Երևան
23 / Օգոստոս / 2017

Քաղաքական համակարգը դեռ չի հասել այն մակարդակին, որ համագործակցությունը չդիտվի որպես «կլիենտելիզմ». Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Ընտրություններից հետո կյանքը շարունակվում է, հետևաբար շարունակվում են նաև այն նախագծերը, որոնք կյանքի էին կոչվել։

Խոսելով Հայաստանի Հանրապետական կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի մասին՝ այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ քաղաքական դպրոցն ընդլայնում է միջազգային կապերը, ավելին՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի դադարեցրել իր գործունեությունը։

«Այս պահի դրությամբ ունենք 100-ից ավելի դիմում՝ ընդունելության նպատակով։ Դիմումներն ընդունելու ժամկետը երկարաձգել ենք մինչև ապրիլի 22-ը: Դպրոցի դռները բաց են տարբեր քաղաքական հայացքներ ունեցող անձանց համար։ Դպրոցը չունի քաղաքական մենաշնորհ։ Առաջին շրջանավարտներից ունենք նաև թեկնածուներ Երևանի ավագանու ընտրություններում։ Դպրոցում ուսումնառությունն անվճար է»,-շարունակեց նա։

Աշոտյանը տեղեկացրեց, որ ազդարարվում է Արցախում «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ամառային դասընթացի ծրագիրը, որը բացառապես արցախցիների համար է: Նրա խոսքով՝ ընդառաջել են Արցախի Հանրապետության քաղաքական ուժերի առաջարկներին:

«Բավականաչափ խիտ ծրագիր է լինելու, հրավիրելու ենք Հայաստանից առաջատար բանախոսներին։ Արցախում նույնպես ծրագիրը բաց է լինելու բոլոր քաղաքական ուժերի համար»,-եզրափակեց Արմեն Աշոտյանը։

Նա չցանկացավ պատասխանել հարցին, թե ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի սաներից նախընտրական ծրագրի շրջանակներում ովքե՞ր և ո՞ր կուսակցության շարքերում են հետագայում հանդես եկել։

Դիտարկմանը, թե «ֆեյսբուքյան անցուդարձից» նկատելի էր, որ ՀՀԿ-ի քաղաքական դպրոցի սաներից եղել են «ԵԼՔ» դաշինքում, Աշոտյանը պատասխանեց. «Ցավոք, քաղաքական համակարգը դեռ չի հասել այն մակարդակին, որ քաղաքական համագործակցությունը չդիտվի որպես «կլիենտելիզմ»: Ես չեմ կարող դա բացահայտել, դա թաքուն չի եղել, եղել է մեկից ավելի ընդդիմադիր ուժերի քարոզարշավին: Չեմ ցանկանում միանալ «Ելք»-ին իշխանության հետ կապելու արշավին»։

Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցում, ըստ Արմեն Աշոտյանի, դասավանդել են նաև օտարերկրյա մասնագետներ՝ ՌԴ-ի տարբեր հետազոտական կենտրոններից, ԱՄՆ-ից և այլ: Նա հավելեց, թե դասախոսների համար մեծ գումարներ չեն ծախսվել, քանի որ շատերին հրավիրել են դասախոսության այն ժամանակ, երբ այդ մարդիկ արդեն իսկ Հայաստանում են եղել՝ տարբեր կազմակերպությունների հրավերներով:

Հարցին, որ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հրավիրել էր իրենց քաղաքական դպրոցում սովորելու, Աշոտյանը պատասխանեց, թե իրենց կուսակցության անդամը նման առաջարկ չի արել: Նա պնդեց՝ շատ առաջատար քաղաքական գործիչներ կան, որոնց ինքն անձամբ պատրաստ է հրավիրել՝ որպես դասախոսներ։

«Մենք պատրաստվում ենք պաշտոնապես հրավիրել Լևոն Տեր-Պետրոսյանին՝ դասախոսելու մեր դպրոցում։ Պատիվ կհամարենք, եթե առաջին նախագահը հանդես գա մեր դպրոցում: Առաջինը այն պատճառով, որ ցանկացած դպրոցի համար պատիվ է երկրի առաջին նախագահին հյուընկալելը», - ասաց Արմեն Աշոտյանը։

դիտվել է 853 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը