Երևան
23 / Օգոստոս / 2017

Պարույր Սանթրոսյան. «Մեզանում ամենից շատ պակասում է բանավեճի՝ դեբատի արվեստը, տեսակետների կառուցողական բախումը»

   Արտիստական գերդաստանի արժանի շարունակող, քաղաքական ազնիվ գործունեության ջատագով, 2006 թվականից Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի տնօրեն, մի շարք հոդվածների, երկու գեղարվեստական գրքերի, ներկայացումների սցենարների և բեմադրությունների հեղինակ:

   Yelaket.am-ի զրուցակիցը ԱԺ ընտրություններում, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատեղամասում ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրված Պարույր Սանթրոսյանն է:

   Մի առիթով  պարոն Սանթրոսյանն ասել էր, որ ձեռքի հետ ինչ-որ գործով զբաղվելը սխալ է. կա՛մ պետք է անես լավ, կա՛մ ընդհանրապես չանես: Մեր զրույցը սկսվեց քաղաքական գործունեության և Հայաստանում վերջին տարիներին ավանդույթ դարձած՝ առևտրային գործունեության համատեղելիության մասին. «Ըստ իս, քաղաքականության հետ կարելի է համատեղել միմիայն ստեղծագործական աշխատանքը: Ես ինքս ԱԺ աշխատանքը պատկերացնում եմ՝ մի սովորական աշխատանք, ինչպես այլ ոլորտներում: Այլ հարց է այն, որ շատերը պատկերացնում են, թե իրենց համայնքում առկա խնդիրները պառլամենտ բերելով է այդ գործը: Դա անհասկանալի է, որովհետև դրանք լուծելու համար առկա են գործադիր մարմիններ:

   Իրականում ԱԺ աշխատանքը բաղկացած է հետևյալ ուղղություններից՝ 1. օրենսդիր, 2. պառլամենտական դիվանագիտություն, 3. քաղաքականություն: Եթե դրանից հետո, գտնվում է ժամանակ ստեղծագործելու՝ դա ողջունելի է, իսկ քաղաքականություն գալ՝ բիզնեսը ապահովագրելու համար, անընդունելի մոտեցում է», - ընդգծեց Սանթրոսյանը:

   Զրույցի ընթացքում էքսկուրս կատարեցինք դեպի մասնագիտության ակունքներ, ԱԺ պատգամավորի թեկնածուն նշեց, որ թեև 1987 թ. ավարտել է Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը, 1988 թ. կյանքը բերեց իրեն դեպի քաղաքականություն, որտեղից էլ արդեն 1993 թ. հայտնվեց ՀՅԴ Երևանի բյուրոյի կենտրոնական գրասենյակում:
   Իսկ ահա,  2001 թ. ուսուցանում է Գերմանիայում գործող Ջորջ Մարշալի անվան միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի կենտրոնում, որն ըստ էության, ԱԺ-ից գործուղում էր: Ի դեպ, Պարույր Սանթրոսյանը երկար տարիներ աշխատել է Ազգային Ժողովում՝ սկզբից անվտանգության, ներքին գործերի և պաշտպանության հանձնաժողովում, ապա՝ լուսահոգի Վահան Հովհաննիսյանի խորհրդական (երբ անվանի դաշնակցական գործիչը զբաղեցնում էր ԱԺ փոխխոսնակի պաշտոնը). «Դա շատ կարևոր փորձառություն էր ինձ համար: Իսկ երբ հարցնում են, թե ի վերջո կրթություններից ո՞րն եմ առաջնային համարում, ես նշում եմ՝ անասնաբույժ-միջազգայնագետ եմ», - նշեց թեկնածուն, ավելացնելով, որ 2006 թ. կյանքը բերեց կրթության ոլորտ. կապված է նաև արվեստի ու գրականության հետ:

    Սերելով թատերական դինաստիայից, կրելով պապու՝ լեգենդար դերասան Պարույր Սանթրոսյանի անունը՝  մեր զրուցակիցը շեշտակի հաջողություններ է գրանցել նաև ստեղծագործական կյանքում: Հարցին՝ արդյո՞ք չի խանգարում  հայաստանյան քաղաքական իրականությունը գեղագիտական աշխատանքին պրն. Սանթրոսյան պատասխանեց. «Եթե այդպես մտածենք՝  ոչ մի գործով պիտի չզբաղվենք, մտահոգվելով, որ քաղաքականությունը խանգարում է: Այս համատեքստում արժի հիշել հայտնի պնդումը, թե քաղաքականությունը՝ պոռնկություն է: Բայց, ինչպես ասում էր իմ ավագ ընկեր Վահան Հովհաննիսյանը՝ պոռնկություն չի, պարզապես քաղաքականությամբ զբաղվում են պոռնիկները: Իրականում, ես չեմ կարծում, որ այդ բնագավառը խանգարող հանգամանք կարող է հանդիսանալ ստեղծագործելու համար, պարզապես պետք է լինել ազնիվ: Եվ ընդհանրապես, ես կարծում եմ, որ ավելի լավ է ունենալ քաղաքական թատրոն՝ միջազգային հարթակներում, ազնիվ դիվանագիտություն՝ ներսում, այլ ոչ թե՝ հակառակը: Բացի դրանից, հենց այնպես չես նստում ու ստեղծագործում. միտք, ասելիք պետք է կուտակած լինես: Իր ժամանակին այն կպայթի ու կդառնա արվեստի որևէ նմուշ»:
    Խոսելով քաղաքական մշակույթից, Սանթրոսյանը շեշտեց, որ մեզանում ամենից շատ պակասում է բանավեճի՝  դեբատի արվեստը, տեսակետների կառուցողական բախումը, ավելացնելով, որ իր նպատակն է այդ բացը լրացնելը: Ի վերջո, քաղաքական պայքարը սևացնելով չէ, որ պիտի առանջնորդվի. «Ամեն մարդ պետք է ունենա իր սեփական կարծիքը, սակայն, եթե մարդը կուսակցական է, պետք է տեղավորվի քաղաքական ուժի դիրքորոշման մեջ: Կարող է ներկուսակցական ժողովներում տեսակետ հնչեցնի, բայց պիտի հաշվի նստի մեծամասնության որդեգրած քաղաքականության հետ», - ասում է Սանթրոսյանը:

    Իսկ ինչ վերաբերվում է իր մասնակցությանը գալիք ընտրություններին, մեր զրուցակիցը նշեց, որ դա եղել է ՀՅԴ Գերագույն մարմնի որոշումը, և նա, ինչպես պարտաճանաչ կուսակցական, համաձայնվել է. «Ես այս ընտրություններին շատ ավելի ռեալ եմ նայում, չեմ հայտարարում, որ գալիս եմ ինչ-որ բան փոխելու, սակայն, կարծում եմ, որ կկարողանամ որդեգրածս «Ուրիշ քարոզարշավը» տեղափոխել «Ուրիշ քաղաքականության» հարթակ», - նշեց թեկնածուն՝  ավելացնելով, որ քարոզարշավն այլընտրանքային կերպով իրականացնելիս, ընդհանուր առմամբ, մեծ բան չի արել:

    Շարունակելով միտքը՝ Սանթրոսյանը նշեց, որ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ մենք պարզապես չունենք ռեսուրս՝ կեղտոտ մեթոդներով քարոզչություն իրականացնելու համար: Նույնն արտասահմանում է՝ այնտեղի ընտրությունների ժամանակ: «Լինելով ռեյտինգային թեկնածու՝ ես ասել եմ հետևյալը՝ ահա իմ կենսագրությունը, կուսակցական ուղին, գերդաստանը, աշխատանքը. որոշողը՝ ընտրողն է»:

    Իսկ թե ինչ հիմնախնդիրների շրջանակով է մտնելու ԱԺ, Սանթրոսյանն ասաց, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ մշտապես խոսում են հիմնախնդիրներից, բայց ամենակարևորը մի քանիսն են և միայն հետո՝ դրանցից բխող մյուս խնդիրները:

    «Թերևս,  ամենակարևորը անվտանգությունն է՝ տարածաշրջանային, մշակութային ու կրթական: Վերջին երկուսն առաջնային են, քանի որ երկրի ապագան հենց աճող սերունդն է: Այս համատեքստում հարկ է նշել հեռուստատեսային նյութը, որը սերնդի դաստիարակության առումով անվտանգության խնդիր է իրենից ներկայացնում: Մեկ այլ խնդիր է թատրոնի, կինոյի, կրթության, առողջապահության, բանակի անձնակազմի աշխատավարձերի խնդիրը: Դրանք բոլորը համակարգային լուծման կարիք ունեն: Ընդհանուր առմամբ, ինձ հոգեհարազատ է կրթությունն ու մշակույթը», - ասաց մեր զրուցակիցը:

    Ամփոփելով նախընտրական քարոզարշավը՝ Սանթրոսյանը նշեց, որ այս անգամ այն անցավ համեմատաբար խաղաղ, միջադեպերն էլ հատուկենտ էին, և հիմնականում գյուղական համայնքներում, որոնք հիշեցնում էին թաղապետի կամ գյուղապետի ընտրություններին ուղեկցող պարզաբանումներ:

դիտվել է 26206 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը