Երևան
21 / Օգոստոս / 2017

Պատերազմի գծից ուղիղ մեկ տարի անց

Խորհրդանշական է, որ Հայաստանի նոր խորհրդարանի ընտրությունը տեղի է ունենում ապրիլի 2-ին: Իհարկե, այս խորհրդանշականության հարցում կան նաև որոշակի տխուր երանգներ, քանի որ դրա ֆոնը ապրիլի պատերազմն է՝ ապրիլի 2-ի լուսաբացին Ադրբեջանը բոլոր ուղղություններով հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական դիրքերի ուղղությամբ՝ փորձելով անակնկալի բերել հայկական զինուժին և վերցնել հնարավորինս մեծ տարածություն: Հայկական զինուժը առաջին մի քանի ժամերից հետո, երբ կար որոշակի խուճապ և անակնկալ, այնուհանդերձ՝ կարողացավ առավելությունը վերցնել իր ձեռքն ու հակառակորդին պարտադրել զինադադար: Դժբախտաբար, այդ ընթացքում մենք ունեցանք 100-ից ավելի զոհ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:

Ահա այդ իմաստով խորհրդանշականությունը ստանում է տխուր երանգ: Իսկ խորհրդանշականություն կա ոչ միայն այն պատճառով, որ ապրիլի 2-ին քառօրյա պատերազմը սկսվեց, և ապրիլի 2-ին տեղի է ունենում խորհրդարանական ընտրություն: Բանն այն է, որ ապրիլի 2-ի պատերազմը սահմանագիծ էր Հայաստանի նորագույն պատմության ընթացքում, որը քաշվեց մեր կամքից անկախ, բայց մեր կյանքի ընթացքի վրա: Ապրիլի 2-ին մենք արթնացանք բոլորովին այլ իրավիճակում, որն այլևս երբեք չի լինելու այն, ինչ մինչև ապրիլի 2-ն էր:

Այդ օրը ընդամենը նոր իրավիճակ չէ, այդ օրը շրջադարձ էր, բեկում, դժբախտաբար՝ ոչ այդ բառի լավ իմաստով, սակայն մեծ հաշվով նաև բեկում, որը մեզ սթափեցրեց, մեզ հանեց երկու տասնամյակի թմբիրից, որը միայն Ղարաբաղյան խնդրին չէ, որ վերաբերում էր, միայն անվտանգությանը, սահմանների պաշտպանվածությանը, զինվորի ապահովությանը չէ, որ վերաբերում էր: Դա վերաբերում էր մեր կյանքին ընդհանրապես, պետական կառավարմանը, ամենանուրբ և ամենափոքր թվացող հարցերին անգամ:

Ապրիլի 2-ից հետո մենք, իհարկե, չգիտենք դեռ, թե ինչպես պետք է ապրենք նոր կյանքը նոր իրավիճակում: Ակնհայտ է, որ դեռ չգիտենք, չունենք պատկերացում: Չգողանալու, չթալանելու մասին պահանջները, պնդումները, հարցադրումները միանգամայն տեղին են, պահանջված, նույնիսկ քիչ, սակայն դրանք դեռևս ինչպես ապրելու պատասխանը չեն, դրանք նոր տեսլականը չեն, նոր բանաձևեր ու հայեցակարգեր չեն պարունակում: Չթալանելը, չգողանալը, չմսխելը նորմ է, մեր հասարակական համակեցության կանոն կամ պետք է լինի այդպիսին, ոչ ավելի:

Մինչդեռ մենք ապրում ենք բարդ աշխարհում, որպես այդ աշխարհի սուբյեկտ, թեև այժմ արդեն զգալիորեն ընդամենը դե յուրե սուբյեկտ, սակայն նաև ապրիլի 2-ի շնորհիվ, հայկական զինուժի շնորհիվ դեռևս նաև դե ֆակտո սուբյեկտ: Իսկ դա նշանակում է, որ մենք դեռ պետք է պատասխան ստանանք մեր իսկ հարցին, որի առաջ ինքներս մեզ կանգնեցրել ենք ապրիլի 2-ից հետո: Այդ հարցն է ինչպես ապրելը, ինչ անելը՝ տնտեսության մեջ, մշակույթում, արդարադատության համակարգում, արտաքին քաղաքականությունում, սպորտում, ժողովրդագրական հարցերում, տարածքների, համայնքների զարգացման գործում:

Ապրիլի 2-ը հանկարծ բացահայտել է, որ մենք 25 տարի զբաղված ենք եղել մի բանով, որի վերաբերյալ չենք ունեցել հայեցակարգային, խորքային պատկերացումներ, կամ առնվազն դրանք անտեսվել են լայն մակարդակով, իհարկե՝ առաջին հերթին իշխանության շահագրգռությամբ և ձեռամբ, քանի որ առանց պատկերացումների ընթացքով շարժվող հասարակությունը ամենահեշտ կառավարելիներից մեկն է: Իսկ իշխանության համար դա կարևոր է, քանի որ իշխանության ձևավորման հիմքը այդ հասարակությունը չէ, հետևաբար պետք է, որ հասարակությունը չխանգարի իշխանությանը «ձևավորվել», իսկ իրականում իշխանությունն ու տնտեսական ռեսուրսները յուրացնել ընտրական ցիկլերի անվան տակ:

Ահա այդ իրողությունների պայմաններում մենք գնում ենք նոր խորհրդարանի ընտրությանն ընդառաջ, որ տեղի է ունենալու 2017 թվականի ապրիլի 2-ին, մեկ տարի անց այն օրից, երբ մեր բոլորիս կյանքում քաշվեց քառօրյա պատերազմի անբեկանելի գիծը: Իսկ խորհրդարանի այդ ընտրությունն էլ իր հերթին սովորական չէ, իր հերթին այն էլ մի յուրօրինակ գիծ է լինելու մեր պետականության, բոլորիս կյանքում, քանի որ այդ ընտրությունն առաջինն է կառավարման նոր՝ խորհրդարանական մոդելի պայմաններում, երբ այլևս չի լինելու ընտրված նախագահի ինստիտուտը:

Դա, իհարկե, առաջին հայացքից քիչ բանով է փոխելու իշխանություն-հասարակություն հարաբերությունների բնույթը, քանի որ իշխանությունը շարունակելու է մնալ նույն ամբողջատիրական տրամաբանության շրջանակում, իսկ հասարակությունն էլ շարունակում է բախված մնալ քաղաքական և ընտրական համակարգերի չկայացվածության, խեղվածության պատին:

Մյուս կողմից, սակայն, կառավարման մոդելի փոփոխությունը երկարաժամկետ առումով չի կարող լինել ձևական, չի կարող անցնել անհետևանք, չի կարող չազդել իշխանության ներսում առկա տրամադրությունների և հոգեբանության վրա: Հետևաբար երկարաժամկետ իմաստով հասարակությունը թևակոխում է զարգացման մի նոր ընթացք, և այստեղ, իհարկե, շատ կարևոր է համարժեք լինել դրան առաջին իսկ պահից, հասկանալ, թե ուր կարող է տանել այն, ինչ ազդեցություն կարող է թողնել հասարակական-քաղաքական զարգացումների վրա, և լինել այդ ազդեցությանը պատրաստ՝ կա՛մ նպաստելու, կա՛մ բացասական հեռանկարի դեպքում կանխարգելելու համար:

Մեծ հաշվով՝ եթե ի մի բերենք անցնող տարին՝ ապրիլի 2-ից ապրիլի 2, ապա Հայաստանի անկախության քառորդ դարում ձևավորվեց մի մեծ վակուում՝ երկու ապրիլների միջև, և նաև խորհրդանշական է, որ հենց ապրիլների, այսինքն՝ ապրելու միջև:

25 տարի մենք ապրել ենք մեր իսկ ապագայի մսխման հաշվին, մինչև որ բախվեցինք այն կետին, որից սկսել էինք՝ մեզ պարտադրված պատերազմի: Եվ այժմ մեզ ընձեռվում է նոր հնարավորություն՝ նոր կյանք ապրելու և սկսելու այնտեղից, որտեղից քսանհինգ տարի առաջ սկսեցինք, բայց գնացինք սխալ ճանապարհով, ինչպես պարզվեց՝ ընդամենը պտտվեցինք: Պետք է սկսել գնալ առաջ, ավելի լավ է՝ դանդաղ, ավելի լավ է՝ հանդարտ, բայց առաջ, քան արագ պտույտը ի շրջանս յուր: Երկրորդ անգամ մեզ չի տրվի այդ շրջանից դուրս գալու պատեհություն, երկրորդ անգամ մենք ուժասպառ կլինենք դուրս գալու համար:

Այդ իմաստով շատ կարևոր է, որ ապրիլի 2-ին տեղի ունենալիք խորհրդարանի ընտրությանը հանրությունը մասնակցի ոչ թե մանդատների հաշվով, մանդատների թվաբանությամբ, այլ ավելի հեռանկարային, հեռահար պատկերացումներով՝ անցնելով ընթացիկ իրադարձություններից մեկ քայլ առաջ: Եվ այստեղ առանցքային է դառնալու այն, թե ընտրության մասնակից ուժերից ով է հանրությանն առաջարկելու այդ մեկ քայլ առաջը, այսինքն՝ ոչ միայն ինքներս մեզ հետ, այլ նաև աշխարհում մեր ինչպես ապրելու բանաձևը: Հայաստանում իրական փոփոխությունը սկսվելու է դրանից:

Գրում ՝ 1in.am-ը

դիտվել է 268754 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը