Երևան
20 / Ապրիլ / 2018

«Ամենամեծ ձեռքբերումն այս տարիների ընթացքում մեր անկախության պահպանումն է, մենք պետք է կարողանանք այն հարատև դարձնել». Հայկ Մարկոսյան

Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է  իր անկախության 26-ամյակը: «Անկախության սերունդ» հասարակական կազմակերպությունը, որպես անկախության իրական կրող, նշում է կազմակերպության վերակազմավորման 11 տարին՝ հանրագումարի բերելով անցած ճամփան և ձեռքբերումները: Այս առիթով Yelaket.am-ը զրուցեց կազմակերպության հիմնադիր-նախագահ Հայկ Մարկոսյանի հետ: Վերջինս հանգամանալից ներկայացրեց կազմակերպության նպատակները և այս տարիների ընթացքում վերջինիս ծավալած գործունեությունը:

««Անկախության սերունդ» հասարակական կազմակերպությունը իրավաբանական գրանցում է ստացել դեռևս 1997 թվականին, սակայն կազմակերպությունն իր ներկայիս անվանումը՝ «Անկախության սերունդ», ստացել է վերակազմավորման արդյունքում 2005 թվականին։
  Դեռևս 1996-97 թթ-ին ուսանողական տարիներից ես և ընկերներս հանդես ենք եկել տարբեր նախաձեռնություններով և իրականացրել բազմաթիվ երիտասարդական, կրթական-ճանաչողական նախագծեր և հեռուստածրագրեր, իսկ 2006 թվականին մենք արդեն ունեինք մի նոր հեռուստանախագիծ, որը հենց կոչվում էր «Անկախության սերունդ», ինչն էլ կյանքի կոչվեց ՀՀ մշակույթի նախարարության երիտասարդության վարչության աջակցությամբ: Նախագիծն առաջին անգամ եթեր հեռարձակվեց 2006 թվականի ամռանը, «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ, իսկ աշխատանքները մեկնարկել էին ապրիլ-մայիս ամիսներին»:

Զրույցի ընթացքում Հայկ Մարկոսյանն անդրադարձավ նաև կազմակերպության անվան ընտրությանը.

«Մենք մեզ համարում ենք անկախության սերնդի ներկայացուցիչներ: ՀՀ-ում ներկայումս ապրում է այն սերունդը, որը կերտել է անկախությունը և անկախ երկրի լիիրավ տերն է. Մեր սերունդը ծնվել է խորհրդային տարիներին, բայց հասակ է առել նորանկախ երկրում ու հանդիսանում է անկախության առաջին ժառանգորդը, իսկ մյուս սերունդը ծնվել և հասակ է առել արդեն լիովին անկախ Հայաստանում: Եվ արդեն բոլորով միասին, հանդիսանալով մերօրյա անկախության և երկրի ապագայի պատասխանատուներ, համատեղ գործելու, նորը ստեղծելու և արարելու խնդիր ունենք։ Այս մտքերն ու գաղափարներն էին կազմակերպության ստեղծման հիմքում, համախմբվել ու համախմբել անկախության սերնդի բոլոր ներկայացուցիչներին և նոր ծրագրերով սեփական ներդրումն ու նպաստն ունենալ Հայաստանի Հանրապետության պետականության ամրացման գործին»: 

 «Դեռևս 2006 թվականից «Անկախության սերունդ» հասարակական կազմակերպությունը իրականացրել է մի քանի տասնյակ երկարաժամկետ և հեռանկարային նախագծեր՝ սկսած հենց առաջին նախագծից, որը «Անկախության սերունդ» երիտասարդական հաղորդաշարն էր՝ նվիրված երիտասարդների խնդիրներին, նրանց նախաձեռնություններին ու գործունեությանը: Իմ ընկերների կազմակերպության համահիմնադիր և նախագծի համահեղինակ Տիգրան Սաֆարյանի և Թամար Մինասյան հետ հաղորդաշարի միջոցով հնարավորինս ներկայացնում էինք վերջիններիս գործունեությունը տարբեր ոլորտներում, խրախուսում և լուսաբանում ստեղծագործ անհատների նախաձեռնություններն ու աշխատանքները: Բնականաբար, մեր կողմից այդ տարիներին իրականացվող նախագծերը մեզ համար հնարավորություններ ստեղծեցին հետագայում համագործակցության մեծ դաշտ ձևավորել Հայաստանում գործող այլ հասարակական կազմակերպությունների և պետական հաստատությունների հետ, ինչպես նաև ընդլայնել համագործակցության հնարավորությունները միջազգային կառույցների, հիմադրամների և Հայաստանում ներկայացուցչություններ ունեցող այլ կազմակերպությունների հետ:

 Սրանից հետո մենք սկսեցինք իրականացնել ամենատարբեր տեսակի ծրագրեր, շարունակվեց համագործակցությունը պետական կառույցների հետ՝ Սպորտի և երիտասարդության հարցերի, Մշակույթի նախարարության: Ներկայումս բացի երիտասարդական նախագծերից, ինչպես օրինակ, սեմինարներ, ուսումնական նախագծեր, իրականացնում ենք նաև համացանցային երկու տեղեկատվական նախագիծ, որոնցից մեկը «Էկոնյուզ» բնապահպանական ծրագիրն է: Այն սկիզբ է առել դեռևս 2010 թվականին, երբ մենք սկսեցինք իրականացնել «էկո ապրելակերպ» նախագիծը և ձևավորեցինք կազմակերպության համանուն արշավային ակումբն Էդգար Նավասարդյանի ղեկավարությամբ։ «էկո ապրելակերպ» ծրագրի շրջանակներում իրականացրեցինք նաև «Էկո լրագրություն» բնապահպանական թեմաներով աշխատանքներ իրականացնող լրագրողների համար մասնագիտական դասընթացներ՝ հրավիրելով բնապահպանական ոլորտի մասնագետներին և ակտիվիստներին՝ ներկայացնելու Հայաստանին վերաբերվող բնապահպանական ռիսկերն ու առկա խնդիրները, ձևավորեցինք նաև շփման մեծ շրջանակ ակտիվ լրագորղների, մասնագետների և հետաքրքրված անձանց միջև։

 Այս ամենին հաջորդեց մեր հաջորդ նախագիծը՝ «Էկոնյուզ» բնապահպանական կայքը (econews.am), ձևավորվեց խնդիրը, հասկացանք ինչպիսի կայք ենք ուզում, և «Էկոնյուզը» դարձավ այլընտրանքային տեղեկատվական հարթակ բնապահպանական խնդիրների լուսաբանման ոլորտում:

Երկրորդ նախագիծը, որի մեկնարկը տվել ենք 2016-ի սկզբին՝ «ZinFM.am» Էլեկտրոնային ռադիոն է։ «ZinFM»-ն էլեկտրոնային ռադիո նախագիծ է զինվորի, զինվորականի ու նրանց առօրյայով ապրող բոլոր մարդկանց համար։ «ZinFM»-ը հնարավորություն է ընձեռում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բնակվող յուրաքանչյուր հայ մարդու տեղեկանալ մեր բանակի և զինվորի մասին, քաջալերել վերջիններիս և ինտերակտիվ կամուրջ ստեղծել քաղաքացիների և զինվորների միջև: Նշեմ նաև, որ կազմակերպությունն արդեն ունի իր հաստատված լոգոն»:

Զրույցի վերջում մեր զրուցակիցը երախտագիտությամբ նշեց, կազմակերպության համահիմնադիրների և մյուս անդամների անգնահատելի աշխատանքը, որոնք այս տարիներին կազմակերպության գործունեությանն ու պահպանմանը մեծագույն պատասխանատվությամբ են վերաբերվել.

«Շատ կարևոր է խոսել այն մարդկանց մասին, ովքեր «Անկախության սերունդ» հասարակական կազմակերպության անդամներ են հանդիսացել, հաղթահարել են այն բոլոր դժվարությունները, որոնք այս տարիների ընթացքում ծառացել են մեր առջև: Այսինքն՝ ունենալ կայուն գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություն, շատ դժվար է: Այս անդամների գործունեությունը, անմնացորդ նվիրումն իրոք անուրանալի է: Այս ամենը նվիրված, միահամուռ ու պատրաստակամ մարդկանց աշխատանքի արգասիքն է»:

Ամփոփելով զրույցը պարոն Մարկոսյանի հետ՝ այն հարցին, թե որոնք են անկախության տարիներին մեր ունեցած կարևոր ձեռքբերումները, մեր զրուցակիցը պատասխանեց.  

«Ամենամեծ ձեռքբերումն այս տարիների ընթացքում մեր անկախության պահպանումն է, մենք պետք է կարողանանք այն հարատև դարձնել: Մյուս մեծագույն ձեռքբերումը, որպես բացարձակ արժեք, մեր զինված ուժերն է, որը ապահովում է ՀՀ-ի պետական սահմանների անվտանգությունը և հանդիսանում մեր երկրի լինելիության երաշխավորը»:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Զրույցը վարեց Անուշ Զոհրաբյանը

դիտվել է 8430 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես են ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկում ակտիվիստ Դավիթ Պետրոսյանին և մյուս ցուցարարներին

«Ըսենց գոհ ու երջանիկ թշերդ ուռցնես, ասես` ես միակն եմ». Սերգեյ Դանիելյան

Բերման ենթարկված Վահագն Գևորգյանը Սերժի նկարը պատուհանից դուրս է գցել (տեսանյութ)

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...