Երևան
21 / Սեպտեմբեր / 2017

Երևանում 45-ամյա իրանցու 19-ամյա փաստացի հայ կինը խանդի հողի վրա դանակահարել է ամուսնուն

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվեց Մարիամ Փ.-ի գործի դատական քննությունը:

Մարիամ Փ.-ն մեղադրվում էր տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Ռեզա Ն.-ն է՝ Իրանի քաղաքացի, ով Հայաստանում բիզնեսով է զբաղված:

Ամբաստանյալ Մարիամը 19 տարեկան է, նա ներկայացրել է, թե տուժող Ռեզայի հետ ապրել է որպես նրա փաստական կին:

45-ամյա Ռեզան Իրանում ընտանիք ունի և ժխտել է Մարիամի հետ փաստական ամուսնական կապ ունելու հանգամանքը: Նա նշել է, թե Մարիամին «հայրաբար» է տիրություն արել, նրան փողոցից կտրել ու հոգ է տարել:

Ի՞նչն է եղել պատճառը, որ 19-ամյա Մարիամը ծանր վնաս է հասցրել իրեն հոգատար կերպով «հայրություն անող» Ռեզայի առողջությանը:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունիսի 1-ի գիշերը՝ ժամը 1-ն անց 30-ի սահմաններում, Մարիամը Ռեզայի հետ գտնվել է Երևանի Պարոնյան փողոցում: Նա վիճել է Ռեզայի հետ՝ իր հեռախոսազանգերին չպատասխանելու պատճառով, կասկած է հայտնել, որ Ռեզան այլ կանանց հետ է շփվում: Ցանկանալով ստուգել Ռեզայի շփումները՝ Մարիամը Ռեզայի կամքին հակառակ վերցրել է նրա բջջային հեռախոսը: Ռեզան ցանկացել է հեռախոսը հետ վերցնել, բայց Մարիամը չի տվել: Ավելին, ոչ սթափ Մարիամը, զայրացած լինելով, այդ ժամանակ գնացել ու… դանակ է գնել: Եվ երբ Ռեզան նորից ցանկացել է հետ վերցնել իր հեռախոսը, Մարիամը, ըստ մեղադրանքի, դանակով պատահաբար վնասել է նրա ձեռքը: Ռեզան ցանկացել է հեռանալ, բայց Մարիամը թիկունքից մոտեցել ու դանակով այնպես է հարվածել Ռեզային, որ վնասել է նրա թոքը, պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք:

Փողոցում Ռեզան վատացել է: Մոտակայքում ոստիկաններ են եղել, մոտեցել են: Մարիամը դեպքի վայրից չի փախել: Ռեզային տեղափոխել են հիվանդանոց, իսկ Մարիամին տարել են ոստիկանություն, ապա առել են արգելանքի տակ:
Մարիամը՝ փոքր-մոքր, դեռահասի տեսքով, դատարանի դահլիճ մտավ կարճ բաճկոնակով: Դողդողում էր ցուրտ դահլիճում: Նստեց, կարճ բաճկոնակը վերև թռավ՝ մերկացնելով աղջկա՝ դաջվածքներով «գեղանկարված» գոտկատեղն ու մեջքը:

Մարիամի շահերի պաշտպան Ս. Դավթյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը միջնորդություն ունի՝ նա ընդունում է մեղքը, զղջում է ու միջնորդում է գործը քննել արագացված ընթացակարգով:

Մարիամը խիստ ցածրաձայն կրկնեց, որ իրեն լիովին մեղավոր է ճանաչում, ուզում է, որ գործը քննվի արագացված ընթացակարգով:

Դատական նիստին չէր ներկայացել տուժող Ռեզան՝ վատառողջության պատճառով, բայց ներկա էր նրա ներկայացուցիչ, փաստաբան Հ. Դավթյանը, ով դատարանին ներկայացրեց Ռեզայի դիմումը:

Ռեզան նշել էր, որ Մարիամ Փ.-ից ոչ մի պահանջ չունի, քաղհայց չի ներկայացնում: Նկատի ունենալով, որ Մարիամը շատ երիտասարդ է, արարքի կատարման պահին չի գիտակցել արարքի ամբողջ լրջությունը, իրենց վեճը կրել է զուտ կենցաղային բնույթ, Մարիամի ընտանիքն գտնվում է ծանր սոցիալական վիճակում՝ տուժողը խնդրել էր Մարիամի նկատմամբ մեղմ պատիժ նշանակել:

Մարիամը Երևան է եկել Գյումրիից, որտեղ թողել է ընտանիքը, ընդ որում՝ հայրն ու քույրը հաշմանդամներ են: Աղջիկը մայր էլ ունի:

Դատարանում ներկայացնելով իր ինքնությունը՝ Մարիամը, որպես իր երևանյան հասցե, նշել է… տուժող Ռեզայի հասցեն՝ Զաքյան փողոց…

Մարիամի շահերի պաշտպանը ներկայացրեց Մարիամի՝ Գյումրիում ապրող ընտանիքի կազմի, ընտանիքի անդամների առողջական վիճակի մասին տեղեկանքներ, դրական բնութագիր՝ հարևանների կողմից: Պաշտպանը նշեց, որ Մարիամը նախկինում դատված չի եղել, շատ երիտասարդ է, ու միջնորդեց Մարիամի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել:

Ինքը՝ Մարիամը, պաշտպանական ճառից հրաժարվեց, բայց վերջին խոսքում խնդրեց հաշվի առնել, որ հայրն ու քույրը հաշմանդամ են, ընտանիքը ծանր սոցիալական ու առողջական վիճակում է, և խնդրեց իր նկատմամբ մեղմ պատիժ նշանակել:

Մեղադրող դատախազը, նշելով, որ Մարիամի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող, ծանրացնող հանգամանքներ չկան, միջնորդեց նրան մեղավոր ճանաչել ու դատապարտել մեղսագրված հոդվածի տվյալ մասով նախատեսված նվազագույն պատժի՝ 3 տարի ազատազրկման:

Նախագահողը խորհրդակցական սենյակ հեռանալուց առաջ հարց տվեց Մարիամին՝ եթե նա խնդրում է հաշվի առնել իր հայրիկի ու քույրիկի հիվանդ լինելը, ընտանիքի ծանր սոցիալական վիճակը, ինչո՞ւ է ինքը թողել ընտանիքը ու հայտնվել երևանյան փողոցներում՝ առանց աշխատանքի, բնակության վայր ունենալու, իրեն տվել է զվարճանքների, ի վերջո՝ ծանր հանցանք է կատարել: Ինքը հիշե՞լ է իր ընտանիքի վիճակը և անկե՞ղծ է, երբ դատարանին խնդրում է հաշվի առնել ընտանիքի ծանր վիճակն ու հարազատների հիվանդությունը:

Մարիամը ոչինչ չպատասխանեց:

Ընդ որում՝ դատարանի դահլիճում Մարիամի հարազատներից ոչ ոք չկար: Նախորդ նիստերին ներկա է եղել հայրը…

Ընդհանուր իրավասության դատարանը Մարիամ Փ.-ին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտեց 3 տարի ազատազրկման:

Մարիամը դատարանի դահլիճից դուրս եկավ՝ իր կարճ բաճկոնակի մեջ կուչ եկած, ցրտից ու հուզմունքից դողալով:

Ասում են՝ այդ բաճկոնակն էլ Ռեզայի գումարով է գնվել՝ նա 18 հազար դրամ է տվել՝ տեսնելով, որ կալանքի տակ գտնվող Մարիամի հագին կարգին շոր չկա…

դիտվել է 2653 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի