Երևան
21 / Օգոստոս / 2017

Ապրիլի պատերազմի դասը. Արցախի նոր սահմանը

Ապրիլի 2-ին քառօրյա պատերազմի տարելիցն է, դրա ընթացքում հայկական կողմից 100-ից ավելի զինվորական եւ նաեւ քաղաքացիական զոհերի ողբերգական մահվան տարելիցը: Այն, որ Ադրբեջանը քառօրյա ագրեսիայի ընթացքում ունեցավ ավելի թվով կորուստ, չի մխիթարում եւ չի հատուցում հայկական կողմի մեկ կամ հարյուր կորուստը:

Մխիթարությունն այն իմաստն է, նպատակը, որի համար զոհվեցին հայ զինվորները, սպաները, եւ դպրոցի ճամփին ադրբեջանական հրթիռակոծման զոհ դարձած դեռահասը: Այդ իմաստն ու նպատակը պետությունն է, ժողովրդավարական, իրավական, ազատ, ամուր, մրցունակ, արդիական, զարգացող պետությունը: Նրանք զոհվեցին այդ պետության համար, իսկ նրանցից շատ շատերի մահվան «չապացուցված» հանգամանքները աղաղակող մերկությամբ ցույց տվեցին, թե որքան հեռու ենք այդ պետությունից եւ որքան ճանապարհ կա այդ պետության նվազագույն աստիճանին, շեմին հասնելու համար: Բայց նրանք կռվեցին ու զոհվեցին այդ պետության համար, ինչպես այդ պետության համար կռվեցին ու չզոհվեցին նրանց մյուս ոչ պակաս խիզախ ու հերոս հազարավոր մարտընկերները, զինակիցները, ծառայակիցները:

Նրանք իրենց կռվով, իրենց կյանքով ու մահով ստիպեցին, պարտադրեցին, անխուսափելի դարձրեցին դեպի այդ պետությունը ընթացքը արագացնելը:
Ապրիլի պատերազմից հետո անընդհատ խոսվում է պատերազմի դասերի մասին: Դրանք անսպառ են: Հնարավոր չէ «հավաքել» այդ դասերը մի «գրքում»: Ոչ միայն այն պատճառով, որ դրանք հավաքելու եւ ամբողջացնելու համար պետք է լինեն նաեւ պատերազմի առաջացրած հարցերի բոլոր պատասխանները, որոնք չկան, ու թերեւս չեն էլ լինի տեսանելի ապագայում՝ թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով:
Բայց, դասերը մեկ «գրքում» հավաքելն առաջին հերթին անհնար է նաեւ այն պատճառով, որ ապրիլի պատերազմի դասերն ամեն օր են, այդ պատերազմը ավարտվել է մեկ տարի առաջ, տեւել է չորս օր, բայց այն մեզ դաս է տալիս եւ տալու է ամեն օր, որովհետեւ մենք չենք կարող «սովորել քառօրյա պատերազմը», այն անցել է եւ այլեւս չի լինելու: Մենք պետք է «սովորենք» այն, ինչ լինելու է:

Իսկ դա նշանակում է դասեր քաղել ամեն օր: Ապրիլի պատերազմը այդ իմաստով ավելի շուտ ոչ թե «դաս տվող» է, այլ դասի մասին ղողանջող զանգ, որ ընդհատեց առաջին պատերազմից հետո երկու տասնամյակ ձգված «մեծ դասամիջոցը»:
Եթե «դասամիջոցն» այդքան ձգված չլիներ, ապա հայկական զինուժն ապրիլին թերեւս ստիպված չէր լինի գործնականում «մերկ ձեռքով» կասեցնել Ադրբեջանին: «Մերկ ձեռքն» իհարկե համեմատական ձեւակերպում է եւ չի նշանակում, որ հայ զինվորի ու սպայի ձեռքին չի եղել զենք, սպառազինություն:
Պարզապես, Ադրբեջանի ձեռքի տակ եղածի համեմատությամբ, հայկական զինուժի ձեռքերը պատկերավոր իմաստով «մերկ» էին, բայց ադրբեջանցիների հուժկու հարվածը կասեցվել է անգամ այդ «մերկ ձեռքով»:

Թե ինչ է լինում, երբ հայկական զինուժի ձեռքերը արդեն «մերկ» չեն, մենք տեսանք ընթացիկ տարվա ապրիլի 25-ին, երբ կանխարգելիչ հարված հասցվեց ադրբեջանական նոր գրոհի փորձին, գրոհի նախապատրաստությանն ու արդեն առաջխաղացում սկսած ջոկատներին:
Միեւնույն ժամանակ, «մերկ ձեռքը» ցույց տվեց, թե ինչ ահռելի մարտունակ ներուժ ունի հայկական զինուժը, որի վրա ներկայում պահվում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:
Ապրիլի պատերազմի մասին գնահատականներում եւ մեկնաբանություններում անընդհատ շեշտվում է Հայաստանն ու Արցախը պաշտպանելու, անձնուրաց, խիզախորեն պաշտպանելու հանգամանքը:

Մինչդեռ ապրիլի պատերազմին պաշտպանվածը եղել է ոչ միայն Արցախն ու Հայաստանը: Ապրիլին հայկական զինուժը պաշտպանել է քաղաքակրթության սահմանը, միջազգային անվտանգության սահմանը, առանց որեւէ չափազանցության:
Թող տարօրինակ չհնչի, բայց դա կամա թե ակամա, ուղղակի թե անուղղակի վկայել է անգամ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ով ընթացիկ տարվա փետրվարին Ադրբեջանի նախագահի Բրյուսել կատարած այցի ընթացքում նրան հանդիպման ընդառաջ հայտնել էր լրագրողներին, թե օրվա լավ մասն ավարտվեց՝ իրեն սպասում է հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ:

Ժան Կլոդ Յունկերը քաղաքակրթական առաջատար բեւեռի բարձրաստիճան պաշտոնյա է եւ անկասկած չէր կարող իրեն թույլ տալ այդօրինակ արտահայտություն որեւէ պետության նախագահի հասցեին, եթե այդ պետության քաղաքականությունը չդիտարկեր քաղաքակրթական ընդհանուր ուղեծրից շեղված:
Ըստ այդմ, հայկական զինված ուժերը ապրիլին կասեցրել են այդ շեղման ռազմա-քաղաքական առաջընթացը ոչ միայն դեպի Արցախ ու Հայաստան, այլ նաեւ դեպի Եվրոպա, ու Եվրահանձնաժողովի նախագահը գործնականում ակամա հավաստել է դա, Ալիեւի հետ հանդիպման մասին իր փետրվարյան հայտարարությամբ:

Ապրիլի քառօրյա պատերազմը գործնականում ռազմա-քաղաքական բեկում էր հենց միջազգային անվտանգության համակարգի մասշտաբով: Նաեւ այդ իմաստով հնարավոր չէ ամբողջացնել «պատերազմի դասը», այն պարզ պատճառով, որ հնարավոր չէ ամբողջացնել ու ամփոփել միջազգային անվտանգության համակարգի զարգացումները: Դրանք անընդհատ են եւ դրանք եւս պահանջում են անընդհատ «ուսումնառություն»:
Անժխտելի է մի բան՝ աներեւակայելի ուժեղ բանակ, խիզախ սերունդ եւ կամավորական հանրություն ունենալուց բացի, որ այդ ամենը նույնքան աներեւակայելի արագությամբ չմսխվելու, կրկին «դասից» ավելի երկար տեւող «դասամիջոցի» մեջ չգցելու համար պահանջվում է համատարած արդիականացում՝ կենցաղից մինչեւ քաղաքականություն, կառավարում, մինչեւ մշակույթ:

Հայաստանի անվտանգության, այդ թվում հայ զինվորի անվտանգության գրավականն այն է, որ Հայաստանի արդիականացմամբ ավելի ու ավելի ընդգծվի այն սահմանի քաղաքակրթական լինելը, որտեղ կանգնած է եւ որը պահում են այդ զինվորը եւ սպան:

դիտվել է 34281 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը