Երևան
26 / Հուլիս / 2017

Առաջին օգնություն.Ինչ է պետք անել օձերի կծածների, կարիճների ու միջատների խայթոցների ժամանակ...

Երկար անձրեւներից, ցրտից հետո ամառը վերջապես եկավ։ Բոլորս էլ սիրում ենք այս եղանակին հաճախ լինել բնության գրկում։ Մեզանից բացի այս ժամանակը սիրում են նաեւ կենդանիները՝ հատկապես օձերը, կարիճները, բազմաթիվ միջատներ, որոնց հանդիպելը մեզ համար, թերեւս, այնքան էլ հաճելի չէ։ Պետք չէ նրանցից վախենալ, պարզապես զգույշ լինենք։
Ինչպես հասկացաք այսօր կխոսենք թունավոր եւ ոչ թունավոր օձերի կծածների, կարիճների եւ միջատների խայթոցների մասին։ Մարդիկ սովորաբար սարսափում են այդ կենդանիների հենց միայն տեսքից ու խուճապի մատնված` հաճախ չեն կարողանում ճիշտ գործել։ Կան վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն օձերի կծածներից մահացածների մոտ 40 տոկոսը մահանում է ոչ թե թույնից, այլ սարսափից։ Սակայն իրականում դրանք այնքան էլ սարսափելի չեն, եթե կարողանաք սառնասրտորեն կողմնորոշվել ու ճիշտ օգնություն ցույց տալ։
Հայաստանում հանդիպում են 21 տեսակի օձեր, որոնցից թունավոր են միայն չորսը` իժերի ընտանիքին պատկանող տափաստանային իժը, Դարեւսկու իժը, փոքրասիական իժը եւ անդրկովկասյան գյուրզան։
Տափաստանային իժը Հայաստանի տարածքում տարածված է կենտրոնական եւ հյուսիս-արեւմտյան շրջաններում։ Փոքր կամ միջին չափերի օձեր են, մարմնի երկարությունը սովորաբար 30-60 սմ է։ Թունավոր օձ է, բայց նրա խայթելու հետեւանքով մարդկանց մահացու դեպքեր հայտնի չեն։
Դարեւսկու իժը հանդիպում է Հայաստանի հյուսիսում։ Իր արտաքին տեսքով եւ մարմնի չափերով շատ նման է տափաստանային իժին։
Փոքրասիական իժը Հայաստանում տարածված է Արագածի հարավային լանջերից մինչեւ Մեղրու շրջան։ Միջին չափսերի՝ 60-120 սմ երկարությամբ օձեր են։ Շատ թունավոր եւ վտանգավոր են մարդու համար։
Անդրկովկասյան գյուրզան տարածված է Հայաստանի հարավային շրջաններում, այն շատ թունավոր օձ է, որի կծելուց հաճախ են լինում մահացության դեպքեր։
Օձերի այս 4 տեսակները պատկանում են իժերի ընտանիքին, որոնց թույնն ազդում է սրտանոթային համակարգի վրա։ Թունավոր օձերի վերին ծնոտի առջեւի մասում տեղավորված են 2 խոշոր ժանիքատիպ ատամներ, որոնք կապված են թունավոր գեղձերի հետ։
Հայաստանում ապրող թունավոր օձերը պատկանում են իժերի ընտանիքին եւ ունեն այնպիսի բնորոշ հատկանիշներ, որոնք չունեն ոչ թունավոր օձերը։ Դրանց գլխի վերին մասը ծածկված է մանր, անկանոն դասավորված թեփուկներով, որոնք իրենց չափերով նման են մարմնի վրա գտնվող թեփուկներին։ Պոչն, ի տարբերություն ոչ թունավոր օձերի պոչի, կտրուկ ընդհատվում է։ Աչքերի բիբը ճեղքաձեւ է, այն դեպքում, երբ ոչ թունավորներինը՝ կլոր է։ Գլուխն ակնհայտորեն առանձնացած է պարանոցից։
Սակայն ոչ մասնագետի համար դժվար է արտաքին հատկանիշներով անսխալ զանազանել թունավոր օձը ոչ թունավորից։ Այնինչ օձի կծելուց հետո մաշկի վրա մնացած հետքերով կարելի է հեշտությամբ կողմնորոշվել։
Թունավոր օձի կծած տեղում մարմնի վրա նկատվում են թունավոր ատամներից առաջացած երկու խոր վերքեր, որոնց միջեւ երեւում են ոչ թունավոր ատամներից մնացած երկու շարք ավելի մանր հետքեր։ Իսկ ոչ թունավոր օձերի կծած տեղում մարմնի վրա երեւում են չորս շարք երկայանական դասավորված կետիկներ։
Թունավորման վտանգավորությունը կախված է օձի չափսից, տարիքից, տեսակից։ Վերջին առումով առավել վտանգավոր են գյուրզաները։ Օձերն ավելի վտանգավոր են ամռանը։ Թունավորման ծանրությունը կախված է նաեւ կծածների քանակից, տեղակայումից եւ խորությունից։ Առավել վտանգավոր են պարանոցի եւ գլխի շրջանում տեղակայված կծածները, քանի որ այտուցի հետեւանքով կարող է առաջանալ վերին շնչուղիների խցանում։ Լուրջ են նաեւ իրանին եւ ձեռքի հատվածում կծածները, որովհետեւ այդ դեպքում թույնը շատ արագ տարածվում է ամբողջ օրգանիզմում։
Կծելու ժամանակ թունավոր օձի թույնը ներարկվում է մարդու մարմին։ Կծած տեղում մարդն ուժեղ ցավ եւ այրոց է զգում։ Քիչ անց կծած տեղը կարմրում է եւ սկսում այտուցվել։ Այտուցը հետզհետե տարածվում է ամբողջ մարմնով, զգացվում է ուժեղ թուլություն, սրտխառնոց, փսխում։ Տուժածը կարող է ունենալ գլխապտույտ, տեսողության եւ խոսքի խանգարումներ։ Նկատվում են վերջույթների թուլություն կամ զգայունության կորուստ։ Տուժածի շնչառությունը դժվարանում է, անոթազարկը` հաճախանում։ Հնարավոր է արյունահոսություն բերանից, քթից եւ հետանցքից։

Ի՞նչ անել
Ոչ թունավոր օձի կծածի դեպքում վերքը լվացեք եւ ծածկեք մանրէազերծ վիրակապով։
Թունավոր օձի կծածի դեպքում մեծ նշանակություն ունի ժամանակին ցուցաբերված առաջին օգնությունը։
Հնարավորության դեպքում աշխատեք հիշել կծող օձի տեսքը։
Օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմեք կծած տեղի շուրջը, որպեսզի արյուն դուրս հոսի վերքից։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։ Սեղմելը դադարեք, երբ վերքից այլեւս արյուն դուրս չի գալիս։ Հանգստացրեք տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակն արագացնում է արյան շրջանառությունը` նպաստելով մարմնում թույնի տարածմանը։ Հանեք բոլոր զարդերը եւ ճնշող իրերը։ Եթե օձը կծել է վերջույթը ապա անշարժացրեք այն եւ պահեք սրտի մակարդակից ցածր։ Սահմանափակեք տուժածի շարժումները, նստեցրեք կամ պառկեցրեք նրան։ Թունավոր օձի կծելու դեպքում ճշմարիտ է հետեւյալ ասացվածքը՝ "Օձի կծածը բուժելու ամենաարդյունավետ միջոցը ավտոմեքենայի բանալիներն են"։ Ժամանակն այս դեպքում ամենաորոշիչ գործոնն է։ Շատ կարեւոր է ահազանգը կամ տուժածի արագ տեղափոխումը հիվանդանոց, սակայն դա պետք է անել պասսիվ կերպով` բացառելով տուժածի ցանկացած շարժում։ Այդ ընթացքում տուժածին խմեցրեք մեծ քանակությամբ հեղուկներ` ջուր, հյութ, թեյ, թան եւ այլն։ Վերահսկեք տուժածի վիճակը, տվյալները գրանցեք եւ համապատասխան առաջին օգնություն ցուցաբերեք։

Ի՞նչ չի կարելի անել

Կան գործողություններ, որոնք չի կարելի անել օձերի կծածների դեպքում։
Մի՜ արտածծեք թույնը բերանով. բերանում եղած անգամ փոքր վերքից թույնը կարող է անցնել ձեր օրգանիզմ։
Կծած տեղի շրջանում կտրվածքներ միþ արեք, միþ այրեք կծած տեղը. ցավն արագացնում է արյան շրջանառությունը,ինչը նպաստում է թույնի տարածմանը։
Մի՜ օգտագործեք սառը թրջոցներ եւ սառցապարկեր. դրանք օգուտ չեն տա տուժածին եւ կարող են նրա ինքնագիտակցությունը վատացնել։
Օձերի կծածների դեպքում չի կարելի տեղադրել լարան՝ սեղմող միջոցներ. սա կբերի տվյալ հատվածի հյուսվածքների մեկուսացման, ինչի հետեւանքով տուժածը կարող է կորցնել վերջույթը։
Տուժածին միþ տվեք ոգելից խմիչքներ. որոնք եւս արագանցում են արյան շրջանառությունը։

