Երևան
21 / Օգոստոս / 2017

Ադրբեջանը միշտ վախ է ունեցել հայերի նկատմամբ՝ հիշելով արցախյան գոյամարտը

Հարցազրույց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ


-Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց ի՞նչ է փոփոխվել մեր իրականությունում:

-Իմ կարծիքով, մեր իրականությունում մի քանի բան է փոփոխվել. նախ՝ հասկացանք, որ մեր անվտանգությունը մեր ձեռքում է: Եթե մտածում էինք, որ Ադրբեջանը չի հանդգնի պատերազմ սկսել Արցախի և Հայաստանի դեմ, ապա՝ ապրիլյան կարճ պատերազմը ցույց տվեց, որ մեր ծրագրերը, այդ առումով, զրոյական էին: Ադրբեջանը հանդգնեց և սկսեց պատերազմը, և մենք ևս մեկ անգամ բացահայտեցինք, որ միջազգային հանրությունը երբևիցե մեր կողքին չի կանգնի: Նշեմ, որ ոչ ոք մինչև այժմ Ադրբեջանին կոնկրետ մեղադրանքներ չի ներկայացրել այդ ամենի առնչությամբ: Մյուս բացահայտումը ապրիլյան կարճատև պատերազմից հետո հետևյալն է. պարզեցինք, որ մեր բանակը զինված է 80-ականների զենքերով՝ այն պարագայում, երբ իշխանությունները մի քանի օլիգարխի սարսափելի մեծ մենաշնորհներ է տրամադրել, և նրանք գերշահույթ են ստանում: Իշխանությունները հասկացան, որ 80-ականների զենքով և մեր բանակի դուխով հնարավոր չէ պատերազմել Ադրբեջանի ժամանակակից զինտեխնիկայի դեմ: Եվ մենք սկսեցինք արդիականացնել մեր սպառազինությունները և հենակետերը, որոնք գտնվում են հայ-ադրբեջանական շփման գծում: Պետք է նշեմ, որ հասարակության բացահայտումներից մեկը այն է, որ արտաքին կամ հայոց պետականությանը սպառնացող խնդիրների դեպքում, մեր ազգը՝ մոռանալով քաղաքական դաշտում առկա բոլոր խժդժությունները, դառնում է մեկ բռունցք: Ցավոք սրտի, մեր իշխանությունները այս մեկ տարվա ընթացքում էլ շարունակում են մատների արանքով նայել ամենավտանգավոր երևույթին՝ արտագաղթին: Պետք է նշեմ, որ ադրբեջանական տանդեմի վարած քաղաքականության գլխավոր նպատակը՝ Հայաստանը հայաթափ անելն է, և դրանով, մեր երկիրը ծնկի բերելն է: Դրա ամենաբացասական հետևանքներից մեկը պատերազմից հետո այն է, որ Հայաստանում ի հայտ եկան քաղաքական գործիչներ, որոնք բարձրաձայն հայտարարում են, որ «մենք պետք է գնանք փոխզիջումների», բայց մինչև այժմ էլ՝ փոխզիջումների գնալու և Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու ձևը նրանք չեն էլ նշում:

-Ի՞նչ կասեք հասարակության շրջանում տարածված այն մտավախության մասին, որ ապրիլի 2-ը ամեն պահի հնարավոր է կրկնվի:

-Ինչու՞ ապրիլին, պատերազմը կարող է լինել մայիսին, հունիսին: Ո՞վ է ասել, որ պարտադիր այն պետք է լինի ապրիլին. այդ ժամանակ էր հարմար և հենց այդ ժամանակ էլ Ադրբեջանի հովանավորները հրահրեցին Ադրբեջանին սկսել պատերազմ: Եթե հիմա այնպես ստացվի, որ Ադրբեջանի հովանավորյալներին, և հե՛նց Ադրբեջանին ձեռնտու լինի (օրինակի համար եմ նշում) հուլիսին պատերազմ սկսել, այդ ժամանակ էլ՝ կսկսի: Ոչ ոք չի՛ կարող ասել ճիշտ պահը, բայց որ վտանգ միշտ էլ կա և դրա պատճառներից մեկն այն է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները ապրիլյան կարճատև պատերազմից հետո կոնկրետ մեղադրական հայտարարություններով հանդես չեկան և չմեղադրեցին Ադրբեջանին պատերազմի համար, ակնհայտ է: Սա նրանց թևեր է տալիս, որ կրկին փորձեն: Նշեմ, որ ադրբեջանական իշխանությունները փորձում են սեփական հանրությանը համոզել, որ դա հաղթանակ էր, և ինչն ամենվտանգավորն է մեզ համար, որ Իլհամ Ալիևը փորձում է ադրբեջանցիներին ձերբազատել այն բարդույթից, որով նրանք տառապել են 24 տարուց ավել. դա այն է, որ Ադրբեջանը միշտ վախ է ունեցել հայերի նկատմամբ՝ հիշելով արցախյան գոյամարտը:

-Ի՞նչ գնահատական կտաք բանակցային գործընթացներ ասվածին:

- Բանակցային գործընթաց որպես այդպիսին չկա, և ես շատ ուրախ եմ, որ վերջապես մեր հանրապետության ղեկավարությունը հասկացավ, որ բանակցել բանակցելու համար անիմաստ է, և եթե նույն միջնորդները՝ ի դեմս Մինսկի խմբի համանախագահ երկրների, ապրիլյան կարճատև պատերազմից հետո տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների 2 հանդիպման ժամանակ, որոնք տեղի ունեցան Վիեննայում և Սանկտ -Պետերբուրգում, ինչ-որ համաձայնություններ էին ձեռք բերվել և պետք է դրանք ի կատար ածվեին, ապա համանախագահները պետք է հասկանան, որ եթե այդ համաձայնությունները չեն կատարվում, ապա՝ ոչ մի դրական հետևանք չի ունենում:
Բանակցությունները լիովին դադարեցված են, նույնիսկ արտգործնախարարների մակարդակով, և դա ամենից ճիշտն է: Մենք վերջապես պետք է հասկացնենք միջազգային հանրությանը, որ այդպես շարունակել հնարավոր չէ: Եթե ադրբեջանական կողմը հայտարարում է, որ կողմ է մեխանիզմներ մշակելուն՝ պարզելու, թե ո՞վ է իրականում խախտում զինադադարը, ապա այդ մեխանիզմները պետք է անպայման մշակվեն և դրվեն կիրառման: Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը խաբում է ո՛չ միայն ՀՀ-ին, այլև՝ միջնորդներին: Իսկ միջնորդները իրենց լռությամբ լիովին խաղում են ադրբեջանական իշխանությունների համար:

Հարցազրույցը վարեց Աննա Ավետյանը

դիտվել է 35636 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը