Երևան
20 / Օգոստոս / 2017

Ինչի՞ մասին է իրականում «Պապայի աղջիկները» հեռուստադրաման. պարզաբանում է սցենարի հեղինակը

 ««Երկիր Մեդիա» հեռուստաընկերության կողմից առաջարկ եղավ գրել հեռուստասերիալ երեխաների պաշտպանության մասին: Միանգամից հիշեցի այն փոքրիկին, ով երբեմն թակում է մեր բնակարանի դուռը և օգնություն խնդրում: Միշտ խուսափում է հարցերիս պատասխանել, բայց, չնայած դրան, կարողացա պարզել ամենագլխավորը. նա ծնողներ ունի»,- Yelaket.am-ի հետ զրույցն այսկերպ սկսեց սցենարիստ Արսեն Սարգսյանը, ով հանդիսանում է շուտով էկրան բարձրացող «Պապայի աղջիկները» հեռուստասերիալի սցենարի հեղինակը:

Արսեն Սարգսյանը մասնագիտությամբ դերասան է, սակայն ուսումն ավարտելուց հետո ընտրել է սցենարական աշխատանքը:

 «Երբեք չեմ փոշմանել, որ դպրոցն ավարտելուց հետո ընտրել եմ դերասանական ուղվածությունը: Այն ինձ շատ է օգնում ներկայիս մասնագիտության մեջ: Երբեք չեմ փորձել համատեղել: Այդ երկուսից հստակ ընտրել եմ ինձ առավել հոգեհարազատը` գրելը»,- անկեղծացավ սցենարիստը:

Առաջատար հեռուստաընկերություններում տարիներ շարունակ ցուցադրվել են Արսեն Սարգսյանի սցենարների հիման վրա նկարահանված հեռուստասերիալներ, մանրապատումներ, հաղորդումներ և գեղարվեստական ֆիլմ, սակայն մենք կենտրոնացանք նրա նոր աշխատանքի վրա:

 «Սա պատմություն է հոր և աղջկա մասին, որի հիմքում երեխաների պաշտպանության գերխնդիրն է: Գլխավոր հերոսուհին 12-ամյա Մարիամն է, ով մեծացել է ծնողական սիրո բացակայության պայմաններում և ստիպողաբար արել այնպիսի բաներ, ինչպիսիք, ցավոք սրտի, անում են մեր իրականության մեջ, մեր շրջապատում ապրող բազմաթիվ երեխաներ, և անում են նույնպես ստիպողաբար»,- ասաց Արսեն Սարգսյանը և շարունակեց,- «հասկանալի է, որ մեր ազգակիցների մի մասն ապրում է սոցիալական դժվարին պայմաններում, բայց ստիպել հարազատ կամ որևէ երեխայի մուրացկանություն անել և ողորմություն հավաքել, դա մեծագույն չարիք է և, ըստ իս, աններելի մեղք: Երեխաները պետք է խաղան, երեխաները պետք է պահանջեն ծնողներից, երեխաները պետք է հնարավորինս անհոգ լինեն և վայելեն իրենց մանկությունը: Երախաները կարող են չարություն անել, դրա համար պատժվել ծնողների կողմից և լաց լինել, բայց նրանց աչքերից երբեք չպետք է հոսեն հարազատների անխղճությունից ծնված տառապանքի արցունքներ»:

Ընտանեկան դրամա ժանրում ներկայացվող «Պապայի աղջիկները» հեռուստասերիալի շրջանակներում անդրադարձ է լինելու նաև Արցախյան Ազատամարտին և հերոսացած հայորդիներին:

 «Հեռուստադրամայի ենթատեքստը սերն է: Սերը երեխաների, ծնողների, հայրենիքի, կողակցի և, ընդհանրապես, այն բոլոր մարդկանց հանդեպ, ովքեր շրջապատում են մեզ: Ես իմ ամբողջ էությամբ դեմ եմ անտարբերությանը. հատկապես փողոցներում հանդիպող և մեր բնակարանների դռները ոչ ինքնակամ թակող փոքրիկների նկատմամբ ավելացող անտարբերությանը»,- եզրափակեց Yelaket.am-ի հետ զրույցը սցենարիստ Արսեն Սարգսյանը:

 Հիշեցնենք, որ «Պապայի աղջիկները» հեռուստասերիալը կարող եք դիտել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում փետրվարի 7-ից, ժամը 23:10-ին:

 

դիտվել է 53647 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը