Երևան
20 / Օգոստոս / 2017

Կոկա-Կոլան ընդդեմ Պեպսի-Կոլային. ո՞վ պարտվեց ո՞ւմ

Մինչ սննդի անվտանգության մասնագետները փորձում են համոզել ազգաբնակչությանը խուսափել ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների հաճախակի օգտագործումից, խնդրո առարկա շուկայում չեն դադարում պատերազմները գերիշխող դիրքի համար: Դրա լավագույն օրինակներից մեկը՝ «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» և «Կոկա-Կոլա Արմենիա» ՓԲԸ միջև ծավալվող պայքարն է: Ու թեև ամբողջ աշխարհում էլ այդ երկու ապրանքանիշերը մշտապես մրցակցության մեջ են, սակայն մեր երկրի աշխարհագրական ու շուկայական չափերի պարագայում երկուսն էլ ձգտում են անհասար պայմաններ ու խոչընդոտներ ստեղծել միմյանց դեմ, անգամ թույլ տալ գերիշխող դիրքի չարաշահումներ:

ԱՆՀԱՎԱՍԱՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ «զոհ» դարձած «Պեպսի Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Արշավիր Մինասյանի խոսքով մրցակցությունը ծախսատար գործընթաց է. «Ահռելի գումարներ են հատկացվում ապրանքանիշի ճանաչելիության և իրացման ծավալները մեծացնելու նպատակով», - ասում է նա:
Բայց, փաստորեն, ստացվում է, որ ծախսած գումարները կորում են անվերադարձ, քանի որ «Կոկա Կոլան»՝ իր հակամրցակցային վարքագծով ու գերիշխող դիրքը չարաշահելու ճանապարհով, խանգարում է շուկայի ներդաշնակ ու հավասար զարգացմանը: Դրա վառ ապացույցը ՀՀ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի աղմկահարույց որոշումն է, որը կառույցը ընդունել է դեռևս 2016 թ. փետրվարի 26-ին: Փաստացի, մեղադրելով «Կոլայի» ներկայացուցիչներին, զբաղեցրած գերիշխող դիրքը չարաշահելու մեջ, ավելին՝ տուգանելով նրանց 50 մլն դրամով (մոտ 100.000 դոլար):

Ի՞սկ որն էր պատճառը. Թերևս ամեն-ինչ սկսվեց այն բանից հետո, երբ «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն ահազանգով դիմեց ՀՀ ՏՄՊՊՀ: Պարզվում է, որ «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի սննդի սպասարկման տարածքում գործող ընկերությունները կատեգորիկ հրաժարվում են ձեռք բերել և իրացնել «ՊեպսիԿո»-ի գազավորված ըմպելիքները, փոխարենը տուրք տալով «Կոկա Կոլային»:

Այս առիթով, «ՆյուՄեգ» ամսագրին (հեղ. newmag #70, հունիս / հուլիս) տված հարցազրույցում, «ՊեպսիԿո»-ի գլխավոր տնօրեն Ա.Մինասյանն ընդգծել է. «Ոչ մեկը իրավունք չունի սահմանափակելու մարդու ընտրությունը: Հակառակ դեպքում ստացվում է, որ սպառողը ցանկանում է որևէ վայրում խմել «Պեպսի-Կոլա», բայց չի կարող, որովհետև այնտեղ չկա»:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը պարզաբանում է. «Կոկա-Կոլայի ցուցբերած վարքագծի պատճառով, մրցակից ընկերությունները կանգնում են արհեստական խոչընդոտների առաջ, որոնք բերում են անհավասար մրցակցային պայմանների, իսկ դա անթույլատրելի է»:

ՄԻՆՉԴԵՌ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի սննդի սպասարկման տարածքում գործունեություն իրականացնող 11 տնտեսվարողները շտապում են արդարանալ, թե «Պեպսի-Կո»-ի հանդեպ խտրականություն դրսևորումներ չկան ու նրանք չեն հրաժարվում տեղադրել ապրանքանիշի սառնարանները, պարզապես տարածքն է սահմանափակ, ինչպես նաև՝ սպառողների շրջանում առավել պահանջարկ ունի հենց Կոկա Կոլան, ինչը, ըստ բողոք ներկայացրած ընկերության ու այն քննած կառույցի՝ չի համապատասխանում իրականությանը:

Ավելին, ՏՄՊՊՀ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Կոկա-Կոլա» ընկերությունը ոչ միայն ստիպում է տնտեսվարողներին թույլ չտալ իրենց սառնարաններում ներկայացնել Պեպսի, այլ նաև՝ անհատույց սառնարաններ է տրամադրում, «խաղում» զեղչային քաղաքականության հետ, ինչը նա իրավասու չէր անելու: Ավելին՝ ցուցաբերած խտրական վերաբերմունքը մրցակիցների հանդեպ բերել է գազավորված ըմպելիքների շուկայի ապակայունացմանը: Այսպես է հիմնավորված կառույցի կողմից առաջադրված տուգանքի չափը:

Թեև, հաշվի առնելով միջազգային փորձը, հատկապես, Կոկա-Կոլա-Պեպսի համաշխարհային մրցակցությունը և վերջինիս կողմից կիրառվող պատասխան գործողությունները, ՏՊՄՊՀՀ որոշում էր կայացրել ուսումնասիրել նաև «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության գործունեությունը. «պարզելու՝ արդյո՞ք վերը նշված մրցակցային իրավախախտումներն առկա չեն նաև այս ընկերության վարքագծում»:

Հակափաստարկ. Իր հերթին, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ն շտապեց անհմին որակել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի փաստարկները ու կառույցի կողմից ընդունած՝ ընկերությանը տուգանելու որոշումը:

«Կոկա-Կոլան» հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշել էր. «Հայաստանում իր քսանամյա գործունեության ընթացքում ընկերությունը գործում է ընդունված տեղական եւ միջազգային օրենքների համաձայն՝ պահպանելով բիզնեսի վարման էթիկական նորմերը: Այս ժամանակահատվածում մեր ընկերության կողմից կատարվել են քառասուն միլիոն եվրոյին համարժեք ուղղակի ներդրումներ: Նաեւ, ընկերությունը գտնվում է ՀՀ 30 ամենախոշոր հարկատուների ցանկում»:
Սա դեռ ամենը չէ՝ ընկերությունը դիմել էր դատարան՝ դատական կարգով պահանջելու, որպեսզի հանձնաժողովը հետ կանգնի իր պնդումներից, քանզի դա ընդունվել է վարչական ընթացակարգերին հակասող պայմաններում:

Այս պահի դրությամբ հասարակությանը հուզող բազմաթիվ հարցեր են ծագում: Օրինակ, արդյո՞ք այդ աղմկահարույց որոշումը նպաստեց շուկայում դիրքերի հավասարակշռության վերականգմանը: Եվ ի վերջո, ի՞նչ փուլում է գտնվում «Կոկա-Կոլա» ընկերության դատական հայցն ընդդեմ ՏՄՊՊՀ-ի: Եվ վերջապես, լուծվեց արդյոք «Պեպսիի» ապրանքների ներկայացվածության հարցը: Այս և այլ հարցերի պատասխանները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում:

 

 

դիտվել է 1976 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը