրավոր, որին հետևեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անհասցե հայտարարությունը։ Ինչո՞վ եք պայմանավորում այս լարվածությունը։

Ես ուզում եմ հիշեցնել, որ ինչ հնարավոր էր քամել 1990-ականների տեխնիկական հնարավորություններից, այն է՝ ազգային կորովը, այն է՝ երկկողմանի ռուսական զենքի տիրապետությունը, այն է՝ այն քաոսը, որ տիրում էր և կենտրոնում, և հարակից հանրապետություններում, Հայաստանը կարողացավ քամել։ Այսինքն՝ այն ժամանակվա իրադրության մեջ եթե ոչ մաքսիմալ, ապա գոնե բարվոք աստիճանի օգտագործվել էր։ Այժմյան ամուր սահմանի մասին խոսելիս պետք է հասկանալ, որ մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ օրեցօր փոխվում է ամուր սահման հասկացությունն ընդհանրապես։ Սահմանն ամուր է ներսից՝ այնտեղ ապրող հասարակության բարգավաճման ու ծաղկման աստիճանով, իսկ մենք տեսնում ենք, որ սահմանի այս ու այն կողմում դա բացակայում է, ինչն ինքնին պայթյունավտանգ է։ Իսկ տեխնիկապես սահմանն ամուր է գերնոր, գերարագ և գերզգայուն զենքերի առկայության պարագայում։

Սահմանի ամրության երրորդ տարբերակը չկա։ Կա սահմանի ժամանակավոր պահպանում սահմանին կանգնած տղաների ֆանտաստիկ և բացառիկ անձնազոհության շնորհիվ, որը ընդհանրապես չի ենթարկվում որևէ սահմանման։ Գիտեք, կարելի է հազար բան ասել, բայց ամեն անգամ այդ փաստի շուրջ մտածելիս անգամ անհարմար եմ զգում պետությաւն խլության և համրության համար։ Սա հանցավոր խլություն և համրություն է։ Որովհետև ակնհայտ է, որ մինչև չլուծվեն այդ բոլոր խնդիրները, սահմանի ամրություն չի կարող լինել։ Իհարկե կարելի է քննարկել նաև Լևոն Տեր –Պետրոսյանի տարբերակը, որ հանձնում ես ամեն ինչ և նստում ես, բայց երբ հանձնում ես այդ ամենը, բնականաբար, դա վերջանում է Արցախի բնակչության տարհանմամբ։ Խոսքը տարրական անվտանգության երաշխիքների մասին է, որը չի տալիս ոչ միջազգային հանրությունը, որը չի տալիս ոչ հնամաշ ռուսական զենքը, որ անգամ Ռուսաստանին չի տալիս անվտանգություն, էլ ինչ մնաց, որ Հայաստանին տա, որ տրվում է այդ զենքի ամենավատթար, ամենամաշված և ամենաանպիտան տեսակը։

Ի վերջո, Ռուսաստանն ասում է, որ իրեն պետք է մի քանի ժամ, որ մտնի բալթյան երկրներ, բայց ինքը «մի քանի ժամ առաջ» արդեն մտել է Դոնեցկ և Լուգանսկ և արդեն ամիսներ շարունակ այնտեղից չի կարողանում դուրս գալ։ Ամիսներ առաջ մտել է Սիրիա և անհույս կոնֆրոնտացիայի մեջ է ԱՄՆ-ի հետ՝ ի պատասխան ԱՄՆ հրթիռակոծության՝ պատասխանում է, որ երկրագնդի շառավիղը ծուռ է և դրա համար ռուսական զենքերը չեն կարողանում արձագանքել։ Այսինքն՝ մենք գործ ունենք այս պետության այս որակի զենքի հետ։ Եվ վատ զենքի, վատ պետական մենեջմենթի և հասարակության անկումնային տրամադրության պարագայում առնվազն աճպարարություն է ամուր սահմանի մասին խոսելը։ 

Սահմանին իրավիճակը լարվեց հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի անցկացման ժամանակ։ Այս ֆորումի, առհասարակ դեկլարատիվ հայտարարությունների կարիքը կա՞։

Այստեղ դրական բան կա՝ այն է, որ մեր իշխանավորները, կուսակցական գործիչները թեկուզ ֆորումի համար կտրում են Հայաստանի սահմանը և հասնում են Արցախ։ Այդ գնալ-գալը, այդ շարժը արցախցիների համար որոշակի հոգեկան հանգստության և որոշակի վստահության ամրապնդումն է, և դրա համար արժե թեկուզ ձևական նրանք գնան-գան։ Հենց միայն նրա համար, որ արցախցիները տեսնեն, որ տեղի է ունենում թեկուզ ինչ-որ մի բան։ Դա չի քննարկվում, դա բուտաֆորիկ ինչ-որ բան է, որ արդեն ասացի՝ ինչին է ծառայում, նաև լավ է, որ ծառայում է, բայց հիմնարար խնդիրները պետք է լուծվեն։ Թող ֆորումն էլ լինի, բայց թող հիմնարար խնդիրների լուծումը որոնվի և գտնվի, ընդ որում՝ որքան հնարավոր է շտապ։ Ես այն մարդկանց թվում չեմ, որոնք սկսում են հաշվել, թե ինչ կարելի էր անել ֆորումը կազմակերպելու փողերով, որովհետև դրանք այն փողերը չեն, որ մեզ պետք են։ Մենք պետք է խոսենք այլ գումարների մասին, պետք է խոսենք, որ ԵՄ պաշտոնյաների հետ այսպիսի տոնայնությամբ խոսելով մենք կտրում ենք մեզ միջազգային աջակցությունից։ Մենք պետք է խոսենք, որ Հայաստանի պետական կառուցվածքն այսպիսի կանխակայված վիճակում պահելով մենք մեզ զրկում ենք հանրությանը ստեղծագործ ներուժից, դրան գումարած արտագաղթը։ Սա է խնդիրը, թե չէ ֆորումը թող լինի։ 

Որքանո՞վ է հավանական լայնածավալ պատերազմի վերսկսումը։

Լայնածավալ պատերազմը ձեռնտու չի Ադրբեջանին, որովհետև այդ դեպքում նա միանգամից հռչակվում է ագրեսոր, ստանում է համապատասխան արձագանքներ և միանգամից խնդիրներ է ունենալու։ Փոխարենը Ադրբեջանին ձեռնտու է դիրքային, հոգեմաշ, հուսահատեցնող, միջոցներ վերցնող պայքարը։ Հետևաբար, հենց դրա դեմը պետք է առնել, որովհետև հավատացնում եմ ձեզ, նոր իսրայելական, ամերիկյան և այլ զենքերը, որոնց ցուցադրությունները ես իմ աչքով եմ տեսել, կարող են լուծել Ադրբեջանի դեմ բոլոր նկրտումները։ Բավական է, որ սահմանը նորմալ վերահսկվի նորմալ սարքերով, և նորմալ, ադեկվատ հարված հասցվի՝ մեկին երկու, հավատացնում եմ ձեզ՝ անմիջապես կդադարեն բոլոր հայտարարությունները, և ոչ մի լայնածավալ ակցիա չի էլ լինի։
Ես չեմ տեսնում պատերազմի նախանշաններ, բայց կարծում եմ, որ այդ դիրքային, հոգեմաշ և սարսափազդու քաղաքականությունը սահմանին Ադրբեջանը շարունակելու է։ Դրան համարժեք միայն մեկ պատասխան կա՝ ժամանակակից զենք, ներդրումներ Հայաստանում և Արցախում, առողջ հասարակություն։ Բայց այս մարտահրավերներին պետք էր դիմակայել դեռևս 25 տարի առաջ, ոչ թե նոր դնել այդ խնդիրները։

ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը կրկին անհասցե էր։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

Մենք Եվրամիության հետ ընտրակաշառքի մասին խոսելիս խոսում ենք վերջնագրերի լեզվով, որ ԵՄ-ն խառնվել է մեր ներքին գործերին։ Մենք սեպտեմբերի 3-ից հրաժարվեցինք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրից՝ տառացիորեն Եվրամիությանը, պատկերավոր ասած՝ «գցելով»։ Եվ դրանից հետո մենք ինչ-որ հասցեական հայտարարություննե՞ր ենք ուզում։ Ես զարմանում եմ, և կարծում եմ, որ այդ բոլոր պահանջները պետք է դնել Ռուսաստանի առջև, որին մենք տվեցինք մեր բոլոր ենթակառուցվածքները, որը մեր հողի վրա պահում է ռազմակայան։ Այդ բոլոր անհասցե հայտարարությունների համար ԵԱՀԿ-ի հետ չէ, որ պետք է կռիվ անել։


դիտվել է 6971 անգամ

Ինչպես է Վլադիմիր Պուտինը ալկոհոլ խմում. КГБ-ի հատուկ տեխնիկա (Video)

Օրենքով գողերի ու հեղինակությունների դաջվածքներն ու դրանց նշանակությունը. Բացառիկ տեսանյութ

Տեսահոլովակի պրեմիերա. Իջին – Вдыхай мой воздух

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)