Կարիճների ու միջատների խայթոցներ

Հայաստանում տարածված են երեք տեսակի կարիճներ՝ դեղին, սեւ եւ խայտաբղետ։ Այս կարիճների եւ ընդհանրապես միջատների խայթոցները մահացու չեն մարդու համար։ Մահացության դեպքերը հիմնականում պայմանավորված են սուր ալերգիկ ռեակցիաներով։ Ավելի վտանգավոր են բերանի խոռոչում կամ նրա շուրջը տեղակայված խայթոցները, որովհետեւ այդ դեպքում զարգանում է վերին շնչուղիների այտուց եւ շնչառության խիստ դժվարացում։
Կարիճների եւ միջատների խայթոցների ժամանակ խայթած տեղում ցավ է լինում, այտուց, կարմրություն։ Նման դեպքերում օգնություն ցուցաբերելիս մաշկի վրայից հեռացրեք խայթը եւ վնասված մասը պահեք սառը ջրի տակ։ Այնուհետեւ վերքը ծածկեք մաքուր գործվածքով։

Ի՞նչ անել

Եթե խայթոցը պարանոցի կամ բերանի շրջանում է ապա տուժածին կում-կում խմեցրեք մեծ քանակությամբ սառը ջուր։ Պարզեք՝ տուժածն ունի արդյոք ալերգիա միջատների խայթոցներից։ Եթե տուժածը ալերգիկ է, ապա այս դեպքում նրա մեջ հնարավոր է զարգանա անաֆիլակտիկ շոկ։ Դա որեւէ արտաքին ազդակի նկատմամբ մարմնի սուր ալերգիկ ռեակցիան է։ Անաֆիլակտիկ շոկը կարող է զարգանալ միջատների խայթոցներից, որոշ դեղամիջոցներից։ Դա կատարվում է շատ արագ, եւ հաճախ հնարավոր չի լինում կանխատեսել ու կանխարգելել այն։
Նման դեպքերում տուժածի մոտ լինում են գլխացավ, գիտակցության խանգարում, մաշկի կարմրություն, տաքություն, ցան, այտուցներ։ Տուժածի շնչառությունը շնչուղիների այտուցման հետեւանքով դժվարացած է, աղմկոտ, անոթազարկը՝ թույլ եւ արագացած։
Անաֆիլակտիկ շոկի դեպքում անհապաղ ահազանգեք շտապօգնություն, եւ եթե տուժածն իր մոտ պահում է հակաալերգիկ դեղամիջոցներ, ապա օգնեք նրան ընդունել դրանք։

Կանխարգելում

Օձերի կծածներից, կարիճների եւ միջատների խայթոցներից կարելի է խուսափել` պահպանելով մի շարք պարզ, կանխարգելիչ կանոններ։ Բնության գրկում զբոսնելու, հանգստանալու, արշավների կամ էլ աշխատանքի ժամանակ հագեք բաց գույնի հագուստ, որի վրա լավ երեւում են մուգ գույնի միջատները։ Հագեք նաեւ երկարաճիտ եւ ամուր կոշիկներ։ Տաբատի փողքերը դրեք գուլպայի կամ կոշիկների մեջ, շապիկի եզրերը՝ տաբատի մեջ։ Զբոսնելիս քայլեք ծառուղու մեջտեղով, խուսափեք բարձր խոտերից։ Օձի պատահելիս մի... տրորեք, մի անհանգստացրեք նրան, ետ դարձեք նույն ճանապարհով, որով եկել եք եւ եղեք ուշադիր, որովհետեւ շուրջը կարող են լինել ուրիշ օձեր։
Վերադառնալով տուն` ուշադիր զննեք ձեր մարմինը, հատկապես մազածածկ մասերը` միջատներ կամ նրանց խայթոցներ հայտնաբերելու համար։
emergency.am


դիտվել է 60915 անգամ

Ինչպես է Վլադիմիր Պուտինը ալկոհոլ խմում. КГБ-ի հատուկ տեխնիկա (Video)

Օրենքով գողերի ու հեղինակությունների դաջվածքներն ու դրանց նշանակությունը. Բացառիկ տեսանյութ

Տեսահոլովակի պրեմիերա. Իջին – Вдыхай мой воздух

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)